Համարը 
N 176
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
27.04.2004
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
27.04.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
27.04.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԴ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ (ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ) ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

“27” ապրիլի 2004թ.

N 176

ք.Ստեփանակերտ

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԴ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ (ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ) ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի երկրորդ մասի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել`

ա) ոստիկանության բժշկական հաստատության գործունեության և ֆինանսավորման կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի.

բ) ոստիկանության բժշկական հաստատության ծառայությունից օգտվող մարմինների (ծառայողների) ցանկը` համաձայն թիվ 2 հավելվածի:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետին` միչև 2004թ. ապրիլի 30-ը համատեղ հրամանով հաստատել ոստիկանության բժշկական հաստատություն պետական կառավարման այլ մարմինների ծառայողների ուղեգրման կարգը:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետին` մինչև 2004թ. ապրիլի 30-ը հաստատել ոստիկանությունում ծառայությանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկը:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հավելված 1

ԼՂՀ կառավարություն

2004թ. ապրիլի 27-ի

թիվ 176 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է ոստիկանության բժշկական հաստատության գործունեության և ֆինանսավորման կարգը:

2. Ոստիկանության բժշկական հաստատությունում ծառայությունը կարգավորվում է «Ոստիկանության մասին» և «Ոստիկանությունում ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերում ծառայությունը կանոնակարգող համապատասխան իրավական ակտերով:

3. Ոստիկանության բժշկական հաստատության, վերջինիս կազմում գործող բուժկանխարգելիչ հիմնարկների կառուցվածքը և հաստիքացուցակը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետական կառավարման մարմնի (այսուհետ ոստիկանության պետական կառավարման մարմին) ղեկավարը:

4. Ոստիկանության բժշկական հաստատության և վերջինիս կազմում գործող քաղաքացիական ծառայողներին պաշտոնների նշանակում և պաշտոններից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետական կառավարման մարմնի ղեկավարը, քաղաքացիական ծառայության հարաբերությունները կարգավորող օրենքներին համապատասխան:

5. Ոստիկանության բժշկական հաստատության գործունեության հիմնական ուղղություններն են`

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004թ. ________ ____-ի թիվ ______ որոշման թիվ 2 հավելվածի ցանկում ընդգրկված ոստիկանության բժշկական հաստատության բուժսպասարկման ծառայություններից օգտվելու իրավունք ունեցող մարմինների (ծառայողների) ամբուլատոր-պոլիկլինիկական և հոսպիտալային բուժապահովումը.

բ) ոստիկանության ծառայողների ամենամյա կանխագելիչ բժշկական քննությունների, այդ թվում նաև` բուժկանխարգելիչ միջոցառումների ծրագրավորումը և իրականացումը.

գ) ոստիկանությունում ծառայության ընդունվողների և ոստիկանության ծառայողների ռազմաբժշկական փորձաքննությունն ու ոստիկանության ծառայողների առողջական վիճակին ներկայացվող պահանջներից ելնելով` վերջիններիս ծառայողական պիտանիության որոշումը.

դ) ոստիկանության ծառայողների ժամանակավոր անաշխատունակության փորձաքննության իրականացումը.

ե) ոստիկանության ստորաբաժանումներում, ոստիկանության զորքերի զորամասերում հիգիենիկ հսկողության ապահովումը, հակահամաճարակային միջոցառումների ծրագրավորումը և իրականացումը.

զ) քաղաքացիական բժշկական հիմնարկների հետ մշտական կապի և համգործակցության ապահովումը, առանձին դեպքերում հետազոտության և բուժման նպատակով ոստիկանության ծառայողներին նշված հիմնարկներ ուղեգրման կազմակերպումը.

է) ոստիկանության բուժկանխարգելիչ հիմնարկների ընդհանուր ղեկավարումը և ենթակա ստորաբաժանումների միջև սերտ համագործակցության ապահովումը.

ը) ոստիկանության ծառայողների հիվանդացության ցուցանիշների, ամենամյա կանխարգելիչ բժշկական քննությունների արդյունքների ընդհանրացումը, ոստիկանության համակարգի բուժապահովման հիմնական խնդիրների ծրագրավորումը և համապատասխան աշխատանքների կազմակերպումը:

6. Ոստիկանության բժշկական հաստատության պահպանման ծախսերը ֆինանսավորվում են ոստիկանության պետական կառավարման մարմնի կողմից:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004թ. ________ ____-ի թիվ ______ որոշման թիվ 2 հավելվածի 3-րդ կետում նշված մարմինների ծառայողների և կենսաթոշակառուների բուժման ու հետազոտման ծախսերը ոստիկանության պետական կառավարման մարմնին հատուցվում են հետևյալ կարգով`

ա) ոստիկանության պետական կառավարման մարմինը յուրաքանչյուր ամիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարություն է ներկայացնում վճարման պահանջագիր ոստիկանության բժշկական հաստատությունների կողմից այլ մարմինների ծառայողներին մատուցված բժշկական ծառայությունների մասին` ըստ ծառայության տեսակների (առաջնային (ամբուլատոր) պոլիկլինիկական, ոստիկանության բժշկական հանձնաժողովի կողմից հետազոտություն և այլն): Վճարման պահանջագրին կցվում է ոստիկանության բժշկական հաստատության և բժշկական ծառայությունից օգտվող համապատասխան կառավարման մարմնի լիազորված անձանց կողմից կնքված` փաստացի մատուցված ծառայության մասին ակտը:

Վճարման պահանջագիրը ներկայացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարություն` ոստիկանության պետական կառավարման մարմնի և ոստիկանության բժշկական ծառայությունից օգտվող մարմինների համտեղ գերատեսչական ակտով հաստատված ծառայողների ուղեգրման կարգի համաձայն.

բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությունը ֆինանսավորում է ոստիկանության պետական կառավարման մարմնին` նրա կողմից ներկայացված այլ մարմինների ծառայողների հետազոտման և բուժման ծախսերի վճարման պահանջագրերի հիման վրա, տվյալ տարվա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի «Առողջապահություն» խմբի համապատասխան ծրագրերի միջոցների հաշվին` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և ծառայությունների համար ահմանված գներով.

գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը, ոստիկանության պետական կառավարման մարմինն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությունը համատեղ կազմում են ծախսերի ֆինանսավորման մասին արձանագրություն.

դ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացվող վճարման պահանջագրի ձևը հաստատվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից:

7. Ոստիկանության բժշկական ծառայությունը ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կնիք ու անկյունային դրոշմակնիք:

 

 

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված 2

ԼՂՀ կառավարություն

2004թ. ապրիլի 27-ի

թիվ 176 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ (ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ)

 

1. Սույն ցանկով սահմանվում է ոստիկանության բժշկական ծառայության բուժկանխարգելիչ հիմնարկներում բժշկական սպասարկման իրավունքից օգտվող մարմինների (ծառայողների) ցանկը:

2. Ոստիկանության բժշկական ծառայության բուժկանխարգելիչ հիմնարկներում անվճար բուժսպասարկման իրավունքից օգտվում են`

ա) ոստիկանության ծառայողները, այդ թվում` կադրերի ռեզերվում գտնվողները,

բ) ոստիկանության զորքերի ծառայողները, այդ թվում` կադրերի ռեզերվում գտնվողները,

գ) ոստիկանության զորքերի ժամկետային զինծառայողները,

դ) ոստիկանության ուսումնական հաստատությունների ունկնդիրները, այդ թվում նաև` ոստիկանությունում ծառայության ընունվելու կապակցությամբ սահմանված կարգով եռամսյա փորձաշրջան կամ վերապատրաստում անցնողները,

ե) երկարամյա ծառայության կամ հաշմանդամության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ սահմանված կարգով ոստիկանությունից պահեստ արձակված անձինք,

զ) ոստիկանության համակարգի քաղաքացիական ծառայողները անկախ զբաղեցրած պաշտոնից,

է) սույն ցանկի «ա» և «բ» ենթակետերում նշված անձանց ընտանիքների անդամները: Ընտանիքների անդամներից բժշկական սպասարկման ենթակա են ծառայողի կինը (ամուսինը), երեխաները` մինչև 18 տարին լրանալը, բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ցերեկային ֆակուլտետներում սովորող երեխաները` մինչև 23 տարին լրանալը, 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամ ճանաչված երեխաները` անկախ տարիքից, ծնողները, որոնք գտնվում են ոստիկանության ծառայողի խնամքի տակ և բնակվում են նույն հասցեում.

ը) հայրենիքի պաշտպանության և ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած), կերակրողին կորցնելու կապակցությամբ նպաստ ստացող ոստիկանության ծառայողների ընտանիքների անդամները:

3. Ոստիկանության բժշկական հաստատության ծառայությունից օգտվում են նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ծառայողները և կենսաթոշակառուները:

 

 

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ