ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«18» հուլիսի 2013թ. |
N 462-Ն |
ք. Ստեփանակերտ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 8-ի N 169-Ա որոշման 4-րդ բաժնի 4.2-րդ կետը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսաթոշակային համակարգի բարեփոխումների ընթացքը լուսաբանելու և հանրությանը իրազեկելու նպատակով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել կենսաթոշակային բարեփոխումների հանրային իրազեկման և ուսուցողական ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ տասնօրյա ժամկետում, հաստատել կենսաթոշակային բարեփոխումների հանրային իրազեկման և ուսուցողական ծրագրի իրականացման ժամանակացույցը՝ համաձայնեցնելով կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող կառավարման հանձնաժողովի հետ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2013 թվականի հուլիսի 18-ի N 462-Ն որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ
I. ՆԱԽԱԲԱՆ
1. 2014 թվականի հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նախատեսվում է սկսել կենսաթոշակային նոր՝ բազմաստիճան համակարգի գործարկումը: Կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացված օրենսդրական փաթեթ, որը ներառում է «Կուտակային կենսաթոշակների մասին», «Եկամտային հարկի մասին», «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների նախագծերը և մի շարք լրացումներ ու փոփոխություններ այլ օրենքներում: Իրականացվելիք օրենսդրական և ինստիտուցիոնալ վերափոխումներն անմիջական ազդեցություն են ունենալու բնակչության և քաղաքացիական հասարակության գրեթե բոլոր խմբերի և կառույցների ինչպես անձնական, այնպես էլ կորպորատիվ շահերի վրա:
Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ կենսաթոշակային բարեփոխումների իրականացումը պահանջելու է արմատական վերափոխումներ մարդկանց և տնտեսավարող սուբյեկտների մտածելակերպի, գործելաոճի և վարքագծի առումով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը նպատակահարմար է գտնում իրագործել լայնածավալ լուսաբանման, հանրային իրազեկման և ուսուցողական ծրագրերի գործընթաց (այսուհետև՝ հանրային իրազեկման գործընթաց, կամ ՀԻԳ)՝ շահառուներին փոփոխությունների բնույթը նախապես ներկայացնելու և նրանց առավելագույնս նախապատրաստելու համար:
Հանրային իրազեկման գործընթացի ծրագիրը մշակվել է սույն կետի առաջին պարբերությունում նշված օրենքների նախագծերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 8-ի «Կենսաթոշակային բարեփոխումների 2013 թվականի միջոցառումների իրականացումն ապահովող գործողությունների պլան-ժամանակացույցը հաստատելու մասին» N 169-Ա և 2013 թվականի ապրիլի 23-ի «Անձնավորված հաշվարկը (գրանցման հայտը) էլեկտրոնային եղանակով ներկայացնելն ապահովող միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» N 217-Ա որոշումների պահանջներից ելնելով:
II. ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
2. Կենսաթոշակային բարեփոխումների ՀԻԳ-ի նպատակներն են.
1) հանրությանը ներկայացնել բարեփոխումների կարևորությունն ու հիմնական էությունը.
2) ապահովել շահառուների պատրաստվածությունն ու մասնակցությունը բարեփոխումների իրականացման փուլում:
3. Որպես առանցքային սկզբունքներ, կենսաթոշակային բարեփոխումների ՀԻԳ-ը պետք է.
1) լինի թափանցիկ, ընդգրկուն, տրամաբանական և հանրամատչելի.
2) համակարգվի և վերահսկվի մեկ մարմնի կողմից, ապահովելով ուղերձների նույնականությունը.
3) ապահովի տեղեկատվության տարածումը երկրի ամբողջ տարածքում.
4) ապահովի բարեփոխումների էության ճիշտ ըմբռնումը հանրության կողմից, չստեղծի կեղծ սպասումներ և անհիմն ակնկալիքներ.
5) հիմնված լինի քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցության վրա.
6) դիտվի որպես պետության ու հասարակության միջև սոցիալական երկխոսության հարատև գործընթաց, այսինքն` չսահմանափակվի միանվագ գործողություններով:
4. Հիմնական նպատակները և առանցքային սկզբունքները համընդհանուր են կենսաթոշակային բարեփոխումների ՀԻԳ-ի կազմակերպման և իրականացման համար: Սակայն, ՀԻԳ-ի յուրաքանչյուր միջոցառում կարող է ունենալ իր ուրույն նպատակը ևս, ինչպես նաև հիմնված լինի որևէ այլ առանձնահատուկ սկզբունքի վրա, որը չի հակասում համընդհանուր նպատակների ու սկզբունքների բնույթին:
III. ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՓՈՒԼԵՐԸ
5. Կենսաթոշակային բարեփոխումների ՀԻԳ-ը պետք է իրականացվի փուլերով, որոնցից յուրաքանչյուրը նպատակաուղղված է լինելու որոշակի խնդրի լուծմանը: Նախատեսվում է ՀԻԳ-ը իրականացնել հետևյալ փուլերով.
1) 1-ին փուլ՝ իրազեկում և լուսաբանում.
2) 2-րդ փուլ՝ ուսուցանում։
6. 1-ին փուլում պետք է ընդհանուր տեղեկատվություն տրամադրվի բնակչությանը` ապահովելով այդ տեղեկատվության հասանելիությունը երկրի ամբողջ տարածքում և բնակչության բոլոր խմբերի համար:
1-ին փուլի ակնկալվող արդյունքներն են`
1) կենսաթոշակային բարեփոխումների հիմնական դրույթների և իրագործման մեխանիզմների մասին հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացում,
2) կուտակային համակարգի գործունեության մանրամասների վերաբերյալ մասնակիցների գիտելիքների ընդլայնում.
3) կուտակային համակարգի ներդրման նկատմամբ երիտասարդ շահառուների դրական վերաբերմունքի ձևավորում.
4) կուտակային համակարգի մասնակիցների հոգեբանական և տեղեկատվական պատրաստվածության բարձրացում:
7. 2-րդ փուլում պետք է լուրջ ուսուցողական աշխատանքներ անցկացվեն պարտադիր կուտակային համակարգի մասնակիցների համար՝ բացատրելով (այդ թվում` առցանց) կենսաթոշակային անհատական հաշիվների բացման, կենսաթոշակային ֆոնդերի և կուտակված միջոցների ստուգման և վերահսկման ընթացակարգերը: Այս փուլում հատուկ ուշադրություն է դարձվելու նաև եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների միասնականացման հետ կապված՝ նոր ընթացակարգերի բացատրական աշխատանքներին, անձնավորված հաշվարկը էլեկտրոնային եղանակով հարկային մարմնին ներկայացնելու մեխանիզմների կիրառման խորհրդատվությանը և այլն:
2-րդ փուլի ակնկալվող արդյունքներն են`
1) կուտակային բաղադրիչի մասնակիցների կողմից համապատասխան գիտելիքների և հմտությունների ձեռքբերում և կիրառում.
2) կուտակային բաղադրիչին կամավոր սկզբունքով միացող անձանց թվի ավելացում.
3) կուտակային համակարգի մասնակիցների շրջանում կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրություն կատարած անձանց թվի ավելացում:
IV. ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ
8. Կենսաթոշակային բարեփոխումների ՀԻԳ-ի հիմնական բաղադրիչներն են.
1) հասարակական կարծիքի ուսումնասիրում.
2) ՀԻԳ-ի ստեղծագործական փաթեթի (խորհրդանիշ, կարգախոս, ինտերնետ կայք և այլն) մշակում.
3) սոցիալական գովազդի պատրաստում և տարածում.
4) հրատարակչական արտադրանքի (բուկլետներ, գովազդային պաստառներ, ուսումնախորհրդատվական գրքույկներ և այլն) թողարկում.
5) սեմինարների, համաժողովների, մասնագիտական քննարկումների նախապատրաստում և իրականացում, «Թեժ գիծ» հեռախոսային ծառայության ապահովում.
6) կենսաթոշակային բարեփոխումների մասնակիցների համար ուսուցողական ծրագրերի իրականացում, այդ թվում՝ շրջիկ ուսուցանող խմբերի միջոցով:
9. Հասարակական կարծիքի ուսումնասիրումը կիրականացվի երկու փուլով`
1) նախնական հետազոտություն.
2) արդյունքների գնահատման հետազոտություն։
Նախնական հետազոտության միջոցով պետք է վերհանվեն կենսաթոշակային գործող համակարգի նկատմամբ հասարակության վերաբերմունքը, կենսաթոշակների մասին երիտասարդների մտահոգության աստիճանը, համակարգը բարեփոխելու հարցում հասարակության տարբեր խմբերի պատրաստակամությունը և այլն։ Նախնական հետազոտության արդյունքները հիմք կծառայեն ՀԻԳ-ի մնացած բաղադրիչների ձևավորման համար:
Արդյունքների գնահատման հետազոտությունը պետք է իրականացվի նոր կենսաթոշակային համակարգի ներդրումից որոշակի ժամանակ անց: Այդ հետազոտության նպատակն է` գնահատել գործընթացի արդյունքները, բացահայտել նոր համակարգի ներդրման հետ կապված այն խնդիրները, որոնք առնչվում են ՀԻԳ-ի այս կամ այն բաղադրիչի անարդյունավետ իրականացման հետ: Արդյունքների գնահատման հետազոտությունը հիմք կծառայի հասարակության հետ հարատև սոցիալական երկխոսության ուղղություններն ու մեխանիզմները մշակելու համար:
10. ՀԻԳ-ի ստեղծագործական փաթեթի մշակումն 1-ին փուլի ամենատեսանելի և հանրության կարծիքի հետ անմիջապես առնչվող գործունեությունն է: Կենսաթոշակային բարեփոխումների խորհրդանիշը, կարգախոսը, ինտերնետ կայքի ձևավորումն ու մատչելիությունը պետք է ուղեկցեն հանրային իրազեկման ամբողջ գործընթացը` ապահովելով ՀԻԳ-ի բոլոր բաղադրիչների ներդաշնակությունը: Այս բաղադրիչն իրականացնելիս պետք է կարևորվի նախնական հետազոտությամբ ստացված հասարակական կարծիքի արդյունքները:
11. Սոցիալական գովազդի պատրաստումն ուղղված է լինելու կենսաթոշակային բարեփոխումների կարգախոսի թեմայով տեսահոլովակ(ներ)ի նկարահանմանը և գովազդային պաստառ(ներ)ի նախապատրաստմանը:
12. Հրատարակչական արտադրանքի՝ գրքույկների և բուկլետների տեքստերը պետք է շարադրված լինեն մատչելի, հանրության բոլոր խավերի համար հասկանալի և պարզ լեզվով:
Հրատարակչական արտադրանքի թեմատիկան և տեսականին պետք է որոշվի` ելնելով բարեփոխումների համար հիմնարար հանդիսացող «Կուտակային կենսաթոշակների մասին», «Եկամտային հարկի մասին» և «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների նախագծերը լայն հասարակությանը լուսաբանելու խնդրից: ՀԻԳ-ի ընթացքում հաճախակի բարձրացված հարցերն ու հիմնախնդիրները նույնպես պետք է հիմք ծառայեն հրատարակչական նյութերի թեմատիկան որոշելու համար:
13. Կենսաթոշակային բարեփոխումներին վերաբերող սեմինարները, համաժողովները, մասնագիտական քննարկումներն ու միջոցառումները առանցքային են համարվելու կենսաթոշակային բարեփոխումների ՀԻԳ-ի տեսանկյունից: Գործարարների, լրագրողների, ֆինանսիստների, այդ թվում` հաշվապահների, հեղինակավոր անձանց մասնակցությամբ կազմակեպվելիք միջոցառումների ժամանակ պետք է բացահայտվեն հանրային-մասնավոր գործընկերության հիմնական ուղերձները, հասարակական կարծիքի ձևավորման հարցում նրանց դերը, ինչպես նաև ՀԻԳ-ում նրանց մասնակցության առավել ընդունելի ձևաչափերը։
14. Ուսուցողական բաղադրիչը պետք է ներառի կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հետ կապված ընդհանուր և մասնագիտական գիտելիքի զարգացման ծրագրի իրականացման գործընթաց, մասնավորապես.
1) անձնավորված հաշվարկը (գրանցման հայտը) էլեկտրոնային եղանակով ներկայացնելու վերաբերյալ.
2) էլեկտրոնային ստորագրություն ստանալու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության օգտվողի անուն ու գաղտնաբառ ստանալու ընթացակարգերի վերաբերյալ և այլն:
Ուսուցողական բաղադրիչը կարող է ներառել նաև հանրային կրթության ծրագրերի իրականացում՝ ֆինանսական գիտելիքի տարբեր բնագավառների վերաբերյալ ուսումնական հաստատություններում հատուկ կուրսերի դասավանդման միջոցով։
V. ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
15. Կենսաթոշակային բարեփոխումների ՀԻԳ-ի արդյունավետությունն ապահովելու համար անհրաժեշտ է համակարգված, համալիր և միասնական մոտեցում ՀԻԳ-ի բոլոր բաղադրիչների մշակման և իրականացման հարցում: Այդ նպատակով ՀԻԳ-ի բաղադրիչների մշակման և իրականացման հիմնական աշխատանքները կիրականացնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2013 թվականի մայիսի 30-ի N 307-Ն որոշմամբ ստեղծված՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» ոչ կառավարչական հիմնարկը (այսուհետ՝ ԿՀԻԿ)։
Աշխատանքների կազմակերպման այս մոդելի շնորհիվ կապահովվի ՀԻԳ-ի՝ մեկ մարմնի կողմից կառավարվելու և համակարգվելու սկզբունքը, ինչը հնարավորություն կընձեռի վերահսկելի դարձնել ՀԻԳ-ի իրականացման ամբողջ ընթացքը։
16. ԿՀԻԿ-ը սերտորեն կհամագործակցի շահագրգիռ նախարարությունների ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր գործող պետական կառավարման մարմինների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի 2012 թվականի նոյեմբերի 2-ի N 475-Ա որոշմամբ ստեղծված կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող կառավարման հանձնաժողովի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի ու տեղական ինքնակառավարման մարմինների, զանգվածային լրատվության միջոցների, աշխատողների և գործատուների շահերը պաշտպանող կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների և այլ մարմինների հետ։
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |