ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«12» սեպտեմբերի 2013թ. |
N 609-Ն |
ք. Ստեփանակերտ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԱՇԽԱՏԱՎԱՅՐԻՑ ԴՈՒՐՍ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի աշխատավայրից դուրս քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումներ կատարելու դեպքերը և կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2013 թվականի սեպտեմբերի 12-ի N 609-Ն որոշման |
ԿԱՐԳ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԱՇԽԱՏԱՎԱՅՐԻՑ ԴՈՒՐՍ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԱՇԽԱՏԱՎԱՅՐԻՑ ԴՈՒՐՍ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ
1. Սույն կարգով կարգավորվում են քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի (այսուհետ` ՔԿԱԳ մարմին) աշխատավայրից դուրս քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում կատարելու դեպքերը և ընթացակարգը։
2. ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից դուրս կարող է կատարվել միայն ամուսնության պետական գրանցումը և միայն հետևյալ դեպքերում`
1) ամուսնացող անձինք (ամուսնացողներից մեկը) չեն կարող ներկայանալ ՔԿԱԳ մարմին ծանր հիվանդության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հարգելի այլ պատճառներով.
2) ամուսնացող անձինք (անձանցից մեկը) կալանավորված են կամ պատիժ են կրում ազատազրկման վայրերում.
3) ամուսնացող անձանց ցանկությամբ սույն կարգի 7-րդ կետով նախատեսված գումարը վճարելու դեպքում, եթե բացակայում են սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված հանգամանքները:
3. Ամուսնության պետական գրանցումը ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից դուրս իրականացվում է ամուսնության պետական գրանցման` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ընդհանուր հիմունքներով` հաշվի առնելով սույն կարգով նախատեսված առանձնահատկությունները:
II. ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ ՔԿԱԳ ՄԱՐՄՆԻ ԱՇԽԱՏԱՎԱՅՐԻՑ ԴՈՒՐՍ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՔԿԱԳ ՄԱՐՄԻՆ ԴԻՄԵԼԸ
4. Եթե ամուսինները (ամուսիններից մեկը) ամուսնության համատեղ գրավոր դիմում կամ ամուսնության առանձին հայտարարություն տալու պահին գիտեին, որ ամուսնության պետական գրանցման օրը չեն կարող անձամբ ներկայանալ ՔԿԱԳ մարմին, ապա նրանք դիմումում կամ առանձին հայտարարության մեջ նշում են ամուսնության պետական գրանցումը տանը, բժշկական կամ այլ հաստատությունում կատարելու անհրաժեշտության մասին` դիմումին կամ հայտարարությանը կցելով ծանր հիվանդության առկայությունը հավաստող համապատասխան բժշկական փաստաթուղթը կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հարգելի այլ պատճառները հավաստող փաստաթուղթը:
5. Եթե սույն կարգի 4-րդ կետով նախատեսված հանգամանքն ի հայտ է գալիս համատեղ գրավոր դիմում կամ ամուսնության առանձին հայտարարություն տալուց հետո, ապա ամուսնացող անձանցից մեկն անձամբ կամ սահմանված կարգով լիազորված անձի միջոցով ամուսնության պետական գրանցումը տանը, բժշկական կամ այլ հաստատությունում կատարելու համար դիմում է ՔԿԱԳ մարմին` դիմումին կցելով սույն կարգի 4-րդ կետով նախատեսված փաստաթուղթը: Սույն կետով նախատեսված դիմումը ՔԿԱԳ մարմին է ներկայացվում ամուսնության պետական գրանցման օրվանից առնվազն 5 օր առաջ:
6. Կալանավորված կամ ազատազրկման վայրերում պատիժ կրող անձն ամուսնության առանձին հայտարարությանը կցում է նաև կալանավորված անձանց պահելու վայրի կամ ազատազրկման վայրի ղեկավարի` համապատասխան վայրում ամուսնության պետական գրանցումը կատարելու համաձայնությունը:
7. Եթե ամուսնացող անձինք ցանկանում են, որ ամուսնության պետական գրանցումը կատարվի ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից դուրս, և միևնույն ժամանակ բացակայում են սույն կարգի 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված հանգամանքները, ապա ամուսնացող անձանցից մեկն անձամբ կամ սահմանված կարգով լիազորված անձի միջոցով սույն կարգի 5-րդ կետով նախատեսված ժամկետում դիմում է ներկայացնում ՔԿԱԳ մարմին` ամուսնության պետական գրանցումը համապատասխան վայրում հանդիսավոր պայմաններում կատարելու համար: Դիմումին կցվում է ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից դուրս ամուսնության գրանցման համար գանձապետարանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության համար բացված արտաբյուջետային հաշվին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված գումարի վճարված լինելը հավաստող անդորրագիրը:
8. Սույն կարգի 2-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված ամուսնությունները կարող են գրանցվել միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից սահմանված վայրերում:
III. ՔԿԱԳ ՄԱՐՄՆԻ ԱՇԽԱՏՈՂԻ ՃԱՆԱՊԱՐՀԱԾԱԽՍԸ
9. Ամուսնության պետական գրանցումը ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից դուրս կատարելու համար ՔԿԱԳ մարմնի աշխատողի փոխադրումը ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից մինչև ամուսնության պետական գրանցման համապատասխան վայր և հակառակ ուղղությամբ հոգում են ամուսնացող անձինք:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |