Համարը 
N 664-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2013.10.02/18(237)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
25.09.2013
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
25.09.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
03.10.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 
04.04.2019

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«25» սեպտեմբերի 2013թ.

N 664-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «դ» և «Քաղաքացիական պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «ը» կետերով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման մասին բնակչության ազդարարման կարգը` համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2013 թվականի սեպտեմբերի 25-ի N 664-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների ու ռազմական դրության պայմաններում և հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում բնակչությանն ազդարարելու գործընթացը։

2. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

1) ազդարարման ազդանշան` ազդարարման համակարգով տրվող պայմանական նշան, որը հրահանգ է կառավարման մարմիններին, քաղաքացիական պաշտպանության շտաբներին, ծառայություններին, ուժերին և բնակչությանը` համապատասխան միջոցառումներ իրականացնելու համար,

2) օդային տագնապ` տրվում է բնակչությանը նախազգուշացնելու համար` հակառակորդի կողմից տվյալ բնակավայրի (տարածքի) վրա օդային հարձակման անմիջական սպառնալիքի դեպքում,

3) օդային տագնապի ավարտ` տրվում է բնակչությանը նախազգուշացնելու համար` հակառակորդի կողմից տվյալ բնակավայրին (տարածքին) հարձակման սպառնալիքի վերացման դեպքում,

4) ճառագայթային վտանգ` տրվում է բնակչությանը նախազգուշացնելու համար` տվյալ բնակավայրի (տարածքի) ռադիոակտիվ աղտոտվածության անմիջական սպառնալիքի կամ այդպիսի աղտոտվածության հայտնաբերման դեպքում,

5) քիմիական տագնապ` տրվում է բնակչությանը նախազգուշացնելու համար` տվյալ բնակավայրի (տարածքի) քիմիական, մանրէաբանական վարակման սպառնալիքի կամ այդպիսի վարակվածության հայտնաբերման դեպքում,

6) աղետալի ջրածածկում` տրվում է բնակչությանը նախազգուշացնելու համար` տվյալ բնակավայրի (տարածքի) ջրածածկման սպառնալիքի դեպքում,

7) հակառակորդի հարձակման սպառնալիքի ազդանշան` տրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ռազմական գործողությունների սկսման կամ զենքի կիրառման ակնհայտ սպառնալիքի դեպքում:

3. Ռազմական դրության և հակառակորդի հանկարծակի հարձակման պայմաններում կիրառվում են «Օդային տագնապ», «Օդային տագնապի ավարտ», «Ճառագայթային վտանգ» և «Քիմիական տագնապ», իսկ արտակարգ իրավիճակի առաջացման սպառնալիքի կամ ծագման դեպքում` «Ճառագայթային վտանգ», «Քիմիական տագնապ» և «Աղետալի ջրածածկման վտանգ» ազդարարման ազդանշանները:

4. Ազդարարման ազդանշանները տրվում են կապի և ազդարարման բոլոր միջոցներով` շարժական բարձրախոսային սարքերի օգնությամբ, միացվում են էլեկտրաշչակները, և տրվում է անընդհատ («Օդային տագնապ» ազդանշանի դեպքում` տատանվող), երկարատև (3 րոպե տևողությամբ) ձայնային ազդանշան: Միաժամանակ ազդարարման միջոցներով` 2-3 րոպե տևողությամբ տրվում է հետևյալ բովանդակությամբ համապատասխան տեքստային հաղորդագրություն. «Ուշադրություն, ուշադրություն...»: Անհրաժեշտության դեպքում հաղորդագրությունը լրացվում է «Վտանգ է սպառնում հետևյալ բնակավայրերին`…» բառերով:

5. Բնակչությանն ազդարարելու մասին որոշումներն ընդունում են`

1) հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտներում արտակարգ իրավիճակի առաջացման սպառնալիքի և ծագման դեպքում` տվյալ կազմակերպության ղեկավարը:

Ջրամբարի պատվարի փլուզման դեպքում` ազդարարման մասին որոշումն ընդունվում է արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ոլորտի լիազոր մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) օպերատիվ ծառայության կողմից.

2) համայնքային նշանակության արտակարգ իրավիճակի առաջացման սպառնալիքի և ծագման դեպքում` տվյալ համայնքի ղեկավարը.

3) շրջանային նշանակության արտակարգ իրավիճակի առաջացման սպառնալիքի և ծագման դեպքում` տվյալ շրջանի վարչակազմի ղեկավարը (Ստեփանակերտում` Ստեփանակերտի քաղաքապետը).

4) հանրապետական նշանակության արտակարգ իրավիճակի առաջացման սպառնալիքի և ծագման դեպքում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը.

5) ռազմական դրության ժամանակ, հակառակորդի հանկարծակի հարձակման, հակառակորդի հարձակման սպառնալիքի դեպքում` լիազոր մարմնի օպերատիվ ծառայությունը (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության հակաօդային պաշտպանության և ավիացիայի միացյալ հրամանատարական կետից ստացված տեղեկատվության հիման վրա):

6. Բնակչության ազդարարումն իրականացնում են`

1) հատուկ և կարևորագույն նշանակության օբյեկտներում արտակարգ իրավիճակի առաջացման սպառնալիքի և ծագման դեպքում` տվյալ կազմակերպության ղեկավարը` լիազոր մարմնի օպերատիվ ծառայության միջոցով.

2) համայնքային նշանակության արտակարգ իրավիճակի առաջացման սպառնալիքի և ծագման դեպքում` տվյալ համայնքի ղեկավարը.

3) շրջանային նշանակության արտակարգ իրավիճակի առաջացման սպառնալիքի և ծագման դեպքում` լիազոր մարմնի օպերատիվ ծառայությունը.

4) հանրապետական նշանակության արտակարգ իրավիճակի առաջացման սպառնալիքի և ծագման դեպքում` լիազոր մարմնի օպերատիվ ծառայությունը.

5) ռազմական դրության ժամանակ, հակառակորդի հանկարծակի հարձակման, հակառակորդի հարձակման սպառնալիքի դեպքում` լիազոր մարմնի օպերատիվ ծառայությունը:

7. Ազդարարման մասին որոշումների ընդունման նպատակով արտակարգ իրավիճակների դասակարգման չափանիշները սահմանվում են արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառում լիազորված պետական մարմնի ղեկավարի կողմից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ