ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Դադարեցնել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի գործունեությունը:
2. Սահմանել, որ գործունեությունը դադարեցրած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի քաղաքացիաիրավական իրավունքներն ու պարտականությունները փոխանցվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը` ջրային համակարգերի կառավարման բնագավառում՝ ի դեմս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության, էներգետիկայի, կապի և տրանսպորտի բնագավառներում՝ ի դեմս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության:
(2-րդ կետը փոփ. 15.07.2015 N 470-Ն)
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն.
1) մինչև 2015 թվականի հուլիսի 20-ը` պետական կառավարչական հիմնարկի կանոնադրությունը, կառուցվածքը, գույքի կազմն ու չափը հաստատելու կամ փոփոխելու վերաբերյալ.
2) մեկամսյա ժամկետում` սույն որոշմամբ պայմանավորված այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:
(3-րդ կետը փոփ. 15.07.2015 N 470-Ն)
4. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի ղեկավարին`
1) մեկամսյա ժամկետում ապահովել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի աշխատողների` օրենքով սահմանված աշխատանքային իրավունքներն ու երաշխիքները.
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի գործունեության դադարեցմամբ պայմանավորված պետական հաշվառման աշխատանքները:
5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարին` մեկամսյա ժամկետում, սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեում սույն որոշումից բխող վերաբաշխումներ կատարելու վերաբերյալ:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |