ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
28 նոյեմբերի 2014թ. |
N 810-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012
ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 10-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 34.1-ին, «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 19-ի «Զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող ամենամսյա դրամական օգնության չափերը՝ ըստ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաների, դրամական օգնությունը նշանակելու և վճարելու կարգը սահմանելու մասին» N 10-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման և N 1 հավելվածի վերնագրերում, N 1 հավելվածի բաժինների վերնագրերում «ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐ» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով.
2) որոշման 1-ին կետում, 2-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում, 3-րդ կետում, N 1 հավելվածի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերում, 8-րդ կետի առաջին պարբերությունում, 9-րդ, 10-րդ, 13-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ, 18-րդ, 20-րդ, 21-րդ և 24-րդ կետերում, N 2 հավելվածում «դրամական օգնություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «պարգևավճար» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով.
3) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետով.
«3) մահացած զինծառայողի ընտանիքի անդամի՝ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունենալու (սակայն կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ չստանալու) մասին տեղեկանքի ձևը` համաձայն N 3 հավելվածի:».
4) որոշման 2-րդ կետում և N 1 հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետում «փրկարար» բառը փոխարինել «արտակարգ իրավիճակների պետական» բառերով.
5) որոշման N 1 հավելվածում`
ա. 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սույն կարգի իմաստով՝ զինծառայողը համարվում է այլ պետություններում ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված, եթե եղել է պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայող և զոհվել (մահացել) է պարտադիր զինծառայության ժամանակ:»,
բ. 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ, 13-րդ, 15-րդ, 16-րդ, 16.1-ին, 18-րդ և 23-րդ կետերում «Դրամական օգնություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Պարգևավճար» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով,
գ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Պարգևավճար ստանալու իրավունք ունեն աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ (բացառությամբ կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակի) ստացող և կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող, սակայն զինվորական կենսաթոշակ չստացող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում զինվորական ծառայության ընթացքում մահացած զինծառայողի ընտանիքի անդամները՝ հետևյալ չափերով`
1) յուրաքանչյուր երեխան՝ 30000 դրամ,
2) յուրաքանչյուր այլ անդամ՝ 23000 դրամ:»,
դ. 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.1-ին կետ.
«5.1. Պարգևավճար ստանալու իրավունք ունեն աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ (բացառությամբ մասնակի, արտոնյալ պայմաններով և երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակի, ինչպես նաև կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակի) ստացող՝ հետևյալ կատեգորիաների անձինք (եթե չեն աշխատում` անկախ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունենալու հանգամանքից)՝
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքի անդամները՝ հետևյալ չափերով՝
ա. յուրաքանչյուր երեխան՝ 30000 դրամ,
բ. յուրաքանչյուր այլ անդամ՝ 23000 դրամ.
2) Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքի անդամը՝ 12000 դրամ։
Սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով միաժամանակ պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձին նշանակվում է դրանցից մեկը՝ իր ընտրությամբ:»,
ե. 7-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «անչափահաս տարիքում առնվազն 10 տարի խնամած (դատական կարգով խնամած անձ ճանաչված) անձը» բառերը,
զ. 8-րդ կետի առաջին պարբերությունում «և 5-րդ» բառերը փոխարինել «, 5-րդ և 5.1-ին» բառերով, երկրորդ պարբերությունում «ամենամսյա դրամական օգնություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «պարգևավճար» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով,
է. 12-րդ կետում «Դրամական օգնությունը» բառերը փոխարինել «Սույն կարգի 7-րդ կետում նշված պարգևավճարը» բառերով, իսկ «այդ օգնությունն» բառերը՝ «այդ պարգևավճարն» բառերով,
ը. 13-րդ կետի առաջին նախադասությունը «Ընտանիքի՝» բառից հետո լրացնել «սույն կարգի 7-րդ կետում նշված» բառերով,
թ. 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14. Պարգևավճարը նշանակվում է`
1) պարգևավճար նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ նշանակելու դիմումի հետ ներկայացվելու դեպքում` կենսաթոշակ նշանակելու օրվանից.
2) պարգևավճար նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ նշանակելու դիմումի հետ չներկայացվելու դեպքում`
ա. կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու օրվանից, եթե պարգևավճարի իրավունքը ծագել է կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու հիմքով և պարգևավճար նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում,
բ. բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչվելու կամ հաշմանդամության պատճառական կապը հաստատելու օրվանից, եթե պարգևավճարի իրավունքը ծագել է հաշմանդամ ճանաչվելու կամ հաշմանդամության պատճառական կապը հաստատելու հիմքով և պարգևավճար նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են հաշմանդամ ճանաչվելու կամ հաշմանդամության պատճառական կապը հաստատվելու օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում,
գ. սույն կարգի 3-րդ կետի 9-րդ ենթակետում նշված դեպքում` զինծառայողի զոհվելու (օրենքով սահմանված դեպքում` անհայտ կորելու) օրվանից (բայց ոչ շուտ, քան զինվորական կենսաթոշակ նշանակելու օրվանից), եթե պարգևավճար նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են զինծառայողի զոհվելու (օրենքով սահմանված դեպքում` անհայտ կորելու) օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում.
3) սույն կարգի 6-րդ կետում և 7-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում` պարգևավճար նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելու օրվանից.
4) սույն կարգի 7-րդ կետի 1-ին ենթակետում նշված դեպքում` զինծառայողի զոհվելու (օրենքով սահմանված դեպքում` անհայտ կորելու) օրվանից, եթե պարգևավճար նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են զինծառայողի զոհվելու (օրենքով սահմանված դեպքում` անհայտ կորելու) օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում.
5) դիմելու օրվանից, եթե պարգևավճար նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են սույն կետի 1-4-րդ ենթակետերում սահմանված ժամկետներից հետո:»,
ժ. 19-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
ժա. 20-րդ կետը «Զոհված» բառից հետո լրացնել «(մահացած)» բառով,
ժբ. 22.1-ին կետում «դրամական օգնությունը նշանակվում» բառերը փոխարինել «պարգևավճարը նշանակվում» բառերով,
ժգ. 23-րդ կետի առաջին նախադասության «սույն կարգի 3-6-րդ կետերում նշված անձինք կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում են» բառերը փոխարինել «անձը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է» բառերով, 2-րդ ենթակետը «անձնագիրը» բառից հետո լրացնել «(կամ նույնականացման քարտը)» բառերով, 4.1-ին ենթակետը «որոշմամբ» բառից հետո լրացնել «սահմանված պարգևավճար,» բառերով, իսկ 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) սույն կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված մարմինների տված տեղեկանքը՝ զինծառայողի զոհվելու մասին կամ մահացած զինծառայողի ընտանիքի անդամի՝ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունենալու, սակայն կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ չստանալու մասին տեղեկանքը։»,
ժդ. 24-րդ կետի առաջին նախադասությունը «ընտանիքի համար» բառերից հետո լրացնել «սույն կարգի 7-րդ կետում նշված» բառերով, 2-րդ ենթակետը «անձնագիրը» բառից հետո լրացնել «(կամ նույնականացման քարտը)» բառերով, 5-րդ ենթակետի «ա» պարբերությունը «անձնագրերը» բառից հետո լրացնել «կամ նույնականացման քարտերը» բառերով, իսկ «գ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ. զավակին հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննական որոշման քաղվածքը,».
6) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ N 3 հավելվածով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2014 թվականի նոյեմբերի 28-ի N 810-Ն որոշման |
| |
«Հավելված N 3
ԼՂՀ կառավարության 2012 թվականի
հունվարի 19-ի N 10-Ն որոշման |
|
___________________________________________________ |
|
(մարմնի անվանումը) |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՄԱՀԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄԻ՝ ԿԵՐԱԿՐՈՂԻՆ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ, ՍԱԿԱՅՆ ԿԵՐԱԿՐՈՂԻՆ
ԿՈՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՉՍՏԱՆԱԼՈՒ
Տրվում է _____________________________________________________________________________
(մահացած զինծառայողի ընտանիքի անդամի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը)
առ այն, որ նա _________________________________________-ի ___________________________։
(մահացած զինծառայողի անունը, ազգանունը) (ընտանիքի անդամի ազգակցական կապը)
«Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի
______ -րդ և 22-րդ հոդվածի _______________________________
(կետը) (հղում համապատասխան մասին և (կամ) կետին)
համաձայն՝ ___________________________________________ունի կերակրողին կորցնելու
(ընտանիքի անդամի անունը և ազգանունը)
դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք, սակայն նրան կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ չի վճարվում:
Տեղեկանքը տրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 19-ի N 10-Ն որոշմամբ սահմանված պարգևավճար (համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության՝ նշանակվում է մահացած զինծառայողի ընտանիքի՝ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող (չաշխատող), սակայն կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ չստացող անդամին) նշանակելու համար:
Ստորաբաժանման ղեկավար____________________________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)
«____ »_____________________20____թ.
Կ.Տ.»:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |