Համարը 
N 235
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.04.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.04.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.04.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 
12.11.2013

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՏԱՐԱԾՔԻՑ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՏԱՐԱՀԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

"26" ապրիլի 2005թ.

N 235

ք.Ստեփանակերտ

 

Վտանգավոր տարածքից բնակչության տարահանման կարգը հաստատելու մասին

 

«Քաղաքացիական պաշտպանության մասին» ԼՂՀ օրենքի 5-րդ հոդվածին և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ԼՂՀ օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

Հաստատել վտանգավոր տարածքից բնակչության տարահանման կարգը՝ համաձայն հավելվածի:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության 2005թ.

«26» ապրիլի

թիվ 235 որոշման

Կ Ա Ր Գ

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՏԱՐԱԾՔԻՑ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՏԱՐԱՀԱՆՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

ա) տարահանման հանձնաժողով՝ ԼՂՀ շրջվարչակազմի ղեկավարի (Ստեփանակերտի քաղաքապետի) և համայնքի ղեկավարի որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբ, որը կազմակերպում ու ղեկավարում է տվյալ տարածքի բնակչության և կազմակերպությունների տարահանման միջոցառումները.

բ) տարահանման հավաքակայան՝ տարահանվող բնակչության ընդունման և հաշվառման ուղարկման հավաքատեղ.

գ) ընդունման հավաքակայան՝ հավաքատեղ, որտեղ կատարվում է տարահանված բնակչության ընդունումը, հաշվառումը և բաշխումն ըստ ժամանակավոր կացարանների.

դ) ընդհանուր տարահանում՝ տվյալ տարածքի (բնակավայրի) ամբողջ բնակչության տարահանում.

ե) մասնակի տարահանում՝ մինչև 16 տարեկան երեխաների, հղի և մինչև 8 տարեկան երեխաներ ունեցող կանանց, 8-16 տարեկան երեխա ունեցող այն կանանց, որոնց ընտանիքի կազմում չկան տարահանման ենթակա՝ աշխատունակ անդամներ, զորահավաքային կարգադրագիր չունեցող (հաշմանդամներ և կենսաթոշակառուներ) անձանց տարահանում.

զ) տարահանման երթուղի՝ բնակչության տարահանման և տեղաբաշխման բնակավայրերը միացնող ճանապարհ (ճանապարհահատված).

է) տարահանման ավտոշարասյուն՝ տարահանման հավաքակայանից՝ (բնակավայրից) ընդունման հավաքակայան (բնակավայր) մեկնող երկու կամ ավելի ավտոմեքենայից բաղկացած շարասյուն.

ը) տարահանման հետիոտն շարասյուն՝ տարահանման հավաքակայանից՝ (բնակավայրից) ընդունման հավաքակայան (բնակավայր) հետիոտն կազմակերպված խումբ.

թ) տարահանման կենդանաքարշ շարասյուն՝ տարահանման հավաքակայանից՝ (բնակավայրից) ընդունման հավաքակայան (բնակավայր) կենդանաքարշ տրանսպորտից բաղկացած շարասյուն.

ժ) տարահանման պլան՝ նախապես մշակված փաստաթուղթ, որով կանոնակարգվում են մեկ տարածքից (բնակավայրից, օբյեկտից) անվտանգ տարածք բնակչության տարահանման միջոցառումները.

ժա) վտանգավոր տարածք՝ տեղանք կամ առանձին բնակավայր, օբյեկտ, որտեղ արտակարգ իրավիճակի հետևանքով առաջացել կամ կարող են առաջանալ մարդկանց կյանքի, առողջության և բնականոն կենսագործունեության վրա բացասաբար ազդող գործոններ:

2. Տարահանումը բնակչության պաշտպանության հիմնական ձևերից մեկն է: Այն իրականացվում է վտանգավոր տարածքներից անվտանգ տարածքներ մարդկանց ժամանակավոր տեղափոխման և տեղաբաշխման միջոցով:

3. Տարահանումն իրականացվում է այնպիսի արտակարգ իրավիճակների առաջացման կամ անմիջական սպառնալիքի դեպքում, որի հետևանքով որոշակի տարածքներում (բնակավայրերում, օբյեկտներում) կարող են առաջանալ մարդկանց կյանքի և կենսագործունեության բնականոն պայմանների վրա բացասաբար ազդող գործոններ:

4. Անվտանգ տարածքում տարահանվող բնակչության համար որպես ժամանակավոր կացարաններ օգտագործվում են դպրոցները, ակումբները, հյուրանոցները, հանրակացարանները, բնակելի տները՝ անկախ սեփականության ձևից:

5. Նշված ժամանակավոր կացարանների տրամադրումը իրականացվում է հետագա համարժեք փոխհատուցմամբ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6. Բնակչության տարահանում նախատեսվում է՝

ա) ջրամբարների պատվարների փլուզման կամ գետերի ջրերի հորդացման հետևանքով ջրածածկման ենթակա տարածքներից.

բ) սողանքների և ձնահյուսերի հետևանքով առաջացած տարածքներից.

գ) երկրաշարժի հետևանքով ավերված և բնակվելու համար վտանգավոր բնակավայրերից.

դ) զենքի տեսակների կիրառման դեպքում մասնակի տարահանում սահմանամերձ, ինչպես նաև մարտական գործողությունների վարման և զենքի տեսակների անմիջական կիրառման բնակավայրերից և տարածքներից:

 

I I. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՏԱՐԱՀԱՆՄԱՆ ՁԵՎԵՐՆ ՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

7. Բնակչությունը կարող է տարահանվել հետիոտն շարասյուներով կամ տրանսպորտային միջոցներով:

8. Առանձին դեպքերում տարահանման ժամանակ ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են տրամադրվել նաև օդային տրանսպորտային միջոցներ:

9. Տարահանման համար տրամադրվող տրանսպորտային միջոցների կիրառումն ու վառելիքաքսուքային նյութերով ապահովումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

I I I. ՏԱՐԱՀԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄ ԸՆԴՈՒՆՈՂ  ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

10. Տարերային, տեխնածին կամ էկոլոգիական աղետների և այլ բնույթի վթարների դեպքում բնակչության տարահանման մասին որոշումն ընդունում են համապատասխան շրջվարչակազմի ղեկավարները (Ստեփանակերտի քաղաքապետը), համայնքների և օբյեկտների ղեկավարները, իսկ նրանց բացակայության դեպքում՝ ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նրանց փոխարինված անձինք: Տարահանման որոշում ընդունող պաշտոնատար անձը պարտավոր է ընդունված որոշման մասին վթարային հակազդման պլաններով սահմանված կարգով տեղեկացնել վթարային հակազդման ազգային մարմիններին և զեկուցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը:

11. Զենքի տեսակների կիրառման դեպքում տարահանման մասին որոշում ընդունում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը, իսկ հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում՝ պետական կառավարման տարածքային, տեղական ինքնակառավարման մարմինները և տվյալ տարածքի զինվորական կայազորի պետը՝ իր իրավասության սահմաններում:

Տարահանման մասին որոշում ընդունող պաշտոնատար անձը պարտավոր է նշել նաև տարահանման ժամկետները (սկիզբը, ավարտը), ձևը (հետիոտն շարասյուներով, տրանսպորտային միջոցներով) և այլն:

 

I V. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՏԱՐԱՀԱՆՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

12. Պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններն իրականացնում են բնակչության տարահանումն ու տարահանված բնակչության ընդունումը և տեղաբաշխումը:

13. Տարահանման միջոցառումները կանոնակարգվում են նախապես մշակված տարահանման պլաններով:

14. Բնակչության տարահանման պլանները մշակում են տարահանման համապատասխան հանձնաժողովները՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության շրջանային շտաբների հետ համատեղ:

15. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունը սահմանում է տարահանման պլանների կառուցվածքը, պաշտոնատար անձանց պարտականությունները ու համապատասխան փաստաթղթերի ձևերը:

16. Բնակավայրերում կարող է ստեղծվել մեկ կամ ավելի տարահանման հավաքակայան՝ մեկ հավաքակայանում 1000 տարահանվողից ոչ ավելի՝ սպասարկման սկզբունքով:

17. Տարահանման հավաքակայանները ստեղծվում են դպրոցներում կամ նմանատիպ վայրերում, ապահովվում կապի միջոցներով, բուժսպասարկման կետով, մոր ու մանկան և հանգստի սենյակներով: Տարահանման երթուղիները ճշգրտվում են տարահանման հավաքակայաններում:

18. Բնակչության տարահանումը իրականացվում է տարահանման հավաքակայաններից, որտեղ տարահանման ազդանշան (հրահանգ) ստանալու դեպքում ժամանում են տարահանվողները:

19. Յուրաքանչյուր տարահանվող պարտավոր է՝

ա) ունենալ անձը հաստատող փաստաթուղթ, երեք օրվա սննդամթերք և այլ անհրաժեշտ պարագաներ.

բ) հոսանքազրկել բնակարանը և անվտանգ տեղեր փոխադրել հրդեհավտանգ և պայթունավտանգ նյութերը և առարկաները.

գ) տարահանման և ընդունման հավաքակայաններում ու երթի ընթացքում կատարել հավաքակայանների և շարասյան պետերի հրահանգներն ու հանձնարարականները:

20. Ընդհանուր կամ մասնակի տարահանման դեպքում տարահանվողների տեղափոխումն իրականացվում է անչափահասների, հիվանդների և հաշմանդամների առաջնահերթության սկզբունքով: Հիվանդների և բժշկական հիմնարկների (հիվանդանոցների) բուժանձնակազմի տարահանումն իրականացվում է տեղերից՝ այդ նպատակով նախապես տրամադրված համապատասխան փոխադրամիջոցներով, շրջանցելով տարահանման հավաքակայանները, որտեղ ներկայացվում է տարահանվողների ցուցակը և ճշտվում են երթուղիները:

 

V. ՏԱՐԱՀԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

21. Տարահանման միջոցառումների տրանսպորտային ապահովումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և համապատասխան շրջվարչակազմերի (Ստեփանակերտի քաղաքապետի) ծառայությունների միջոցով՝ համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության և դրա կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացրած հայտի:

22. Բնակչության տարահանման նպատակով օգտագործվում են մարդատար ավտոմեքենաներ (ավտոբուսներ, թեթև մարդատար ավտոմեքենաներ): Անհրաժեշտության դեպքում կարող են օգտագործվել նաև թափքավոր և ինքնաթափ բեռնատար ավտոմեքենաներ ու ավտոկցորդներ, որոնք նախապես պետք է հարմարեցնել մարդկանց տեղափոխելու համար: Փոխադրումն իրականացնող տրանսպորտային միջոցներն ապահովվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության տված անցագրերով:

23. Զինվորական փոխադրումներում ընդգրկված տրանսպորտային միջոցները կարող են օգտագործվել բնակչությանը տարահանելու համար:

24. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության մարմիններն իրականացնում են տարահանման երթուղիների անցողունակության ու տարահանված բնակավայրերում (տարածքներում) ու օբյեկտներում մնացած գույքի պահպանության միջոցառումները:

25. Տարահանման և բնակչության ընդունման հավաքակայաններում, ժամանակավոր կացարաններում, տարահանման երթուղիներում տարահանվողների բուժօգնության միջոցառումներն իրականացվում են տարահանված բժշկական հիմնարկների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանային (Ստեփանակերտ քաղաքի) առողջապահական համապատասխան ծառայությունների կողմից, սեփական միջոցների հաշվին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից հետագա համարժեք փոխհատուցմամբ՝ ԼՂՀ կառավարության սահմանած կարգով:

Տարահանված բժշկական հիմնարկները տեղաբաշխվում են պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների ընդունած որոշմամբ հատկացված տարածքներում (շենքային պայմաններում):

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս.Գրիգորյան