ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«30» նոյեմբերի 2007թ. |
N 565 |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ԼՂՀ 2007թ. սեպտեմբերի 5-ի ՀՕ-83 օրենքի 9-րդ հոդվածի «իե» ենթակետի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետին`
ա) 15-օրյա ժամկետում սահմանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության վարչական մասի և տարածքային ծառայությունների կառուցվածքն ու հաստիքացանկը.
բ) մեկամսյա ժամկետում` նորմատիվ հրամանով հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության վարչական մասի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«30» նոյեմբերի 2007թ.
թիվ 565 որոշման |
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն) «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» և «Ոստիկանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` ոստիկանություն) լիազորություններն իրականացնող ոստիկանության ծառայությունն է:
2. Ճանապարհային ոստիկանությունն ստեղծվում, և նրա գործունեությունը դադարեցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Ճանապարհային ոստիկանության լիազորությունները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, այլ օրենսդրական ակտերով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի (այսուհետ` ոստիկանության պետ) հրամաններով:
4. Ճանապարհային ոստիկանությունն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, ինչպես նաև խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
5. Ճանապարհային ոստիկանության անվանումն է`
հայերեն լրիվ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն,
հայերեն կրճատ` Ճանապարհային ոստիկանություն.
ռուսերեն լրիվ` Սլուժբա «Դոռոժնայա պոլիցիյա» պոլիցիի Նագոռնո Կարաբախսկոյ Ռեսպուբլիկի,
ռուսերեն կրճատ` Դոռոժնայա պոլիցիյա.
անգլերեն լրիվ` Rօad pօlice օf the pօlice օf the Repսblic օf Nagօrnօ Karabakh,
անգլերեն կրճատ` Rօad pօlice:
II. ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
6. Ճանապարհային ոստիկանության խնդիրներն են`
ա) «Ոստիկանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում ճանապարհային երթևեկության մասնակիցների անվտանգության ապահովումը.
բ) ճանապարհային երթևեկության բնագավառում վարչական իրավախախտումների նախականխումը, կանխումը և խափանումը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքով նախատեսված դեպքերում` նաև քննությունը.
գ) ճանապարհներին հանցագործությունների նախականխումը, կանխումը և խափանումը.
դ) ճանապարհներին հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգության ապահովումը.
ե) «Ոստիկանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված սահմաններում ֆիզիկական և իրավաբանական անձանց` իրենց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելիս օգնություն ցույց տալը ճանապարհներին:
7. Ճանապարհային ոստիկանության լիազորություններն են`
ա) մասնակցությունը ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համալիր և տարեկան ծրագրերի մշակմանն ու իրականացմանը.
բ) բնագավառը կարգավորող իրավական ակտերի նախագծեր մշակելը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետին ներկայացնելը.
գ) իր իրավասության սահմաններում վերահսկողությունը ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության, ճանապարհային երթևեկության կանոնների և տեխնիկական նորմերի պահանջների կատարման նկատմամբ.
դ) օրենքով իր ենթակայությանը վերապահված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական վարույթի իրականացումը.
ե) իր իրավասության սահմաններում հսկողությունը ճանապարհային երթևեկության կազմակերպման, տեխնիկական միջոցների տեղադրման և շահագործման աշխատանքների համար նախատեսված պահանջների պահպանման, ինչպես նաև ճանապարհները և դրանց ինժեներական կառույցները, ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները տեխնիկական նորմերի, կանոնների և ստանդարտների պահանջներին համապատասխանեցնելու նկատմամբ, հայտնաբերված խախտումների վերացման պահանջներ ներկայացնելը.
զ) փողոցներում և ճանապարհներին կատարվող շինարարական, վերանորոգման և այլ աշխատանքներ, ինչպես նաև տրանսպորտի երթևեկությունը սահմանափակելը կամ արգելելը, եթե ապահովված չեն ճանապարհային երթևեկության անվտանգության պահանջները.
է) տեխնիկական միջոցների օգտագործմամբ կամ տեխնիկական փորձաքննությամբ հսկողությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար նախատեսված տրանսպորտային միջոցների շահագործման ընթացքում դրանց տեխնիկական վիճակի և կահավորման անվտանգության ապահովման նկատմամբ.
ը) օրենքով նախատեսված դեպքերում հաշվառման տվյալների փոփոխությամբ տրանսպորտային միջոցների վերասարքավորման թույլտվություն տալը.
թ) իր իրավասության սահմաններում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար նախատեսված տրանսպորտային միջոցների պետական հաշվառում իրականացնելը.
ժ) տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի օգտագործման իրավունքի աճուրդների կազմակերպումն ու անցկացումը.
ժա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարորդական վկայական ստանալու քննություններ ընդունելը և տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի ազգային վկայականներ տալը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրանսպորտային միջոցներ վարելու միջազգային վարորդական վկայականներ տալը.
ժբ) որակավորման քննությունների արդյունքների հիման վրա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցում իրականացնելու լիցենզիա տվող մարմնին առաջարկություններ ներկայացնելը.
ժգ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ճանապարհապարեկային ծառայություն իրականացնելը.
ժդ) ճանապարհային երթևեկությունը կարգավորելը, օրենքով սահմանված դեպքերում և կարգով տրանսպորտային միջոցները կանգնեցնելը, ճանապարհային երթևեկությանը մասնակցելու իրավունք վերապահող ու փոխադրվող բեռի փաստաթղթերն ստուգելը և դրանց երթևեկությունը (շահագործումը) արգելելը.
ժե) տրանսպորտային միջոցները վարելուց այն անձանց մեկուսացնելը, որոնց նկատմամբ բավարար հիմքեր կան ենթադրելու ոչ սթափ վիճակում գտնվելու մասին, ինչպես նաև տրանսպորտային միջոց վարելու իրավունքը հավաստող փաստաթղթեր չունեցող անձանց` արգելանքի տակ դնելով տրանսպորտային միջոցները և ապահովելով ուղևորների տեղափոխումն ու բեռների պահպանումը.
ժզ) հետախուզման մեջ գտնվող, ինչպես նաև մարդու կյանքին կամ առողջությանը վնաս պատճառած ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացման պատճառ հանդիսացած կամ դրան մասնակից տրանսպորտային միջոցներն արգելանքի տակ դնելը.
ժէ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում տրանսպորտային միջոցների ուղեկցում իրականացնելը.
ժը) տրանսպորտային միջոցների առկայծող փարոսիկներ կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումների վաճառք իրականացնելու թույլտվություն տալը.
ժթ) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ կանխարգելիչ միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը.
ի) ճանապարհատրանսպորտային պատահարների, դրանց հետևանքով զոհված և վիրավորված անձանց և ճանապարհային երթևեկության բնագավառում վարչական իրավախախտումների պետական հաշվառում իրականացնելը.
իա) քաղաքացիական շրջանառությունից հանված առարկաներ, նյութեր և իրեր, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք, առարկաներ, հանցագործության գործիքներ և հանցագործության հետքեր կրող այլ առարկաներ տեղափոխելու մասին տեղեկություններ կամ հիմնավոր կասկածներ առկա լինելու դեպքերում` վարորդների կամ քաղաքացիների ներկայությամբ տրանսպորտային միջոցները, ինչպես նաև փոխադրվող բեռը զննելը.
իբ) օրենքով սահմանված վճարովի ծառայություններ մատուցելը.
իգ) իրավասու մարմիններին ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում իրավախախտում ամրագրող տեխնիկական միջոցները տեղակայելու առաջարկություններ ներկայացնելը.
իդ) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն առնչվող` օրենքով չարգելված տեղեկություններ հրապարակելը.
իե) համագործակցությունը ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ.
իզ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորությունների իրականացումը:
Ճանապարհային ոստիկանությունը Վարչական իրավախախտումների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքով նախատեսված դեպքերում դատարանում հանդես է գալիս որպես քաղաքացիական հայցվոր կամ դիմող, իսկ Քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում` որպես քաղաքացիական պատասխանող:
III. ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
8. Ճանապարհային ոստիկանությունը բաղկացած է ճանապարհային ոստիկանության վարչական մասից, նրան ենթակա ծառայություններից ու տարածքային` ճանապարհապարեկային ծառայության շարային (վաշտ, դասակ, ջոկ,) ստորաբաժանումներից, որոնք տեղակայվում են Ստեփանակերտ քաղաքում և շրջաններում:
9. Ճանապարհային ոստիկանության վարչական մասի և նրան ենթակա ծառայությունների ու տարածքային ստորաբաժանումների կառուցվածքն ու հաստիքացանկը հաստատում է ոստիկանության պետը:
IV. ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
10. Ճանապարհային ոստիկանության ընդհանուր ղեկավարումն իրականացնում է ոստիկանության պետը:
11. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ ոստիկանության պետին վերապահված` ճանապարհային ոստիկանության ղեկավարման լիազորությունների իրականացումը նրա կողմից կարող է հանձնարարվել ոստիկանության պետի տեղակալներից մեկին:
12. Ճանապարհային ոստիկանության անմիջական ղեկավարումն իրականացնում է ճանապարհային ոստիկանության պետը, որին «Ոստիկանությունում ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է ոստիկանության պետը:
13. Իր լիազորություններն իրականացնելիս ճանապարհային ոստիկանության պետը պատասխանատու է ոստիկանության պետի և (կամ) նրա իրավասու տեղակալի, և հաշվետու` միայն ոստիկանության պետի առջև:
14. Ճանապարհային ոստիկանության նկատմամբ ներգերատեսչական հսկողության ոլորտները, հսկողություն իրականացնող ոստիկանության կենտրոնական ապարատի ծառայությունների շրջանակը և դրանց հսկողական լիազորությունները սահմանվում են ոստիկանության պետի հրամանով:
15. Ճանապարհային ոստիկանության պետը`
ա) առանց լիազորագրի հանդես է գալիս ճանապարհային ոստիկանության անունից և ներկայացնում նրա շահերը.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օգտագործում է ճանապարհային ոստիկանությանը հանձնված գույքը.
գ) տալիս է ճանապարհային ոստիկանության անունից հանդես գալու լիազորագրեր.
դ) ոստիկանության պետին առաջարկություններ է ներկայացնում ճանապարհային ոստիկանության կառուցվածքի և հաստիքացանկի վերաբերյալ.
ե) պատասխանատու է ճանապարհային ոստիկանությունում տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար.
զ) պատասխանատվություն է կրում ճանապարհային ոստիկանության գործունեությունը կարգավորող իրավական ակտերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար.
է) իր լիազորությունների սահմաններում ստորագրում է անհատական հրամաններ, տալիս պարտադիր կատարման ենթակա ցուցումներ, լսում ճանապարհային ոստիկանության պետի տեղակալների հաշվետվությունները և տալիս համապատասխան գնահատական.
ը) միջնորդություն է ներկայացնում ոստիկանության պետին ճանապարհային ոստիկանության ծառայողներին պաշտոնում տեղաշարժելու, պաշտոնից ազատելու, գործուղելու, արձակուրդ տրամադրելու կամ ոստիկանության հատուկ կոչումներ շնորհելու վերաբերյալ, ինչպես նաև միջնորդում է նրանց խրախուսելու կամ կարգապահական տույժի ենթարկելու համար.
ը.1. ճանապարհային ոստիկանության ծառայողներին իր իրավասության սահմաններում խրախուսում կամ ենթարկում է կարգապահական տույժի.
թ) միջոցներ է ձեռնարկում ճանապարհային ոստիկանության ծառայողների մասնագիտական պատրաստվածության, կատարողական և ծառայողական կարգապահության բարձրացման, ծառայողական գաղտնիքի պահպանումն ապահովելու ուղղությամբ.
ժ) աշխատանքներ է տանում անձնակազմի համալրման, ուսուցման և դաստիարակության ուղղությամբ.
ժա) իրականացնում է ճանապարհային ոստիկանության լիազորությունների կատարմանն ուղղված պարտականությունների բաշխումն իր տեղակալների և ճանապարհային ոստիկանության վարչական մասի կառուցվածքային ստորաբաժանումների միջև.
ժբ) հաստատում է ճանապարհային ոստիկանության վարչական մասի ծառայողների հերթապահության գրաֆիկը.
ժգ) ստորագրում է ճանապարհային ոստիկանությունից առաքվող (այդ թվում` պետական այլ մարմիններ) փաստաթղթերը.
ժդ) ճանապարհային ոստիկանությունը ներկայացնում է պետական մարմիններում և կազմակերպություններում.
ժե) իր ժամանակավոր բացակայության դեպքում ճանապարհային ոստիկանությունը ղեկավարելու լիազորությունը, ոստիկանության պետի հետ համաձայնեցնելով, հանձնարարում է իր տեղակալներից որևէ մեկին.
ժզ) իրականացնում է ոստիկանության նորմատիվ իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ:
(15-րդ կետը փոփ., լրաց. 01.04.2014 N 204-Ն)
16. Վարչական տույժ նշանակելու իրավասություն ունեցող ճանապարհային ոստիկանության ծառայողների` վարչական իրավախախտման վերաբերյալ գործերով որոշումը գանգատարկվելու դեպքերում այն քննելու իրավասություն ունեցող վերադաս պաշտոնատար անձ է հանդիսանում ճանապարհային ոստիկանության պետը կամ նրա կողմից լիազորված տեղակալը:
17. Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալները`
ա) պատասխանատվություն են կրում ճանապարհային ոստիկանությունում իրենց համադասմանը վերապահված լիազորությունների պատշաճ ապահովման համար, իրականացնում են ճանապարհային ոստիկանության` անմիջականորեն իրենց ենթակայության տակ գտնվող համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների ընթացիկ ղեկավարումը.
բ) ենթակա ծառայողներին տալիս են պարտադիր կատարման ենթակա հանձնարարականներ, լսում նրանց կատարողական հաշվետվությունները և զեկույցները.
գ) ենթակա ծառայողներին ցույց են տալիս անհրաժեշտ մեթոդական և գործնական օգնություն, միջոցներ ձեռնարկում նրանց մասնագիտական պատրաստվածության, կատարողական և ծառայողական կարգապահության բարձրացման, ծառայողական գաղտնիքի պահպանումն ապահովելու ուղղությամբ.
դ) անմիջականորեն կատարում են ճանապարհային ոստիկանության պետի անհատական հանձնարարականներն ու ցուցումները.
ե) առաջարկություններ են ներկայացնում ճանապարհային ոստիկանության գործունեության արդյունավետության բարձրացման, աշխատանքի պատշաճ կազմակերպման վերաբերյալ.
զ) առաջարկություններ են ներկայացնում ճանապարհային ոստիկանության կադրային համալրման վերաբերյալ.
է) առաջարկություններ են ներկայացնում ճանապարհային ոստիկանության պետին՝ ենթակա ծառայողներին խրախուսելու կամ կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.
ը) հաշվետու և պատասխանատու են ճանապարհային ոստիկանության պետին, վերջինիս բացակայության դեպքում փոխարինում են նրան.
թ) իրականացնում են ոստիկանության նորմատիվ իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ:
(17-րդ կետը խմբ. 01.04.2014 N 204-Ն)
V. ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
18. Ճանապարհային ոստիկանության ֆինանսավորումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի և ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային ֆոնդի միջոցներից:
(18-րդ կետը փոփ. 01.04.2014 N 204-Ն)
19. Ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային ֆոնդը կազմավորվում է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում արտաբյուջետային ֆոնդ մուտքագրվող գումարներից:
(19-րդ կետը խմբ. 01.04.2014 N 204-Ն)
20. Ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային ֆոնդը ծախսվում է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի «ա»-«ե» կետերով նախատեսված ուղղություններով: Ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային ֆոնդը կարող է ծախսվել նաև հետևյալ ուղղություններով.
ա) ոստիկանության համար գույքի (ապրանքների), աշխատանքների և ծառայությունների ձեռքբերում,
բ) ոստիկանության ծառայողների սոցիալական վիճակի բարելավում և նյութական խրախուսում,
գ) ոստիկանության շենքերի, շինությունների, ծառայության պայմանների բարելավում:
(20-րդ կետը խմբ. 26.04.2011 N 247-Ն, խմբ. 01.04.2014 N 204-Ն)
21. (կետն ուժը կորցրել է 01.04.2014 N 204-Ն)
22. (կետն ուժը կորցրել է 01.04.2014 N 204-Ն)
23. (կետն ուժը կորցրել է 01.04.2014 N 204-Ն)
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |