Համարը 
N 307-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2013.05.31/11(230)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
30.05.2013
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
30.05.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.06.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 84 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«30» մայիսի 2013թ.

N 307-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 84 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 62-րդ և «Իրավական ակտերի մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածներով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Ստեղծել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն»  ոչ կառավարչական հիմնարկ։

2. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի։

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ»  պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 84 որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.

1) 6-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Նախարարության համակարգում ոչ կառավարչական հիմնարկի կարգավիճակով գործում են նախարարության բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնը և կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնը։».

2) 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 15.1-ին ենթակետով.

«15.1) կենսաթոշակային բարեփոխումների և բազմաստիճան կենսաթոշակային համակարգի վերաբերյալ հանրային իրազեկումը.».

3) 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9.1-ին ենթակետով.

«9.1) կենսաթոշակային բարեփոխումների և բազմաստիճան կենսաթոշակային համակարգի վերաբերյալ հանրային իրազեկման բնագավառում՝

ա. տեղեկատվական և ուսուցողական նյութերի մշակում, հրատարակում և տարածում,

բ. հանրային ուսուցման ծրագրերի մշակում ու իրականացում,

գ. ուսուցողական և տեղեկատվական սեմինարների կազմակերպում հանրության տարբեր շերտերի ու առանձին խմբերի համար.»։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության
2013 թվականի մայիսի 30-ի N 307-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնը (այսուհետ՝ կենտրոն) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կազմում գործող ոչ կառավարչական հիմնարկ է, որը հետապնդում է սոցիալական, գիտական, կրթական և այլ հանրօգուտ նպատակներ։

2. Կենտրոնը ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ։ Կենտրոնը գործում է իր կանոնադրության համաձայն, որը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի (այսուհետ՝ նախարար) ներկայացմամբ։

3. Կենտրոնի լիազորությունները սահմանվում են օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով, սույն կանոնադրությամբ և նախարարի գերատեսչական իրավական ակտերով:

4. Կենտրոնն իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Կենտրոնն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ ու այլ անհատականացման միջոցներ:

6. Կենտրոնն իր գործունեությունն իրականացնում է՝ համագործակցելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների և շահագրգիռ կազմակերպությունների հետ:

 

II. ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ

 

7. Կենտրոնի գործունեության առարկան և նպատակը կենսաթոշակային բարեփոխումների արդյունավետ իրականացմանն աջակցելն է, մասնավորապես՝

1) կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում խորհրդատվական և մասնագիտական աջակցության տրամադրումը.

2) բազմաստիճան կենսաթոշակային համակարգի վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացումը:

8. Կենտրոնի խնդիրներն են`

1) կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում խորհրդատվական և մասնագիտական աջակցության տրամադրումը, այդ թվում` առցանց.

2) կենսաթոշակային բարեփոխումների հանրային իրազեկման աշխատանքների իրականացումը, կենսաթոշակային բարեփոխումների և բազմաստիճան կենսաթոշակային համակարգի վերաբերյալ տեղեկատվական և ուսուցողական նյութերի մշակումը, հրատարակումը և տարածումը.

3) ուսուցողական և տեղեկատվական սեմինարների կազմակերպումը հանրության տարբեր շերտերի ու առանձին խմբերի համար.

4) կենսաթոշակային համակարգի վերաբերյալ միասնական կայք-էջի ստեղծումն ու վարումը.

5) կենսաթոշակային բարեփոխումների և բազմաստիճան կենսաթոշակային համակարգի վերաբերյալ հանրային ուսուցման ծրագրերի մշակումն ու իրականացումը.

6) կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ հանրային քննարկումների կազմակերպումը.

7) փոքր և միջին ձեռնարկությունների (գործատուների) կողմից անձնավորված հաշվետվությունները ներկայացնելու գործընթացին աջակցելը, այդ թվում` հաշվետվությունները ներկայացնելու կիրառական հմտությունների տրամադրումը և տեխնիկական աջակցությունը գործատուներին.

8) կուտակային բաղադրիչի մասնակիցների կողմից ակտիվների կառավարիչների և կենսաթոշակային ֆոնդերի ընտրությանն աջակցելը (այդ թվում` շրջաններում համապատասխան ծառայությունների մատուցումը).

9) պետություն-մասնավոր հատված համագործակցության միջոցով ներդրումային ծրագրերի իրականացմանն աջակցելը.

10) հետազոտությունների, գիտահետազոտական ծրագրերի իրականացումը և դրանց աջակցությունը.

11) ուսումնական հաստատություններում ուսուցման և վերապատրաստման ծրագրերի իրականացումը.

12) «Թեժ գիծ» ծառայության վարումը.

13) բնակչության շրջանում համապատասխան հարցումների անցկացումը.

14) իրականացվող ծրագրերի, միջոցառումների արդյունավետության գնահատման աշխատանքների իրականացումը.

15) նշված և իր կանոնադրական նպատակներին ուղղված ծրագրերի իրականացման համար պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր և պետական մասնակցությամբ ընկերությունների, դոնոր կազմակերպությունների և այլ շահագրգիռ անձանց հետ համագործակցությունը.

16) հասարակության տարբեր շերտերի` կենսաթոշակային բարեփոխումներին աջակցության և մասնակցության ապահովմանը նպաստելը:

 

III. ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

9. Կենտրոնը կառավարում և նրա գործունեության նկատմամբ վերահսկողություն է իրականացնում նախարարը:

Կենտրոնի անմիջական ղեկավարումն իրականացնում է կենտրոնի տնօրենը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է նախարարի հրամանով: Կենտրոնի տնօրենն անմիջականորեն ենթակա և հաշվետու է նախարարին:

10. Կենտրոնի տնօրենն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, նախարարության և սույն կանոնադրություններով, նախարարի գերատեսչական իրավական ակտերով, ինչպես նաև այլ իրավական ակտերով ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

Նախարարը օրենքով և նախարարության կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում կենտրոնի տնօրենի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հանձնարարականները, կարգադրություններն ու ցուցումները:

11. Կենտրոնի տնօրենը`

1) ղեկավարում է կենտրոնի ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է կենտրոնի առջև դրված խնդիրների լուծման ու գործառույթների իրականացման համար.

2) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի խնդիրների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում նախարարին.

3) իր իրավասության սահմաններում տալիս է ցուցումներ և հանձնարարականներ.

4) իր իրավասության սահմաններում ներկայացնում է առաջարկություններ՝ կենտրոնի աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.

5) նախարարին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն՝ կենտրոնի կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

6) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.

7) նախարարության կանոնադրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան՝ սահմանում է կենտրոնի աշխատողների իրավասությունները՝ համաձայնեցնելով նախարարի հետ.

8) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների ու կազմակերպությունների հետ.

9) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

12. Կենտրոնի տնօրենի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինելու հարցը կարգավորվում է նախարարի հրամանով:

 

IV. ԿԵՆՏՐՈՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

13. Սույն կանոնադրությամբ կենտրոնին վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:

14. Կենտրոնի աշխատողները քաղաքացիական աշխատանք կատարողներ են: Նրանց աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում է նախարարը` կենտրոնի տնօրենի առաջարկությամբ:

15. Կենտրոնի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ