| |
Գրանցված է
ԼՂՀ արդարադատության նախարարության կողմից 03 հոկտեմբերի 2005թ.
Գրանցման համարը 483 |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարար
|
03 հոկտեմբերի 2005թ. |
N 202 |
ք.Ստեփանակերտ
Հ Ր Ա Մ Ա Ն
Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման կարգը հաստատելու մասին
Ղեկավարվելով «Նոտարիատի մասին» ԼՂՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ `
1. Հաստատել նոտարների թեկնածուների որակավորման ստուգման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ գործող նոտարների որակավորումն իրականացվում է սույն հրամանով հաստատված կարգի համաձայն:
| |
Հավելված
ԼՂՀ արդարադատության նախարարի
2005 թվականի հոկտեմբերի 3-ի
թիվ 202 հրամանի |
Կ Ա Ր Գ
նոտարների թեկնածուների որակավորման ստուգման
1. Նոտարի որակավորման ստուգումն իրականացվում է նոտարի թափուր պաշտոնը զբաղեցնելու, նոտարների թեկնածուների ռեզերվ ստեղծելու, ինչպես նաև գործող նոտարների մասնագիտական գիտելիքների ստուգման նպատակով:
Նոտարի որակավորման ստուգման /այսուհետ` որակավորման ստուգում/ համար կարող է դիմել ԼՂՀ գործունակ յուրաքանչյուր քաղաքացի, որն ունի բարձրագույն իրավաբանական կրթություն, չունի դատվածություն:
2. Որակավորման ստուգումները կազմակերպվում են երկու տարին մեկ անգամ: ԼՂՀ արդարադատության նախարարի հրամանով կարող են կազմակերպվել արտահերթ որակավորման ստուգման աշխատանքներ: Որակավորման ստուգում անցկացնելու մասին (բացառությամբ գործող նոտարների որակավորման ստուգման) զանգվածային լրատվության միջոցներով հայտնվում է որակավորման ստուգման օրվանից ոչ ուշ, քան 20 օր առաջ: Որակավորման ստուգման մասին տեղեկատվության մեջ նշվում է ստուգման համար համապատասխան փաստաթղթերը ներկայացնելու վերջին ժամկետը և վայրը:
3. Դիմողը որակավորման ստուգման համար ԼՂՀ արդարադատության նախարարություն է ներկայացնում`
ա/ դիմում, որտեղ պետք է նշվեն`
դիմողի անունը, ազգանունը և հայրանունը /անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում/,
դիմողի բնակության վայրը, հեռախոսահամարը,
բ/ 2 գունավոր լուսանկար`4 x 6 չափսի,
գ/ անձնագիր,
դ/ բարձրագույն իրավաբանական կրթության վկայականի /դիպլոմի/ պատճենը,
ե/ որակավորման ստուգման համար օրենքով սահմանված չափով վճարված պետական տուրքի անդորրագիրը:
Գործող նոտարները չեն ներկայացնում սույն կետի «գ», «դ» և «ե» ենթակետերում նշված փաստաթղթերը:
Սույն կետի «ա», «բ», «դ» և «ե» ենթակետերում նշված փաստաթղթերից կազմված` դիմողների անձնական գործերը վերցվում են հաշվառման և պահվում ԼՂՀ արդարադատության նախարարությունում:
4. Որակավորման ստուգումն իրականացնում է ԼՂՀ արդարադատության նախարարի կողմից ստեղծված հանձնաժողովը /այսուհետ` հանձնաժողով/:
5. Հանձնաժողովը`
ա/ կազմակերպում է դիմողների որակավորման ստուգման աշխատանքները.
բ/ ընտրում է որակավորման ստուգման համար մշակված հարցերը և խնդիրները, որոնք ենթակա չեն հրապարակման.
գ/ որոշում է որակավորման ստուգման վայրը, ժամանակը և դրանց մասին օրենքով նախատեսված ժամկետներում հայտնում դիմողներին.
դ/ կարգավորում է որակավորումն ստուգող հանձնաժողովի գործունեությանն առնչվող հարցերը.
ե/ քննում է դիմողների բողոքները` կապված որակավորման ստուգման կազմակերպման հետ.
զ/ ընդունում է որակավորման ստուգման կազմակերպման հետ կապված այլ որոշումներ.
է/ իրականացնում է սույն կարգով սահմանված այլ լիազորություններ:
6. Հանձնաժողովի նախագահը`
ա/ ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները, հրավիրում և վարում է հանձնաժողովի նիստերը.
բ/ իրականացնում է հսկողություն որակավորման ստուգման ընթացքի նկատմամբ.
գ/ կազմում է որակավորման ստուգման հարցերը և խնդիրները.
դ/ իրականացնում է սույն կարգով նախատեսված այլ լիազորություններ:
7. Որակավորման ստուգման անցկացման օրվա, ժամի և տեղի, ինչպես նաև հարցերի և խնդիրների քանակի ու դրանց լուծման համար նախատեսված ժամկետի մասին որակավորման ստուգման համար դիմում ներկայացրած անձը հանձնաժողովի կողմից պատշաճ ձևով տեղեկացվում է ստուգումից առնվազն յոթ օր առաջ:
8. Որակավորման ստուգումն անցկացվում է հայերենով, գրավոր և դռնբաց: Որակավորման ստուգման ընթացակարգը կարող է տեսագրվել, նկարահանվել կամ ձայնագրվել:
9. Որակավորման ստուգման նպատակն է ստուգել դիմողների` նոտարական գործողություններ կատարելու համար անհրաժեշտ գիտելիքները:
10. Դիմողի գիտելիքների ստուգման նպատակով նրան տրվում է նոտարական գործունեությանն ու գործողություններին առնչվող հարցեր և խնդիրներ: Դիմողը խնդիրների լուծմանն է անցնում հարցերի գրավոր պատասխանները հանձնաժողովի նախագահին հանձնելուց հետո: Խնդիրները լուծելիս դիմողը իրավունք ունի օգտվելու գրքերից, տեղեկագրերից, այլ փաստաթղթերից և համակարգչային տեխնիկայից: Որակավորման ստուգման ժամանակ արգելվում է օգտվել հեռահաղորդակցության միջոցներից:
11. Հարցերի և խնդիրների լուծման ճշտությունը ստուգում է հանձնաժողովը:
12. Որակավորման ստուգման արդյունքները գնահատում է հանձնաժողովը: Որակավորման ստուգման արդյունքները գնահատվում է 20 միավորային համակարգով: Դրական են համարվում 10 և բարձր միավորները:
Որակավորման ստուգման համար տրվում է 4 հարց և 2 խնդիր, որոնց լուծման համար տրվում է 4 ժամ ժամանակ:
Հարցը գնահատվում է 2.5 իսկ խնդիրը` 5 միավորային համակարգով:
Որակավորման ստուգում չանցած է համարվում այն դիմողը, որի կողմից խնդրի սխալ լուծման արդյունքում վավերացման կամ հաստատման ենթակա է համարվել օրենքով առ ոչինչ կամ չկնքված համարվող իրավական փաստաթուղթը:
13. Որակավորման ստուգման ընթացակարգը չի կարող տևել մեկ շաբթից ավելի, որը չի ներառում բողոքարկման գործընթացը:
14. Ստուգումների արդյունքների մասին որակավորվող անձը պատշաճ ձևով տեղեկացվում է, կամ դրանք նրան են ուղարկվում ոչ ուշ, քան ստուգումների ավարտի օրվան հաջորդող 5 օրվա ընթացքում:
15. Որակավորման ստուգմանը չներկայացած դիմողները զրկվում են տվյալ ստուգմանը մասնակցելու իրավունքից: Նրանք իրավունք ունեն մասնակցելու հաջորդ ստուգմանը:
Որակավորման ստուգմանը մասնակցելուց հրաժարված դիմողներին վերադարձվում են նրանց կողմից ներկայացված փաստաթղթերը` բացի դիմումից:
16. Որակավորման ստուգման արդյունքները կարող են բողոքարկվել դատական կարգով` դրանք ստանալուց հետո 10 օրվա ընթացքում:
17. Դրական միավորներ ստացած անձանց որակավորման ստուգման օրվան հաջորդող 10 օրվա ընթացքում տրվում է որակավորման վկայականներ:
18. Որակավորման վկայականում նշվում են`
ա/ որակավորման վկայական տվող մարմնի անվանումը,
բ/ որակավորման վկայականի համարը,
գ/ որակավորման վկայականը տալու օրը, ամիսը, տարեթիվը,
դ/ որակավորման ստուգում անցած անձի անունը, ազգանունը և հայրանունը /անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում/,
ե/ որակավորման վկայականն ուժի մեջ լինելու ժամկետը:
Որակավորման վկայականի վրա փակցվում է ստուգում անցած անձի լուսանկարը: Որակավորման վկայականը վավերացվում է ԼՂՀ արդարադատության նախարարի ստորագրությամբ և ԼՂՀ արդարադատության նախարարության` ԼՂՀ զինանշանի պատկերով կնիքով:
Նոտարի պաշտոնում չնշանակված անձանց համար որակավորման ստուգման համար դրական արդյունքներն իրենց ուժը պահպանում են 5 տարի ժամկետով:
19. ԼՂՀ արդարադատության նախարարության կողմից վարվում են որակավորման վկայական ստացած անձանց գրանցամատյան, որտեղ պետք է նշվեն`
ա/ որակավորման վկայականի համարը,
բ/ որակավորման վկայականը տալու օրը, ամիսը, տարեթիվը,
գ/ որակավորման ստուգում անցած անձի անունը, ազգանունը և հայրանունը /անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում/,
դ/ որակավորման վկայականն ուժի մեջ մտնելու ժամկետը,
ե/ որակավորման վկայական ստացած անձի բնակության վայրը,
զ/ տեղեկություններ որակավորման վկայականի վերաձևակերպման մասին:
Գրանցամատյանի բոլոր էջերը համարակալվում են, իսկ գրանցամատյանը կնքվում է ԼՂՀ արդարադատության նախարարության կնիքով:
20. Որակավորման վկայականը տրվում է 1 օրինակից: Որակավորման վկայականի կորստի /կորցնելու, ոչնչացնելու և այլն/ դեպքում անձը դրա մասին դիմում է ներկայացնում ԼՂՀ արդարադատության նախարարություն և տալիս հայտարարություն զանգվածային լրատվության միջոցներով:
ԼՂՀ արդարադատության նախարարությունը կորած վկայականի կրկնօրինակը դիմողին տալիս է զանգվածային լրատվության միջոցով հայտարարության հրապարակման օրվանից 15 օր հետո` 3 օրվա ընթացքում:
21. Որակավորման վկայականն օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում անձը ԼՂՀ արդարադատության նախարարություն է ներկայացնում դիմում` վկայականի կրկնօրինակը ստանալու համար:
ԼՂՀ արդարադատության նախարարությունը ոչ պիտանի դարձած վկայականի կրկնօրինակն անձին տալիս է նրա կողմից դիմումը ներկայացվելու օրվան հաջորդող երրորդ օրը:
22. Որակավորման վկայականի կրկնօրինակի վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը:
23. Որակավորման վկայական ստացած անձի անվան, ազգանվան փոփոխման դեպքում տվյալ անձը պարտավոր է այդ փոփոխության կատարման օրվանից 15-օրյա ժամկետում դիմել ԼՂՀ արդարադատության նախարարություն` որակավորման վկայականում համապատասխան փոփոխություն կատարելու կամ նոր որակավորման վկայական ստանալու համար:
24. Վկայական չստացած անձը նոր ստուգում անցնելու համար կարող է դիմել սույն կարգին համապատասխան: