| |
Գրանցված է
ԼՂՀ արդարադատության
պետվարչության կողմից
2003թ․ «24» հունիսի
Գրանցման N 196
ԼՂՀ արդարադաատության
պետվարչության պետ
Ռ. Հայրապետյան |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«12» հունիսի 2003թ․ |
թիվ 117-Կ |
ք.Ստեփանակերտ
Անշարժ գույքի օբյեկտի կազմում կամ ստորաբաժանված շենքի ծավալում գտնվող միավորի նկատմամբ վարձակալության (ենթավարձակալության), գրավի, օտարման և այլ գործառույթների իրականացման և իրավունքների պետական գրանցման մասին հրահանգը հաստատելու մասին
Ղեկավարվելով ,,Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին,, ԼՂՀ օրենքի պահանջներով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել անշարժ գույքի օբյեկտի կազմում կամ ստորաբաժանված շենքի ծավալում գտնվող միավորի նկատմամբ վարձակալության /ենթավարձակալության/, գրավի, օտարման և այլ գործառույթների իրականացման և իրավունքների պետական գրանցման մասին հրահանգը /կցվում է/։
2. Հրահանգը սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչություն՝ գրանցման։
3. ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներին՝ անշարժ գույքի օբյեկտի կազմում կամ ստորաբաժանված շենքի ծավալում գտնվող միավորի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ընթացքում խստորեն ղեկավարվել սույն հրահանգի պահանջներով։
4. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը դնել կոմիտեի գրանցման բաժնի պետ՝ Բ. Հարությունյանի վրա։
|
Պետական կոմիտեի նախագահ |
Վ.Ալեքսանյան |
| |
Հաստատված է
ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի նախագահի
2003թ․ հունիսի ,,12,,-ի
117-Կ հրամանով |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
Անշարժ գույքի օբյեկտի կազմում կամ ստորաբաժանված շենքի ծավալում գտնվող միավորի նկատմամբ վարձակալության /ենթավարձակալության/, գրավի, օտարման և այլ գործառույթների իրականացման և իրավունքների պետական գրանցման մասին
1. Այն շենքերում /շենքեր, շինություններ/, որտեղ կան բնակելի նշանակության բազմաբնակարան և սակավաբնակարան, հասարակական, արտադրական նշանակության անշարժ գույքի առանձին միավորներ /բնակարաններ, առևտրի սպասարկման տաղավարներ և այլն/, որոնք մեկից ավելի սեփականատերերի սեփականություն են, յուրաքանչյուր միավորի նկատմամբ իրավունքները գրանցվում են մատյանի առանձին գրանցման թերթիկում։
2. Հասարակական, արտադրական նշանակության ստորաբաժանված շենքերի նկատմամբ, որտեղ կան գույքի առանձին միավորներ /սենյակներ, միջանցքներ, նկուղներ, ձեղնահարկեր և այլն/, սակայն ամբողջ շենքը սեփականության իրավունքով պատկանում է մեկ սեփականատիրոջ իրավունքների պետական գրանցումն իրականացվում է մատյանի մեկ թերթիկում, որի շենքեր, շինություններ ենթաբաժինների ընդհանուր բնութագիրը սունյակներում լրացվում են շենքում տեղակայված սենյակների, միջանցքների, նկուղների, ձեղնահարկերի և այլ առանձնացված տարածքների (միավորների) ծածկագրերը։ Ծածկագրումն իրականացվում է սահմանված կարգով։
Նշված դեպքում ստորաբաժանված շենքի ծավալում գտնվող միավորի նկատմամբ վարձակալության /ենթավարձակալության/, գրավի, օտարման և այլ գործարքների իրականացման համար միավորի նախօրոք բաժանում և իրավունքի պետական գրանցում չի պահանջվում։ Կնքվող պայամանագրում /վարձակալության, ենթավարձակալության, օտարման, գրավի և այլն/ պարտադիր նշվում է ընդհանուր օգտագործման տարածքների /կոմունալ և օժանդակ հարմարությունների, մուտքի-ելքի և այլ տարածքների/ նկատմամբ օգտագործման պայմանները, համապատասխան իրավունքներով և սահմանափակումներով։ Պայմանագիրը կազմելու համար սեփականատերը նախօրոք դիմում է կադաստր վարող պետական կառավարման լիազոր մարմին, իսկ վերջինս սույն հրահանգի համաձայն կազմում է հատակագիծ՝ համաձայնեցնելով սեփականատիրոջ հետ և սահմանված վճարների դիմաց պայմանագրին կցելու համար այն տրամադրում սեփականատիրոջը։
3. Միևնույն սեփականատիրոջը/երին/ պատկանող ստորաբաժանված շենքի որևէ առանձնացված միավորի նկատմամբ վարձակալության, գրավի և այլ պայմանագրերից /բացառությամբ օտարման պայմանագրերի/ ծագող իրավունքը գրանցվում է նույն գրանցման թերթիկում սահմանված կարգով նշելով առանձնացված միավոր/ներ/ի ծածկագիրը։
Միևնույն սեփականատիրոջը/երին/ պատկանող ստորաբաժանված շենքի որևէ աառանձնացված միավորի օտարման պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցումն իրականացվում է սահմանաված կարգով՝ փոփոխություն կատարելով գրանցման թերթիկում, ձեռքբերողի գույքի և դրա նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացնելով նոր թերթիկում։
4. Անշարժ գույքի միավորի /հողամաս և ամրակայված շենքեր, շինություններ/ կազմում գտնվող որևէ առանձին շենքի, շինության նկատմամբ օգտագործման, վարձակալության /ենթավարձակալության/, գրավի և այլ գործարքների /բացառությամբ օտարման/ դեպքում գրանցման թերթիկի համապատասխան ենթաբաժնի համապատասխան սունյակում իրավունքների պետական գրանցումն իրականացվում է սույն հրահանգով սահմանված կարգով։
Նշված դեպքում անշարժ գույքի օգտագործման, գրավի և այլ գործարքների կնքման համար հողամասի այն մասը, որը զբաղեցված է շենքով, շինությամբ և անհրաժեշտ է դրա օգտագործման համար, նախօրոք չի բաժանվում, այլ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի դեպքում՝ համայնքի վարչական սահմաններում՝ համայնքի ղեկավարի, համայնքի վարչական սահմաններից դուրս՝ վարչակազմի ղեկավարի, իսկ պետական և համայնքային սեփականություն չհանդիսացող հողամասերի դեպքում՝ կադաստր վարող պետական լիազոր մարմնի կողմից՝ սեփականատիրոջ համաձայնեցման մասին նշագրմամբ, կազմվում է հատակագիծ, որում գծվում է հողամասի այն մասը, որը զբաղեցված է շենքով, շինությամբ և անհրաժեշտ է դրա օգտագործման համար։
Սույն կետով նշված դեպքերում նախկինում իրավունքների պետական գրանցում ստացած անշարժ գույքի օգտագործման, վարձակալության /ենթավարձակալության/, գրավի և այլ պայմանագրերից /բացի օտարման/ ծագող իրավունքների պետական գրանցման ժամանակ չափագրվում է միայն գույքի պայմանագրի առարկա հանդիսացող մասը։ Եթե օգտագործման, վարձակալության է տրվում կամ գրավադրվում է իրավունքների պետական գրանցում ստացած գույքը ամբողջությամբ, ապա չափագրման աշխատանքներ չեն իրականացվում և սահմանված վճարներ չեն գանձվում։
6. Անշարժ գույքի միավորի /հողամասի, որը ծանրաբեռնված չէ շենքեր, շինություններով/ որևէ առանձին մասի վարձակալության /ենթավարձակալության/ և այլ գործառույթների /բացառությամբ օտարման և գրավի/ դեպքում հողամասը նախօրոք չի բաժանվում, այլ հողամասի սեփականատիրոջ կողմից սույն հրահանգի 4-րդ կոտով սահմանված կարգով կազմվում է հատակագիծ, որում գծվում է հողամասի այն մասը, որը տրվելու է օգտագործման, վարձակալության /ենթավարձակալության/ և այլն։
7. Եթե օգտագործման, վարձակալության է տրվում կամ գրավ է դրվում ստորաբաժանված շենքի ծավալում գտնվող միավորի կամ անշարժ գույքի օբյեկտի որևէ առանձին միավորի մասը, որը փաստացի բաժանված չէ, ապա սեփականատիրոջ կողմից այն պետք է բաժանվի և որպես առանձնացված միավորներ գրանցվելուց հետո միայն տրամադրվի տեղեկատվություն՝ օգտագործման, վարձակալությամբ տրամադրելու կամ գրավադրելու համար։ Օգտագործման, վարձակալության կամ գրավի պայմանագրերում հստակ պետք է նշված լինի օգտագործման, վարձակալության տրվող կամ գրավ դրվող միավորի ծածկագիրը /համարը/, մակերեսը, իսկ պայմանագրին պետք է կցված լինի օգտագործման, վարձակալության տրվող կամ գրավ դրվող միավորի հատակագիծը։
8. Անշարժ գույքի միավորի կազմում գտնվող որևէ առանձին մասի՝ հողամասի, շենքի, շինության օտարման դեպքում, իրավունքների պետական գրանցման աշխատանքները իրականացվում են օրենքով սահմանված կարգով /,,Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին,, ԼՂՀ օրենքի 39-րդ հոդված/։
9. Ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով գրանցված անշարժ գույքից սեփականատերերի կողմից բաժինները առանձնացնելու դեպքում, գույքի նախօրոք բաժանում և պետական գրանցում չի իրականացվում։
Անշարժ գույքի բաժանման մասին պայմանագիրը նոտարական վավերացման ներկայացնելու համար, պայմանագրին պետք է կցված լինի հատակագիծը, որտեղ հստակ պետք առանձնացված լինեն բաժնեմասերը։