ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«28» փետրվարի 2013թ. |
N 82-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012
ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 10-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 19-ի «Զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող ամենամսյա դրամական օգնության չափերը՝ ըստ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաների, դրամական օգնություն նշանակելու և վճարելու կարգը սահմանելու մասին» N 10-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) 2-րդ կետի 3-րդ ենթակետում «սոցիալական ապահովության նախարարությանը» բառերը փոխարինել «աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը» բառերով.
2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սահմանել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշանակվող ամենամսյա դրամական օգնության գումարները ֆինանսավորվում են՝
1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 668-Ն որոշմամբ սահմանված ամենամսյա դրամական օգնության չափերով, բացառությամբ սույն կետի 2-րդ ենթակետի «բ» և «գ» կետերում նշված դեպքերի.
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից՝
ա. սույն կետի 1-ին ենթակետում նշված չափերը գերազանցող գումարների մասով,
բ. սույն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետի 7-րդ ենթակետում նշված անձանց մասով,
գ. սույն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետում նշված՝ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ և դրա փոխարեն սահմանված ամենամսյա դրամական օգնություն չնշանակված այն անձանց մասով, ում կենսաթոշակի իրավունքը ծագել է 2011 թվականի հունվարի 1-ից հետո։».
3) N 1 հավելվածի 1-ին կետի՝
ա. 2-րդ ենթակետում «արձակուրդում գտնվելու, զորամասն ինքնակամ լքելու, կանխամտածված օրինազանցության դեպքերի» բառերը փոխարինել «զորամասն ինքնակամ լքելու կամ կանխամտածված այլ օրինազանցության դեպքերի (ընդ որում՝ կանխամտածված օրինազանցություն չի համարվում պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի ինքնասպանությունը)» բառերով,
բ. 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) մահացել է զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո 5 տարվա ընթացքում, սակայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու, ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ծագած հիվանդության, ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով, կամ մահացել է զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց 5 տարի հետո, սակայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու, ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով.».
4) N 1 հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետում «սոցիալական ապահովության նախարարության» բառերը փոխարինել «աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության» բառերով.
5) N 1 հավելվածի 4-րդ կետը 1-ին ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին ենթակետով.
«1.1) Հայրենական մեծ պատերազմի և այլ պետություններում մարտական գործողություններին մասնակից անձինք, ովքեր հաշմանդամ են դարձել հետագայում` 7000 դրամ.».
6) N 1 հավելվածի 5-րդ կետի`
ա. առաջին պարբերությունում «կենսաթոշակ ստացող և կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ ստանալու» բառերը փոխարինել «կենսաթոշակ (բացառությամբ կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակի) ստացող և կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի» բառերով,
բ. 1-ին ենթակետում «շարքային (այդ թվում` պայմանագրային) կազմի» բառերը փոխարինել «, ինչպես նաև զինվորական ծառայության ընթացքում մահացած» բառերով.
7) N 1 հավելվածի 16-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 16.1-ին կետով.
«16.1. Դրամական օգնության ավելի վճարված գումարների հետգանձումն իրականացվում է ավելի վճարված կենսաթոշակի գումարների հետգանձման համար սահմանված կարգով:».
8) N 1 հավելվածի 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«22. Եթե զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի (և դրա փոխարեն սահմանված՝ դրամական օգնության) իրավունքը ծագել է 2011 թվականի հունվարի 1-ից հետո և նրան զինվորական կենսաթոշակ կամ դրա փոխարեն դրամական օգնություն չի նշանակվել, ապա մինչև 2013 թվականի մայիսի 1-ը դիմելու և անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելու դեպքում դրամական օգնությունը նշանակվում է դրամական օգնության իրավունքը ծագելու պահից».
9) N 1 հավելվածի 22-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 22.1-ին կետով.
«22.1. Սույն կարգի 3-րդ կետի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերով, ինչպես նաև 4-րդ և 6-րդ կետերով սահմանված դրամական օգնությունը նշանակվում և վճարվում է, եթե տվյալ անձին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 24-ի N 34 որոշմամբ սահմանված ամենամսյա դրամական օգնություն նշանակված չէ։».
10) N 1 հավելվածի 23-րդ կետի 4-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-ին ենթակետով.
«4.1) գրավոր հայտարարություն՝ կենսաթոշակ նշանակող այլ ստորաբաժանումների կողմից սույն որոշմամբ կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 24-ի N 34 որոշմամբ սահմանված ամենամսյա դրամական օգնություն նշանակված լինելու կամ չլինելու մասին.».
11) N 1 հավելվածի 24-րդ կետի 5-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«զ. բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը կերակրողի մահվան պատճառական կապի մասին:»:
2. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա, բացառությամբ 1-ին կետի 9-րդ ենթակետի, որի գործողությունը տարածվում է 2012 թվականի հունվարի 1-ից (ԼՂՀ պաշտպանության նախարարության համակարգի մասով՝ 2011 թվականի հունվարի 1-ից) հետո ծագած հարաբերությունների վրա:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |