| |
Գրանցված է ԼՂՀ արդարադատության
նախարարությունում
07 մայիսի 2004թ.
Պետական գրանցման թիվ 261
ԼՂՀ արդարադատության նախարար
_________ Ռ. Ք. Հայրապետյան |

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«26» ապրիլի 2004թ. |
N ՔԾԽՈ-7 |
ք.Ստեփանակերտ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետի պահանջներով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը ո ր ո շ ու մ է.
Հաստատել քաղաքացիական ծառայողի էթիկայի կանոնները (հավելված):
|
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ` |
Բ. Ս. ԱՌՈՒՇԱՆՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
քաղաքացիական ծառայության խորհրդի
«26» ապրիլի 2004 թ. N 7 որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԷԹԻԿԱՅԻ
1. Սույնով սահմանվում են քաղաքացիական ծառայողի էթիկայի կանոնները:
2. Քաղաքացիական ծառայողի էթիկայի կանոնները բարոյականության համընդհանուր սկզբունքների վրա հիմնված, քաղաքացիական ծառայողների վարվելակերպի, վարքագծի և փոխհարաբերությունների առանձնահատկությունները կարգավորող նորմեր են:
3. Քաղաքացիական ծառայողը պարտավոր է պահպանել էթիկայի հետևյալ կանոնները.
ա) հարգել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական խորհրդանիշները (դրոշը, զինանշանը, օրհներգը) և պետական լեզուն.
բ) հրապարակայնորեն չընդդիմանալ պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից վարվող քաղաքականությանը.
գ) զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են խոչընդոտել պետական մարմնի աշխատանքները կամ վարկաբեկել և հեղինակազրկել նրան.
դ) ղեկավարվել մարդասիրության, արդարության և ազնվության սկզբունքների վրա հիմնված բարոյական նորմերով.
ե) հարգել մարդու արժանապատվությունը` անկախ նրա ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից.
զ) հավատարիմ մնալ քաղաքացիական ծառայության պաշտոնի առաջին անգամ նշանակվելիս «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված` իր կողմից տրված երդմանը.
է) լինել անաչառ, անկողմնակալ, զուսպ և օրինակելի.
ը) անհարկի չընդգծել իր պաշտոնական դիրքը.
թ) իր բանավոր և գրավոր շփումներում բացառել կոպտության դրսևորումը.
ժ) քաղաքավարի լինել պաշտոնատար անձանց, աշխատողների և ֆիզիկական անձանց հետ.
ժա) իր վարքով նպաստել հասարակության այն համոզմունքի և հավատի ձևավորմանը և պահպանմանը, որ քաղաքացիական ծառայության համակարգը հիմնված է անկողմնակալության, ազնվության և արդյունավետության գաղափարի վրա.
ժբ) խուսափել ցանկացած տեսակի հովանավորչությունից և ծառայության ընթացքում օգտագործել միայն բարոյական միջոցներ` նպատակին հասնելու համար.
ժգ) իր վարքով իրեն կախվածության մեջ չդնել որևէ անձից.
ժդ) խուսափել անհարկի խոստումներից, գիտակցել իր խոսքի արժեքն ու կարևորությունը, տված խոստման հնարավոր բացասական հետևանքները.
ժե) չօգտագործել ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում հայտնի դարձած տեղեկատվությունը` իր անձնական շահերի համար.
ժզ) հարգանքով վերաբերվել այլ ժողովուրդների և ազգերի էթնիկական առանձնահատկություններին, ավանդույթներին և սովորույթներին.
ժէ) պահպանել բարոյական նորմերով սահմանված էթիկայի այլ կանոններ:
4. Սույն էթիկայի կանոնների հերթականությունը չի ընդգծում դրանց առաջնահերթությունը: