ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«5» օգոստոսի 2014թ. |
N 520-Ն |
ք. Ստեփանակերտ
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎԱԾ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԸՆԴԵՐՔԱԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 287 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Ընդերքի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքի 7-րդ հոդվածի 6-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Սահմանել ուսումնասիրված պաշարների և ընդերքի մասին այլ տեղեկության պետական ընդերքաբանական փորձաքննության կարգը` համաձայն հավելվածի:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝
1) հաստատել օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաների պարամետրերի հիմնավորմամբ արդյունաբերական գնահատման (վերագնահատման), պաշարների հաշվարկման (վերահաշվարկման) և հետագա աշխատանքներով չհավաստված պաշարների դուրսգրումը հիմնավորող նյութերի բովանդակության, ձևավորման և դրանք պետական ընդերքաբանական փորձաքննության ներկայացնելու կարգը.
2) ստեղծել պետական ընդերքաբանական փորձաքննության հանձնաժողով և հաստատել պետական ընդերքաբանական փորձաքննության հանձնաժողովի կանոնակարգը, պետական ընդերքաբանական փորձաքննության գործընթացում անկախ փորձագետների ներգրավման կարգը:
3. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 28-ի «Հետախուզված պաշարների և ընդերքի մասին այլ տեղեկատվության պետական ընդերքաբանական փորձաքննության կարգը հաստատելու մասին» N 287 որոշումը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2014 թվականի օգոստոսի 5-ի N 520-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎԱԾ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԸՆԴԵՐՔԱԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է ուսումնասիրված պաշարների և ընդերքի մասին այլ տեղեկության պետական ընդերքաբանական փորձաքննության (այսուհետ` փորձաքննություն) կարգը:
2. Փորձաքննությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության աշխատակազմի բնական ռեսուրսների կառավարման գործակալության (այսուհետ` գործակալություն) միջոցով` ուսումնասիրված պաշարների և ընդերքի մասին այլ տեղեկության արժանահավատությունը գնահատելու, օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաներն ու պաշարները հաստատելու, ինչպես նաև արդյունաբերական նշանակությունը կորցրած կամ հետագա աշխատանքների արդյունքում չհավաստված պաշարների դուրսգրման հիմնավորվածության մասին եզրակացություն տալու նպատակով:
3. Փորձաքննության պարտադիր ենթակա են հանքավայրերի մանրազնին և շահագործական հետախուզման, ինչպես նաև դրանց լրահետախուզման արդյունքների հիման վրա կազմված կոնդիցիաների պարամետրերի հիմնավորմամբ հանքավայրերի արդյունաբերական գնահատման (վերագնահատման), օգտակար հանածոների պաշարների հաշվարկման (վերահաշվարկման), ինչպես նաև պաշարների` սույն կարգի 2-րդ կետում նշված պատճառներով դուրսգրման անհրաժեշտությունը հիմնավորող նյութերը (այսուհետ` նյութեր):
4. Փորձաքննության կարող են ենթարկվել նաև մանրազնին հետախուզմանը նախորդող փուլերի արդյունքների հիման վրա կազմված կոնդիցիաների պարամետրերի հիմնավորմամբ հանքավայրի արդյունաբերական գնահատման և պաշարների հաշվարկման նյութերը, եթե դրանցում պարունակվող տեղեկությունը բավարար է օգտակար հանածոների քանակի, որակի ու հանքավայրի արդյունաբերական նշանակության օբյեկտիվ գնահատման համար:
5. Փորձաքննության ենթակա նյութերի բովանդակությանը և ձևավորմանը ներկայացվող պահանջները սահմանվում են օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաների պարամետրերի հիմնավորմամբ արդյունաբերական գնահատման (վերագնահատման), պաշարների հաշվարկման (վերահաշվարկման) և հետագա աշխատանքներով չհավաստված պաշարների դուրսգրումը հիմնավորող նյութերի բովանդակության, ձևավորման և դրանք փորձաքննության ներկայացնելու մասին կարգով:
6. Փորձաքննության գործընթացը ներառում է`
1) փորձաքննության ներկայացված նյութերի բովանդակության, լիարժեքության և ձևավորման նախնական գնահատումը.
2) նյութերի փորձաքննության աշխատատարության ու տևողության որոշումը, գործակալության հաստիքային աշխատողներից տվյալ նյութերի փորձաքննության պատասխանատուի նշանակումը, փորձաքննության գործընթացում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետի (այսուհետ՝ վարչության պետ) կողմից սահմանված կարգով անկախ փորձագետների (այսուհետ` փորձագետ) ներգրավումը.
3) նյութերի մանրակրկիտ ուսումնասիրությունը, դրանցում բացթողումների և սխալների բացահայտումն ու աշխատանքային քննարկումները.
4) բացահայտված թերությունների և բացթողումների վերացումն ու լրացուցիչ տարբերակների դիտարկումը.
5) փորձաքննության ընթացքում արվող մասնագիտական եզրակացությունների և առաջարկությունների նախագծերի մշակումը.
6) մասնագիտական եզրակացությունների և առաջարկությունների նախագծերի քննարկումը, դրանց ճշգրտումը (հարկ եղած դեպքում) և օգտակար հանածոների պաշարները պետական հաշվեկշռում գրանցելու համար հիմք հանդիսացող փորձաքննության եզրակացության ընդունումը.
7) փորձաքննության եզրակացության հիման վրա վարչության պետի սահմանած կարգով` կոնդիցիաների պարամետրերի և (կամ) օգտակար հանածոների պաշարների հաստատման մասին որոշման (այսուհետ` որոշում) ընդունումը.
8) վարչության պետի կողմից սահմանված կարգով որոշման փաթեթի ձևակերպումը.
9) որոշման փաթեթի առաքումը «Արցախի երկրաբանական էքսպեդիցիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն՝ պահպանության:
7. Սույն կարգի 6-րդ կետի 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված գործառույթների իրականացման նպատակով ներգրավվում են փորձագետներ:
8. Սույն կարգի 6-րդ կետի 6-րդ ենթակետում նշված գործառույթն իրականացնում է վարչության պետի կողմից հաստատված կանոնակարգի համաձայն գործակալությունում գործող պետական ընդերքաբանական փորձաքննության հանձնաժողովը:
9. Փորձաքննության գործընթացի տևողությունը սահմանելիս հաշվի է առնվում հանքահումքի տեսակը, հանքավայրի երկրաբանական կառուցվածքի բարդությունը, դրա երկրաբանական ուսումնասիրության փուլը, արդյունաբերական յուրացման աստիճանն ու ներկայացված նյութերի ծավալը, ստորև նշված ժամկետային սահմանափակումներով`
1) ոչ հանքաքարային և ստորերկրյա քաղցրահամ ջրերի հանքավայրերի համար` մինչև 60 աշխատանքային օր.
2) հանքային ջրերի հանքավայրերի համար` մինչև 90 աշխատանքային օր.
3) հանքաքարային հանքավայրերի համար` մինչև 120 աշխատանքային օր:
10. Օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաների կամ պաշարների հաստատման, ինչպես նաև վերջիններիս դուրսգրման հիմնավորվածությունը հավաստելու մասին բացասական որոշման ընդունման դեպքում փորձաքննված նյութերը վերադարձվում են հեղինակներին` լրամշակման:
11. Փորձաքննության եզրակացությունը կարող է բողոքարկվել վարչության պետին` փորձաքննության գործընթացի ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում:
Փորձաքննության գործընթացը համարվում է ավարտված` սույն կարգի 6-րդ կետի 8-րդ ենթակետում նշված գործառույթի իրականացմամբ:
Փորձաքննության եզրակացության բողոքարկման դեպքում նշանակվում է նյութերի լրացուցիչ փորձաքննություն, որը կատարվում է սույն կարգի համաձայն:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |