ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
''30'' հուլիսի 2004թ. |
N 278 |
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին
Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին և 9-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004թ. մարտի 16-ի «ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնող գույքի կազմը և չափը հաստատելու մասին» թիվ 84 որոշման` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կանոնադրությունը` համաձայն թիվ 1 հավելվածի.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կառուցվածքը` համաձայն թիվ 2 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1999թ. մարտի 2-ի «Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների կանոնադրությունը և անձին հաշմանդամ ճանաչելու կարգը հաստատելու մասին» թիվ 26 որոշման 1-ին կետի ա) ենթակետը:
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
«30» հուլիսի 2004թ.
թիվ 278 որոշման |
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության
I. Ընդհանուր դրույթներ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը (այսուհետ` գործակալություն) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության (այսուհետ` նախարարություն) կազմում գործող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, մատուցում է ծառայություններ բժշկասոցիալական փորձաքննության բնագավառում` հանդես գալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից:
2. Գործակալությունը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ: Գործակալությունը գործում է իր կանոնադրությանը համաձայն, որը նախարարի ներկայացմամբ, հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
3. Գործակալության լիազորությունները սահմանվում են օրենքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Գործակալությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
6. Գործակալությունն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և գործակալության հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
II. Գործակալության նպտակներն ու խնդիրները
7. Գործակալության նպատակները և խնդիրներն են`
ա) բժշկասոցիալական փորձաքննության բնագավառում ծառայությունների մատուցում.
բ) բժշկասոցիալական փորձաքննության իրականացման` անձին հաշմանդամ ճանաչելու, անձի հաշմանդամության խմբորոշման, հաշմանդամության պատճառական կապի, տևողության և վաղեմության ժամկետների, կենսագործունեության սահմանափակման բնույթի ու աստիճանի, նրանց վերականգնողական ներուժի սահմանման, հաշմանդամի անհատական վերականգնողական ծրագրի մշակման և դրա իրականացման, սոցիալական պաշտպանության անհրաժեշտ ձևերի որոշման ապահովումը.
գ) հաշմանդամների հաշվառման համակարգի ձևավորման, հաշմանդամության վիճակի, շարժի և հաշմանդամություն առաջացնող պատճառների ուսումնասիրման, վերլուծության ապահովումը:
III. Գործակալության գործառույթները
Գործակալությունն իր նպատակների և խնդիրների համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
ա) անձին ճանաչում է հաշմանդամ, սահմանում հաշմանդամության խումբը, պատճառական կապը, տևողությունը, վաղեմության ժամկետը, կենսագործունեության սահմանափակման բնույթն ու աստիճանը և նրանց վերականգնողական ներուժը: Որոշում է սոցիալական պաշտպանության անհրաժեշտ ձևերը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով թույլատրվում է երկարացնել ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ժամկետները.
բ) որոշում է հաշմանդամի աշխատանքի պայմանները, բնույթը, տալիս է երաշխավորագիր հաշմանդամին համապատասխան աշխատանք կատարելու վերաբերյալ,
գ) որոշում է անձի մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը (տոկոսներով)` կապված աշխատանքային խեղման, մասնագիտական հիվանդության կամ առողջության այլ խաթարման հետ, իրավապահ, ինչպես նաև այլ շահագրգիռ մարմինների հարցման դեպքում` ընդհանուր աշխատունակության կորստի տոկոսը.
դ) որոշում է անձի մահվան պատճառական կապն արտադրական խեղման, մասնագիտական հիվանդության, ռազմաճակատում գտնվելու և այլ հանգամանքների հետ.
ե) կազմում է հաշմանդամի անհատական վերականգնողական ծրագիրը, որոշում բժշկական, սոցիալ-հոգեբանական և մասնագիտական վերականգնողական միջոցառումների տեսակներն ու ծավալները, աջակցում դրանց իրականացմանը և գնահատում արդյունավետությունը.
զ) մասնակցում է բժշկասոցիալական փորձաքննություն անցած հաշմանդամների տվյալների շտեմարանի ստեղծմանը և աջակցում հաշմանդամների տվյալների հաշվառման պետական համակարգի ձևավորմանը.
է) ուսումնասիրում և վերլուծում է հաշմանդամության վիճակը, շարժը և հաշմանդամություն առաջացնող պատճառները, մասնակցում հաշմանդամության կանխարգելման ծրագրերի մշակմանը.
ը) խորհրդատվություն և եզրակացություն է տալիս առողջապահական կազմակերպություններին և սոցիալական ծառայությունների տարածքային (քաղաքային, շրջանային) գործակալություններին` հաշմանդամին բուժվերականգնողական, մասնագիտական կողմնորոշման, որոշակի աշխատանքի ցուցված կամ հակացուցված լինելու, ուսման, վերաորակավորման, տնային սպասարկման անհրաժեշտության և այլ հարցերի վերաբերյալ.
թ) օրենքով սահմանված կարգով համապատասխան զինվորական կոմիսարիատներին հայտնում է հաշմանդամ ճանաչված նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց մասին.
ժ) բժշկասոցիալական փորձաքննություն անցնող անձանց տրամադրում է խորհրդատվական օգնություն.
ժա) բժշկասոցիալական փորձաքննություն անցնող անձանց, անհրաժեշտության դեպքում, ուղեգրում է լրացուցիչ բժշկական հետազոտման.
ժբ) անհրաժեշտության դեպքում առողջապահական կազմակերպություններից, գործատուներից (անկախ կազմակերպական-իրավական ձևից) պահանջում է փորձաքննություն անցնող բժշկական, աշխատանքի բնույթի և պայմանների վերաբերյալ լրացուցիչ փաստաթղթեր, ինչպես նաև տեղերում ուսումնասիրում է փորձաքննություն անցնող անձի աշխատանքի պայամաններն ու բնույթը.
ժգ) իրականացնում է մոնիտորինգ հաշմանդամների վերականգնողական միջոցառումների իրագործման, աշխատանքային պայմանների, բնույթի, հաշմանդամներին համապատասխան աշխատանքի տեղավորելու (համաձայն գործակալության տված երաշխավորագրերի) նկատմամբ.
ժդ) տալիս է եզրակացություն հաշմանդամի վերականգնողական պարագաների տրամադրման մասին.
ժե) տալիս է եզրակացություն հաշմանդամի առողջարանային բուժման մասին:
IV. Գործակալության կառավարումը
9. Գործակալությունը կառավարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարը (այսուհետ` նախարար), որը սահմանում է կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների իրավասությունները:
10. Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը, որին, մինչև քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի անցկացման համապատասխան կարգը գործողության մեջ դնելը, պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ:
11. Իր գործունեության ընթացքում գործակալության պետն առաջնորդվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
12. Գործակալության պետը պատասխանատու է բժշկասոցիալական փորձաքննության բնագավառում մատուցվող ծառայությունների որակի, ինչպես նաև դրանց` օրենքների և այլ իրավական ակտերի համապատասխանության համար:
13. Գործակալության պետը հաշվետու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին, նախարարին, գործակալության գործունեությունը համակարգող` նախարարի համապատասխան տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև` նախարարության աշխատակազմի ղեկավարին:
14. Գործակալության պետը`
ա) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
բ) առաջարկություններ է ներկայացնում օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների և խնդիրների վերաբերյալ նախարարին կամ նրա տեղակալին.
գ իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
դ) իր իրավասության սահմաններում գործակալության աշխատողներին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին ներկայացնում է առաջարկություններ այդ աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.
ե) նախարարին կամ նրա տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.
զ) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև նախարարի տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին կամ նրա տեղակալին.
է) նախարարության և սույն կանոնադրություններին համապատասխան սահմանում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների իրավասությունները.
ը) սահմանում է իր տեղակալի իրավասությունը.
թ) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գործակալության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.
ժ) լսում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.
ժա) իրականացնում է վերահսկողություն գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպնության նկատմամբ.
ժբ) առաջարկություններ է ներկայացնում նախարարին գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև գործակալության խորհրդակցական մարմիններ ստեղծելու մասին.
ժգ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
14. Գործակալության պետի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարաման անհնարինության դեպքում գործակալության պետի պարտականությունների կատարման հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:
V. Գործակալության աշխատանքների կազմակերպումը
15. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության և սույն կանոնադրություններով գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:
16. Գործակալությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ և տարածքային մարմիններ: Տարածքային մարմինն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և գործակալության ու իր անվանմամբ կլոր կնիք, ձևաթուղթ:
17. Գործակալության խնդիրների ու գործառույթների իրականացման ապահովման նպատակով կարող են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործակալության ենթակայությանը հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:
18. Գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողները (բացի սպասարկող անձնակազմից) և տարածքային մարմինների ղեկավարները քաղաքացիական ծառայողներ են:
19. Գործակալության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
«30» հուլիսի 2004թ.
թիվ 278 որոշման |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության
I. Կառուցվածքային ստորաբաժանումներ
Փորձաքննական և վերականգնողական ծրագրերի բաժին
II. Տարածքային մարմիններ
Թիվ 1 տարածքային բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով
Թիվ 2 տարածքային բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով
|
ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |