ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ԳՐԱՆՑՄԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՔԱՐՏԱԴԱՐԱՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Աշխարհագրական անվանումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական անվանումների հաշվառման ու գրանցման, պետական քարտադարանի ստեղծման և վարման կարգը՝ համաձայն հավելվածի:
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
2005 թ. ապրիլի 26-ի
թիվ 232 որոշման |
Կ Ա Ր Գ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական անվանումների հաշվառման ու գրանցման, պետական քարտադարանի ստեղծման և վարման
1. Սույն կարգով կանոնակարգվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանումների /այսուհետև` աշխարհագրական օբյեկտների անվանումներ/ հաշվառման ու գրանցման, պետական քարտադարանի ստեղծման և վարման կարգը:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական անվանումները /այսուհետև` աշխարհագրական անվանումներ/ հաշվառվում ու գրանցվում են դրանց կանոնավորման, միօրինականացման, օգտագործման, ինչպես նաև նշված անվանումների մասին պաշտոնական տեղեկատվության ստեղծման և տրամադրման նպատակով:
3. Աշխարհագրական անվանումները հաշվառվում և գրանցվում են հայերենով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի /այսուհետև` կադաստրի պետական կոմիտե/ կողմից: Աշխարհագրական անվանումները հաշվառվում ու գրանցվում են ավանդական /թղթային/ և էլեկտրոնային եղանակներով:
4. Աշխարհագրական օբյեկտներ են`
մայրցամաքները, աշխարհամասերը, օվկիանոսները, ծովերը, լեռները, գետերը, լճերը, դաշտավայրերը, բարձրավանդակները և այլ ֆիզիկաաշխարհագրական օբյեկտները,
պետությունները, դրանց վարչատարածքային միավորները և գործառական տարածքները,
երկաթուղային կայարանները, օդանավակայանները, ջրամբարները, ջրանցքները և այլ ինժեներատեխնիկական կառույցները,
փողոցները, հրապարակները, պուրակները, զբոսայգիները և այլ ներբնակավայրային օբյեկտները:
5. Հաշվառման համար հիմք են հանդիսանում`
ա/ ԼՂՀ տարածքի` 1:10000, 1:25000, 1:50000, 1:100000, 1:200000, 1:500000 և 1:1000000 մասշտաբի տեղագրական քարտեզները և 1:500, 1:1000, 1:2000 և 1:5000 մասշտաբի տեղագրական հատակագծերը,
բ/ ԼՂՀ աշխարհագրական օբյեկտների անվանումների պաշտոնական տեղեկատուներում /գազետիրներ/, ընդհանուր և թեմատիկ բառարաններում, ցանկերում և ցուցակներում ընդգրկված աշխարհագրական անվանումները.
գ/ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված աշխարհագրական անվանումները.
դ/ տեղագրական, աշխարհագրական, երկրագիտական, ազգագրական, պատմական և այլ ուսումնասիրություններում, գիտական աշխատություններում օգտագործված աշխարհագրական անվանումները.
ե/ քարտեզագրական աշխատանքների կատարման ժամանակ բացահայտված աշխարհագրական անվանումները.
զ/ դաշտային հետազոտությունները, տեղազննման աշխատանքները, բանավոր և գրավոր հարցումները:
6. Հաշվառման արդյունքում ստացված տվյալները լրացվում են համապատասխան ձևաթղթերում, որոնց ձևը սահմանվում է կադաստրի պետական կոմիտեի կողմից: Լրացված հաշվառման ձևաթղթերը ներկայացվում են ԼՂՀ կառավարության կողմից ստեղծված ԼՂՀ աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողով /այսուհետև` հանձնաժողով/` հաշվառված աշխարհագրական օբյեկտների անվանումների գրանցման մասին եզրակացություն ստանալու համար:
7. Գրանցված աշխարհագրական անվանումներն արտացոլվում են 1:25000 կամ 1:50000 մասշտաբի տեղագրական քարտեզների թերթերի կամ դրանց պատճենների վրա: Եթե քարտեզի մասշտաբը հնարավորություն չի տալիս արտացոլելու տվյալ վայրի բոլոր աշխարհագրական անվանումները, ապա թույլատրվում է օգտագործել սույն կարգի 5-րդ կետի «ա/» ենթակետում նշված տեղագրական քարտեզները և հատակագծերը:
8. Գրանցման մատյանները վարվում են ըստ աշխարհագրական օբյեկտների տեսակների:
9. Գրանցման մատյանում գրանցվում են աշխարհագրական անվանումների մասին հետևյալ տվյալները`
ա/ աշխարհագրական օբյեկտի անվանումը,
բ/ աշխարհագրական օբյեկտի գտնվելու վայրը,
գ/ աշխարհագրական օբյեկտի անվանման ծածկագիրը,
դ/ աշխարհագրական օբյեկտի անվանման գրանցման թվականը /տարեթիվը, ամիսը, ամսաթիվը/,
ե/ աշխարհագրական օբյեկտի անվանակոչման և անվանափոխման համար հիմք հանդիսացող փաստաթղթի անվանումը,
զ/ աշխարհագրական օբյեկտի աշխարհագրական կոորդինատները,
է/ քարտեզի այն թերթի /թերթերի/ համարը /համարները/, որի /որոնց/ վրա պատկերված է տվյալ աշխարհագրական օբյեկտը,
ը/ այլ տվյալներ:
10. Աշխարհագրական անվանումների հաշվառման ու գրանցման աշխատանքները կատարվում են անընդհատ` հաշվառման և գրանցման տվյալների հիման վրա` կատարված փոփոխություններն արտացոլելով հաշվառման ձևաթղթերում, գրանցման մատյաններում և քարտեզներում /հատակագծերում/:
11. Աշխարհագրական օբյեկտների անվանումների հաշվառման և գրանցման տվյալները հավաքվում են կադաստրի պետական կոմիտեի տեղեկատվական բանկում:
12. Աշխարհագրական օբյեկտների անվանումների մասին տեղեկատվության տրամադրումը բաց է:
Աշխարհագրական օբյեկտների անվանումների մասին տեղեկատվությունից կարող են օգտվել ԼՂՀ օրենսդիր, գործադիր, դատական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական և ֆիզիկական անձինք, օտարերկրյա անձինք և քաղաքացիները:
13. ԼՂՀ աշխարհագրական անվանումների պետական քարտադարանը /այսուհետև` պետական քարտադարան/ բաղկացած է յուրաքանչյուր աշխարհագրական օբյեկտի վերաբերյալ հետևյալ փաստաթղթերից`
ա/ տեղագրական քարտեզի հատվածի պատճեն` տվյալ աշխարհագրական օբյեկտի սահմաններով,
բ/ աշխարհագրական օբյեկտի անվանումն սահմանող փաստաթղթեր,
գ/ հանձնաժողովի առաջարկություններ ու եզրակացություններ,
դ/ հաշվառման ձևաթղթեր:
Փաստաթղթերն ամփոփվում են ըստ համայնքների:
14. Հաշվառման ձևաթղթերում, գրանցման մատյաններում և պետական քարտադարանում պարունակող տվյալները պահպանվում, թարմացվում ու տրամադրվում են ավանդական /թղթային/ և էլեկտրոնային եղանակներով:
15. Պետական քարտադարանի ստեղծման և վարման համար անհրաժեշտ տեղեկատվության տիրապետող ֆիզիկական և իրավաբանական անձինք կադաստրի պետական կոմիտեին տրամադրում են անհրաժեշտ տվյալներ` համաձայն կնքված պայմանագրի:
16. Աշխարհագրական օբյեկտների անվանումների մասին պաշտոնական տեղեկատվությունը նախապատրաստվում է պետական քարտադրանի տվյալների հիման վրա և հրատարակվում ԼՂՀ աշխարհագրական օբյեկտների անվանումների պաշտոնական տեղեկատուի /գազետիր/, բառարանների և տեղեկատուների տեսքով:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |