Համարը 
N 329
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
28.11.2003
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
28.11.2003
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
28.11.2003
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ԿԱՄ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

“28” նոյեմբերի 2003թ.

N 329

ք.Ստեփանակերտ

 

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ԿԱՄ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

Հաստատել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացությունը վերանայելու կամ չեղյալ հայտարարելու պայմանները, ժամկետները և արարողակարգը՝ համաձայն հավելվածի:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

2003թ. նոյեմբերի 28-ի

 թիվ 329 որոշման

 

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ԿԱՄ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԸ

 

1. Սույնով սահմանվում են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելուց հետո լիազորված մարմնի կողմից տրված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացությունները (այսուհետ՝ եզրակացություն) վերանայելու կամ չեղյալ հայտարարելու պայմանները, ժամկետները և արարողակարգը:

2. Եզրակացությունը կարող է վերանայվել կամ չեղյալ համարվել, եթե՝

ա) ընդունվել է նոր բնապահպանական օրենսդրություն, կամ դրանում կատարվել են լրացումներ և (կամ) փոփոխություններ.

բ) ի հայտ են եկել էկոլոգիական նոր գործոններ:

3. Սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում լիազորված մարմինը 30-օրյա ժամկետում բացահայտում է հանրապետությունում գործող այն կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին (այսուհետ՝ իրականացնող), որոնց նախկինում տրվել է եզրակացություն և որոնց կարող են վերաբերվել նշված փոփոխությունները:

4. Լիազորված մարմինն իրականացնողին ծանուցում է նոր պայմաններին՝ իրականացվող գործունեության անհամապատասխանության և նախկինում տրված եզրակացության վերանայման անհրաժեշտության մասին:

5. Իրականացնողը ծանուցումն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում լիազորված մարմին է ներկայացնում գործունեությանն առնչվող փաստաթղթերի փաթեթը և եզրակացությունը՝ վերջինիս կողմից այն վերանայելու նպատակով համապատասխան վերլուծություն կատարելու համար:

6. Լիազորված մարմինը 10-օրյա ժամկետում վերլուծում է ներկայացված փաստաթղթերը և եզրակացությունը:

7. Եթե վերլուծության արդյունքում պարզվում է, որ սույն հավելվածի 2-րդ կետի «բ» ենթակետում նշված պայմաններում գործունեության շարունակման դեպքում շրջակա միջավայրին կարող է հասցվել անդառնալի վնաս, ապա եզրակացությունը չեղյալ է հայտարարվում, և լիազորված մարմինը դրա մասին գրավոր տեղեկացնում է իրականացնողին, ազդակիր համայնքին, շահագրգիռ կազմակերպություններին ու հասարակայնությանը:

Իրականացնողը գրությունն ստանալուց հետո պարտավոր է անմիջապես դադարեցնել գործունեությունը՝ օրենքով սահմանված կարգով:

8. Եթե վերլուծության արդյունքում պարզվում է, որ շրջակա միջավայրի պահպանությունն ապահովելու համար անհրաժեշտ է գործունեության մեջ կատարել ամբողջական կամ մասնակի փոփոխություններ, իրականացնել առանձին միջոցառումներ կամ ձեռնարկումներ, ապա լիազորված մարմինը գրավոր՝ համապատասխան հիմնավորումներով, իրականացնողին տեղեկացնում է եզրակացության համապատասխան մասով վերանայման անհրաժեշտության մասին:

9. Իրականացնողը կարող է փաստաթղթերում, լիազորված մարմնի պահանջներին համապատասխան, կատարել ամբողջական կամ մասնակի փոփոխություններ, նախատեսել առանձին միջոցառումներ կամ այլ ձեռնարկումներ և եռամսյա ժամկետում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատմանը վերաբերող լրամշակված փաստաթղթերը՝ համապատասխան փոփոխություններով ու անհրաժեշտ համաձայնություններով, ներկայացնել լիազորված մարմին՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության:

10. Եզրակացությունը վերանայվելու կամ չեղյալ հայտարարվելու դեպքում նախկին եզրակացությունը՝ համապատասխան մասով, ուժը կորցրած է ճանաչվում:

11. Լրամշակված փաստաթղթերի փորձաքննությունն իրականացվում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

12. Վերանայված եզրակացությունն իրականացնողին է տրվում փաստաթղթերն ստանալուց հետո 20-օրյա ժամկետում, իսկ հասարակական լսումների անցկացման անհրաժեշտության դեպքում՝ 50-օրյա ժամկետում:

13. Նոր եզրակացություն ստանալու համար նախատեսված ծախսերը կատարում է իրականացնողը կամ հայեցակարգը ֆինանսավորողը՝ օրենքով սահմանված կարգով:

14. Եզրակացությունը վերանայելու կամ չեղյալ հայտարարելու հետևանքով իրականացնողի կողմից կրած վնասի փոխհատուցումը կատարվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:

15. Եզրակացությունը վերանայելու կամ չեղյալ հայտարարելու մասին ընդունված որոշումն իրականացնողի կողմից կարող է բողոքարկվել օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ