ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2005 թվականի
մարտի 23-ին
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Օրենքի 67-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
«Հոդված 67. |
Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու և հանրաքվեի դրվելիք օրենքի նախագծեր ներկայացնելը և հանրաքվե նշանակելը |
1. Սահմանադրությունն ընդունվում կամ դրանում փոփոխություններ կատարվում են հանրաքվեի միջոցով՝ Հանրապետության Նախագահի կամ Ազգային ժողովի նախաձեռնությամբ:
2. Օրենքի նախագիծը հանրաքվեի դնելու առաջարկ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու իրավունք ունեն պատգամավորը և Կառավարությունը:
3. Սահմանադրության ընդունման կամ դրանում փոփոխություններ կատարելու, օրենքի ընդունման հարցով հանրաքվե նշանակելու վերաբերյալ առաջարկ անելու կամ համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումներն ընդունվում են պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
4. Սահմանադրության ընդունման կամ դրանում փոփոխություններ կատարելու, օրենքի ընդունման հարցով հանրաքվեն նշանակվում և անցկացվում է Սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 671, 672, 673, 674 հոդվածներով.
|
«Հոդված 671. |
Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու և հանրաքվեի դրվելիք օրենքի նախագծերին ներկայացվող պահանջները |
1. Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագծերը ներառում են՝
ա) Սահմանադրության ընդունման կամ դրանում փոփոխություններ կատարելու հիմնավորումը.
բ) Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագիծը.
գ) Սահմանադրության ընդունման կամ դրանում փոփոխություններ կատարելու հարցով հանրաքվե նշանակելու վերաբերյալ առաջարկ անելու կամ համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:
2. Հանրաքվեի դրվելիք օրենքի նախագիծը ներառում է՝
ա) օրենքի ընդունման հարցով հանրաքվե նշանակելու հիմնավորումը.
բ) հանրաքվեի դրվելիք օրենքի նախագիծը.
գ) հանրաքվեով օրենքն ընդունելու առնչությամբ ընդունվելիք այլ օրենքների նախագծերը.
դ) Ազգային ժողովի այն որոշումների ցանկը, որոնցով հանրաքվեով ընդունվելիք օրենքի (ների) կարգավորման ոլորտում Կառավարությանը տրվել է օրենքի ուժ ունեցող որոշումներ ընդունելու լիազորություն, կամ տեղեկանք՝ դրանց բացակայության մասին.
ե) օրենքի ընդունման հարցով հանրաքվե նշանակելու վերաբերյալ առաջարկ անելու կամ համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագծերը.
զ) հանրաքվեով օրենքի ընդունման առնչությամբ այլ օրենքներ միաժամանակ հանրաքվեի դնելու մասին առաջարկություն կամ տեղեկանք` այդպիսի առաջարկության անհրաժեշտության բացակայության մասին:
3. Սահմանադրությունում կամ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին կցվում է տեղեկանք, որտեղ ներկայացվում է Սահմանադրության կամ օրենքի փոփոխվող հոդվածը:
|
«Հոդված 672. |
Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու և հանրաքվեի դրվելիք օրենքների նախագծերն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու կարգը |
1. Սահմանադրության ընդունման կամ դրանում փոփոխություններ կատարելու մասին Հանրապետության Նախագահի նախաձեռնությունը ներառում է՝
ա) սույն օրենքի 671-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերում նշված փաստաթղթերը.
բ) որպես հիմնական զեկուցող հանդես եկող Հանրապետության Նախագահի լիազոր ներկայացուցչի անունը, ազգանունը:
2. Օրենքի նախագիծը հանրաքվեի դնելու մասին Կառավարության առաջարկությունն իրականացվում է Կառավարության որոշմամբ, որը ներառում է՝
ա) սույն օրենքի 671-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերում նշված փաստաթղթերը.
բ) որպես հիմնական զեկուցող հանդես եկող Կառավարության լիազոր ներկայացուցչի անունը, ազգանունը.
գ) անհրաժեշտության դեպքում՝ պետության եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Կառավարության եզրակացությունը:
3. Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագիծը, հանրաքվեով ընդունվելիք օրենքի նախագիծը համարվում է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված, եթե այն սույն օրենքի պահանջներին համապատասխան պաշտոնապես ներկայացվել է Ազգային ժողովի նախագահին:
4. Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու մասին, ինչպես նաև հանրաքվեի դրվելիք օրենքների նախագծերն Ազգային ժողովում շրջանառության մեջ են դրվում սույն օրենքի 50-րդ հոդվածով սահմանված կարգով: Կառավարությունը և քարտուղարությունը Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու մասին, ինչպես նաև հանրաքվեի դրվելիք օրենքների նախագծերի վերաբերյալ իրենց եզրակացություններն Ազգային ժողովի նախագահին են ներկայացնում 30-օրյա, իսկ գլխադասային հանձնաժողովը՝ 40-օրյա ժամկետում, սակայն ոչ շուտ, քան Կառավարության և քարտուղարության եզրակացություններն ստանալը կամ դրանց ստացման ժամկետի սպառվելը:
|
«Հոդված 673. |
Հանրաքվեի դրվելիք օրենքների և պատգամավորի ներկայացրած Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագծերի քննարկման կարգը |
1. Հանրաքվեի դրվելիք օրենքների, պատգամավորի առաջադրած Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագծերն Ազգային ժողովում քննարկվում են երկու ընթերցմամբ՝ սույն օրենքի 11-րդ գլխով սահմանված կարգով, հետևյալ տարբերությամբ՝
ա) Հանրապետության Նախագահը կամ նրա լիազոր ներկայացուցիչը նշված նախագծերի քննարկման ընթացքում իրավունք ունի հանդես գալ որպես հարակից զեկուցող.
բ) սույն օրենքի 74-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում հեղինակը (հիմնական զեկուցողը) կարող է առաջարկել ընդունել Ազգային ժողովի որոշում՝ քննարկված նախագծի ընդունման հարցով հանրաքվե նշանակելու վերաբերյալ Հանրապետության Նախագահին առաջարկ անելու մասին.
գ) եթե սույն հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետում նշված՝ Ազգային ժողովի որոշումը քվեարկության արդյունքում չի ընդունվում, ապա քվեարկությունից անմիջապես հետո՝ մինչև 3 րոպե տևողությամբ ելույթով կարող է հանդես գալ հեղինակը (հիմնական զեկուցողը) և առաջարկել տվյալ նախագծի քննարկումն Ազգային ժողովի որոշմամբ վերադարձնել սույն օրենքի 73-րդ հոդվածով նախատեսված՝ առաջարկությունների ներկայացման փուլ.
դ) եթե սույն հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետում նշված՝ Ազգային ժողովի որոշումը քվեարկության արդյունքում չի ընդունվել, և հեղինակը (հիմնական զեկուցողը) չի արել սույն հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետում նշված առաջարկը, կամ այն ներկայացվել է, բայց չի ընդունվել, ապա տվյալ նախագիծը հանվում է Ազգային ժողովի նստաշրջանի օրենսդրական գործունեության ծրագրից և նիստի օրակարգից:
2. Ազգային ժողովի նախագահն Ազգային ժողովի առաջարկությամբ Սահմանադրության ընդունման կամ դրանում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև օրենքի ընդունման հարցերով հանրաքվե նշանակելու մասին Ազգային ժողովի որոշումները՝ համապատասխան նախագծերի հետ միասին դրանց ընդունվելուց հետո՝ 7-օրյա ժամկետում, ուղարկում է Հանրապետության Նախագահին, որը դրանք ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, նշանակում է հանրաքվե կամ տվյալ նախագիծն առարկություններով կամ առաջարկություններով վերադարձնում է Ազգային ժողով՝ պահանջելով նոր քննարկում:
3. Հանրապետության Նախագահի կողմից առաջարկություններով կամ առարկություններով վերադարձված Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու, հանրաքվեով ընդունվելիք օրենքի նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է սույն օրենքի 75-րդ հոդվածով սահմանված կարգով:
Ազգային ժողովի կողմից պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով վերստին առաջարկված Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու, հանրաքվեով ընդունվելիք օրենքի նախագիծը Հանրապետության Նախագահը հանրաքվեի է դնում Ազգային ժողովի սահմանած ժամկետում:
|
«Հոդված 674. |
Սահմանադրության կամ դրանում փոփոխություն կատարելու մասին Հանրապետության Նախագահի նախաձեռնության քննարկման կարգը |
1. Հանրապետության Նախագահի նախաձեռնությամբ ներկայացված Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու մասին նախագծերն Ազգային ժողովում քննարկվում են սույն օրենքի 61-րդ հոդվածով սահմանված կարգով:
2. Հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս Հանրապետության Նախագահի, իսկ հարակից զեկուցմամբ՝ գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչը:
3. Եզրափակիչ ելույթում Հանրապետության Նախագահի ներկայացուցիչը կարող է փոփոխության ենթարկել քննարկված նախագիծը և առաջարկել՝
ա) Ազգային ժողովի որոշմամբ համաձայնություն տալ նշանակելու հանրաքվե՝ Հանրապետության Նախագահի համար ընդունելի առաջարկների հիման վրա փոփոխված նախագիծն ընդունելու հարցով.
բ) քննարկված նախագիծը Հանրապետության Նախագահի համար ընդունելի առաջարկներին համապատասխան վերջնական տեսքի բերելու նպատակով քննարկումը քվեարկության փուլում հետաձգել մինչև հաջորդ հերթական նիստը, որը համարվում է ընդունված առանց քվեարկության:
4. Եթե Հանրապետության Նախագահի ներկայացուցչի առաջարկով հարցի քննարկումը քվեարկության փուլում հետաձգվել է, ապա այն վերսկսվում է Հանրապետության Նախագահի ներկայացուցչի՝ մինչև 3 րոպե տևողությամբ ելույթով, որում նա կարող է առաջարկել Ազգային ժողովի որոշմամբ համաձայնություն տալ նշանակելու հանրաքվե՝ քննարկված և Հանրապետության Նախագահի համար ընդունելի առաջարկների հիման վրա փոփոխված նախագիծն ընդունելու հարցով:
5. Ազգային ժողովի նախագահը Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագիծը հանրաքվեի դնելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումը 7-օրյա ժամկետում ուղարկում է Հանրապետության Նախագահին:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
29 ապրիլի 2005թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-182 |
|