ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2005 թվականի
դեկտեմբերի 21-ին
«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 20-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«գ) եռապատիկը` վճարի մյուս (բացառությամբ օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու համար վճարի) տեսակների հաշվարկման դեպքում:»:
Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ մասերով`
«4. Սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու համար վճարի օբյեկտների համար սահմանված չափաքանակները (սահմանափակումները) գերազանցելու դեպքում այդ գերազանցող մասի համար որպես դրույքաչափ կիրառվում են սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերի`
1) հնգապատիկը` չափաքանակները (սահմանափակումները) մինչև 5 անգամ գերազանցող մասի համար.
2) տասնապատիկը` չափաքանակները (սահմանափակումները) 5-ից ավելի անգամ գերազանցող մասի համար:
Անկախ սույն մասի դրույթներից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած բնապահպանական միջոցառումների ծրագրի հիման վրա սահմանված` օդային ավազան վնասակար նյութերի արտանետումների ժամանակավոր (մինչև հինգ տարի ժամկետով) չափաքանակները (սահմանափակումները) գերազանցող մասի համար որպես դրույքաչափ կիրառվում է սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերի հնգապատիկը:
5. Զրոյական չափաքանակների (սահմանափակումների)`
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային օրենսգրքի համաձայն ջրօգտագործման թույլտվություն չունենալու (այդ թվում` ջրօգտագործման թույլտվություններում ջրօգտագործման ծավալները կամ ջրային ռեսուրսներ կամ դրանց ջրահավաք ավազաններ թափվող կեղտաջրերի թույլատրելի ծավալները կամ կեղտաջրերում վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի մասին տվյալները չնշվելու) դեպքում որպես դրույքաչափ կիրառվում է սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերի եռապատիկը.
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի համաձայն ընդերքօգտագործման պայմանագրեր չունենալու (այդ թվում` պայմանագրում մարման կամ արդյունահանման ենթակա ծավալները չնշվելու) դեպքում որպես դրույքաչափ կիրառվում է սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերի հնգապատիկը.
3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անտառային օրենսգրքի համաձայն բնափայտի և երկրորդական անտառանյութի օգտագործման (մթերման) համար անտառօգտագործման պայմանագրեր (այդ թվում` անտառհատման, անտառային տոմսեր, արմատի վրա բնափայտի մանր բացթողման օրդեր) չունենալու դեպքում որպես դրույքաչափ կիրառվում է սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերի տասնապատիկը.
4) օրենսդրության համաձայն կենսապաշարների (բացառությամբ բնափայտի և երկրորդական անտառանյութի) օգտագործման պայմանագրեր չունենալու (այդ թվում` պայմանագրում օգտագործման ենթակա ծավալները չնշվելու) դեպքում որպես դրույքաչափ կիրառվում է սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերի եռապատիկը.
5) օրենսդրության համաձայն սահմանված կարգով օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու թույլտվություն չունենալու դեպքում որպես դրույքաչափ կիրառվում է սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերի`
ա) տասնապատիկը, եթե վճարների վճարման համար հաշվետու ժամանակահատվածում արտանետումների փաստացի ծավալները չեն գերազանցում ըստ վճարի օբյեկտների ներքոհիշյալ չափաքանակները`
|
փոշի |
2 |
տոննա |
|
ածխածնի մոնօքսիդ |
1.5 |
տոննա |
|
ազոտի օքսիդներ (վերահաշված ըստ ազոտի երկօքսիդի) |
1.0 |
տոննա |
|
ծծմբային անհիդրիդ |
0.5 |
տոննա |
|
քլոր |
0.1 |
տոննա |
|
վճարի օբյեկտ հանդիսացող մյուս նյութերի համար |
0.05 |
տոննա, |
բ)քսանհինգապատիկը, եթե վճարների վճարման համար հաշվետու ժամանակահատվածում արտանետումների փաստացի ծավալները հավասար են կամ գերազանցում են ըստ վճարի օբյեկտների սույն կետի «ա» ենթակետում նշված չափաքանակները:»:
Հոդված 3. Սույն օրենքի դրույթները տարածվում են օրենքի ուժի մեջ մտնելուց հետո բնապահպանական և բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող ծավալների չափաքանակների որոշման նպատակով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացված ստուգումների արդյունքում արձանագրված բնօգտագործման փաստացի ծավալների և վճարողների կողմից հարկային և լիազոր մարմիններ ներկայացրած` ստուգվող ժամանակահատվածում հաշվարկ-հաշվետվություններում արտացոլված ծավալների դրական տարբերությունների չափաքանակների վրա:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
23 հունվարի 2006թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-252 |
|