ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ԲՈՎԱՆԴԱԿՈՂ ՏԵՂԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻՑ ՈՒ ՏՎՅԱԼՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն ,,Գեոդեզիայի և քարտեզագրության մասին,, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 14-րդ ու ,,Պետական և ծառայողական գաղտնիքի մասին,, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
Հաստատել պետական և ծառայողական գաղտնիք բովանդակող տեղագրագեոդեզիական նյութերից ու տվյալներից օգտվելու համար թույլտվություն ստանալու կարգը` համաձայն հավելվածի:
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
2004թ. մարտի 16-ի
թիվ 104 որոշման |
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ԲՈՎԱՆԴԱԿՈՂ ՏԵՂԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻՑ ՈՒ ՏՎՅԱԼՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում է պետական գեոդեզիական ցանցի կետերից, պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզներից ու հատակագծերից, օդատիեզերալուսահանութագրական և պետական ու ծառայողական գաղտնիք բովանդակող այլ տեղագրագեոդեզիական նյութերից ու տվյալներից օգտվելու և թույլտվություն ստանալու գործընթացը:
Պետական և ծառայողական գաղտնիք բովանդակող տեղագրագեոդեզիական նյութերն ու տեղեկությունները համարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սեփականությունը և պահպանվում ու պաշտպանվում են պետության կողմից:
Պետական և ծառայողական գաղտնիք բովանդակող տեղագրագեոդեզիական նյութերից ու տվյալներից օգտվելու համար թույլտվությունը տրամադրում է լիազոր մարմինը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն /այսուհետ` կոմիտե/:
Թույլտվությունը տրամադրվում է տեղագրագեոդեզիական և քարտեզագրական գործունեություն իրականացնող պետական մարմիններին, կազմակերպություններին, համապատասխան լիցենզավորված իրավաբանական և ֆիզիկական անձանց, որոնք ունեն գաղտնի տեղեկություններին առնչվելու համապատասխան թույլտվություն:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության կողմից տեղագրագեոդեզիական, քարտեզագրական, աերոֆոտոհանութագրական աշխատանքների իրականացման թույլտվությունը, նյութերը տրամադրվում, դրանց հաշվառման ու պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից` կոմիտեի հետ համատեղ:
II. ՏԵՂԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ, ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ, ԱԵՐՈՖՈՏՈՀԱՆՈՒԹԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ
2. Պետական և ծառայողական գաղտնիք բովանդակող տեղագրագեոդեզիական նյութերից օգտվելու իրավունք ունեցող կազմակերպություններին տեղագրագեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների իրականացման թույլտվությունը տրվում է կոմիտեի կողմից:
Տեղագրագեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների իրականացման թույլտվությունը տրվում է աշխատանքների ամբողջ ծավալի համար` անկախ դրանց ավարտման ժամկետից:
3. Տեղագրագեոդեզիական դաշտային աշխատանքներ իրականացնող կազմակերպություններն աշխատանքներն սկսելու համար ներկայանում են տեղական ինքնակառավարման, տարածքային կառավարման մարմիններ` ներկայացնելով աշխատանքների իրականացման թույլտվությունը, որով տեղյակ են պահում տվյալ տարածաշրջանում աշխատանքներ իրականացնելու մասին:
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանային գոտիներում /սահմանային գետեր, ջրամբարներ/ գեոդեզիական, տեղագրական, օդալուսահանութային ու ծանրաչափական աշխատանքներն իրականացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության թույլտվությամբ:
5. Օդալուսահանութագրման հատուկ տեսակների /հեռուստատեսային, ինֆրակարմիր, միկրոալիքային, ռադիոլոկացիոն և այլ սարքավորումների միջոցով/ իրականացման թույլտվությունները տրվում են կոմիտեի կողմից` համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հետ:
6. Օդալուսահանութագրման և հատուկ տեսակի օդահանութագրման աշխատանքներ իրականացնելու թույլտվություն ստանալու համար համապատասխան իրավասու կազմակերպությունները կոմիտե են ներկայացնում հայտեր և պետական կոորդինատային համակարգում` օդահանութագրական աշխատանքների իրականացման տարածքների սխեմաներից մեկական օրինակ:
Հայտերը ներկայացվում են ոչ գաղտնի ձևով, բացառությամբ այն դեպքերի, երբ հայտի մեջ նշված են օդահանութագրման իրականացման նպատակները, որոնք համապատասխան կազմակերպությունների կողմից հրապարակման ենթակա չեն:
Կոմիտեն ուսումնասիրում է ստացված հայտերը և 15-օրյա ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության համաձայնեցմանն է ներկայացնում օդահանութագրական աշխատանքների նախագիծը և տեխնիկական առաջադրանքը:
7. Օդալուսահանութագրական աշխատանքների իրականացման թույլտվությունը տրվում է հայտում նշված ժամկետի համաձայն:
8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հետ համաձայնեցված տարածքներում օդալուսահանութագրական աշխատանքներն սկսելուց առաջ աշխատանքներն իրականացնող լիազորված մարմինը կամ վարձակալված օդալուսահանութագրական աշխատանքներն իրականացնող կազմակերպությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության և կոմիտեի հետ համաձայնեցնում է աշխատանքների իրականացման հետ կապված հարցերը` տեղագրական քարտեզի վրա հստակեցնելով այն տարածքի սահմանները, որտեղ իրականացվում են օդալուսահանութագրական աշխատանքներ, նշելով օդալուսահանութագրման կոնկրետ տեղամասերը /օբյեկտները/, աշխատանքների սկսման և ավարտման ժամկետները, թռիչքների ժամանակը, ռեժիմը և օդալուսահանութագրման ենթակա այն տեղամասերը /օբյեկտները/, որոնց վերաբերող նյութերը պետք է ուղարկվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարություն` հսկողության համար: Նշված հարցերի համաձայնեցման համար 4 օրինակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարություն են ներկայացվում այն տարածքի սխեմաները, որտեղ իրականացվում են օդալուսահանութագրական աշխատանքներ:
Աշխատանքների ավարտից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից ուսումնասիրման և ստուգման են ներկայացվում օդալուսահանութագրման տեղամասերի բոլոր նեգատիվները, աերոֆոտոհանույթները, վերադիր մոնտաժի վերարտադրությունները և հատուկ ֆոտոհանույթների տեսանելի արտապատկերումները` կապակցման սխեմաներով:
Այդ տեղամասերի օդալուսահանույթների և հատուկ տեսակների օդալուսահանույթների օգտագործումը կազմակերպությունների կողմից թույլատրվում է միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից սահմանված ստուգողական միջոցառումների անցկացումից հետո:
9. Օդահանութագրող կազմակերպությունները սույն կարգի 8-րդ կետում նշված օդալուսահանութագրական և օդահանութային հատուկ տեսակի նյութերը ներկայացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարություն` հսկողության համար, որից հետո փոխանցում են կոմիտե` ուսումնասիրման և մշակման համար:
10. Պետական կոորդինատային համակարգում գաղտնի տեղագրական հիմքերի, թեմատիկ հատուկ քարտեզների և հատակագծերի, ինչպես նաև դրանց պատճենների պատրաստման ու բազմացման թույլտվությունը տրվում է կոմիտեի կողմից` այդ կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերի հիման վրա:
«Գաղտնի» դրոշմագրով տեղագրական /աշխարհագրական/ հիմքերի, թեմատիկ հատուկ քարտեզների և հատակագծերի, ինչպես նաև դրանց պատճենների պայմանական ու տեղական կոորդինատային համակարգերում պատրաստման և բազմացման, ինչպես նաև դրանց պատրաստման համար գաղտնի տեղագրական քարտեզների, հատակագծերի, ֆոտոքարտեզների, ֆոտոհատակագծերի, ֆոտոսխեմաների և այլ քարտեզագրական նյութերի օգտագործման թույլտվությունը սահմանված կարգով տալիս են համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները` համաձայնեցնելով կոմիտեի հետ:
11. Իրականացված օդալուսահանութագրական, տեղագրագեոդեզիական, քարտեզագրական աշխատանքների մասին տեղեկությունները ներկայացվում են կոմիտե, որը կատարված օդալուսահանութագրական աշխատանքների մասին ստացված ու քարտադարանում ամփոփված տեղեկություններն ընդհանրացնում և ուղարկում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարություն` մինչև հաշվետու տարվան հաջորդող փետրվարի երկրորդ տասնօրյակը:
12. Բաց օգտագործման տեղագրագեոդեզիական, քարտեզագրական նյութերը տրամադրվում են սահմանված կարգով:
III. ՏԵՂԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ, ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ, ԾԱՆՐԱՉԱՓԱԿԱՆ, ԱԵՐՈՀԱՆՈՒԹԱԳՐԱԿԱՆ ՈՒ ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ ՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ, ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
13. Կոմիտեն գեոդեզիական, քարտեզագրական աշխատանքների իրականացման համար կազմակերպություններին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի գաղտնի և ոչ գաղտնի տեղագրական քարտեզներ ու հատակագծեր տրամադրում է ներկայացված հիմնավորման և հայտի հիման վրա:
14. Կազմակերպություններին տեղագրական և թվային քարտեզներ, հատակագծեր, ֆոտոքարտեզներ ու ֆոտոհատակագծեր, քաղաքների և այլ բնակավայրերի տեղագրագեոդեզիական հատակագծերը տրամադրվում են կոմիտեի թույլտվությամբ` համապատասխան ստորաբաժանումների /«Գեոդեզիայի, քարտեզագրման և հողաշինության նախագծային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Տեղեկատվական կենտրոն/ կողմից:
15. Գաղտնի և ոչ գաղտնի գեոդեզիական քարտեզները մոբիլիզացիոն հատակագծերի ու քաղաքացիական պաշտպանության գերատեսչական փաստաթղթերի մշակման համար կոմիտեի նշված ստորաբաժանումների կողմից տրվում են աշխատանքներն իրականացնող իրավասու կազմակերպություններին` սույն կարգի 14-րդ և 16-րդ կետերին համապատասխան սահմանված կարգով:
16. Գաղտնի տեղագրական քարտեզներն ու հատակագծերը /թվային/, ֆոտոքարտեզները, ֆոտոսխեմաները, քաղաքների և այլ բնակավայրերի տեղագրաքարտեզագրական հատակագծերն ու գեոդեզիական նյութերը տրվում են կազմակերպություններին` ներկայացված հայտերի հիման վրա` ստորագրված կազմակերպության և դրա համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից:
Հայտերը ներկայացվում են` նշելով անհրաժեշտ տեղագրական քարտեզների, հատակագծերի, ֆոտոքարտեզների, ֆոտոհատակագծերի և ֆոտոսխեմաների պահանջվող թիվը, որոնք խիստ անհրաժեշտ են տվյալ օբյեկտների վրա աշխատանքներ իրականացնելու համար: Հայտում նշվում են աշխատանքի նպատակը, անհրաժեշտ նյութերը` հիմնավորելով դրանց օրինակների պահանջվող թիվը:
Հայտերը ներկայացվում են կոմիտե` սույն կարգի 14-րդ կետի համաձայն:
Տեղագրական քարտեզների և հատակագծերի, ֆոտոքարտեզների հայտերին կցվում են ցուցակ-կարգագրեր` 2 օրինակից:
17. Տեղագրական քարտեզներն ու հատակագծերը, ֆոտոքարտեզները, ֆոտոհատակագծերը, քաղաքների և այլ բնակավայրերի հատակագծերը տրամադրվում են ցուցակ-կարգագրերով` համապատասխան վճարման դեպքում: Նշված ցուցակ-կարգագրի մեկ օրինակը ներկայացվում է քարտեզի և հատակագծի հետ միաժամանակ:
18. Արբանյակային ֆոտոնկարահանումների նյութերը, որոնք տրամադրվում են պետական կառավարման մարմիններին և կազմակերպություններին, տրվում են կոմիտեի կամ նրա համապատասխան ստորաբաժանումների կողմից սահմանված կարգով` կազմակերպությունների ղեկավարների կողմից հաստատված հայտերի հիման վրա:
Արբանյակային լուսանկարահանման առաջնային նյութերն անհրաժեշտության դեպքում կարող են սահմանված կարգով տրամադրվել շահագրգիռ կազմակերպություններին` միայն ժամանակավոր օգտագործման համար:
Արբանյակային լուսանկարահանման առաջնային և ածանցյալ նյութերից բացի, կազմակերպություններին կարող են տրամադրվել նաև այլ անհրաժեշտ տեղեկատվական տվյալներ` արբանյակային նկարահանման պարամետրերի մասին /թռիչքի բարձրություն, ամսաթիվ, լուսանկարահանման տեղական ժամանակը և այլն/ ու լուսանկարահանման սարքավորման տեխնիկական բնութագիրը:
19. Պետական կոորդինատային համակարգում գեոդեզիական կետերի կոորդինատները կազմակերպություններին տրվում են կոմիտեի կողմից` համապատասխան տեղագրագեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների իրականացման թույլտվության դեպքում:
20. Կազմակերպություններին տրամադրվող ծանրաչափական կետերի կոորդինատները, ինչպես նաև ծանրության ուժի արագացման մեծության չափման արդյունքները տրամադրում է կոմիտեն:
21. Տեղագրական քարտեզների, ֆոտոհատակագծերի, ֆոտոքարտեզների և ֆոտոսխեմաների տրամադրման հայտերում գեոդեզիական կետերի կոորդինատները և քարտեզների անվանահամարները /նոմենկլատուրաներ/ նշվում են պետական կոորդինատային համակարգի սյունակավորմամբ կամ պայմանական կոորդինատային համակարգի սյունակավորմամբ:
Տեղագրագեոդեզիական, քարտեզագրական և ֆոտոհանութագրման ուսումնասիրության, ինչպես նաև արբանյակային լուսանկարահանման նյութերի առկայության մասին տեղեկատվական հայտերում քարտեզների անվանահամարները նշվում են պետական կոորդինատային համակարգում:
22. Տեղագրագեոդեզիական, քարտեզագրական, օդալուսահանութագրական և արբանյակային լուսանկարահանման նյութերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից ստանձնված միջազգային պարտավորություններով օտարերկրյա կազմակերպություններին և ընկերություններին տրամադրվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ:
IV. ՏԵՂԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ, ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ, ԾԱՆՐԱՉԱՓԱԿԱՆ, ՕԴԱԼՈՒՍԱՀԱՆՈՒԹԱԳՐԱԿԱՆ ԵՎ ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ ՀԱՆՈՒԹԱԳՐԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ
23. Պետական կոորդինատային համակարգում գաղտնի տեղագրական քարտեզներն ու հատակագծերը, դրանց կրկնօրինակները, դրանցից պատճենահանումները, ֆոտոքարտեզները, աերոֆոտոհատակագծերն ու ֆոտոսխեմաները պետական կառավարման մարմիններից և կազմակերպություններից այլ կազմակերպությունների փոխանցվում են կոմիտեի թույլտվությամբ:
Պետական կառավարման մարմինների ու կազմակերպությունների քարտեզագրական նյութերը միմյանց փոխանցվում են այդ նյութերն ունեցող կազմակերպության ղեկավարի գրավոր թույլտվությամբ:
24. Տեղական կոորդինատային համակարգում գաղտնի տեղագրական քարտեզներն ու հատակագծերի կրկնօրինակները և դրանցից պատճենահանումները, ֆոտոքարտեզները, ֆոտոհատակագծերն ու ֆոտոսխեմաները պետական կառավարման մարմիններին փոխանցվում են տվյալ պետական կառավարման մարմնի ղեկավարի գրավոր թույլտվությամբ, իսկ պետական կառավարման մարմիններում` այդ նյութերին տիրապետող կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի գրավոր թույլտվությամբ:
25. Սույն կարգի 23-րդ և 24-րդ կետերում նշված տեղագրական, թեմատիկ և հատուկ քարտեզների ու հատակագծերի կրկնօրինակները և դրանցից պատճենահանումները, ֆոտոքարտեզները, ֆոտոհատակագծերն ու ֆոտոսխեմաները փոխանցվում են կազմակերպության ղեկավարի և համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի ստորագրությամբ` հայտի հիման վրա: Հայտում նշվում է նպատակը, որի համար պահանջվում են նյութերը: Հայտին մեկական օրինակով կցվում են պահանջվող նյութերի ցանկը` յուրաքանչյուր մասշտաբի համար, ինչպես նաև այդ նյութերի հերթականության սխեման: Այն դեպքում, երբ նյութերի փոխանցման համար պահանջվում է կոմիտեի թույլտվությունը, ապա ցուցակները և սխեմաներն ուղարկվում են 2 օրինակից:
26. Պետական կառավարման մարմինները ցանկացած կոորդինատային համակարգում գեոդեզիական կետերի և աշխարհագրական օբյեկտների կոորդինատները միմյանց փոխանցում են կոմիտեի թույլտվությամբ, իսկ միևնույն պետական կառավարման մարմնում` տվյալ նյութերին տիրապետող կազմակերպության ղեկավարի գրավոր թույլտվությամբ:
27. Տեղագրական հանույթների բնօրինակները, գեոդեզիական կետերի կոորդինատները և բարձրությունների կատալոգներն ու ցուցակները, տեխնիկական հաշվետվությունները և մյուս տեխնիկական փաստաթղթերը, որոնք վերաբերում են քաղաքների, գյուղերի գլխավոր հատակագծերի տեղագրագեոդեզիական աշխատանքներին, անկախ կոորդինատային համակարգից, հանձնվում են կոմիտե:
28. Աերոֆոտոնեգատիվների, աերոլուսանկարների, այդ թվում` մագնիսական և այլ կրիչների վրա, վերադիր մոնտաժների, նեգատիվների, ֆոտոթեոդոլիտային նկարահանումների տրամադրումը մի կազմակերպությունից մյուսին` անկախ նրանց գերատեսչական պատկանելությունից, իրականացվում է այդ նյութերին տիրապետող կազմակերպության ղեկավարի թույլտվությամբ` այն համաձայնեցնելով կոմիտեի հետ` միայն` վերջինիս մոտ այդ նյութերի պահպանման համար անհրաժեշտ պայմանների առկայության դեպքում:
29. Նյութերը տրամադրող կազմակերպությունը մշտական պահպանության համար մի կազմակերպությունից մյուսին /անկախ դրանց գերատեսչական պատկանելությունից/ աերոֆոտոնեգատիվների տրամադրման մասին պարտավոր է տեղեկացնել կոմիտեին` հավելվածում նշելով տրամադրված աերոֆոտոնեգատիվների տեղաբաշխումը քարտագրամայում և դրանց տեխնիկական պարամետրերը:
30. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության և կոմիտեի կողմից թռիչքների իրականացման միջոցով տեղագրական հանույթներ կատարելու նպատակով արդյունքում ստացված օդալուսահանութային նյութերը սահմանված կարգով տրամադրվում են կազմակերպություններին` պայմանագրային հիմունքներով:
Նշված օդալուսանկարահանման հանութային նյութերի ստացման մասին հայտերը կազմակերպությունների կողմից կոմիտե են ներկայացվում նախօրոք:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմակերպություններին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունից և կոմիտեից ստացված աերոֆոտոնեգատիվների փոխանցումը, աերոֆոտոֆիլմերի բաժանումը կադրերի և նմանատիպ այլ աշխատանքների իրականացումն արգելվում են:
31. Արբանյակային լուսանկարահանման նյութերը բազմացվում և փոխանցվում են մի կազմակերպությունից մյուսին` անկախ դրանց գերատեսչական պատկանելությունից, կոմիտեի համաձայնեցումից հետո:
32. Կազմակերպությունների լուծարման դեպքում օգտագործված և մաշված տեղագրական քարտեզներն ու հատակագծերը, աերոֆոտոքարտեզները և աերոֆոտոհատակագծերը, մյուս տեղագրագեոդեզիական նյութերը, ինչպես նաև դրանց պատճենները ոչնչացվում են սահմանված կարգով, իսկ քարտեզների և հատակագծերի, գեոդեզիական կետերի ու աշխարհագրական օբյեկտների կոորդինատները և աերոֆոտոնեգատիվները վերադարձվում են այն կազմակերպություններին, որտեղից դրանք ստացվել են, կամ փոխանցվում են կոմիտե:
Այն դեպքում, երբ լուծարված կազմակերպությունների գործառույթները, որոնք կապված են գաղտնի քարտեզագրական նյութերի և կոորդինատների օգտագործման հետ, փոխանցվում են այլ կազմակերպության, թույլատրվում է այդ նյութերի փոխանցումը վերջինիս, եթե այդ կազմակերպությունները ենթակա են միևնույն պետական կառավարման մարմնին, իսկ եթե դրանք ենթակա են տարբեր պետական կառավարման մարմինների, ապա` միայն կոմիտեի թույլտվությամբ:
V. ՍՈՒՅՆ ԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
33. Պետական և ծառայողական գաղտնիք բովանդակող տեղագրագեոդեզիական նյութերից ու տվյալներից օգտվելու իրավունք ունեցող կազմակերպությունների ղեկավարներն անձնական պատասխանատվություն են կրում սույն կարգով սահմանված պահանջների խախտման, տեղագրական /թվային/ քարտեզների ու հատակագծերի, աերոֆոտոքարտեզների, աերոֆոտոհատակագծերի, գեոդեզիական կետերի և աշխարհագրական օբյեկտների կոորդինատների, այլ տեղագրագեոդեզիական, քարտեզագրական, ծանրաչափական, օդալուսահանութագրական, արբանյակային լուսանկարահանման նյութերի պահպանման, հաշվառման ու օգտագործման համար:
34. Նախարարությունները պարտավոր են վերահսկողություն իրականացնել կազմակերպություններում պահվող գաղտնի տեղագրագեոդեզիական, քարտեզագրական, ծանրաչափական, օդալուսահանութագրական և արբանյակային լուսանկարահանման նյութերի պահպանման ու գաղտնազերծման նկատմամբ:
Կազմակերպությունները պետք է պատշաճ հսկողություն իրականացնեն իրենց մոտ գտնվող գաղտնի, տեղագրական, քարտեզագրական, ծանրաչափական, օդալուսահանութագրական և արբանյակային հանութագրման նյութերի ճիշտ հաշվառման, պահպանման, պատրաստման ու օգտագործման նկատմամբ, պետք է ուսումնասիրեն, ստուգումներ կատարեն` նյութերի պահպանման վիճակի համար` ղեկավարվելով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի և սույն կարգի պահանջներին համապատասխան:
35. Կազմակերպությունների կողմից տեղագրագեոդեզիական, քարտեզագրական, ծանրաչափական, օդալուսահանութային և արբանյակային հանութագրման նյութերի գաղտնիության ապահովման նպատակով` սույն կարգի պահանջների պարբերաբար և այլ կոպիտ խախտումների հայտնաբերման դեպքում կոմիտեն սահմանում է ժամկետ` խախտումների ամբողջական վերացման համար, և դրա մասին հայտնում համապատասխան պետական կառավարման մարմիններին` անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար: Եթե կազմակերպությունը չի կատարում գաղտնիության ռեժիմի խախտումների վերացման միջոցառումները, ապա կոմիտեն իրավունք ունի դադարեցնելու գաղտնի տեղագրագեոդեզիական նյութերի օգտագործման նրանց իրավունքը:
36. Տեղագրագեոդեզիական, քարտեզագրական, ծանրաչափական, օդալուսահանութագրական և արբանյակային լուսանկարահանման գաղտնի նյութերի կորստի դեպքում կազմակերպությունները ղեկավարվում են «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով և դրա մասին տեղեկացնում են կոմիտեին:
Հայտարարության մեջ նշվում են կորած նյութերի անվանումները, քանակը, քարտեզի անվանահամարը /նոմենկլատուրան/, կոորդինատային համակարգը, մասշտաբը, կորելու հանգամանքների համառոտ նկարագրությունը և այլ նյութերի կորստի պատճառների վերացման միջոցառումները:
37. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմակերպություններում սույն կարգի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է կոմիտեի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից:
38. Նավիգացիոն ուղեցույցների, ձեռնարկների և հրահանգների պահանջների իրականացման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |