ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2004 թվականի
դեկտեմբերի 22-ին
«ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի՝
ա) երկրորդ պարբերությունում «կառավարության լիազորած մարմին (այսուհետ` լիազորված մարմին)» բառերը փոխարինել «պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջե» բառերով.
բ) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակության նոր պարբերությամբ`
«Լիազորված (լիազոր) մարմին` «Հարկային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված հարկային մարմին:»:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի`
ա) 2-րդ մասի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային բանկի («Արցախբանկ»)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի» բառերով.
բ) 4-րդ մասի «գ» կետում «(ձեռներեցները)» բառից հետո ավելացնել «և նոտարները (այսուհետ` անհատ ձեռնարկատերեր)» բառերը.
գ) 5-րդ մասի երկրորդ պարբերությունում «ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող» բառերը փոխարինել «գործունեություն իրականացնող» բառերով:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի`
ա) 1-ին մասի՝
- «ա» կետում «միջոցները» բառից հետո ավելացնել «և դրան հավասարեցված եկամուտները» բառերը,
- «գ» կետում «ծախսերի» բառից հետո ավելացնել «և նվազեցվող եկամուտների» բառերը.
բ) 2-րդ մասում «եկամուտների» բառից հետո ավելացնել «(այդ թվում` քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից ստացվող եկամուտների)» բառերը:
Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածի`
ա) 2-րդ և 7-րդ մասերում «լիազորված մարմին» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջե» բառերով.
բ) 6-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակության նոր պարբերությամբ`
«Արտարժույթով ստացված եկամուտները սոցիալական վճարների օբյեկտի հաշվարկման համար վերահաշվարկվում են Հայաստանի Հանրապետության դրամով` ելնելով դրանց ստացման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած արտարժութային փոխարժեքից:»:
Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածի`
ա) 1-ին մասի «լիազոր մարմնին» և 3-րդ մասի առաջին պարբերության «լիազոր մարմին» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջե» բառերով.
բ) 3-րդ մասի երրորդ պարբերությունը և 4-րդ մասի երկրորդ նախադասությունը հանել.
գ) 4-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Եթե օրենքներով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով սոցիալական վճարները հաշվարկելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջե փոխանցելու պարտավորությունը դրված է վարձու աշխատողների վրա, ապա գործատուն պարտավոր է մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը լիազորված մարմին տեղեկություններ հայտնել վարձու աշխատողների, նրանց վճարվող աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների և դրան հավասարեցված եկամուտների մասին: Այդ պահանջը խախտելու համար գործատուն վճարում է տուգանք`լիազորված մարմին չներկայացրած յուրաքանչյուր տեղեկության համար 25000 դրամի չափով:».
դ) 6-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Սոցիալական վճարների օբյեկտը թաքցնելը կամ պակաս ցույց տալը` լիազորված մարմին ներկայացված սոցիալական վճարների հաշվետվություններում (հայտարարագրերում) սոցիալական վճարների օբյեկտը ցույց չտալը, պակաս ցույց տալը կամ սոցիալական վճարների օբյեկտներ չառաջանալու մասին կեղծ տվյալներ ներկայացնելն է:
Ապահովադիրների կողմից լիազոր մարմին ներկայացվող հաշվետվությունը (հայտարարագիրը) սույն օրենքով սահմանված ժամկետից երկու ամսից ավել ուշացնելու դեպքում, այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 օրվա համար ապահովադրից գանձվում է տուգանք` դրա հետևանքով չմուծված սոցիալական վճարի ընդհանուր գումարի 5 տոկոսի չափով, բայց ոչ ավել, քան սոցիալական վճարի ընդհանուր գումարն է:
Սոցիալական վճարների հաշվետվությունները (հայտարարագրերը) սխալ կազմելու համար ապահովադիրներից գանձվում է տուգանք` այդ խախտումների հետևանքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջե չմուծված կամ պակաս մուծված սոցիալական վճարի գումարի 10 տոկոսի չափով:
Աշխատողի աշխատանքի ընդունումն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին գրավոր հրամանի և (կամ) գրավոր պայմանագրի բացակայության) փաստը արձանագրելու դեպքում գործատուն տվյալ (արձանագրման) ամսում հաշվարկում և վճարում է այդ (չձևակերպված) վարձու աշխատողի համար սոցիալական վճար` 60000 դրամի չափով: Նշված դրույթը չի կիրառվում վարձու աշխատողներին աշխատանքի ընդունելու, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրելու և աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանագիրքը վարելու և պահպանելու կարգի խախտման դեպքերում. այդ դեպքում սոցիալական վճարները հաշվարկվում (վերահաշվարկվում) են ընդհանուր սահմանված կարգով:».
ե) 8-րդ մասի՝
- երկրորդ նախադասությունը հանել,
- լրացնել հետևյալ բովանդակության նոր պարբերություններ.
«Չկատարված սոցիալական վճարների պարտավորության (ապառք, տույժ, տուգանք) չափը հինգ հարյուր հազար և ավելի դրամ կազմելու դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով լիազորված մարմնի ղեկավարն իրավունք ունի ապահովադրի սոցիալական վճարների պարտավորությանը համարժեք գույքի վրա արգելանք դնել մինչև դատարանի կողմից վճռի կայացումը, բացառությամբ օրենքով սահմանված այն գույքի, որի նկատմամբ բռնագանձում չի կարող տարածվել, կամ որի պահպանման ժամկետը չի գերազանցում 30 օրը:
Սույն մասով նախատեսված արգելանքն առաջնահերթության կարգով կիրառվում է նախ` ապահովադրի բանկային հաշիվների նկատմամբ, ապա` ապահովադրի անշարժ գույքի նկատմամբ, այնուհետև` ապահովադրի այլ ակտիվների նկատմամբ:
Դատարանի վճռից հետո լիազորված մարմինը ապահովում է բռնագանձված գույքի իրացումը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Լիազորված մարմնի կողմից ապահովադրի գույքի արգելադրումից հետո` 30-օրյա ժամկետում դատարանի վճիռը չապահովելու դեպքում ապահովադրի գույքը համարվում է արգելանքից հանված:
Որպես սոցիալական վճարների պարտավորության կատարման ապահովման միջոց` լիազորված մարմնի և ապահովադրի միջև կարող է կնքվել գրավի պայմանագիր` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:
Յուրաքանչյուր տարվա արդյունքներով սոցիալական վճարների պարտավորություններ կուտակած ապահովադիրների վերաբերյալ տվյալները հրապարակվում է լիազորված մարմնի կողմից, մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:
զ) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակութՅԱն 10-րդ կետով`
«10. Սույն հոդվածով սահմանված` անհատ ձեռնարկատերերի տարեկան հայտարարագրերի, գործատուների եռամսյակային հաշվետվությունների և տեղեկությունների ձևն ու լրացման կարգը հաստատում է լիազոր մարմինը` համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության հետ:»:
Հոդված 6. Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Ավել վճարված կամ գանձված սոցիալական վճարների գումարները հաշվանցվում են հաշվարկված տույժերի, տուգանքների, առաջիկա սոցիալական վճարների դիմաց կամ վերադարձվում են վճարողին կենսաթոշակային սոցիալական ապահովագրություն իրականացնող լիազոր մարմնի կողմից` լիազորված մարմին դիմելու օրվանից 30 օրվա ընթացքում:»:
Հոդված 7. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Սոցիալական վճարների հավաքագրումը, գանձումը և հսկողությունը, սոցիալական վճարների մասով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի մուտքերն ապահովում է լիազորված մարմինը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեն պարտադիր սոցիալական ապահովագրության պետական ծրագրերն իրականացնելու համար անհրաժեշտ դրամական միջոցների ձևավորման և ծախսման տարեկան ֆինանսական ծրագիր է, որը հաստատվում է օրենքով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի հաստատման հետ միաժամանակ:»:
Հոդված 8. Օրենքի 9-րդ հոդվածում`
ա) «իրավասու է» բառից հետո ավելացնել «, մասնավորապես`» բառը.
բ) ուժը կորցրած ճանաչել «զ» կետը:
Հոդված 9. Օրենքի 11-րդ հոդվածի`
ա) 2-րդ մասի «ա» կետից հանել «գրանցվել և» բառերը.
բ) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Եթե ստուգման ժամանակ ապահովադիրը չի ներկայացնում սոցիալական վճարների հաշվարկման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը (վարձու աշխատողների հետ կապված ապահովադրի կողմից տրված հրամաններ, վարձու աշխատողների աշխատանքի ընդունման, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրման ու աշխատանքից ազատման հրամանագիրք, օրենքով սահմանված դեպքերում` աշխատանքային գրավոր պայմանագիր, աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների և դրանց հավասարեցված վճարումների հաշվարկավճարային փաստաթղթեր, ժամանակավոր անաշխատունակության թերթիկներ և այլն) կամ կեղծ տվյալներ է մտցնում այդ փաստաթղթերում, որի հետևանքով անհնար է դառնում սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկել սոցիալական վճարները, ապա սոցիալական վճարների օբյեկտները և սոցիալական վճարները հաշվարկում է լիազոր մարմինը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:
Հոդված 10. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է լիազորված մարմինը` համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության հետ:»:
Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
30 դեկտեմբերի 2004թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-159 |
|