Համարը 
N 715-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2015.11.09/20(287)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
02.11.2015
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
02.11.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
10.11.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 
18.10.2017

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ
23-Ի N 440 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 նոյեմբերի 2015թ.

N 715-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 440 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածներին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 23-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը, գույքի կազմն ու չափը հաստատելու մասին» N 440 որոշմամբ հաստատված N 1 և N 2 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 և N 2 հավելվածների:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված N 1

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2015 թվականի նոյեմբերի 2-ի N 715-Ն որոշման

 

 

 

«Հավելված 1

ԼՂՀ կառավարության

«23» հոկտեմբերի 2007թ.

թիվ 440 որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ

ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը (այսուհետև՝ նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է մշակույթի, երիտասարդության հարցերի, ազգային փոքրամասնությունների և կրոնական կազմակերպությունների հարաբերությունների համակարգման և վերահսկողության բնագավառներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

2. Նախարարությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:

3. Նախարարության լիազորությունները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Նախարարությունն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

6. Նախարարությունը կազմված է նախարարից և նախարարության աշխատակազմից: Նախարարության համակարգում ընդգրկվում են նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններ և հիմնարկներ:

Նախարարության համակարգում ոչ կառավարչական հիմնարկի կարգավիճակով գործում է նախարարության «Ղուկասյան եղբայրների անվան Արցախի բարբառի և ազգագրության ուսումնասիրման կենտրոնը»:

7. Նախարարության հիմնական նպատակները և խնդիրներն են՝

1) Մշակույթի բնագավառում՝

ա. մշակութային ժառանգության պահպանությունը, պաշտպանությունը, ուսումնասիրությունը, հանրահռչակումը,

բ. մշակույթի` որպես զարգացման միջոցի հասարակական գիտակցմանը նպաստելը,

գ. հասարակության ստեղծագործական ներուժի վերարտադրման և զարգացման պայմանների ստեղծումը,

դ. մշակութային նոր արժեքների ստեղծմանը նպաստելը,

ե. մշակութային արժեքներին հաղորդակցվելու և մշակութային ծառայություններից օգտվելու մատչելիության ապահովումը,

զ. համահայկական և միջազգային համագործակցության զարգացումը,

է. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից դուրս գտնվող արցախյան մշակութային արժեքների պահպանությանը նպաստելը միջազգային նորմերի շրջանակներում.

2) Երիտասարդության բնագավառում՝

ա. երիտասարդության ինքնիրացման, սոցիալական և տնտեսական կայացման երաշխիքների ու զարգացման բարենպաստ պայմանների ապահովումը,

բ. երիտասարդության շրջանում ազգային արժեքային կողմնորոշման ամրապնդումը, առողջ ապրելակերպի, հոգևոր-մշակութային, ռազմահայրենասիրական դաստիարակության խթանումը,

գ. հանրապետության հասարակական-քաղաքական կյանքում երիտասարդության ակտիվության խթանումը.

3) ազգային փոքրամասնությունների և կրոնական կազմակերպությունների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ կարգավորվող հարաբերությունների համակարգման և վերահսկողության ապահովումը։

 

II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները՝

1) մշակում է օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծեր, ընդհանրացնում իրավական ակտերի գործնական կիրառումը և ներկայացնում առաջարկություններ մշակույթի, երիտասարդության հարցերի բնագավառներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ.

2) մշակում և իրականացնում է հայեցակարգեր ու պետական նպատակային ծրագրեր մշակույթի և երիտասարդության հարցերի բնագավառներում.

3) իր իրավասության սահմաններում մասնակցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի նախագծի մշակմանը.

4) մշակում ու իրականացնում է մշակութային արժեքների ապօրինի արտահանումն ու ապօրինի ներմուծումը, մշակութային արժեքների նկատմամբ սեփականության իրավունքի ապօրինի փոխանցումը կանխող և կանխարգելող միջոցառումներ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան.

5) ապահովում է պետական թանգարանային, գրադարանային հավաքածուների պետական հաշվառումը, պահպանությունը, վերականգնումը, համալրումը, ուսումնասիրումը, ներկայացումը և հանրահռչակումը.

6) իրականացնում է պետական սեփականություն համարվող մշակութային արժեքների, թանգարանային, գրադարանային հավաքածուների կառավարումը, իրացնում՝ պետության անունից գնման նախապատվության իրավունքը.

7) ներդնում է մշակութային արժեքների անվտանգության և տեղեկատվության ապահովման արդիական համակարգեր` պետական թանգարաններում, գրադարաններում և պետական այլ պահոցներում.

8) սահմանում է պետական թանգարաններում թանգարանային առարկաներին և թանգարանային հավաքածուներին հաղորդակցվելու պայմանակարգ (ռեժիմ).

9) իրականացնում է գրադարանային աշխատանքների միջգերատեսչական համակարգումը, ստեղծում տեղեկատվական-գրադարանային ցանցեր.

10) սահմանում է իր ենթակայության գրադարաններում գրքային հավաքածուներից օգտվելու կանոնակարգ և ապահովում գրադարանային հավաքածուների պահպանվածությունը.

11) ապահովում է ոչ նյութական մշակութային ժառանգության օբյեկտների հավաքագրման, ուսումնասիրման, տարածման և հանրահռչակման կազմակերպումն ու իրականացումը.

12) նպաստում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակութային ինքնության պահպանմանն ու զարգացմանը.

13) պետական աջակցություն է ցուցաբերում մշակույթի ոլորտի կազմակերպություններին, արվեստի բոլոր տեսակների և ձևերի զարգացմանը, մշակույթի ու արվեստի գործիչների ստեղծագործական գործունեությանը, մշակութային ականավոր գործիչների ստեղծագործական ժառանգության պահպանությանը, ստեղծագործական ներուժի բացահայտմանն ու զարգացմանը.

14) նպաստում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում, հյուրախաղային և ցուցահանդեսային գործունեության ընդլայնմանը, ստեղծագործական խմբերի ու մշակութային, կրթական, գիտական և երիտասարդական կազմակերպությունների միջև համագործակցության, կապերի ու շփումների ստեղծմանն ու զարգացմանը.

15) աջակցում է ժողովրդական ստեղծագործության պահպանմանը, տարածմանն ու զարգացմանը, մշակութաժամանցային գործունեության բազմազանության ապահովմանը.

16) ապահովում է գիտահետազոտական աշխատանքների իրականացումը մշակույթի բնագավառում.

17) միջազգային (ներառյալ համահայկական) մշակութային և երիտասարդական համագործակցության նպատակով այլ պետություններ է գործուղում ստեղծագործական խմբերի, անհատ կատարողների, մասնագետների, աջակցում մշակութային և երիտասարդական համագործակցության զարգացմանը.

18) համագործակցում և մասնակցում է հայկական և միջազգային մշակութային ու երիտասարդական կազմակերպությունների աշխատանքներին.

19) սահմանում է մշակույթի և երիտասարդության հարցերի բնագավառներում բարեփոխումների ուղղություններն ու ապահովում դրանց իրականացումը.

20) իրեն վերապահված լիազորությունների սահմաններում իրականացնում է իր ենթակայության ոչ առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև առևտրային կազմակերպությունների բաժնետոմսերի և բաժնեմասերի կառավարումը, իր ենթակայության կազմակերպություններում կատարում է ֆինանսատնտեսական ու արտադրական գործունեության փաստաթղթային ուսումնասիրություններ և վերստուգումներ (աուդիտ), իրականացնում վերահսկողություն բյուջետային միջոցների ծախսման և պետության սեփականություն համարվող գույքի արդյունավետ օգտագործման նկատմամբ.

21) սահմանում է մշակույթի և երիտասարդության բնագավառներում գիտատեխնիկական զարգացման ուղղությունները, աջակցում համապատասխան ոլորտների կազմակերպությունների տեխնիկական վերազինմանը.

22) ապահովում է ոլորտի տեղեկատվական համակարգերի և տեխնոլոգիաների զարգացումը, մեթոդական ու խորհրդատվական ծառայությունների մատուցումը, ինչպես նաև մշակույթի պետական նպատակային ծրագրերին համապատասխան՝ տեղեկատվական, գիտահանրամատչելի, գիտամեթոդական, ուսումնական, գիտական, վերլուծական և այլ բնույթի նյութերի հրապարակումը.

23) ապահովում է փառատոների, ցուցահանդեսների, ցուցահանդես-վաճառքների, աճուրդների, գիտաժողովների, համաժողովների, սեմինարների (այդ թվում` համահայկական և միջազգային) և այլ միջոցառումների կազմակերպումը.

24) մշակույթի և երիտասարդության հարցերի բնագավառներում իրենց վաստակով նշանավոր անձանց և արվեստագետներին ներկայացնում է պետական պարգևների, մրցանակների, պատվավոր կոչումների, գեղարվեստական խմբերին ու թատրոններին՝ ակադեմիական կոչման, սահմանում և շնորհում է նախարարության հատուկ պարգևներ.

25) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություններ պետական կազմակերպություններ ստեղծելու և իր ենթակայությանը հանձնված պետական կազմակերպությունները պատմական, հասարակական-քաղաքական, մշակույթի, արվեստի, գիտության նշանավոր գործիչների և անձանց անուններով կոչելու վերաբերյալ.

26) կրթության ոլորտի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի հետ համատեղ` մասնակցում է մշակույթի բնագավառում պետական կրթական չափորոշիչների մշակմանը.

27) ստեղծում և ներդնում է վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) վարման համակարգ ու համապատասխան գրանցամատյանների միջոցով մշակույթի բնագավառում վարում վարչական վիճակագրությունը, իրականացնում մշակութային և երիտասարդական կազմակերպությունների հաշվառումը.

28) ապահովում է մշակութային և երիտասարդության քաղաքականության քարոզչությունը զանգվածային տեղեկատվության միջոցներով.

29) կազմակերպում է մշակույթի և երիտասարդության բնագավառներում մասնագետների պատրաստման, վերապատրաստման ու վերաորակավորման աշխատանքները, իրականացնում մշակույթի բնագավառի ծրագրային ու գիտամեթոդական ապահովումը, մշակում և հաստատում է մշակույթի բնագավառի ղեկավար կադրերի մասնագիտական որակավորման չափանիշները.

30) ստեղծում է պետական միասնական տեղեկատվական համակարգ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում մշակութային և երիտասարդական քաղաքականության ապահովման նպատակով.

31) պետական կառավարման տարածքային մարմինների հետ համատեղ ապահովում է պետական մշակութային և երիտասարդական տարածքային քաղաքականության իրականացումը.

32) իրականացնում է նախարարության տեղեկատվական քաղաքականությունը և կազմակերպում հասարակայնության հետ կապերը.

33) երիտասարդության հիմնախնդիրների վերհանման, ոլորտի քաղաքականության իրացման նպատակով ապահովում է ոլորտի ուսումնասիրությունների իրականացումը.

34) աջակցում է երիտասարդների հասարակական ու նորարարական ակտիվության խթանմանը.

35) նպաստում է երիտասարդական կազմակերպությունների համագործակցության զարգացմանը և պետական աջակցություն ցուցաբերում նրանց գործունեությանը.

36) երիտասարդության շրջանում իրականացնում է հոգևոր-մշակութային, ռազմահայրենասիրական դաստիարակությանը, ազգային, քաղաքացիական գիտակցության բարձրացմանը, ընտանեկան արժեքների պահպանմանն ուղղված ծրագրեր, աջակցում է ազատ ժամանցի ակտիվ և նպատակային կազմակերպմանը.

37) իրականացնում է ազգային փոքրամասնությունների հարցերին և կրոնի ու խղճի ազատությանն առնչվող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի քննարկմանը կամ կարծիքին ներկայացված իրավական ակտերի նախագծերի, ինչպես նաև առանձին հարցերի հետ կապված մասնագիտական փորձաքննություն և վերլուծություն.

38) նախքան կրոնական կազմակերպության պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով պետական գրանցման ստացումը` կրոնական կազմակերպության ներկայացրած համապատասխան փաստաթղթերի հիման վրա տալիս է փորձագիտական եզրակացություն.

39) ապահովում է ազգային փոքրամասնությունների և կրոնական կազմակերպությունների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ կարգավորվող հարաբերությունների համակարգումն ու վերահսկողությունը.

40) տալիս է առաջարկություններ ոլորտի զարգացման ու համակարգի գործունեության արդյունավետության բարձրացման վերաբերյալ.

41) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ գործառույթներ:

 

III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

9. Նախարարությունը կառավարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարը (այսուհետ՝ նախարար), որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ: Նախարարն ունի տեղակալ (տեղակալներ), որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը՝ խորհրդակցելով նախարարի հետ:

Նախարարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:

10. Նախարարն իրականացնում է նախարարությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:

11. Նախարարը հաշվետու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին:

12. Նախարարը՝

1) իր իրավասության սահմաններում ընդունում և օրենքով սահմանված կարգով հրապարակում է գերատեսչական իրավական ակտեր.

2) ղեկավարում է նախարարության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

3) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառներին ու խնդիրներին համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն.

4) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ նախարարության անունից, ինչպես նաև տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ նախարարության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

5) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակումներ է կատարում նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոններում, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժերի միջոցներ.

6) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին ու օգնականներին.

7) օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասության սահմանները.

8) սահմանում է աշխատանքի բաշխում տեղակալի (տեղակալների) միջև.

9) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորության սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարության աշխատակազմի ղեկավարի, նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.

10) լսում է և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.

11) վերահսկողություն է իրականացնում նախարարության աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու օտարման նկատմամբ.

12) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.

13) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատողների թիվը.

14) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.

15) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.

16) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

13. Նախարարի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի տեղակալը:

14. Նախարարի տեղակալը՝

1) համակարգում է նախարարության համակարգի աշխատանքները՝ նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման՝ իրեն հանձնարարված բնագավառներում.

2) իր լիազորության սահմաններում համակարգում է նախարարության տարբեր բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը՝ նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով՝ տալով ցուցումներ ու հանձնարարականներ.

3) նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան՝ իրականացնում է մշակույթի և երիտասարդության հարցերի բնագավառների՝ նախարարության համակարգի մարմիններին որոշակի հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.

4) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

5) համակարգում է իրեն հանձնարարված աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.

6) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

7) համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները նախարարության տարբեր բնագավառներում.

8) պարբերաբար նախարարին է ներկայացնում տեղեկատվություն մշակույթի և երիտասարդության հարցերի բնագավառներում տիրող իրավիճակի վերաբերյալ.

9) ապահովում է նախարարի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.

10) նախարարին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց վերաբերող հարցերի մասին.

11) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

15. Նախարարը կարող է ունենալ խորհրդականներ, մամուլի քարտուղար և օգնականներ, որոնց միջև սահմանում է պարտականությունների բաշխումը:

 

IV. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

16. Նախարարության աշխատակազմի նպատակը և խնդիրը նախարարության (այդ թվում՝ նրա կազմում գործող գործակալությունների ու տեսչությունների)՝ օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նախարարության մասնակցության ապահովումն է:

17. Նախարարության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես պետական կառավարչական հիմնարկ, ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:

18. Նախարարության աշխատակազմը գործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

19. Նախարարության աշխատակազմը, իր իրավասության սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

20. Նախարարության աշխատակազմն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

21. Նախարարության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

22. Նախարարության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Նախարարության աշխատակազմի կատարած գործառույթների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով և կարգով:

23. Նախարարության աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

24. Նախարարության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

25. Նախարարության աշխատակազմի անվանումն է՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմ:

26. Նախարարության աշխատակազմի գտնվելու վայրն է` քաղաք Շուշի, Հախումյան փողոց, 28:

 

V. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ

 

27. Նախարարության աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով՝ ձևավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքների միջոցով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ նախարարության աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

28. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու նախարարության աշխատակազմի գույքը:

29. Նախարարության աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով և իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տիրապետելու և տնօրինելու իր գույքը:

 

VI. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

30. Նախարարության աշխատակազմի կառուցվածքը ներառում է նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ, քարտուղարություն) և առանձնացված ստորաբաժանումները (գործակալություններ, տեսչություններ):

31. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է նախարարը:

32. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ՝ նախարարի ներկայացմամբ:

33. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծառայությունների մատուցման, վերահսկողության գործառույթներ և պատասխանատվության միջոցներ կիրառող մարմին է:

34. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է նաև նախարարության աշխատակազմի առանձին գործառույթները կամ դրանց մի մասը և հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից:

35. Առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

36. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության աշխատակազմի ու իր հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

 

VII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

37. Նախարարության աշխատակազմի կառավարումն իրականացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը և նախարարը՝ օրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:

Նախարարության աշխատակազմը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ղեկավարը, որին օրենքով սահմանված կարգով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

38. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝

1) վերակազմակերպում և դադարեցնում է նախարարության աշխատակազմի գործունեությունը.

2) հաստատում է նախարարության աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կատարում փոփոխություններ.

3) որոշում է նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

4) հաստատում է նախարարության աշխատակազմի կառուցվածքը.

5) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

39. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է նախարարության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և նախարարի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

40. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Նախարարության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

41. Նախարարության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, նախարարի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները:

42. Նախարարության աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է նրա տեղակալը կամ այլ աշխատող՝ նախարարի հրամանով:

43. Նախարարության աշխատակազմի ղեկավարը՝

1) առանց լիազորագրի իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր՝ դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.

2) օրենքով, այլ իրավական ակտերով հիմնադրի և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.

3) իր իրավասության սահմաններում տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է նախարարության աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.

5) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.

6) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.

7) նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում՝ ապահովում է նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.

8) նախարարին ներկայացնում է առաջարկություններ նախարարության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

9) կազմակերպում է նախարարության բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.

10) կազմակերպում է նախարարությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.

11) վերահսկում է նախարարության աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.

12) նախարարի ստորագրությանն է ներկայացնում նախարարի հրամանները, ինչպես նաև կարգադրությունները.

13) ապահովում է համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.

14) կազմակերպում է նախարարությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

15) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

44. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է նախարարության աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները:

45. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, նախարարության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:

 

VIII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

46. Նախարարության աշխատակազմը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններին ներկայացնում է ֆինանսական, հարկային, պարտադիր վճարների մասին, ինչպես նաև վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:

47. Նախարարության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

IX . ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

48. Նախարարության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:»:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 2

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2015 թվականի նոյեմբերի 2-ի N 715-Ն որոշման

 

 

 

«Հավելված 2

ԼՂՀ կառավարության

«23» հոկտեմբերի 2007թ. թիվ 440 որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ

 

1. Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների բաժին

2. Ժամանակակից արվեստի և մշակութային կրթության բաժին

3. Մշակութային ծրագրերի և մոնիթորինգի բաժին

4. Միջոցառումների կազմակերպման և կապերի բաժին

5. Երիտասարդության հարցերի բաժին

6. Ֆինանսատնտեսագիտական բաժին

7. Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժին

8. Քարտուղարություն»:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ