Համարը 
N 974-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2013.12.28/26(245)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
28.12.2013
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
28.12.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՂՈՒԿԱՍՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ԱՆՎԱՆ ԱՐՑԱԽԻ ԲԱՐԲԱՌԻ ԵՎ ԱԶԳԱԳՐՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 440 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«28» դեկտեմբերի 2013թ.

N 974-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՂՈՒԿԱՍՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ԱՆՎԱՆ ԱՐՑԱԽԻ ԲԱՐԲԱՌԻ ԵՎ ԱԶԳԱԳՐՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 440 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 62-րդ և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածներով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Ստեղծել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության «Ղուկասյան եղբայրների անվան Արցախի բարբառի և ազգագրության ուսումնասիրման կենտրոն» ոչ կառավարչական հիմնարկ:

2. Հաստատել` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության «Ղուկասյան եղբայրների անվան Արցախի բարբառի և ազգագրության ուսումնասիրման կենտրոնի» կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 23-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը, գույքի կազմն ու չափը հաստատելու մասին» N 440 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.

1) 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված N 1 հավելվածի 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

 «Նախարարության համակարգում ոչ կառավարչական հիմնարկի կարգավիճակով գործում է նախարարության «Ղուկասյան եղբայրների անվան Արցախի բարբառի և ազգագրության ուսումնասիրման կենտրոնը»:».

2) 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված N 1 հավելվածի 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«26. Նախարարության աշխատակազմի գտնվելու վայրն է՝ ք. Շուշի, Հախումյան փողոց, 28»:

4. 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված N 2 հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Ժամանակակից արվեստի և մշակութային կրթության բաժին»:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2013 թվականի դեկտեմբերի 28-ի N 974-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՂՈՒԿԱՍՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ԱՆՎԱՆ ԱՐՑԱԽԻ ԲԱՐԲԱՌԻ ԵՎ ԱԶԳԱԳՐՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ»

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Ղուկասյան եղբայրների անվան Արցախի բարբառի և ազգագրության ուսումնասիրության կենտրոնը» (այսուհետ` Կենտրոն) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության (այսուհետ` Նախարարություն) կազմում գործող ոչ կառավարչական հիմնարկ է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում մատուցում է ծառայություններ բարբառի և ազգագրության ուսումնասիրության բնագավառում` հանդես գալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից:

2. Կենտրոնը ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ: Կենտրոնը գործում է իր կանոնադրության համաձայն, որը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի (այսուհետ` Նախարարի) ներկայացմամբ:

3. Կենտրոնի լիազորությունները սահմանվում են օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով և սույն կանոնադրությամբ:

4. Կենտրոնն իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Կենտրոնն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հիմնադրի անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

6. Կենտրոնն ունի Նախարարության կողմից իրեն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված գույք, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ ու այլ անհատականացման միջոցներ:

7. Հիմնարկի անվանումն է`

1) հայերեն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության «Ղուկասյան եղբայրների անվան Արցախի բարբառի և ազգագրության ուսումնասիրման կենտրոն» ոչ կառավարչական հիմնարկ.

2) ռուսերեն` Неправительственное учреждение «Центр изучения Арцахского диалекта и этнологии имени братьев Гукасян» министерствa культуры и по делам молодежи НКР.

3) անգլերեն` Non governmental establishment «Centre of Study of Artsakh Dialect and Ethnology after Ghoukassyan Brothers» of the Ministry of Culture and Youth Affairs of NKR:

 

II. ԿԵՆՏՐՈՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Կենտրոնի հիմնական խնդիրներն ու գործառույթներն են`

1) Արցախի բարբառի ու ազգագրության, ինչպես նաև ոչ նյութական մշակութային ժառանգության այլ բնագավառների գիտական ուսումնասիրությունը.

2) գիտահետազոտական ուսումնասիրություններից ստացված արդյունքների արդյունավետ օգտագործումը տեղեկատվական և գաղափարախոսական հարթություններում.

3) ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման և ուսումնասիրության կարևորագույն խնդիրների առաջադրումը և լուծումը.

4) տաղանդավոր երիտասարդ գիտնականների ստեղծագործական աճին աջակցումը.

5) բարձր որակավորման գիտական կադրերի պատրաստման աջակցումը.

6) գիտական հետազոտությունների անցկացման, հետազոտական աշխատանքների համուղղումն ու աջակցումը.

7) բոլոր տեսակի հետազոտական աշխատանքների կոորդինացումը և անհրաժեշտ ծրագրերի մշակումը` ուղղված Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգության ուսումնասիրությանն առնչվող խնդիրների լուծմանը.

8) Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգության ուսումնասիրության վիճակի ու զարգացման վերլուծությունը.

9) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և արտերկրի հայագիտական կենտրոնների հետ համագործակցության հստակեցումը և ընդլայնումը, համատեղ գիտահետազոտական ծրագրերի մշակումը և իրականացումը.

10) Արցախի բարբառին, բանահյուսությանը, ազգագրությանը և այլ բնագավառներին նվիրված գիտաժողովների, գիտական կոնֆերանսների և սեմինարների անցկացումը.

11) բարբառագիտական, բանահյուսական, ազգագրական և այլ բնույթի գիտական արշավախմբերի կազմակերպում, նյութերի հավաքագրումը և հրատարակումը.

12) ոչ նյութական մշակութային ժառանգության տպագիր և ձեռագիր աշխատանքների ձեռքբերումը և համապատասխան գրադարանի ու ձեռագրատան հիմնադրումը.

13) էլեկտրոնային գրադարանի և ինտերնետային կայքերի ստեղծումը:

 

III. ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

9. Կենտրոնը կառավարում և նրա գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Նախարարը:

10. Կենտրոնի անմիջական ղեկավարումն իրականացնում է Կենտրոնի տնօրենը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է Նախարարի հրամանով: Կենտրոնի տնօրենն անմիջականորեն ենթակա և հաշվետու է Նախարարին:

11. Կենտրոնի տնօրենն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, Նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, Նախարարի գերատեսչական իրավական ակտերով, ինչպես նաև այլ իրավական ակտերով ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

Նախարարը օրենքով և նախարարության կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում Կենտրոնի տնօրենի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը հակասող հանձնարարականները, կարգադրություններն ու ցուցումները:

12. Կենտրոնի տնօրենը`

1) իր իրավասությունների սահմաններում իրականացնում է Կենտրոնի ընթացիկ գործունեության ղեկավարումը և լրիվ պատասխանատվություն է կրում Կենտրոնի աշխատանքի արդյունքների համար.

2) հանդես է գալիս Կենտրոնի անունից, ներկայացնում է նրա շահերը և կնքում գործարքներ.

3) տալիս է Կենտրոնի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրահանգներ, տալիս կատարման համար ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

5) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.

6) կազմակերպում է Կենտրոնի գիտական խորհրդի, ինչպես նաև աշխատակազմի բնականոն աշխատանքը.

7) հրավիրում է գիտական խորհրդի նիստեր.

8) տարեկան հաշվետվություն և առաջարկություններ է ներկայացնում Նախարարին.

9) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և սույն կանոնադրությունից բխող այլ լիազորություններ:

10) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների ու կազմակերպությունների հետ:

13. Կենտրոնի տնօրենի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինելու հարցը կարգավորվում է Նախարարի հրամանով:

14. Կենտրոնի գիտական խորհուրդը կոլեգիալ կառավարման մարմին է, որը լուծում է Կենտրոնի գիտահետազոտական գործունեության կազմակերպման, պլանավորման և կառավարման հիմնահարցերը:

15. Գիտական խորհուրդը կազմված է առնվազն 9 անդամից: Ի պաշտոնե գիտական խորհրդի նախագահն է հանդիսանում Կենտրոնի տնօրենը: Խորհրդի անդամներ կարող են լինել Նախարարը, Նախարարի տեղակալը (տեղակալները), ոչ նյութական մշակույթի բնագավառների գիտնականներ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, Հայաստանի Հանրապետությունից և արտերկրից: Գիտական խորհրդի կազմի առնվազն 50 տոկոսը պետք է ունենա գիտական աստիճան կամ կոչում:

16. Գիտական խորհրդի կազմը Կենտրոնի տնօրենի առաջադրմամբ հաստատում է Նախարարը` հինգ տարի ժամկետով:

17. Գիտական խորհուրդը`

1) մշակում, քննարկում և որոշում է Կենտրոնի ընթացիկ և երկարաժամկետ, գլխավոր և հեռանկարային գիտական գործունեության ուղղություններն ու դրանց կատարման ժամանակացույցը.

2) լսում և հաստատում է Կենտրոնում կատարվող գիտահետազոտական աշխատանքների հաշվետվությունները.

3) գնահատում և հրատարակման է երաշխավորում ավարտված աշխատանքների արդյունքները.

4) առաջարկություն է ներկայացնում Նախարարին` Կենտրոնի կազմում ստեղծել ստորաբաժանումներ.

5) քննարկում և հաստատում է գիտաժողովների, գիտական կոնֆերանսների, սեմինարների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և արտերկրի հայագիտական կենտրոնների հետ համագործակցության ծրագրեր.

6) քննարկում և առաջարկություն է ներկայացնում Նախարարին սույն կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։

18. Գիտական խորհրդի արձանագրությունները և որոշումները ստորագրում են խորհրդի նախագահը և քարտուղարը:

19. Խորհրդի քարտուղարն արձանագրում է խորհրդի նիստը, կազմակերպում խորհրդի գործավարությունը:

20. Խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հրավիրված անձինք:

 

IV. ԿԵՆՏՐՈՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

21. Կենտրոնի ֆինանսական միջոցների գոյացման աղբյուրներն են՝

1) նախարարության տարեկան ծրագրով նախատեսվող հատկացումները.

2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և արտերկրյա պետությունների իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից կատարված բարեգործական հատկացումները և նվիրատվությունները.

3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ