ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
“28” նոյեմբերի 2003թ. |
N 331 |
ք.Ստեփանակերտ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱԳԼԽԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ընդերքն ուսումնասիրության և օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
ա) շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի օգտագործման և հատկացումների չափերի որոշման կարգը՝ համաձայն թիվ 1 հավելվածի.
բ) մասնագիտական հանձնաժողովի կազմը՝ համաձայն թիվ 2 հավելվածի:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությանը՝
ա) եռամսյա ժամկետում, համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ, հաստատել սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կարգի 2-րդ կետով նախատեսված նախահաշվային արժեքների հաշվարկման և ինդեքսավորման կարգը.
բ) երկամսյա ժամկետում հաստատել սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված մասնագիտական հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը,
գ) 6-ամսյա ժամկետում՝ սահմանված կարգով ընդունել երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների նախագծման մեթոդական ցուցումներին վերաբերող գերատեսչական նորմատիվ ակտ:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարին՝ 6-ամսյա ժամկետում՝ սահմանված կարգով ընդունել հանքարդյունահանման աշխատանքների նախագծման մեթոդական ցուցումներին վերաբերող գերատեսչական նորմատիվ ակտ:
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ մեկամսյա ժամկետում՝ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի գումարների պահպանման նպատակով բանկում բացել հատուկ հաշիվ:
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
2003թ. նոյեմբերի ,,28,,-ի
թիվ 331 որոշման |
Կ Ա Ր Գ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱԳԼԽԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է «Ընդերքն ուսումնասիրության և օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 65-րդ հոդվածով սահմանված շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի (այսուհետ՝ դրամագլուխ) օգտագործման և հատկացումների չափերի որոշման կարգը:
2. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն են՝
ռեկուլտիվացիոն աշխատանքներ՝ հանքարդյունահանման և (կամ) ուսումնասիրության նախագծով շրջակա միջավայրի պահպանության նպատակով նախատեսված լեռնային աշխատանքների իրականացման արդյունքում խախտված հողերի բերրիության և տնտեսական արժեքի վերականգնմանը, շրջակա միջավայրի վիճակի բարելավմանը նպատակաուղղված լեռնատեխնիկական, ինժեներաշինարարական, մելիորատիվ, գյուղատնտեսական, անտառկուլտուրական և կանաչապատման աշխատանքների համալիր ծրագիր,
հաշվարկման բազային չափ՝ հանքարդյունահանման և (կամ) ուսումնասիրության նախագծով նախատեսված ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեք:
Ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեքների հաշվարկման և ինդեքսավորման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունը՝ համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ:
3. Սույն կարգում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են այն իմաստով, որոնք սահմանված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով և «Ընդերքն ուսումնասիրության և օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:
II. ԴՐԱՄԱԳԼԽԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԸ
4. Սույն կարգի համաձայն՝ դրամագլխին հատկացումներ կատարողներ են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված հանքային իրավունք կրողները (այսուհետ՝ լիցենզառու):
III. ԴՐԱՄԱԳԼԽԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
5. Դրամագլխին հատկացման ենթակա գումարների հատկացումը լիցենզառուի կողմից կատարվում է նախնական հատկացման և ընթացիկ հատկացումների ձևով:
6. Դրամագլխին նախնական հատկացումը լիցենզառուի կողմից հատկացվում է համապատասխան լիցենզային պայմանագրի ստորագրման օրվանից հետո մեկ ամսվա ընթացքում:
7. Ընթացիկ հատկացումները կատարվում են համապատասխան լիցենզային պայմանագրով ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարման համար սահմանված ժամանակահատվածի ընթացքում՝ այդ պայմանագրով սահմանված ժամանակացույցով նախատեսված ժամկետներում:
8. Ընթացիկ հատկացումները կատարվում են ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարման համար սահմանված ժամանակահատվածի յուրաքանչյուր տարվա համար:
9. Վերջին տարվա համար ընթացիկ հատկացումներ չեն կատարվում:
10. Լիցենզառուի կողմից իր պարտավորությունների կատարումից հետո մեկ ամսվա ընթացքում լիազոր մարմնի և լիցենզառուի կողմից կազմվում է դրամագլխին լիցենզառուի կողմից կատարված հատկացումների և դրամագլխից լիցենզառուին տրամադրված գումարների փոխադարձ հաշիվների ակտ (այսուհետ՝ վերջնահաշվարկ), որի հիման վրա՝
ա) դրամագլխին հատկացված գումարի մնացորդը՝ վերջնահաշվարկը, կողմերի կողմից ստորագրվելուց հետո 20 բանկային օրվա ընթացքում վերադարձվում է լիցենզառուին.
բ) դրամագլխին պարտք մնալու դեպքում լիցենզառուն 20 բանկային օրվա ընթացքում դրամագլխին կատարում է փոխանցում՝ պարտքի գումարին համապատասխանող չափով:
IV. ԴՐԱՄԱԳԼԽԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ ՈՐՈՇԵԼԸ
11. Դրամագլխին հատկացումները կատարվում են Հայաստանի Հանրապետության դրամով:
12. Նախնական հատկացման չափը սահմանվում է համապատասխան լիցենզային պայմանագրով, և այն չպետք է պակաս լինի դրամագլխին կատարվող հատկացումների հաշվարկման բազային չափի 15 տոկոսից:
13. Հատկացման ժամանակահատվածի յուրաքանչյուր տարվա կտրվածքով դրամագլխին հատկացման ենթակա ընթացիկ հատկացումների գումարը չպետք է պակաս լինի հատկացումների նվազագույն չափից, որը հաշվարկվում է հետևյալ կերպ՝
ԴՎ = (ՀԲ - ՆՎ)/Ժ,
որտեղ՝
ԴՎ-ն դրամագլխին կատարվող տարեկան հատկացումների նվազագույն չափն է հազ. դրամներով, ստորակետից հետո մեկ նիշի ճշտությամբ,
ՀԲ-ն դրամագլխին կատարվող հատկացումների հաշվարկման բազային չափն է հազ. դրամներով,
ՆՎ-ն դրամագլխին կատարվող նախնական հատկացման չափն է հազ. դրամներով,
Ժ-ն ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարման ժամկետն է տարիներով:
14. Եթե հաշվետու տարվա արդյունքներով լիցենզառուի կողմից կատարված և համապատասխան կատարողական ակտերով հավաստված ռեկուլտիվացիոն աշխատանքների ծավալը գումարային առումով գերազանցում է տվյալ լիցենզառուի ենթահաշվում առկա մնացորդի գումարը, ապա այդ գերազանցող տարբերության չափով պակասեցվում է հաշվետու տարվան հաջորդող տարվա ընթացիկ հատկացման չափը:
V. ԴՐԱՄԱԳԼԽԻՑ ԼԻՑԵՆԶԱՌՈՒԻՆ ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ ՈՐՈՇԵԼԸ
15. Սույն կարգի համաձայն լիցենզառուին դրամագլխից հատկացումներ են կատարվում լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ, որի ընդունման համար հիմք է ծառայում լիազոր մարմնին կից ստեղծված մասնագիտական հանձնաժողովի եզրակացությունը:
16. Մասնագիտական հանձաժողովի անհատական կազմը և աշխատակարգը (ներառյալ ռեկուլտիվացիոն աշխատանքների հավաստիության և կատարման որակի ստուգման ձևերն ու մեխանիզմները) հաստատում է լիազոր մարմնի ղեկավարը՝ համաձայնեցնելով ընդերքօգտագործման խորհրդատվական հանձնաժողովի հետ:
17. Լիցենզառուին դրամագլխից հատկացումներ են կատարվում տարեկան կտրվածքով:
18. Դրամագլխից հաշվետու տարվա համար հատկացումներ ստանալու նպատակով լիցենզառուն մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա առաջին ամսվա 15-ը լիազոր մարմին է ներկայացնում հաշվետու տարվա ընթացքում ռեկուլտիվացիոն աշխատանքների գծով կատարված ծավալները հաստատող՝ սահմանված կարգով կազմված կատարողական ակտերը:
19. Լիազոր մարմինը սույն կարգի 18-րդ կետում նշված կատարողական ակտերն ստանալու օրվանից հետո 15-օրյա ժամկետում մասնագիտական հանձնաժողովի միջոցով ուսումնասիրում է լիցենզառուի կողմից կատարված ռեկուլտիվացիոն աշխատանքների հավաստիությունն ու կատարման որակը և ընդունում որոշում լիցենզառուին դրամագլխից գումար հատկացնելու կամ չհատկացնելու մասին:
Ընդունված որոշման մեկ օրինակը կամ պատճենը լիազոր մարմնի կողմից 5-օրյա ժամկետում տրամադրվում է լիցենզառուին:
20. Լիցենզառուին դրամագլխից գումար հատկացնելու մասին որոշման ընդունման դեպքում այդ որոշման մեջ նշվում է հատկացման գումարը, որը ռեկուլտիվացիոն աշխատանքների վերաբերյալ մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացության առկայության դեպքում պետք է հավասար լինի հաշվետու ժամանակահատվածում կատարված և համապատասխան կատարողական ակտերով ընդունված աշխատանքների նախահաշվային արժեքներին:
Հաշվետու ժամանակահատվածի ընթացքում կատարված ռեկուլտիվացիոն աշխատանքների ոչ լրիվ ծավալով ընդունման դեպքում՝ դրամագլխից լիցենզառուին գումարները հատկացվում են ընդունված կատարողական ակտերին համապատասխանող չափերով:
21. Լիազոր մարմնի համար հաշվետու տարվա արդյունքներով դրամագլխից լիցենզառուին գումար չհատկացնելու մասին որոշում ընդունելու հիմք է հանդիսանում մասնագիտական հանձնաժողովի բացասական եզրակացությունը, մասնավորապես՝
ա) ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարման ցածր որակը,
բ) դրանց անհամապատասխանությունը հանքարդյունահանման և (կամ) ուսումնասիրության ծրագրին (ծրագրերին):
22. Լիցենզառուին դրամագլխից գումար չհատկացնելու մասին որոշման ընդունումից հետո 3-օրյա ժամկետում լիազոր մարմինը գրավոր ծանուցում է լիցենզառուին՝ պահանջելով իր կողմից սահմանված ժամկետում ապահովել նախագծով նախատեսված ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարումն այն ծավալներով, որոնցով պայմանավորված է եղել հանքային իրավունքի տրամադրումը:
23. Լիազոր մարմնի՝ սույն կարգի 22-րդ կետում նշված ծանուցմամբ սահմանված ժամկետներում իրականացման ենթակա պահանջների կատարման դեպքում լիցենզառուն դրամագլխից համապատասխան հատկացում ստանալու համար լիազոր մարմին է ներկայացնում համապատասխան տեղեկանք լիազոր մարմնի ցուցումների կատարման մասին:
24. Լիազոր մարմինը սույն կարգի 23-րդ կետում նշված տեղեկանքն ստանալու օրվանից 5-օրյա ժամկետում՝ մասնագիտական հանձնաժողովի կողմից տրված լիցենզառուի կողմից լիազոր մարմնի ցուցումների կատարման արդյունքների վերաբերյալ եզրակացության հիման վրա ընդունում է որոշում լիցենզառուին դրամագլխից գումար հատկացնելու կամ չհատկացնելու մասին:
25. Լիցենզառուին դրամագլխից գումար հատկացնելու մասին որոշման ընդունման դեպքում լիազոր մարմինը 10 բանկային օրվա ընթացքում, որոշման համաձայն, դրամագլխից լիցենզառուին հատկացման ենթակա գումարը փոխանցում է նրա բանկային հաշվին:
Լիազոր մարմնի և լիցենզառուի փոխադարձ համաձայնությամբ՝ փոխադարձ հաշվարկների ակտի ստորագրման միջոցով դրամագլխից լիցենզառուին հաշվետու տարվա արդյունքներով հատկացման կամ վերադարձման ենթակա գումարը կարող է հաշվանցվել որպես հաշվետու տարվան հաջորդող տարվա (տարիների) համար դրամագլխին հատկացման ենթակա ընթացիկ հատկացման գումար:
26. Սույն կարգի 25-րդ կետում նշված՝ լիցենզառուին դրամագլխից գումար չհատկացնելու մասին որոշման մեջ լիազոր մարմնի կողմից արձանագրվում է, որ լիցենզառուն չի կատարում իր ցուցումները:
Նույն որոշմամբ լիազոր մարմինն իրեն իրավունք է վերապահում, հիմք ընդունելով օրենքի 62-րդ հոդվածը, սեփական նախաձեռնությամբ դրամագլխի միջոցների հաշվին իրականացնել լիցենզառուի կողմից չկատարված ռեկուլտիվացիոն աշխատանքները՝ դրա մասին նախապես առնվազն մեկ ամիս առաջ տեղյակ պահելով լիցենզառուին:
VI. ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ՝ ՍԵՓԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
27. Համաձայն օրենքի 62-րդ հոդվածի՝ լիազոր մարմինն իր նախաձեռնությամբ ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարումն սկսելու կամ շարունակելու մասին որոշում ընդունելուց հետո՝
ա) անհրաժեշտության դեպքում մեկամսյա ժամկետում՝ սահմանված կարգով հայցադիմում է ներկայացնում՝ լիցենզառուի կողմից չկատարված կամ ռեկուլտիվացիոն աշխատանքների հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասների հատուցման համար.
բ) եռամսյա ժամկետում, մասնագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա. ճշտում է լիցենզառուի կողմից չկատարված ռեկուլտիվացիոն աշխատանքների ծավալները.
գ) եռամսյա ժամկետում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատում է (վերահաստատում) ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարման նոր տեխնիկական բնութագրերը.
դ) 5-ամսյա ժամկետում՝ «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված ընթացակարգերով կազմակերպում է ռեկուլտիվացիոն աշխատանքների գնման գործընթացը:
28. Լիազոր մարմնի նախաձեռնությամբ ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման դեպքում այդ աշխատանքները ֆինանսավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգին համապատասխան:
29. Ռեկուլտիվացիոն աշխատանքների ավարտից հետո լիազոր մարմինը մեկամսյա ժամկետում ճշտում է դրանց իրականացման վրա դրամագլխից կատարված հատկացումների ծավալները և սահմանված կարգով համապատասխան հայցադիմում ներկայացնում՝ լիցենզառուից դատական կարգով լիազոր մարմնի նախաձեռնությամբ իրականացված ռեկուլտիվացիոն աշխատանքների վրա կատարված ծախսերին համապատասխանող գումարների չհատուցված մասի վերականգնման համար:
30. Ռեկուլտիվացիոն աշխատանքների մեծ ծավալների, ինչպես նաև տվյալ լիցենզառուի ենթահաշվում անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայության կամ սակավության դեպքերում լիազոր մարմինը կարող է համապատասխան հայցադիմում ներկայացնել ըստ անհրաժեշտության՝ ռեկուլտիվացիոն աշխատանքների հերթական փուլի ավարտից հետո` ելնելով փաստացի կատարված աշխատանքների ծավալից:
VII. ԴՐԱՄԱԳԼԽԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
31. Դրամագլխի գումարները բանկի հատուկ հաշվում պահվում են ըստ լիցենզառուների՝ նրանցից յուրաքանչյուրի համար սահմանված կարգով բացված ենթահաշիվներում:
32. Դրամագլխից կատարվող հատկացումների գլխավոր կարգադրիչ է համարվում լիազոր մարմնի ղեկավարը:
33. Դրամագլխի գումարների հաշվառումը, սպասարկումը և վերահսկողությունն իրականացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված բյուջետային հիմնարկների արտաբյուջետային միջոցների սպասարկման, հաշվառման և վերահսկողության կարգին համապատասխան:
VIII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
34. Սույն կարգի կիրառման հետ կապված վեճերը լուծվում են դատական կարգով:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
2003թ. նոյեմբերի ,,28,, -ի
թիվ 331 որոշման |
ԿԱԶՄ
Մասնագիտական հանձնաժողովի
ԼՂՀ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետ (հանձնաժողովի նախագահ)
ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության երկու ներկայացուցիչ
ԼՂՀ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության երկու ներկայացուցիչ
ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարության երկու ներկայացուցիչ
ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության մեկ ներկայացուցիչ
ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մեկ ներկայացուցիչ
Համապատասխան շրջվարչակազմի մեկ ներկայացուցիչ
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |