Համարը 
N 72-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2013.03.13/04(223)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.02.2013
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.02.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
14.03.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«26» փետրվարի 2013թ.

N 72-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «դ»  կետին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2013 թվականի  փետրվարի 26-ի N 72-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է բոլոր կատեգորիաների` բնության հատուկ պահպանվող տարածքների (այսուհետ` ԲՀՊՏ-ներ) ստեղծման ընթացակարգը:

2. Տարբեր կատեգորիաների և նշանակության ԲՀՊՏ-ներն ստեղծվում են` հիմք ընդունելով ստեղծման համար նախատեսված տարածքի հետևյալ բնապահպանական արժեքները`

1) գլոբալ, տարածաշրջանային կամ ազգային մակարդակով վտանգված էկոհամակարգերի առկայությունը.

2) գլոբալ, տարածաշրջանային կամ ազգային մակարդակով հազվագյուտ, անհետացող կամ վտանգված բուսական և (կամ) կենդանական տեսակների առկայությունը.

3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կարմիր գրքում և (կամ) Բնության պահպանության միջազգային միության կարմիր ցուցակում գրանցված բուսական և (կամ) կենդանական տեսակների առկայությունը.

4) կենդանիների բնադրավայրերի, միգրացիոն ուղիների, տեսակների գոյության համար առանձնահատուկ դեր խաղացող էկոհամակարգերի առկայությունը.

5) կարևոր թռչնաբանական և բուսաբանական տարածքների առկայությունը.

6) հարուստ կենսաբազմազանության առկայությունը.

7) էնդեմիկ և ռելիկտ տեսակների առկայությունը.

8) մարդածին ազդեցության չենթարկված` անխաթար (կուսական) էկոհամակարգերի առկայությունը:

3. ԲՀՊՏ-ների ստեղծման ընթացքում հաշվի են առնվում տարածքի գեղագիտական նշանակությունը (յուրօրինակ լանդշաֆտները, տաք և հանքային ջրերի աղբյուրները, բնական և պատմամշակութային ժառանգության օբյեկտները), ռեկրեացիոն հնարավորությունները, գիտության և (կամ) կրթության համար դրանց կարևորությունը, ԲՀՊՏ-ների համակարգում չընդգրկված կամ մասամբ ընդգրկված էկոհամակարգերի և տեսակների ներկայացուցչության ապահովման անհրաժեշտությունը:

4. Բոլոր կատեգորիաների ԲՀՊՏ-ներն ստեղծվում են նախատեսվող տարածքի հետազոտման և սույն կարգի 2-րդ ու 3-րդ կետերում նշված չափորոշիչների գնահատման միջոցով` ըստ Բնության պահպանության միջազգային միության ուղեցույցների: Կախված հետազոտվող տարածքում չափորոշիչների միասնական կամ մասնակի առկայությունից և բնության ու մարդկանց բարեկեցության պահպանության համար գլոբալ, տարածաշրջանային կամ ազգային մակարդակով դրանց կարևորությունից` ստեղծվում են տարբեր կատեգորիաների և նշանակության ԲՀՊՏ-ներ:

 

II. ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

5. ԲՀՊՏ-ների ստեղծման համար նախատեսված տարածքների հետազոտումը կազմակերպվում և համակարգվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավարի և բնական ռեսուրսների վարչության կողմից (այսուհետ` լիազորված մարմին): Համայնքային սեփականություն համարվող հողերում տեղական նշանակության ԲՀՊՏ-ների ստեղծման դեպքում տարածքների գիտական ուսումնասիրությունները կարող են կազմակերպել նաև տեղական ինքնակառավարման մարմինները:

6. ԲՀՊՏ-ների ստեղծման համար տարածքները հետազոտվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից, միջազգային դոնորների կողմից տրամադրված, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ֆինանսական միջոցներով: Համայնքային սեփականություն համարվող հողերում տեղական նշանակության ԲՀՊՏ-ների ստեղծման դեպքում տարածքների հետազոտումը կարող է կազմակերպվել համայնքային բյուջեի միջոցներով:

7. Միջազգային և հանրապետական նշանակության պետական արգելոցների և ազգային պարկերի ստեղծման դեպքում հողատարածքները, որոնք նախատեսվում է ընդգրկել ԲՀՊՏ-ներում, օտարվում են հօգուտ պետության` օրենքով սահմանված կարգով:

8. Միջազգային և հանրապետական նշանակության ազգային պարկերի ստեղծման դեպքում ազգային պարկի ստեղծման համար նախատեսված տարածքի տնտեսական և ռեկրեացիոն գոտում առկա սեփականատերերի իրավունքները կարգավորվում են օրենքով սահմանված կարգով:

9. Համայնքային սեփականություն համարվող հողերում տեղական նշանակության ԲՀՊՏ-ների ստեղծման համար հիմք է հանդիսանում լիազորված մարմին տեղական ինքնակառավարման մարմնի կողմից ներկայացված առաջարկությունը:

10. Բոլոր կատեգորիաների և նշանակության ԲՀՊՏ-ների ստեղծման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում լիազորված մարմինը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ