Համարը 
N 216
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
20.08.2002
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
20.08.2002
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.10.2002
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍԽԵՄԱՆԵՐ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

”20” օգոստոսի 2002թ.

N 216

ք.Ստեփանակերտ

 

Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու մասին

(վերնագիրը խմբ. 28.06.2005 N 302)

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա/ (ենթակետն ուժը կորցրել է 28.06.2005 N 302)

բ/ հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը /կցվում է/:

(1-ին կետը փոփ. 28.06.2005 N 302)

2. Սահմանել, որ մինչև հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաներ կազմելը` հողերի օտարման ու օգտագործման տրամադրման համար կազմվում են հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ:

(2-րդ կետը փոփ. 28.06.2005 N 302)

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարներին` 10-օրյա ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին տրամադրել այն համայնքների ցանկերը, որոնց համար նախատեսվում է առաջնահերթ կարգով կազմել հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` սույն որոշման 3-րդ կետում նշված ցանկերն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարներին տրամադրել անհրաժեշտ հանութային նյութեր /կադաստրային քարտեզներ կամ հողօգտագործման հատակագծեր/` հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու համար:

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարներին` եռամսյա ժամկետում ապահովել շրջանի համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների առաջնահերթ կազմումը և դրանք ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն:

6. Թույլատրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին հանութային նյութերի տպագրության /բազմացման/ աշխատանքներն իրականացնել «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով:

(6-րդ կետը լրաց. 28.06.2005 N 302)

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հոկտեմբերի 1-ից:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. Դանիելյան 

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

2002թ. օգոստոսի 20-ի

թիվ 216 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

հողերի օգտագործման սխեմաներ կազմելու

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգը սահմանում է հողերի օգտագործման սխեմաների /այսուհետև` սխեմա/ մշակման տեխնիկական առաջադրանքի կազմման, սխեմաների համաձայնեցման ու հաստատման կարգը, ինչպես նաև սխեմաների տեքստային և գրաֆիկական մասերին ներկայացվող հիմնական պահանջները:

2. Սխեման հողաշինարարական փաստաթուղթ է, որը ներառում է հողամասերի բաշխումն ըստ նպատակային նշանակության և հողատեսքերի, հիմնավորում յուրաքանչյուր հողամասի արդյունավետ օգտագործման ուղղությունները, հողերի գոտիավորումն ըստ գյուղատնտեսական, քաղաքաշինական, բնապահպանական և պատմամշակութային նշանակության, նոր հողամասերի յուրացման, բարելավման հնարավորությունները, բնակավայրերի ընդլայնման ուղղությունները և սահմանում պետական պահուստային ֆոնդի հողերը, հողային ռեսուրսների տրամադրման ծավալները, ուղղություններն ու հերթականությունը, հողամասերի միավորման, բաժանման հնարավորությունները:

3. Համայնքների վարչական սահմաններում ընդգրկված հողերի համար սխեման մշակվում է համայնքի ղեկավարի պատվերով` համայնքի բյուջեի միջոցների հաշվին, համայնքների վարչական սահմաններից դուրս` շրջանի սահմաններում ընդգրկված հողերի համար` վարչակազմի ղեկավարի պատվերով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

4. Սխեմայի մշակման համար որպես հանութային հիմք օգտագործվում են կադաստրային հանույթները, քարտեզները /դրանց առկայության դեպքում/, հողօգտագործման հատակագծերը, տեղագրական հանույթները:

5. Սխեման կազմելիս հաշվի են առնվում նախկինում մշակված հողաշինարարական ու քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերում ներառված և գործող նորմատիվ իրավական ակտերին չհակասող դրույթները:

 

II. Սխեմայի մշակման տեխնիկական առաջադրանքը

 

6. Սխեման մշակվում է համայնքի ղեկավարի, Ստեփանակերտի քաղաքապետի, շրջանի վարչակազմի ղեկավարի կողմից կազմված տեխնիկական առաջադրանքի /այսուհետև` առաջադրանք/ հիման վրա:

7. Համայնքի /Ստեփանակերտ քաղաքի/ համար կազմված առաջադրանքում նշվում են`

ա/ համայնքի /Ստեփանակերտ քաղաքի/ անվանումը, հիմնական ցուցանիշները /տարածքը, հողային ֆոնդի փաստացի բաշխումը, բնակչության թիվը, զարգացման հիմնական հեռանկարները/.

բ/ տվյալներ նախկինում մշակված հողաշինարարական և քաղաքաշինական /շրջանային հատակագծման նախագծեր, բնակավայրերի գլխավոր հատակագծեր/ ծրագրային փաստաթղթերի մասին /մշակման ու հաստատման տարեթվերը, մշակող կազմակերպության անվանումը/.

գ/ տվյալներ նախկինում իրականացված տեղագրական հանույթների, ինժեներաերկրաբանական, երկրաբուսաբանական, հողագիտական հետազոտությունների մասին /իրականացման տարեթվերը, կատարող կազմակերպությունները/.

դ/ բնակավայրի /բնակավայրերի/ տարածքային զարգացման /ընդլայնման/ հիմնական ուղղությունները.

ե/ հողերի օգտագործման նկատմամբ գյուղատնտեսական, բնապահպանական, քաղաքաշինական, պատմամշակութային և այլ սահմանափակումները, հատուկ կարգավորման դրույթները.

զ/ հողերի պահպանությանը ներկայացվող պահանջները.

է/ սխեմայի գրաֆիկական ու տեքստային մասերին ներկայացվող հիմնական պահանջները /գծագրերի քանակը` համապատասխան մասշտաբներով, տեքստային մասի կազմը և ծավալը/.

ը/ հողամասերի միավորման, բաժանման, դրանց նպատակային նշանակության փոփոխման և հեռանկարային օգտագործման վերաբերյալ կանխատեսումները /առաջարկությունները/.

թ/ նոր հողերի յուրացման, բարելավման, կուլտուր-տեխնիկական և այլ միջոցառումների իրականացման հնարավորությունները:

Համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի համար կազմված առաջադրանքում նշվում են հողերի նպատակային նշանակությունը, հողատեսքերը, ինչպես նաև սույն կետի «գ», «ե», «զ», «է», «ը» և «թ» ենթակետերում նշված տվյալները:

8. Համայնքի ղեկավարի կողմից մշակված և համայնքի ավագանու հավանությանն արժանացած առաջադրանքի նախագիծը ներկայացվում է վարչակազմի ղեկավարին:

9. Հաստատված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների փոփոխությունները կատարվում են սույն կարգին համապատասխան:

(9-րդ կետը խմբ. 28.06.2005 N 302)

10. Համայնքի ղեկավարը լրամշակված նախագիծն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով համայնքի բնակչությանն իրազեկում է դրա հասարակական քննարկման օրվա և ժամի, ինչպես նաև մինչև քննարկումն առաջադրանքի բովանդակությանը ծանոթանալու հնարավորության մասին:

Քննարկումը կարող է նշանակվել դրա մասին իրազեկման օրվանից ոչ շուտ, քան 10 օր անց` 10-օրյա ժամկետում:

Ստեփանակերտի քաղաքապետը մինչև առաջադրանքի նախագծի հասարակական քննարկում կազմակերպելն այն քննարկում է Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու նիստում:

11. Առաջադրանքի նախագծի մասին հասարակությանն իրազեկման օրվանից այն փակցվում է համայնքի բնակչության համար տեսանելի վայրում /վայրերում/ և հրապարակվում մամուլում` նախապես ծանոթանալու համար:

12. Համայնքի բնակիչները կարող են մինչև քննարկման օրը համայնքի ղեկավարին /Ստեփանակերտում` Ստեփանակերտի քաղաքապետին/ ներկայացնել առաջադրանքի նախագծի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ` անհրաժեշտ հիմնավորումներով:

13. Համայնքի ղեկավարն առաջադրանքի նախագծի հասարակական քննարկման արդյունքում արված դիտողությունների և առաջարկությունների հիման վրա 10-օրյա ժամկետում լրամշակում է առաջադրանքի նախագիծը և այն հաստատում համայնքի ավագանու հավանությանն արժանանալուց հետո:

Վարչակազմի ղեկավարը /Ստեփանակերտում` Ստեփանակերտի քաղաքապետը/ առաջադրանքի նախագիծը լրամշակելուց հետո 10-օրյա ժամկետում հաստատում է այն:

 

III. Սխեմայի մշակումը, համաձայնեցումն ու հաստատումը

 

14. Համայնքի ղեկավարը, Ստեփանակերտի քաղաքապետը և վարչակազմի ղեկավարը, առաջադրանքի նախագծի լրամշակված տարբերակը հաստատելուց հետո, սահմանված կարգով ընտրված կապալառուի հետ կնքում են սխեմայի մշակման պայմանագիր:

15. Սխեմայի կազմին ու բովանդակությանը ներկայացվող հիմնական պահանջները տրված են սույն կարգի հավելվածում:

16. Սխեմայի նկատմամբ տեխնիկական պահանջներն ու չափանիշները սահմանում են իրավասու պետական մարմինները /Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնության պահպանության վարչություն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության /բաժանմունք/:

17. Կապալառուն սխեմայի մշակման աշխատանքներն ավարտելուց հետո այն ներկայացնում է համայնքի ղեկավարին, վարչակազմի ղեկավարին /Ստեփանակերտի քաղաքապետին/:

18. Համայնքի ղեկավարը սխեման ստանալուց հետո 10-օրյա ժամկետում կազմակերպում է դրա քննարկումը համայնքի ավագանու նիստում և այն հավանության արժանանալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնում վարչակազմի ղեկավարին` համաձայնեցման:

19. Վարչակազմը /Ստեփանակերտի քաղաքապետը/ սխեման ստանալուց հետո այն համաձայնեցնում է շահագրգիռ պետական մարմինների հետ և իր եզրակացության հետ միասին ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն:

20. Համայնքների վարչական սահմաններում ընդգրկված հողերի համար սխեման մշակվում է 3 բնօրինակից, որոնցից մեկական օրինակը մնում է վարչակազմում, համայնքի ղեկավարի և կապալառուի մոտ: Համայնքների վարչական սահմաններից դուրս` շրջանի տարածքում ընդգրկված հողերի համար սխեման մշակվում է 2 բնօրինակից, որոնցից մեկական օրինակը մնում է վարչակազմում և կապալառուի մոտ:

21. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը հաստատում է` սխեմայի գրաֆիկական մասից` հիմնական գծագիրը, որի վրա արտացոլվում են սույն կարգի հավելվածի 3-րդ կետի «ա», «բ», «գ» և «դ» ենթակետերով սահմանված պահանջները, իսկ տեքստային մասից` համայնքի հողերի փաստացի բաշխումն ըստ նպատակային նշանակության և հողատեսքերի, պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարման և օգտագործման տրամադրման հերթականությունն ու ծավալները` համապատասխան աղյուսակների տեսքով:

22. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հիմնական գծագրի և աղյուսակների պատճենները տրամադրվում են շահագրգիռ պետական մարմիններին:

23. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից հաստատված սխեման համայնքի վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող` գյուղատնտեսական և այլ նշանակության հողերի օգտագործումը կարգավորող հիմնական հողաշինարարական ծրագրային փաստաթուղթ է:

24. Պետական սեփականություն հանդիսացող հողերն օտարվում և օգտագործման տրամադրվում են սխեմաներին համապատասխան ու դրանց հիման վրա` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

25. Պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օգտագործման ցանկացած փոփոխություն, որն արտացոլված չէ հողերի օգտագործման սխեմայում, կարող է կատարվել միայն սույն կարգին համապատասխան սխեման փոփոխելուց հետո:

26. Համայնքի ղեկավարը սահմանված կարգով ապահովում է սխեմայի համաձայն քաղաքաշինական գործունեություն ծավալելու համար նախատեսված տարածքների մանրամասն հատակագծման կամ կառուցապատման նախագծերի մշակումը, իսկ գյուղատնտեսական նշանակության հողերի համար` հողաբաժանման գծագրերի նախապատրաստումը:

27. Պետական սեփականություն հանդիսացող հողերը սխեմայով նախատեսված հերթականությամբ օտարելու կամ օգտագործման տրամադրելու արդյունքում կատարվում են դրանց նպատակային նշանակության փոփոխություններ, որոնք սահմանված կարգով ընդգրկվում են համայնքի /շրջանի/ հողերի առկայության և բաշխման մասին հաշվետվության /հողային հաշվեկշռի/ մեջ և ներկայացվում վարչակազմի ղեկավարին:

28. Սխեմաների համաձայնեցման ժամանակ ծագող վեճերը լուծվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

 

Հավելված

հողերի օգտագործման սխեմաներ

կազմելու կարգի

 

Հողերի օգտագործման սխեմայի կազմին ու բովանդակությանը ներկայացվող հիմնական պահանջները

 

1. Հողերի օգտագործման սխեման բաղկացած է գրաֆիկական ու տեքստային մասերից:

2. Գրաֆիկական մասի հիմնական գծագիրը /գծագրերը/ ներկայացվում է /են/ համաձայն տեխնիկական առաջադրանքի:

3. Գրաֆիկական մասի /մասերի/ վրա ցույց են տրվում`

ա/ հողամասերի փաստացի և հեռանկարային բաշխումն ըստ նպատակային նշանակության և հողատեսքերի.

բ/ հողամասերի օգտագործման նկատմամբ բնապահպանական, քաղաքաշինական, սեյսմապաշտպանական, գյուղատնտեսական, պատմամշակութային սահմանափակումներ, հատուկ կարգավորման դրույթներ նախատեսող տարածքների սահմանները` դրանց տարբերակող նշաններով.

գ/ բնակավայրի /բնակավայրերի/ տարածքային զարգացման /ընդլայնման/ ուղղություններն ու հողերի յուրացման հերթականությունը.

դ/ պետական սեփականություն հանդիսացող հողերի օգտագործման ուղղությունները, դրանց օտարման հերթականությունն ու ծավալները.

ե/ հողերի գոտիավորումն ըստ գյուղատնտեսական, բնապահպանական, քաղաքաշինական, պատմամշակութային արժեքի.

զ/ ինժեներատրանսպորտային հիմնական ենթակառուցվածքներն ու դրանց զարգացման ուղղությունները:

4. Տեքստային մասում նշվում են`

ա/ սխեմայի մշակման հիմքերն ու ելակետային տվյալները, դրանք տրամադրած մարմիններն ու կազմակերպությունները.

բ/ նախկինում մշակված հողաշինարարական և քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի հետ փոխադարձ կապը /դրանց առկայության դեպքում/.

գ/ գյուղատնտեսական, բնապահպանական, քաղաքաշինական, սեյսմապաշտպանական, պատմամշակութային սահմանափակումների բնույթը, համապատասխան սահմանափակումներ նախատեսող տարածքների սահմանների նկարագիրը.

դ/ գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման, բարելավման, պահպանման, արդյունավետության բարձրացման միջոցառումները.

ե/ բնակավայրի /բնակավայրերի/ տարածքային զարգացման /ընդլայնման/ կամ սահմանափակման հիմնավորումները.

զ/ պետական սեփականություն հանդիսացող հողերի նպատակային նշանակության փոփոխման հիմնավորումները.

է/ համայնքներին սեփականության իրավունքով հողամասերի փոխանցման հիմնավորումները.

ը/ նոր հողերի յուրացման, բարելավման, կուլտուր-տեխնիկական, ինչպես նաև հողերի և շրջակա միջավայրի պահպանության միջոցառումները:

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

2002թ. օգոստոսի 20-ի

թիվ 216 որոշմամբ

 

ԿԱՐԳ

հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու

 

1. Հողերի օգտագործման ժամանակավոր սխեման /այսուհետև` ժամանակավոր սխեմա/ կազմվում է պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումը և օգտագործման տրամադրումը կանոնակարգելու նպատակով` 2002-2005 թվականների համար:

2. Ժամանակավոր սխեման կազմվում է կադաստրային քարտեզների, տեղագրական հանույթների, դրանց բացակայության դեպքում` հողօգտագործման հատակագծերի հիման վրա, համայնքի վարչական սահմաններում ընդգրկված հողերի համար` 1:500, 1:1000, 1:2000, 1:5000 և 1:10000 մասշտաբներով, իսկ համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի համար` 1:10000, 1:25000, 1:50000 մասշտաբներով:

3. Ժամանակավոր սխեմաների կազմման աշխատանքները համակարգելու նպատակով կարող են ստեղծվել հանձնաժողովներ` վարչակազմերի ղեկավարների գլխավորությամբ, որոնց կազմում կարող են ընդգրկվել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչները:

Հանձնաժողովները` համայնքների ղեկավարների հետ միասին, կադաստրային քարտեզների, տեղագրական հանույթների, դրանց բացակայության դեպքում` հողօգտագործման հատակագծերի վրա համայնքների վարչական սահմաններում ընդգրկված, պետական սեփականություն հանդիսացող հողերից առանձնացնում են հողատարածքներ` օտարման և օգտագործման տրամադրելու նպատակով`

ա/ գյուղատնտեսական գործունեության համար,

բ/ բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերի ու շինությունների կառուցման համար:

Առանձնացված հողատարածքներին տրվում են առանձին համարներ` նշելով օգտագործման տրամադրելու նպատակը, տարածքը /հեկտար/ և հողատեսքերի կազմը:

4. Կազմված գրաֆիկական նյութերին կցվում են տեքստային նյութեր, որոնցում նշվում են`

ա/ ժամանակավոր սխեմայով նախատեսված տարածքի պետական սեփականություն հանդիսացող հողերի կազմի և առկայության մասին տեղեկություններ,

բ/ տրամադրվող հողերի տարեկան ծավալներն ըստ օգտագործման և գործառնական նշանակության,

գ/ օտարման ենթակա հողամասերը` գյուղատնտեսական գործունեության, որպես տնամերձ կամ բնակելի տան կառուցման և սպասարկման համար, օտարման ենթակա հողամասերի չափը, հերթականությունը,

դ/ գյուղատնտեսական գործունեության, բնակելի, հասարակական և արտադրական նպատակներով օգտագործման տրամադրվող հողատարածքի չափը, հերթականությունը.

ե/ օտարման ենթակա հողամասերի մեկնարկային գինը, վարձավճարների մրցութային մեկնարկային արժեքն ըստ հողատեսքերի,

զ/ նոր հողերի յուրացման, բարելավման, կուլտուր-տեխնիկական, ինչպես նաև հողերի և շրջակա միջավայրի պահպանության միջոցառումները,

է/ հողերի օգտագործման նկատմամբ գյուղատնտեսական, քաղաքաշինական, բնապահպանական, պատմական միջավայրի պահպանության սահմանափակումների բնույթը, պահպանման գոտիներ նախատեսող տարածքների սահմանների նկարագիրը,

ը/ այլ լրացուցիչ միջոցառումներ:

5. Համայնքի վարչական սահմաններում ընդգրկված տարածքների համար կազմված տեքստային և գրաֆիկական նյութերը համայնքի ավագանու կողմից, իսկ համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքների համար կազմվածները` վարչակազմի ղեկավարի կողմից հավանության արժանանալուց հետո, վարչակազմի ղեկավարը դրանք, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարարի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնության պահպանության վարչության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության հետ սահմանված կարգով համաձայնեցնելուց հետո, իր եզրակացության հետ միասին ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն:

6. Ստեփանակերտ քաղաքապետը Ստեփանակերտ քաղաքի համար կազմված տեքստային և գրաֆիկական նյութերը, Ստեփանակերտի խորհրդի կողմից հավանության արժանանալուց հետո, համաձայնեցնում է սույն կարգի 5-րդ կետում նշված պետական մարմինների հետ և ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն:

7. Համայնքի ղեկավարը, Ստեփանակերտի քաղաքապետը և վարչակազմի ղեկավարը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից ժամանակավոր սխեման հաստատվելուց հետո, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում են հողերի օտարումը կամ օգտագործման տրամադրումը` փոփոխելով ժամանակավոր սխեմայով նախատեսված հողերի նպատակային նշանակությունը:

8. Հաստատված ժամանակավոր սխեմաների հիման վրա սահմանված կարգով կազմվում է` բնակելի, հասարակական, արտադրական նշանակության հողերի համար` մանրամասն հատակագծման կամ կառուցապատման նախագիծ, իսկ գյուղատնտեսական նշանակության հողերի համար` հողաբաժանման հատակագիծ:

Համայնքների ղեկավարները և վարչակազմի ղեկավարները տարվա ընթացքում սահմանված կարգով օտարված, օգտագործման տրամադրված հողերի, կատարված հողահատկացումների և հողերի ընթացիկ հաշվառման տվյալների հիման վրա հողային հաշվեկշռում կատարում են փոփոխություններ:

9. Ցանկացած նոր հողահատկացում, որը չի համապատասխանում ժամանակավոր սխեմային, կարող է իրականացվել միայն սույն կարգին համապատասխան ժամանակավոր սխեման փոփոխելուց հետո: