Համարը 
N 81
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2007.03.16/09(50)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
27.02.2007
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
27.02.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
17.03.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«27» փետրվարի 2007թ.

N 81

 ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասին և 21-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը  ո ր ո շ ո ւ մ  է.

Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգը` համաձայն հավելվածի:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

 

 

Հ ա վ ե լ վ ա ծ

ԼՂՀ կառավարության

2007թ. փետրվարի 27-ի

 թիվ 81 որոշման

 

Կ Ա Ր Գ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ ՏԱԼՈՒ

 

I. ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

1. Ուսանողական նպաստը փոխհատուցում է (լրիվ կամ մասնակի) ուսանողի ուսման վճարը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի ծախսային մասում նախատեսված միջոցների, բարձրագույն ուսումնական հաստատության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրների հաշվին:

2. Պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում տրամադրում է՝

ա/ մեկ ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր գնահատականներ ունեցող ուսանողներին՝ մրցութային կարգով.

բ/ օրենքով նախատեսված հետևյալ սոցիալական խմբերին՝

առանց ծնողական խնամքի մնացած ուսանողներին և նրանց թվին պատկանող անձանց՝ համաձայն «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի,

1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներին և հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց՝ համաձայն «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի,

զոհված զինծառայողների երեխա-ուսանողներին, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած ուսանողներին՝ համաձայն «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի,

գ/ պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողներին:

Առանց ծնողական խնամքի մնացած ուսանողներին և նրանց թվին պատկանող անձանց, զոհված զինծառայողների երեխա-ուսանողներին ուսանողական նպաստներ տրամադրվում են 1-ին կուրսից մինչև ծրագրի ավարտը, իսկ 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներին և հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած ուսանողներին ուսանողական նպաստները համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում տրվում են 1-ին կուրսի սկզբում և վերանայվում յուրաքանչյուր ուսումնական տարվա վերջում:

(2-րդ կետը լրաց. 26.05.2015 N 315-Ն)

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը յուրաքանչյուր տարի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով բարձրագույն ուսումնական հաստատությունների համար նախատեսված միջոցների սահմաններում, ըստ բուհերի և մասնագիտությունների, բաշխում է պետության կողմից տրվող ուսանողական նպաստների քանակը, որը տեղափոխվում է կուրսից կուրս:

4. Առաջին կուրսում ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ կամ մասնակի փոխհատուցում տրամադրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բուհերի ընդունելության կանոններով սահմանված կարգով բուհ ընդունված ուսանողներին:

Հաջորդ կուրսերում ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում տրվում է մեկ ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին՝ մրցութային հիմունքներով:

Ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքում միևնույն պայմանների դեպքում հավասար միավորներ ունեցող երկու և ավելի ուսանողների պարագայում՝ երկրորդ կուրսում առավելությունը տրվում է առաջին կուրսի վերջին կիսամյակի քննաշրջանի արդյունքում առավել բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին, հաջորդ կուրսերում՝ նախորդ ուսումնական տարվա, իսկ վերջինիս հավասարության դեպքում՝ դրան նախորդող ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին:

(4-րդ կետը լրաց. 26.05.2015 N 315-Ն)

5. (կետն ուժը կորցրել է 26.05.2015 N 315-Ն)

6. Ուսման վճարը մասնակի փոխհատուցող ուսանողական նպաստների չափը («Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն) սահմանում է և այն տրամադրելու գործառույթներն իրականացնում է բուհը:

(6-րդ կետը լրաց. 26.05.2015 N 315-Ն)

7. Բուհերում ուսման վճարի մասնակի փոխհատուցման մասին դիմումներն ընդունվում են տվյալ ուսումնական տարվա յուրաքանչյուր կիսամյակի ուսումնական պարապմունքների սկզբին նախորդող և հաջորդող երկու շաբաթների ընթացքում։

(7-րդ կետը խմբ. 26.05.2015 N 315-Ն)

8. Պետության կողմից ուսանողական նպաստ տրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող ուսումնական հաստատությունների ուսանողներին: Մյուս ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստներ հատկացնելու որոշումն ընդունում է հիմնադիրը:

9. Ուսումնառությունն ընդհատած (ժամկետային զինծառայության զորակոչվելու, առողջական վիճակի պատճառով ակադեմիական արձակուրդում գտնվելու, հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի դեպքերում) ուսանողը վերականգնվելիս պահպանում է նախկինում ունեցած ուսանողական նպաստ ստանալու իրավունքը (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ուսանողական նպաստ ստացողների ընդհանուր թվաքանակի շրջանակներում):

(9-րդ կետը խմբ. 26.05.2015 N 315-Ն)

10. Նպաստառու ուսանողի սոցիալական վիճակի փոփոխության դեպքում բուհի կողմից տրամադրվող ուսանողական նպաստը կարող է փոփոխվել:

11. Ուսանողական նպաստներ տալու գործընթացի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է պետական կառավարման լիազորված մարմինը:

 

II. ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

12. Պետական կրթաթոշակը պետական ֆինանսական խրախուսանք է. ուսանողներին պետական կրթաթոշակ է տրվում գերազանց և լավ առաջադիմության, հասարակական ակտիվություն, պատշաճ վարքագիծ դրսևորելու համար (արվեստի բնագավառի բուհերում՝ նաև մասնագիտական մրցույթ ստուգատեսների հաղթողներին):

Ուսանողների հասարակական ակտիվությունը բնութագրող ցուցանիշներն են՝

ա/ մասնակցությունը ֆակուլտետի և բուհի ուսանողական, հասարակական աշխատանքներին.

բ/ զեկուցումներ, ռեֆերատներ, հրատարակված աշխատանքներ /գիտական ամսագրերում և զանգվածային լրատվության միջոցներում/,

գ/ մասնակցությունը միջբուհական, քաղաքային, հանրապետական և միջազգային մրցույթներին, օլիմպիադաներին, ուսանողական գիտական նստաշրջաններին, ուսանողական շինարարական ջոկատների աշխատանքներին,

դ/ այլ հասարակական և ստեղծագործական նախաձեռնություններ՝ բուհի հայեցողությամբ:

Սույն կարգի իմաստով ուսանողների պատշաճ վարքագիծը բուհի ներքին կանոնների պահպանումն է:

13. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը, յուրաքանչյուր տարի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության տվյալ տարվա պետական բյուջեով բարձրագույն ուսումնական հաստատությունների համար նախատեսված միջոցների սահմաններում, ըստ բուհերի, հաստատում է պետական կրթաթոշակների թիվը և չափը:

14. Պետության կողմից կրթաթոշակ տրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության պետական բյուջեից ֆինանսավորվող ուսումնական հաստատությունների ուսանողներին: Մյուս ուսումնական հաստատություններում կրթաթոշակի հատկացման որոշումն ընդունում է հիմնադիրը:

15. Ուսանողին պետական կրթաթոշակի տրամադրումը վերանայվում է ուսումնական տարվա յուրաքանչյուր կիսամյակի արդյունքներով՝ համաձայն սույն կարգի 12-րդ կետով նախատեսված պայմանների: Նախատեսված պայմանները չապահովելու դեպքում ուսանողը զրկվում է պետական կրթաթոշակից: Պետական կրթաթոշակից զրկված ուսանողը կարող է ընդգրկվել ուսումնական նպաստառուների համակարգում՝ սույն կարգի 2-րդ կետի պահանջները բավարարելու դեպքում:

(15-րդ կետը փոփ. 26.05.2015 N 315-Ն)

16. Ազատված պետական կրթաթոշակները մրցութային կարգով հատկացվում են այլ ուսանողների:

17. Ուսումնառությունն ընդհատած (ժամկետային զինծառայության զորակոչվելու, առողջական վիճակի պատճառով ակադեմիական արձակուրդում գտնվելու, հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի դեպքերում) ուսանողը վերականգնվելիս պահպանում է նախկինում ունեցած կրթաթոշակ ստանալու իրավունքը (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված կրթաթոշակ ստացողների ընդհանուր թվաքանակի շրջանակներում):

(17-րդ կետը խմբ. 26.05.2015 N 315-Ն)

18. Պետական կրթաթոշակների ձևակերպման գործընթացն իրականացնում է բուհը:

19. Բարձրագույն ուսումնական հաստատությունը կարող է սեփական միջոցների հաշվին սահմանել անվանական կրթաթոշակներ:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան