ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ԻՆԺԵՆԵՐԱԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՅՈՒԹԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի ԹԻՎ 145 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել ինժեներաերկրաբանական հետազննությունների նյութերի փորձաքննության կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 25-ի «Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության կարգը հաստատելու մասին» թիվ 145 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը՝
որոշմամբ հաստատված կարգի 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Փորձաքննության ներկայացվող փաստաթղթերի կազմում ներկայացվում է նախագծման համար կատարված ինժեներաերկրաբանական հետազննությունների նյութերի փորձաքննության եզրակացությունը հետևյալ նախագծերի համար՝
քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի (Ստեփանակերտի գլխավոր հատակագիծ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծեր).
ինժեներապաշտպան միջոցառումների (հակասողանքային, հակափլվածքային, հակասելավային, հակաէրոզիոն, հակաթափվածքային, հականստվածքային, մակերևութային և ստորգետնյա ջրահեռացման, ափապաշտպան ու լանջապաշտպան, հակասուֆոզիոն, աղակալված և նստվածքային գրունտների խտացում և ամրացում).
սույն կարգի 5.1-ին և 5.2-րդ կետերում նախատեսված օբյեկտների ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 26-ի թիվ 221 որոշման թիվ 1 և թիվ 2 հավելվածներում թվարկված հատուկ և կարևորագույն նշանակության օբյեկտների: Նշված օբյեկտների նախագծերի համար տվյալ բնակավայրի տարածքի նոր գլխավոր հատակագծի հաստատումից հետո ինժեներաերկրաբանական հետազննությունների նյութերի փորձաքննություն չի իրականացվում:»:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հ ա վ ե լ վ ա ծ
ԼՂՀ կառավարության
2005թ. մայիսի «24» -ի
թիվ 268 որոշման |
Կ Ա Ր Գ
ԻՆԺԵՆԵՐԱԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՅՈՒԹԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում քաղաքաշինական ծրագրային և ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակման համար կատարված ինժեներաերկրաբանական հետազննությունների նյութերի փորձաքննության իրականացման ընթացակարգերին ներկայացվող հիմնական պահանջները:
2. Սույն կարգի համաձայն ինժեներաերկրաբանական հետազննությունների նյութերի փորձաքննությունը պարտադիր է, մինչև նախագծային աշխատանքներն սկսելը, հետևյալ քաղաքաշինական փաստաթղթերի համար՝
ա) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի (Ստեփանակերտի գլխավոր հատակագիծ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծեր).
բ) ինժեներապաշտպան միջոցառումների (հակասողանքային, հակափլվածքային, հակասելավային, հակաէրոզիոն, հակաթափվածքային, հականստվածքային, մակերևութային և ստորգետնյա ջրահեռացման, ափապաշտպան ու լանջապաշտպան, հակասուֆոզիոն, աղակալված և նստվածքային գրունտների խտացում և ամրացում).
գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 26 -ի թիվ 221 որոշման թիվ 1 հավելվածի հատուկ օբյեկտների և թիվ 2 հավելվածի կարևորագույն նշանակության օբյեկտների:
Այս օբյեկտների նախագծումն սկսվում է ինժեներաերկրաբանական հետազննությունների նյութերի փորձաքննության դրական եզրակացության առկայության դեպքում:
II. ԻՆԺԵՆԵՐԱԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՅՈՒԹԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ինժեներաերկրաբանական հետազննությունների նյութերի փորձաքննություն կարող են իրականացնել քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն իրականացնող լիցենզավորված անձինք, որոնց հիմնական փորձագիտական կազմը ներկայացված է ինժեներաերկրաբան-փորձագետով:
4. Ինժեներաերկրաբանական հետազննությունների նյութերի փորձաքննությունը կատարվում է պատվիրատուի կամ նրա կողմից լիազորված անձի և փորձաքննություն իրականացնողի միջև կնքված պայմանագրի հիման վրա:
5. Ինժեներաերկրաբանական հետազննությունների նյութերում (հաշվետվություններում) հատուկ մասնագիտական բաժինների (երկրաֆիզիկական, ջրաբանական, սեյսմաբանական և այլն) առկայության դեպքում դրանց փորձաքննությունն իրականացվում է համապատասխան մասնագիտության փորձագետների կողմից (անհրաժեշտության դեպքում հրավիրվում են փորձաքննություն իրականացնող կազմակերպության կողմից):
6. Ինժեներաերկրաբանական հետազննությունների նյութերի մշակմանը մասնակցած կազմակերպությունները կամ ֆիզիկական անձինք չեն կարող կատարել կամ ներգրավվել այդ նյութերի փորձաքննությանը:
7. Ինժեներաերկրաբանական հետազննությունների նյութերի փորձաքննության անցկացման ժամկետները սահմանվում են պայմանագրով օբյեկտի նախագծի համալիր փորձաքննության համար նախատեսված ժամկետների սահմաններում և չեն կարող գերազանցել 15 օրը:
8. Առանձին դեպքերում, առավել խոշոր և բարդ օբյեկտների համար, փորձաքննական մարմնի ղեկավարի որոշմամբ նշված ժամկետը կարող է երկարացվել, բայց ոչ ավելի, քան 10 օրով՝ դրա մասին տեղեկացնելով պատվիրատուին:
9. Փորձաքննության ծառայությունների արժեքը, փորձաքննության անցկացման ժամկետները, դրանց խախտման համար պատվիրատուի և փորձաքննություն իրականացնողի փոխադարձ պատասխանատվությունը սահմանվում են պայմանագրով:
III. ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԾԱՎԱԼԸ ԵՎ ԴՐԱՆՔ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
10. Ինժեներաերկրաբանական հետազննությունների նյութերը ներկայացվում են փորձաքննության մարմին՝ հետազննությունների կատարման համար գործող նորմատիվային փաստաթղթերով նախատեսված ծավալով (տեխնիկական հաշվետվություն՝ համապատասխան աղյուսակներով ու գրաֆիկական նյութերով), մեկ, անհրաժեշտության դեպքում՝ երկու օրինակից:
11. Փորձաքննություն իրականացնող մարմինը, անհրաժեշտության դեպքում, իր իրավասության սահմաններում պատվիրատուից կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ փորձաքննության ներկայացված նյութերի վերաբերյալ:
12. Ներկայացված նյութերի լրակազմությունը և դրանց համապատասխանությունը գործող նորմատիվային փաստաթղթերի պահանջներին ստուգվում է փորձաքննական մարմնի կողմից՝ մինչև պայմանագրի կնքումը՝ 5-օրյա ժամկետում:
Նյութերի լրակազմված չլինելու դեպքում դրանք վերադարձվում են պատվիրատուին՝ անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու առաջարկով: Պայմանագիրը կնքվում է միայն նյութերը լրակազմելուց հետո:
IV. ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԸ
13. Ինժեներաերկրաբանական հետազննությունների նյութերի փորձաքննության ժամանակ ստուգվում են՝
հետազննության արդյունքների համապատասխանությունը նախորդ փուլերում կատարված հետազննությունների տվյալներին, տեխնիկական առաջադրանքին, հետազննությունների ծրագրին (առկայության դեպքում) և նախագծման պահանջներին,
հետազննական աշխատանքների ծավալների ու տեսակների համապատասխանությունը նախագծման փուլին՝ ելնելով նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներից,
հետազննման խնդիրների լուծման համար ընտրված հետազոտությունների մեթոդների բավարար լինելն ու նպատակահարմարությունը,
ինժեներաերկրաբանական շրջանցման համար հիմք հանդիսացող հետազոտությունների (երկրաբանալիթոլոգիական, գեոմորֆոլոգիական, ջրաերկրաբանական, գեոտեխնիկական, արտածին պրոցեսներ, սեյսմամիկրոշրջանցում և այլն) և դրանց նյութերի առկայությունն ու լիարժեքությունը, նախագծվող օբյեկտի կայունության վրա ազդող գործոնների համալիրի (գեոտեխնիկական, արտածին պրոցեսներ, սեյսմիկ և այլն) հաշվառման աստիճանը,
օբյեկտի շինարարության ժամանակ և շահագործման ընթացքում հետազննվող տարածքի ինժեներաերկրաբանական պայմանների՝ փոփոխման (հիմնատակի գրունտների վիճակ, սեյսմիկ հատկություններ, ստորգետնյա ջրերի մակարդակ, ագրեսիվություն, կայունության վրա ազդող սողանքային ու այլ պրոցեսների առաջացում և այլն) կանխատեսման գնահատականի առկայությունն ու հիմնավորվածության աստիճանը,
նախագծման համար տրված առաջարկությունների (հանձնարարականներ, նախագծային լուծումների տարբերակներ) նպատակահարմարությունը, լիարժեքությունն ու հիմնավորվածության աստիճանը:
V. ԻՆԺԵՆԵՐԱԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՅՈՒԹԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
14. Ինժեներաերկրաբանական հետազննությունների նյութերի դիտարկման արդյունքների հիման վրա կազմվում է փորձագիտական եզրակացություն (ձևը կցվում է):
15. Փորձագիտական եզրակացությունը ներառում է՝
փորձաքննության համար հիմք ծառայող նյութերի համառոտ նկարագիրը, այդ թվում՝ նախագծվող օբյեկտի բնութագիրը՝ համաձայն տեխնիկական առաջադրանքի, հետազննվող տարածքի բնական պայմանների համառոտ բնութագիրը,
հետազննությունների արդյունքների նորմատիվային փաստաթղթերի և նախագծման պահանջներին համապատասխանության գնահատականը,
հետազննական աշխատանքների տեսակների, ծավալների, վերլուծությունների, եզրահանգումների ու նախագծման համար տրված առաջարկությունների վերաբերյալ դիտողություններն ու առաջարկությունները, հետազննության նյութերում ճշտումներ և լրացումներ կատարելու մասին հանձնարարականները,
փորձաքննության ընթացքում աշխատանքային կարգով կատարված հիմնական փոփոխությունները և լրացումները,
աշխատանքի որակի ընդհանուր գնահատականը և դրա հիման վրա հետազննության նյութերն երաշխավորելու, դրանք լրամշակման (վերամշակման) վերադարձնելու կամ մերժելու մասին որոշման հիմնավորումները:
16. Փորձագիտական եզրակացությունը կարող է եզրափակվել հետևյալ սահմանումներից մեկով՝
ա) ինժեներաերկրաբանական հետազննությունների նյութերն ընդհանուր առմամբ համապատասխանում են նորմատիվային փաստաթղթերի պահանջներին և կարող են հիմք ծառայել նախագծի մշակման համար:
Եթե փորձաքննության ընթացքում հայտնաբերված բացթողումների ու սխալների ուղղումը չի ենթադրում հետազննության նյութերի (հաշվետվության) լրամշակում կամ հիմնական վերամշակում (փոփոխում), ապա դրանք ճշտվում ու լրացվում են աշխատանքային կարգով և տրվում է վերջնական փորձագիտական եզրակացություն:
Եթե նախատեսված է հաջորդ փուլի հետազննություն և փորձաքննության ընթացքում հայտնաբերված թերությունները սկզբունքային ազդեցություն չունեն տվյալ փուլի նախագծային լուծումների վրա, ապա փորձագետի կողմից առաջարկվում է հետազննության հաջորդ փուլում վերացնել այդ թերությունները:
Նշված դեպքերում հետազննության նյութերը կրկնակի փորձաքննության չեն ներկայացվում.
բ) ինժեներաերկրաբանական հետազննությունների նյութերը վերադարձվում են լրամշակման (վերամշակման)՝ ըստ եզրակացությունում շարադրված դիտողությունների և առաջարկությունների (անհրաժեշտության դեպքում լրացուցիչ հետազննական աշխատանքների արդյունքում), որից հետո դրանք պատվիրատուի կողմից ներկայացվում են կրկնակի փորձաքննության:
Լրամշակված նյութերի կրկնակի փորձաքննության համար ներկայացվում են՝
փորձաքննության դիտողություններով փոփոխված հետազննության նյութերի վերաբերյալ բացատրագիրը՝ անհրաժեշտ հիմնավորումներով,
նախորդ դիտարկումից հետո փոփոխված և լրացված հետազննության նյութերը:
17. Փորձագիտական եզրակացությունը հաստատվում է փորձագիտական կազմակերպության ղեկավարի կողմից և ուղարկվում պատվիրատուին ու ինժեներաերկրաբանական հետազննությունները կատարողին:
18. Եթե ինժեներաերկրաբանական հետազննությունների նյութերի փորձաքննության կատարումից հետո մեկ (սույն կարգի 2-րդ կետի «բ» ենթակետի նախագծերի համար) կամ երեք (2-րդ կետի «ա» և «գ» ենթակետերի նախագծերի համար) տարվա ընթացքում օբյեկտի նախագծումն սկսված չէ, ապա տվյալ եզրակացությունը, նախագծումն սկսելուց առաջ, պետք է պարտադիր հավաստիացվի փորձաքննությունը կատարողի կողմից՝ կապված լրացուցիչ հետազննական աշխատանքների կատարման անհրաժեշտության առաջացման հնարավորության հետ:
19. Տրված փորձագիտական եզրակացության համար փորձաքննություն իրականացնող մարմնի պատասխանատվությունը սահմանվում է օրենքներով:
20. Փորձաքննության եզրակացությունը կարող է բողոքարկվել դատական կարգով:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ԻՆԺԵՆԵՐԱԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՅՈՒԹԵՐԻ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ
1. Ընդհանուր մաս
1.1. Պատվիրատու _____________________________________________________
1.2. Նախագծող (կապալառու նախագծային կազմակերպություն) _______________
1.3. Հետազննական աշխատանքներ կատարողը, լիցենզիայի առկայությունը:
1.4. Փորձաքննական եզրակացությունը կազմելու համար հիմք ծառայող հետազննական և նախագծային նյութերի ցանկը (հաշվետվության կամ նախագծի անվանումը, նախագծման փուլը, արխիվային համարը կամ շիֆրը, թողարկման տարեթիվն ու վայրը):
1.5. Ինժեներաերկրաբանական հետազննությունների նյութերի (հաշվետվություն, եզրակացություն) կազմը:
1.6. Նախագծվող օբյեկտի համառոտ բնութագիրը (համաձայն տեխնիկական առաջադրանքի կամ այլ տվյալների):
1.7. Հետազննվող տարածքի բնական պայմանների համառոտ բնութագիրը (գեոմորֆոլոգիա, երկրաբանական կառուցվածք, ինժեներաերկրաբանական պրոցեսներ և այլն):
2. Հետազննության նյութերի լիարժեքությունն ու որակը
2.1. Կատարված ինժեներաերկրաբանական աշխատանքների տեսակները (ծավալներն ու մեթոդները): Առկա արխիվային ու ֆոնդային նյութերի օգտագործումը:
2.2. Հետազննման աշխատանքների կատարման համապատասխանությունը նորմատիվային փաստաթղթերի պահանջներին՝
երկրաբանական փորվածքների քանակն ու տեղադրումը,
երկրաբանական կտրվածքի ուսումնասիրության խորությունը,
շերտերի և ինժեներաերկրաբանական տարրերի տարանջատման հիմնավորվածությունը,
տարանջատված ինժեներաերկրաբանական տարրերով գրունտների նմուշարկման բավարարությունը,
գրունտների շինարարական հատկությունների դաշտային հետազոտությունը,
գրունտների ֆիզիկամեխանիկական հատկությունների և կոռոզիոն ակտիվության (պողպատի, կապարի և ալյումինի նկատմամբ) լաբորատոր որոշումները,
յուրահատուկ գրունտների հատկությունների ուսումնասիրվածությունը (գերնստող, ուռչող, աղակալված, թույլ, արհեստական և այլն),
գրունտների նորմատիվային և հաշվարկային բնութագրերի հիմնավորվածությունն ըստ տարանջատված ինժեներաերկրաբանական տարրերի,
շինարարության հատուկ պայմանների բնութագիրը (սեյսմիկություն, կարստային երևույթներ, լանջերի քայքայում, տարածքների ճահճացում և այլն),
ջրաերկրաբանական բնութագիրը՝ ջրատար հորիզոնների առկայությունն ու տեղադրման խորությունը, ջրի քիմիական կազմն ու ագրեսիվությունը բետոնի նկատմամբ,
ինժեներաերկրաբանական և ջրաերկրաբանական պայմանների փոփոխության կանխատեսումները՝ կապված օբյեկտների շինարարության և շահագործման հետ,
հաշվետվության ներկայացվող նյութերի ձևավորումը:
3. Դիտողություններ
Դիտողությունները կազմվում են 2.2-րդ կետում թվարկած պահանջներով, նույն հաջորդականությամբ, եթե նշված աշխատանքների կատարումը չի համապատասխանում նորմատիվային փաստաթղթերի պահանջներին կամ շինարարության պայմանների վրա ազդող առանձին գործոնների ինժեներաերկրաբանական հետազոտությունների մասին տեղեկությունները հաշվետվության ներկայացված նյութերում բացակայում են:
4. Եզրահանգումներ
4.1. Դիտարկվող օբյեկտի համար կատարված ինժեներաերկրաբանական հետազննությունների համապատասխանությունը (ընդհանուր առմամբ) նորմատիվային փաստաթղթերի պահանջներին՝ նախագծման տվյալ փուլի համար:
4.2. Ներկայացված հետազննության նյութերում տեղեկությունների բավարար լինելը (երկրաբանական կառուցվածքի, հիմնատակի գրունտների հատկությունների ջրաերկրաբանական պայմանների, ինժեներաերկրաբանական պրոցեսների մասին և այլն) հիմնավոր նախագծային լուծումներ ընդունելու համար:
4.3. Առաջարկություններ թերությունների վերացման վերաբերյալ: