ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 60 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 26-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների հայտատու ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման ստուգման կարգը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում», «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» գործունեությունների իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 60 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում», «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» գործունեությունների իրականացման կարգի`
ա/ 10-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ/ անշարժ գույքի գնահատման ծախսային մեթոդ` հիմքում ընկած է գնահատվող գույքի կամ միևնույն գործառնական նշանակության և պարամետրերով այլ անշարժ գույքի կառուցման համար անհրաժեշտ ծախսերի հաշվարկը` հաշվի առնելով գնահատվող գույքի ֆիզիկական, տնտեսական և ֆունկցիոնալ մաշվածքները».
բ/ 11-րդ կետի «գ», «դ» և «զ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ/ գնահատվող անշարժ գույքի մանրակրկիտ նկարագիրը, ինչպես նաև շրջակա տարածքի նկարագիրը /անհրաժեշտության դեպքում հիմնավորել լուսանկարներով/.
դ/ գնահատման դասական մեթոդների կիրառման արդյունքում ձևավորված շուկայական արժեքը».
«զ/ կիրառվող գնահատման մեթոդիկայի հիմնավորումը, իսկ գնահատման դասական երեք մեթոդից որևէ մեկի կիրառման անհնարինության դեպքում` հիմնավոր պատճառաբանությունները».
գ/ 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16. Ռիելթորությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության և սույն կարգի համաձայն` անշարժ գույքի շուկայում առևտրային նպատակով անշարժ գույքի նկատմամբ գործարքների իրականացմանը նպաստող միջնորդական ձեռնարկատիրական գործունեությունն է: Ռիելթորությունը կարող է նաև անշարժ գույքի շուկայում իրականացնել հանձնարարական գործառույթներ, տրամադրել խորհրդատվություններ անշարժ գույքի նկատմամբ իրականացվող գործարքի, շուկայի վիճակի, այդ թվում` գնային իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության համաձայն կազմակերպել ու իրականացնել անշարժ գույքի հրապարակային սակարկություններ և անշարժ գույքի շուկայում վճարովի այլ ծառայություններ:»: