Համարը 
Թիվ 8/94
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
13.05.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
13.05.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
19.05.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 
30.06.2007

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԳՐԱՆՑՎԱԾ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՆԵՐԻ) ԵՎ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԳՐԱՆՑՎԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«19» մայիսի 2005թ.

Պետական գրանցման թիվ 439

ԼՂՀ արդարադատության նախարար

_______________ Ռ. Հայրապետյան

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 մայիսի 2005թ.

Թիվ 8/94

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԳՐԱՆՑՎԱԾ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՆԵՐԻ) ԵՎ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԳՐԱՆՑՎԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով՝ 21-րդ հոդվածի 2-րդ կետով, 80-րդ և 110-րդ հոդվածներով, ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ո ր ո շ ո ւ մ է.

Սահմանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) և մեծամասնական ընտրակարգով գրանցված պատգամավորության թեկնածուների կողմից զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչություն իրականացնելու կարգը՝ համաձայն հավելվածի:

 

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ՝

Ս. Նասիբյան 

 

 

 

Հավելված

ԼՂՀ ԿԸՀ 2005թ.

մայիսի 13 –ի

թիվ 8/94 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) և մեծամասնական ընտրակարգով գրանցված պատգամավորության թեկնածուների կողմից զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչություն իրականացնելու

 

1. Սույն կարգը սահմանված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի դրույթների համաձայն և կարգավորում է Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) և մեծամասնական ընտրակարգով գրանցված պատգամավորության թեկնածուների կողմից զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչություն իրականացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) և մեծամասնական ընտրակարգով գրանցված պատգամավորության թեկնածուների նախընտրական քարոզչությունը սկսվում է 2005 թվականի մայիսի 16-ին ժամը 0000-ից և ավարտվում՝ 2005 թվականի հունիսի 17-ին ժամը 2400-ին:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները, նախաձեռնող խմբերն իրավունք ունեն օրենքով չարգելված ձևերով քարոզչություն կատարել:

4. Նախընտրական քարոզչություն կատարելու իրավունք չունեն՝

ա) պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաև դրանց աշխատակիցներն իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս.

բ) սահմանադրական դատարանի անդամները, դատավորները, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, դատախազության մարմինների աշխատակիցները (ծառայողները), զինծառայողները.

գ) բարեգործական և կրոնական կազմակերպությունները.

դ) օտարերկրյա քաղաքացիները և կազմակերպությունները.

5. Զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչությունն իրականացվում է հրապարակային բանավեճերի, կլոր սեղանների, մամուլի ասուլիսների, հարցազրույցների, քաղաքական գովազդի և օրենքով չարգելված այլ ձևերով՝ հավասար հիմունքներով:

6. Համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) հանրային հեռուստառադիոընկերության անվճար և վճարովի (այդ թվում ուղիղ եթերով), իսկ մեծամասնական ընտրակարգով գրանցված թեկնածուները միայն վճարովի (այդ թվում ուղիղ եթերով) հեռուստա- և ռադիոեթերաժամերից օգտվում են սույն կարգի համաձայն:

7. Հանրային հեռուստառադիոընկերության հեռուստաեթերաժամով՝ անվճար և վճարովի հիմունքներով, նախընտրական քարոզչությունն իրականացվում է 2005 թվականի մայիսի 16-ից մինչև հունիսի 17-ը, յուրաքանչյուր օր ժամը 1830-ից մինչև 2030-ը:

Հանրային հեռուստառադիոընկերության անվճար և վճարովի ռադիոեթերաժամը թեկնածուներին հատկացվում է յուրաքանչյուր օր, ժամը 1700-ից մինչև 1900-ն:

8. Համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) իրավունք ունեն հանրային հեռուստառադիոընկերության հեռուստաեթերաժամից անվճար օգտվել ոչ ավելի, քան 60 րոպե:

9. Համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) իրավունք ունեն իրենց նախընտրական հիմնադրամի հաշվին վճարովի հիմունքներով օգտվել հանրային հեռուստառադիոընկերության հեռուստաեթերաժամից ոչ ավելի, քան 90 րոպե՝ պայմանագրային կարգով:

Մեծամասնական ընտրակարգով գրանցված թեկնածուները իրավունք ունեն իրենց նախընտրական հիմնադրամի հաշվին վճարովի հիմունքներով օգտվել հանրային հեռուստառադիոընկերության հեռուստաեթերաժամից ոչ ավելի, քան 10 րոպե՝ պայմանագրային կարգով:

10. Հանրային հեռուստառադիոընկերության անվճար և վճարովի հեռուստաեթերաժամով համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) և մեծամասնական ընտրակարգով գրանցված թեկնածուների կողմից նախընտրական քարոզչություն իրականացնելու հաջորդականությունը որոշվում է վիճակահանության արդյունքում կազմված ժամկետացանկի համաձայն, որը հաստատվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից:

11. Հանրային հեռուստառադիոընկերության ղեկավարության կողմից հեռուստաեթերաժամերի ներկայացված ժամանակահատվածը, կախված տեխնիկական անհրաժեշտությունից, կարող է տեղաշարժվել ոչ ավելի, քան 30 րոպե՝ առաջ կամ հետ:

12. Համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) անվճար և վճարովի, իսկ մեծամասնական ընտրակարգով գրանցված թեկնածուները միայն վճարովի, իրավունք ունեն հավասար հիմունքներով օգտվել Հանրային հեռուստառադիոընկերության ռադիոեթերաժամից:

13. Համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) իրավունք ունեն հանրային հեռուստառադիոընկերության ռադիոեթերաժամից անվճար օգտվել ոչ ավելի, քան 60 րոպե:

14. Համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) իրավունք ունեն իրենց նախընտրական հիմնադրամի հաշվին վճարովի հիմունքներով օգտվել հանրային հեռուստառադիոընկերության ռադիոեթերաժամից՝ ոչ ավելի, քան 90 րոպե՝ պայմանագրային կարգով:

Մեծամասնական ընտրակարգով գրանցված թեկնածուները իրավունք ունեն իրենց նախընտրական հիմնադրամի հաշվին վճարովի հիմունքներով օգտվել Հանրային հեռուստառադիոընկերության ռադիոեթերաժամից՝ ոչ ավելի, քան 10 րոպե՝ պայմանագրային կարգով:

15. Հանրային հեռուստառադիոընկերության անվճար և վճարովի ռադիոեթերաժամից համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) և մեծամասնական ընտրակարգով գրանցված թեկնածուների կողմից նախընտրական քարոզչություն իրականացնելու հաջորդականությունը որոշվում է վիճակահանության արդյունքով կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատված ժամկետացանկով:

16. Համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) և մեծամասնական ընտրակարգով գրանցված թեկնածուները իրենց տեսագրությունները հեռարձակելու համար տեսաերիզները հանրային հեռուստառադիոընկերություն պետք է ներկայացնեն հեռարձակման օրը մինչև ժամը 1500-ն, իսկ ձայներիզները՝ հանրային հեռուստառադիոընկերություն, եթերից 2 ժամ առաջ:

17. Համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) հանրային հեռուստառադիոընկերության տրված անվճար և վճարովի եթերաժամը այլ կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կողմից չի կարող օգտագործվել:

Մեծամասնական ընտրակարգով գրանցված թեկնածուներին հանրային հեռուստառադիոընկերության կողմից տրամադրված վճարովի եթերաժամը այլ թեկնածուների կողմից չի կարող օգտագործվել:

18. Համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) և մեծամասնական ընտրակարգով գրանցված պատգամավորության թեկնածուները նախընտրական քարոզչություն իրականացնելու կամ քաղաքական գովազդ հեռարձակելու համար իրավունք չունեն օգտագործել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում առկա հեռուստառադիոհեռարձակման և վերահեռարձակման գործունեություն իրականցնող սուբյեկտների տնօրինման տակ գտնվող տեխնիկական հնարավորությունները:

19. Հանրային հեռուստառադիոընկերության վճարովի եթերաժամերից օգտվելու համար համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները), մեծամասնական ընտրակարգով գրանցված պատգամավորության թեկնածուները հայտերը (դիմումները) հեռուստառադիոընկերությանն են ներկայացնում եթերի օրվանից ոչ ուշ, քան 3 օր առաջ, կից ներկայացնելով անկանխիկ վճարման (փոխանցման) հանձնարարականը: Մեկ օր առաջ եթերաժամ տրամադրելու նպատակով ներկայացված հայտերի (դիմումների) համար վճարումը կատարվում է կանխիկ:

20. Հանրային հեռուստառադիոընկերության հատկացված եթերաժամը համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) և մեծամասնական ընտրակարգով գրանցված պատգամավորության թեկնածուների կողմից չօգտագործելու դեպքում դրա փոխարեն լրացուցիչ եթերաժամ չի տրամադրվում:

21. Նախընտրական քարոզչությունը սկսվելու օրվանից, եռօրյա պարբերականությամբ՝ հանրային հեռուստառադիոընկերությունը կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում տեղեկատվություն համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կողմից եթերաժամերից (վճարովի և անվճար) օգտվելու վերաբերյալ:

22. Նախընտրական քարոզչության վերաբերյալ հաղորդումները հեռուստատեսությամբ հեռարձակելիս էկրանի վրա պարտադիր անընդմեջ լուսագրով նշվում է «քաղաքական գովազդ» կամ «նախընտրական քարոզչական հաղորդում» բառերը, իսկ ռադիոհաղորդումների դեպքում՝ յուրաքանչյուր հաղորդման ընթացքում, ոչ պակաս, քան երեք անգամ հիշեցվում է այդ մասին:

23. Արգելվում է նախընտրական քարոզչությանը վերաբերող հեռուստահաղորդումները և ռադիոհաղորդումներն ընդմիջել ապրանքների կամ ծառայությունների գովազդով:

Արգելվում է հեռուստառադիոհեռարձակման և վերահեռարձակման գործունեություն իրականացնող սուբյեկտներին՝ իրենց տնօրինության տակ գտնվող տեխնիկական միջոցները օգտագործել նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով:

24. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հիմնադրած պարբերական մամուլի ղեկավարությունը քարոզչական նյութեր հրապարակելիս պարտավոր է հավասար պայմաններ ապահովել համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար:

Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հիմնադրած պարբերական մամուլի ղեկավարությունը, քարոզչական նյութեր հրապարակելիս պարտավոր է հավասար պայմաններ (ծավալ, սակագին) ապահովել մեծամասնական ընտրակարգով գրանցված պատգամավորության թեկնածուների համար:

25. «Ազատ Արցախ» և շրջանային թերթերում՝ նախընտրական քարոզչության համար սահմանված ժամանակահատվածում, անվճար հրապարակվող քարոզչական նյութերի համար յուրաքանչյուր համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցության (կուսակցությունների դաշինքի) հատկացվում է 0.25 մամուլ ծավալ:

26. Համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) «Ազատ Արցախ» և շրջանային թերթերում անվճար հրապարակվող նախընտրական նյութերը խմբագրություն են ներկայացնում հրապարակման օրվանից ոչ ուշ, քան 3 օր առաջ:

27. Համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) և մեծամասնական ընտրակարգով գրանցված պատգամավորության թեկնածուները իրավունք ունեն իրենց նախընտրական հիմնադրամի հաշվին, վճարովի հիմունքներով, նախընտրական քարոզչական նյութեր հրապարակել մասնավոր տպագիր լրատվամիջոցներում:

Համապատասխան հրատարակության ղեկավարը՝ բացի կուսակցական մամուլից, պարտավոր է միևնույն սակագնով ծավալ տրամադրել կուսակցություններին (կուսակցության դաշինքներին), մեծամասնական ընտրակարգով գրանցված պատգամավորության թեկնածուներին:

Վճարովի ծավալը տրամադրվում է պայմանագրային կարգով:

28. Նախընտրական քարոզչության ընթացքում արգելվում է սահմանադրական կարգը բռնի տապալելու, ռասայական, ազգային, կրոնական գերակայության քարոզումը, ռասայական, ազգային կամ կրոնական թշնամանք առաջացնող նյութերի հրապարակումը, ինչպես նաև պատգամավորության թեկնածուների վերաբերյալ կեղծ, զրպարտչական լուրեր տարածելը:

29. Համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) և մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների նախընտրական քարոզչությանը վերաբերող հեռուստահաղորդումները և ռադիոհաղորդումները եթեր հեռարձակելիս տեսագրվում և ձայնագրվում են:

Հեռուստառադիոընկերությունները ընտրությունների ավարտից հետո նախընտրական քարոզչությանը վերաբերող հեռուստահաղորդումների և ռադիոհաղորդումների տեսագրություններն ու ձայնագրությունները պահպանում են առնվազն վեց ամիս:

 

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի քարտուղար՝

Ռ. Նազարյան