Համարը 
թիվ 142-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2009.07.31/11(17)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվը 
23.07.2009
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
23.07.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
10.08.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ԽՄԵԼՈՒ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆԸ ԵՎ ՇՇԱԼՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2-III-4.1-04-2009 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«28» հուլիսի 2009 թվականի

պետական գրանցման համարը 1010994

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«23» հուլիսի 2009թ.

թիվ 142-Ն

ք. Ստեփանակերտ

 

«ԽՄԵԼՈՒ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆԸ ԵՎ ՇՇԱԼՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2-III-4.1-04-2009 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 20-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 558 որոշմամբ հաստատված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության 7-րդ կետի «ե» ենթակետի, ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից` խմելու հանքային ջրերի մշակման և շշալցման արտադրությանը ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջները սահմանելու նպատակով.

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ `

 

1. Հաստատել «Խմելու հանքային ջրերի մշակմանը և շշալցմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-4.1-04-2009 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմերը` համաձայն հավելվածի:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օ. Հարությունյանին` սահմանել հսկողություն «Խմելու հանքային ջրերի մշակմանը և շշալցմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N2-III-4.1-04-2009 սանիտարական կանոնների և հիգիենիկ պահանջների կատարման նկատմամբ:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության իրավաբան Հ. Գասպարյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Ա. Գրիգորյանին:

 

 

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ 

 

 

 

Հավելված

Հաստատված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

առողջապահության նախարարի

2009 թվականի հուլիսի «23» -ի

թիվ 142-Ն հրամանով

 

ԽՄԵԼՈՒ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆԸ ԵՎ ՇՇԱԼՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐ N 2-III-4.1-04-2009

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն սանիտարական կանոններով և հիգիենիկ նորմերով (այսուհետ՝ սանիտարական կանոններ) սահմանվում են հանքային ջրերի կապտաժներին, խմելու բնական հանքային ջրերի պահման, տեղափոխման, հանքային ջրերի մշակման և շշալցման գործընթացներին, ինչպես նաև օգտագործվող սարքավորումներին և նյութերին ներկայացվող սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային պահանջները:

 

ԿԱՊՏԱԺԱՅԻՆ ՇԻՆՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

2. Կապտաժը ջրառման հիդրոտեխնիկական շինություն է, որն ապահովում է ջրի կայուն քիմիական կազմը՝ պահպանելով այն մակերեսային կամ ստորգետնյա ջրերի ներթափանցումից և կանխում հանքային ջրի աղտոտումը:

3. Հորատանցքի ցողունը ամրացվում է միմյանց մեջ մտնող խողովակներով, որոնց ստորին մասը, անհրաժեշտության դեպքում, կահավորվում է ֆիլտրով՝ հանքային ջրի մեջ հողի փոքր մասնիկների ներթափանցումը կանխելու նպատակով:

Սկզբնային հատվածը կահավորվում է խողովակագլխով, որի վրա տեղադրվում են հանքային ջրի մակարդակի, ջերմաստիճանի, ջրի ծախսի չափիչ սարքեր, ինչպես նաև նմուշառման ծորակներ՝ քիմիական և մանրէաբանական հետազոտության նպատակով հանքային ջրի նմուշառման համար:

4. Խողովակները և խողովակագլխի սարքավորումները պետք է պատրաստված լինեն հանքային ջրերի հետ շփման համար նախատեսված նյութերից:

5. Ստորգետնյա ջրերի ներթափանցումը և հանքային ջրի մանրէային պատահական աղտոտումը բացառելու նպատակով, վերոհիշյալ խողովակներն ամբողջ երկարությամբ և հատկապես կցման հատվածներում, պետք է լինեն անջրաթափանց:

6. Հարխողովակային տարածքի մակերեսային ջրերով աղտոտումը կանխելու նպատակով, անհրաժեշտ է ցեմենտապատել ջրառման խողովակի շրջակա տարածքը:

7. Կապտաժը պետք է կահավորված լինի վերկապտաժային փակ, լուսավոր և պարտադիր օդափոխվող տաղավարով, որը պետք է սպասարկվի միայն սահմանված կարգով նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննման ենթարկված անձնակազմի կողմից:

8. Կապտաժի շուրջը պետք է սահմանվի սանիտարական պահպանման գոտի 30-50 մետրից ոչ պակաս շառավղով՝ ելնելով կապտաժի տեսակից:

9. Այն կազմակերպությունների լաբորատորիաները, որոնց հաշվեկշռում գտնվում է կապտաժը, պետք է կատարեն կապտաժից նմուշառված հանքային ջրի մանրէաբանական հետազոտություններ՝ ենթահավելված N1-ում սահմանված հաճախականությամբ (պարբերականությամբ):

10. Հանքային ջրի մանրէաբանական հետազոտության անբավարար արդյունքների դեպքում, կապտաժի սարքավորումները պետք է ախտահանվեն: Ախտահանումը կատարվում է շրջակա միջավայրի օդի ջերմաստիճան ունեցող լուծույթով, 1 ժամ տևողությամբ: Ախտահանումից հետո լվացումը կատարվում է հանքային ջրով՝ մինչև մնացորդային ակտիվ քլորի բացակայությունը:

 

ԽՈՂՈՎԱԿՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՏԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

11. Կապտաժից մինչև շշալցման արտադրամաս հանքային ջրի տեղափոխման համար օգտագործվող խողովակագծերը, ավտո և երկաթուղային տարողությունները (ցիստեռնները) պետք է պատրաստված լինեն, համաձայն «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի, սանիտարահիգիենիկ փորձաքննության տվյալների հիման վրա պարենահումքի և սննդամթերքի հետ շփման համար դրական եզրակացություն ունեցող նյութերից:

12. Խողովակագծերն ամբողջ երկայնքով պետք է լինեն անջրաթափանց և աշխատեն լրիվ հատույթով:

13. Խողովակագծերի և կոլեկտորների տեխնիկական վիճակի ստուգումը կատարվում է ըստ անհրաժեշտության, բայց եռամսյակը մեկ անգամից ոչ պակաս: Ստուգումը կատարում է կազմակերպության կողմից ստեղծված հանձնաժողովը: Եթե կապտաժը կամ կոմունիկացիաները և ջրագծերը գտնվում են այլ կազմակերպության կամ հիմնարկի տնօրինության ներքո, ապա հանձնաժողովի աշխատանքներին պետք է մասնակցեն վերջիններիս ներկայացուցիչները:

14. Խողովակագծերի անջրաթափանցությունը ստուգվում է տարին մեկ անգամ` հիդրավլիկ փորձարկման եղանակով:

15. Խողովակագծերի և կոլեկտորների սանիտարական մշակումը (ախտահանումը) կատարվում է վերանորոգման աշխատանքներից հետո և, անհրաժեշտության դեպքում, դրանց ստուգումից (ռեվիզիայից) հետո: Ախտահանումն իրականացվում է շրջակա միջավայրի ջերմաստիճան ունեցող քլոր պարունակող լուծույթով՝ 1 ժամ տևողությամբ, ապա կատարվում է խողովակագծերի լվացում խմելու ջրով, մինչև ակտիվ քլորի հետքերի վերանալը, այնուհետև՝ պարզաջրվում խողովակագծերի տարողունակությանը հավասար ծավալի հանքային ջրով:

16. Խողովակագծերի և կոլեկտորի յուրաքանչյուր ստուգման և ախտահանման արդյունքների վերաբերյալ կատարվում են նշումներ (գրառումներ):

17. Հանքային ջրի տեղափոխման համար հատկացված ավտո և երկաթուղային տարողությունները (ցիստեռնները) պետք է օգտագործվեն միայն հանքային ջուր տեղափոխելու համար և ունենան «Հանքային ջուր» մակնշում:

18. Ավտո և երկաթուղային ցիստեռնները հանքային ջրով լցնելու և դատարկելու համար պետք է օգտագործվեն միայն սննդամթերքի հետ շփվելու համար, համաձայն «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի, սանիտարահիգիենիկ փորձաքննության ենթարկված և դրական եզրակացություն ունեցող նյութերից պատրաստված ստացիոնար խողովակներ: Չի թույլատրվում հանքային ջուրը լցնել և դատարկել ռետինե խողովակների միջոցով:

19. Սննդարդյունաբերությունում օգտագործելու համար նախատեսված ռետինե և պոլիմերային նյութերից պատրաստված խողովակները կարող են օգտագործվել միայն ցիստեռնները ստացիոնար խողովակագծերին միացնելու նպատակով: Ռետինե խողովակները պետք է պահել դրանց հնարավոր աղտոտումը բացառող պայմաններում՝ կախիչների կամ դարակաշարերի վրա:

20. Ցիստեռնների լցման և դատարկման սարքավորումների (ամրաններ) միացման ռետինե խողովակները պետք է ենթարկվեն մանրամասն ախտահանման: Միացման խողովակները պետք է ախտահանվեն ամեն օր, շոցեհարվեն գոլորշիով կամ մշակվեն քլոր պարունակող ախտահանիչ լուծույթով (ենթահավելված 3): Ախտահանման որակի հսկողությունն իրականացնում է կազմակերպության մանրէաբանական լաբորատորիայի մանրէաբանը:

21. Ավտո և երկաթուղային ցիստեռնները և շշալցման կազմակերպությունում օգտագործվող բոլոր տարողությունները, նախքան օգտագործելը և օգտագործման ընթացքում, պետք է ախտահանվեն (ենթահավելված 3):

22. Ավտոցիստեռնների ախտահանումը պետք է կատարվի ոչ պակաս, քան ամիսը 1 անգամ: Ախտահանման որակը հսկվում է մանրէաբանական հետազոտության միջոցով:

Հանքային ջուրը դատարկելուց հետո ցիստեռնը պետք է զննվի մանրէաբանի կողմից: Անհրաժեշտության դեպքում, մանրէաբանի ցուցումով, պետք է կատարվի ցիստեռնի արտահերթ ախտահանում:

23. Նոր և խիստ աղտոտված ավտո և երկաթուղային ցիստեռնները նստվածքի, թաղանթի և այլնի առկայության դեպքում, ենթարկվում են մշակման հետևյալ եղանակով.

1) ցիստեռններն ամբողջ ծավալով լցվում են 1,0-1,5%-անոց կալցիումացված կամ կաուստիկ սոդայի լուծույթով և պահվում 2-4 ժամ տևողությամբ,

2) ցիստեռնների ներքին մակերեսը խոզանակով մաքրվում է նստվածքից, աղերից, թաղանթներից և մեխանիկական այլ աղտոտումներից և լվացվում խմելու ջրով,

3) կատարվում է ախտահանում գոլորշիով կամ քլոր պարունակող նյութերով (ենթահավելվածներ 2,3)՝ ցիստեռնի ամբողջ տարողությունը լցվում է ախտահանիչ լուծույթով, 1 ժամ տևողությամբ,

4) լվացում խմելու ջրով, մինչև ախտահանիչ նյութի հետքերի վերացումը:

24. Մշտապես շահագործվող ցիստեռններն ախտահանվում են համաձայն 3.13 կետի պահանջների: Արգելվում է ալյումինից պատրաստված ցիստեռններն ախտահանել հիմնային ախտահանիչ նյութերով:

25. Երկաթուղային ցիստեռններն ախտահանվում են յուրաքանչյուր անգամ հանքային ջուր լցնելուց առաջ:

26. Ցիստեռնների ախտահանումը կատարվում է հատուկ կահավորված հարթակներում, որոնք պետք է ունենան կարծր ծածկույթ և տեղակայված լինեն ծածկի տակ: Հարթակը պետք է կոյուղացված լինի, ապահովված խմելու ջրի և գոլորշու խողովակագծերով, ինչպես նաև պաշտպանիչ ցանց ունեցող շարժական էլեկտրալամպով:

27. Ցիստեռնների մտոցները, դիտահորերը, ինչպես նաև լցման և դատարկման սարքավորումները, պետք է լինեն կապարակնքված: Կնիքների ամբողջականությունը պետք է պահպանված լինի հանքային ջրի տեղափոխման ամբողջ ընթացքում, ինչպես նաև մինչև ցիստեռնի հանքային ջրով լցնելը:

28. Միացման խողովակների և տեղափոխման տարողությունների ախտահանման որակը հսկվում է լաբորատորիայի կողմից:

29. Ավտո և երկաթուղային ցիստեռնները սպասարկող անձնակազմը պետք է սահմանված կարգով ենթարկվի պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննման:

 

ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՇՇԱԼՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԱՐՏԱԴՐԱՄԱՍԵՐԻ) ՏԱՐԱԾՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

30. Տարածքին ներկայացվող ընդհանուր պահանջները վերաբերվում են տեխնիկայի անվտանգության կանոնների պահպանմանը և սանիտարահիգիենիկ պատշաճ պայմանների ապահովմանը:

31. Տարան, շինարարական և տնտեսական նյութերը պետք է պահվեն առանձնացված պահեստներում կամ ծածկի տակ՝ բետոնածածկ, ասֆալտածածկ կամ հեշտ մաքրման հնարավորություն ընձեռող այլ ծածկով հարթակների վրա:

32. Ապակու ջարդոնի և աղբի հավաքման տարողությունները պետք է տեղադրված լինեն բետոնածածկ, ասֆալտածածկ կամ հեշտ մաքրման հնարավորություն ընձեռող այլ ծածկով հարթակների վրա:

33. Աղբի հավաքման տարողությունները, դատարկվելուց հետո, պետք է ախտահանվեն քլորակրի 10%-անոց լուծույթով կամ համարժեք ախտահանիչ այլ նյութերով, տարվա ցուրտ ժամանակ՝ ամիսը 1 անգամից ոչ պակաս, տաք ժամանակ՝ շաբաթը մեկ անգամ:

34. Վարորդների, առաքիչների, հաճախորդների համար նախատեսված սանիտարական հանգույցներն անհրաժեշտ է տեղադրել օժանդակ սենքում (շինությունում)՝ արտադրական և պահեստային սենքերից առանձնացված: Սանիտարական հանգույցներն ամեն օր պետք է ախտահանվեն քլորակրի 10%-անոց լուծույթով կամ համարժեք ախտահանիչ այլ նյութերով:

Չի թույլատրվում ախտահանման համար կիրառել չոր քլորակիր:

 

ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆԸ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

35. Հանքային ջրերի շշալցման կազմակերպությունները պետք է ապահովված լինեն բավարար քանակի «Խմելու ջուր. Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ. Որակի հսկողություն» N2-III-Ա2-1 սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին համապատասխանող ջրով:

36. Ջրամատակարարման աղբյուրի ջրառման տեղի ընտրությունը, ջրամատակարարման աղբյուրի սանիտարական պահպանման գոտու սահմանումը, ինչպես նաև ջրամատակարարման համակարգի կառուցվածքը պետք է համապատասխանի «Ջրամատակարարում: Արտաքին ցանցեր և կառույցներ» 2.04.02-84 շինարարական նորմերի ու կանոնների և սույն սանիտարական կանոնների պահանջներին:

37. Հանքային ջրի շշալցման կազմակերպությունների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի կառուցվածքը պետք է համապատասխանի 2.04.01-85 «Շենքերի ներքին ջրամատակարարում և կոյուղի», 2.04.03-85 «Կոյուղի. Արտաքին ցանցեր և կառուցվածքներ» շինարարական նորմերի ու կանոնների և սույն սանիտարական կանոնների պահանջներին:

Մթնոլորտային տեղումներից առաջացած ջրի հավաքման և հեռացման համար պետք է նախատեսել առանձին հեղեղատար:

Արգելվում է միացնել արտադրական և կենցաղային ջրահեռացման գծերը, դրանցից յուրաքանչյուրն առանձին պետք է միանա բակային ցանցին:

38. Կազմակերպությունների ջրահեռացման բակային ցանցերը պետք է տեղադրված լինեն ջրմուղի ջրագծից ցածր: Դրանց հատման տեղամասերի սարքավորումը և զուգահեռ գծերի միջև տարածությունը պետք է համապատասխանի N2.04.02-84 «Ջրամատակարարում: Արտաքին ցանցեր և կառույցներ», N2.04.03-85 «Կոյուղի. Արտաքին ցանցեր և կառուցվածքներ» շինարարական նորմերի ու կանոնների պահանջներին:

39. Խմելու ջրի որակը պետք է հսկվի կազմակերպության արտադրական լաբորատորիայի կողմից, ոչ ուշ, քան 2 շաբաթը 1 անգամ և պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կողմից՝ ընտրանքային կարգով: Ջրի որակի նկատմամբ մանրէաբանական հսկողության հաճախականությունը կարող է փոխվել (ավելացվել), ելնելով տարածաշրջանի համաճարակային իրավիճակից:

40. Արտեզյան հորատանցքերը և պահուստային ջրակուտակիչները պետք է ունենան սանիտարական պահպանման գոտի: Արտեզյան հորատանցքերի և ջրատար սարքավորումների տեխնիկական վիճակի նկատմամբ պետք է իրականացվի մշտական հսկողություն, որի համար պետք է առկա լինեն ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերի ուրվագծերը:

41. Ջրամատակարարման կենտրոնացված և տեղային ցանցերից ստացվող ջրի բաշխիչ խողովակագծերը արգելվում է միացնել միմյանց հետ:

42. Չկոյուղացված բնակավայրերում կեղտաջրերի հեռացումը (բաց ջրամբարներ բաց թողնելու դեպքում) պետք է կատարվի նախնական մաքրումից և վարակազերծումից հետո:

 

ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՊԱՀՄԱՆ (ԿՈՒՏԱԿԻՉ) ՏԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

43. Շշալցման արտադրամասերում հանքային ջրի պահման համար նախատեսված տարողությունները պետք է պատրաստված լինեն սննդամթերքի հետ շփման համար նախատեսված նյութերից:

44. Տարողությունների կափարիչները պետք է ունենան սննդամթերքի հետ շփման համար նախատեսված ռետինե միջադիր և լինեն կապարակնքված:

45. Տարողությունները պետք է ապահովված լինեն ջրաչափ ապակիներով և ծորակներով՝ քիմիական ու մանրէաբանական հետազոտության նպատակով ջրի նմուշառման համար:

46. Կապտաժից հանքային ջրի ընդունման համար նախատեսված տարողությունները պետք է մաքրվեն և ախտահանվեն տարին 1 անգամ (ենթահավելված 3), իսկ վերանորոգումից հետո կամ մանրէային աղտոտում հայտնաբերելու դեպքում՝ ենթարկվեն արտահերթ ախտահանման:

Հատկապես մանրամասն պետք է ախտահանվեն ջրաչափ ապակիները և նմուշառման ծորակները:

Ախտահանման որակի հսկողությունը կատարվում է ենթահավելված 2-ին համապատասխան:

47. Երկաթուղային ցիստեռններով տեղափոխելու դեպքում, հանքային ջրի պահման տարողությունները պետք է ախտահանվեն յուրաքանչյուր դատարկվելուց հետո:

48. Ավտոցիստեռններով տեղափոխելու դեպքում, հանքային ջրի պահման տարողությունները պետք է ախտահանվեն եռամսյակը մեկ անգամից ոչ պակաս:

49. Տարողություններում պահվող առաջնային մշակման չենթարկված հանքային ջրի օգտագործման ժամկետը չպետք է գերազանցի 2 օրից:

Երկաթուղային ցիստեռններով տեղափոխման դեպքում, առաջնային մշակման ենթարկված հանքային ջրի օգտագործման ժամկետը չպետք է գերազանցի 5 օրից:

50. Կուտակիչ տարողությունների սանիտարական մշակումը պետք է կատարվի հետևյալ եղանակով.

1) մեխանիկական մաքրում աղերից, նստվածքից, տիղմից,

2) լվացում խմելու ջրով,

3) ախտահանում ախտահանիչ նյութերով (ենթահավելված 3), 1 ժամ տևողությամբ,

4) լվացում խմելու ջրով:

Մեխանիկական մաքրումից և լվացումից հետո, թույլատրվում է տարողություններն ախտահանել գոլորշիով՝ 1 ժամ տևողությամբ:

51. Տարողությունների սանիտարական մշակման և ախտահանման որակը հսկվում է լաբորատորիայի աշխատակիցների կողմից:

52. Տարողությունների օգտագործումը թույլատրվում է մանրէաբանի կողմից՝ լաբորատոր հսկողության բավարար արդյունքների հիման վրա:

 

ԼՈՒՍԱՎՈՐՄԱՆԸ, ՋԵՌՈՒՑՄԱՆԸ, ՕԴԱՓՈԽՈՒԹՅԱՆԸ, ՕԴԻ ԼԱՎՈՐԱԿՄԱՆԸ ԵՎ ԱՂՄՈՒԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

53. Հանքային ջրի շշալցման արտադրամասերի լուսավորումը պետք է համապատասխանի «Արհեստական և բնական լուսավորում» շինարարական նորմերի II-8.03-96-ի պահանջներին:

54. Ջեռուցման համակարգը պետք է համապատասխանի «Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում» շինարարական նորմերի IV-12.01-2000-ի պահանջներին: Արտադրական, կենցաղային շենքերի ջեռուցման համակարգի համար գերադասելի է օգտագործել գերտաքացված ջուր, կարելի է՝ նաև հագեցած գոլորշի:

55. Խոնավության, ջերմության և վնասակար նյութերի աղբյուր հանդիսացող սարքավորումները պետք է ապահովված լինեն օդափոխության տեղային արտաձիգ համակարգով:

56. Օդափոխիչ համակարգը սենքերում պետք է ապահովի ներհոս և արտաձիգ օդափոխանակության հաշվեկշիռը:

57. Օդախոխության սարքավորումները պետք է տեղադրվեն աղմուկը և ցնցումը նվազեցնող սարքավորումներով ապահովված օդափոխիչ խցիկերում՝ համաձայն «Պաշտպանությունը աղմուկից» շինարարական նորմերի ու կանոնների II-12-77-ի պահանջների:

Աղմուկի մակարդակը պետք է համապատասխանի «Աղմուկն աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում» N2-III-11.3 սանիտարական նորմերի պահանջներին:

 

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՍԵՆՔԵՐԻՆ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ԵՎ ԳՈՒՅՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

58. Համաձայն «Բնակելի շենքեր» շինարարական նորմերի ու կանոնների 2.08.01-89- ի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 222-րդ հոդվածի, արգելվում է բնակելի շենքերում տեղակայել խմելու հանքային ջրերի շշալցման արտադրամասեր:

59. Արտադրամասերի, տեղամասերի (բաժինների) պատերը 1,8մ-ից ոչ պակաս բարձրությամբ պետք է սալիկապատված, բաց երանգի յուղաներկով ներկված լինեն կամ ունենան խոնավ մաքրման և ախտահանման հնարավորություն ընձեռող այլ հիգիենիկ ծածկ:

60. Բոլոր սենքերի հատակները պետք է լինեն անջրաթափանց և ունենան 0,03°-ից ոչ պակաս թեքություն դեպի հատականցքերը: Հատականցքերի և ջրահեռացման խողովակների տրամագիծը պետք է ապահովի լվացման և հետադարձ կեղտաջրերի լրիվ հեռացումը հատակի ցանկացած հատվածից:

61. Խողովակագծերը պետք է լինեն յուղաներկված:

62. Սենքերի պատերի և առաստաղի սպիտակեցումն ու ներկումը կատարվում է ըստ անհրաժեշտության (բորբոսի, աղտոտվածության հետքերի առաջացման դեպքերում): Բորբոսով պատված մակերեսները յուղաներկելուց առաջ անհրաժեշտ է մշակել հակասնկային միջոցներով:

63. Բացվող բոլոր պատուհանները և օդանցքները տարվա տաք ժամանակաշրջանում պետք է ցանցապատվեն՝ միջատների ներթափանցումը կանխելու նպատակով:

64. Վարչական, արտադրական և օժանդակ սենքերի ու պահեստների մուտքերի մոտ պետք է տեղադրվեն կոշիկների մաքրման հարմարություններ, իսկ արտադրական տեղամասերի մուտքերում՝ ախտահանիչ լուծույթով թրջված գորգիկներ:

65. Կողմնակի անձանց մուտքն արտադրական տեղամասեր և պահեստներ չի թույլատրվում:

66. Շշերի խցանների պահման և ներարտադրամասային տեղափոխման համար օգտագործվող տարողությունները (տուփեր, արկղեր) պետք է ունենան հիգիենիկ ծածկույթ և յուրաքանչյուր շաբաթ լվացվեն 0,5%-անոց կալցիումացված սոդայի լուծույթով կամ ախտահանիչ այլ միջոցներով ու լվացվեն ջրով (ենթահավելված 3):

67. Արտադրական և օժանդակ սենքերը, սարքավորումները և գույքը պետք է ըստ անհրաժեշտության մաքրվեն, լվացվեն և ախտահանվեն:

68. Աշխատանքն ավարտելուց հետո բոլոր տեղամասերը, սարքավորումները և գույքը պետք է մաքրվի: Խոնավ մաքրումը կատարվում է հետևյալ հաջորդականությամբ. սկզբում դռները, պատերի տախտակադրվագները, քիվերը, պատուհանագոգերը, ջեռուցման սարքերը, խողովակագծերը, վերջում հատակը:

69. Պատուհանների ներսի մակերեսը, ապակիները պետք է լվացվեն և մաքրվեն ըստ աղտոտվածության:

70. Հարդարման (մաքրման) աշխատանքներն ավարտելուց հետո մաքրող գույքը պետք է լվացվի և ախտահանվի քլորակրի 2%-անոց լուծույթով կամ համարժեք ախտահանիչ այլ նյութերով: Արտադրական տեղամասի մաքրման գույքը և պարագաները պետք է լինեն մակնշված և պահվեն առանձին: Արգելվում է դրանց օգտագործումը սանիտարական հանգույցների մաքրման համար:

 

ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԻ ՄՇԱԿՄԱՆԸ ԵՎ ՇՇԱԼՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

71. Հանքային ջրի մշակման և շշալցման գործընթացում օգտագործվող սարքավորումները պետք է պահվեն մաքուր վիճակում և սանիտարական մշակման ենթարկվեն համաձայն սարքավորումների լվացման և ախտահանման որակի նկատմամբ սանիտարամանրէաբանական հսկողության աղյուսակի (ենթահավելված 2):

72. Հանքային ջրերի մշակման և շշալցման սարքավորումների ախտահանման համար կարող են օգտագործվել այդ նպատակի համար նախատեսված ախտահանիչ միջոցներ (ենթահավելված 3):

73. Սարքավորումների ախտահանման ժամանակ անհրաժեշտ է պահպանել հետևյալ հաջորդականությունը.

1) ախտահանիչ լուծույթը լցվում է ֆիլտրից առաջ տեղադրված խողովակագծի մեջ և պոմպերի միջոցով 0,12-0,15 ՄՊա ճնշման տակ մղվում ջրի վարակազերծման, արտադրամասային տարողությունների, սատուրատորի (ածխաթթու գազով հագեցնող սարք) և շշալցման մեքենաների մեջ ու պահվում մեկ ժամ տևողությամբ,

2) բոլոր սարքավորումները լվացվում են խմելու ջրով, մինչև ախտահանիչ նյութի հետքերի վերանալը, ապա պարզաջրվում հանքային ջրով:

Սարքերի լվացման ջրի վերջին բաժնից կատարվում է նմուշառում՝ մանրէաբանական հետազոտության համար:

74. Ճենապակյա (կերամիկայից) մոմային ֆիլտրերի ախտահանումը կատարվում է մոմերի յուրաքանչյուր վերականգնելուց հետո՝ քլորակրի պարզեցված լուծույթով կամ 0,1գ/դմ3 ակտիվ քլոր պարունակող հիպոքլորիդի լուծույթով, մեկ ժամ տևողությամբ կամ այդ նպատակի համար նախատեսված այլ ախտահանիչ միջոցներով:

Ախտահանելուց հետո ֆիլտրերը լվացվում են խմելու ջրով 0,13-0,15ՄՊա ճնշման տակ մինչև ակտիվ քլորի հետքերի վերանալը, ապա պարզաջրվում հանքային ջրով:

75. Խողովակագծերը և սարքավորումները պետք է ապահովված լինեն ծորակներով՝ մանրէաբանական հետազոտության համար նմուշառում կատարելու համար:

 

ՏԱՐԱՆԵՐԻՆ ԵՎ ԽՑԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

Հանքային ջրերի շշալցման նպատակով օգտագործվող ապակյա տարաները պետք է նախապես ստուգվեն, ապա ընդունվեն արտադրամաս:

76. Հանքային ջրի շշալցման համար չի թույլատրվում օգտագործել նախկինում տեխնիկական հեղուկների շշալցման համար օգտագործված, կողմնակի հոտ ունեցող, ինչպես նաև վնասված և պղպջակներով շշերը: Նման թերություններ ունեցող շշերը ենթակա են խոտանման:

Խիստ աղտոտված հետադարձ շշերը պետք է ենթարկվեն պարտադիր նախնական մշակման (թրջվեն) կամ կրկնակի լվացման` շշերի լվացման մեքենայում:

77. Շշերի լվացման համար պետք է օգտագործվեն միայն լվացող մեքենայի շահագործման հրահանգով նախատեսված լվացող միջոցներ:

Արգելվում է շշերի լվացումը կատարել լվացքի փոշիներով:

78. Շշերի լվացումը մեքենաներում պետք է կատարվի վերջիններիս շահագործման հրահանգի պահանջների պահպանմամբ:

79. Շշերի լվացման մեքենաների աշխատանքի նկատմամբ պետք է իրականացվի կանոնավոր տեխնիկական և լաբորատոր հսկողություն:

80. Շշերի լվացման մեքենաների մաքրումը կատարվում է ըստ անհրաժեշտության: Լվացման ավազանները դատարկելուց հետո հեռացնում են ապակու, պիտակների մնացորդները և այլ աղբը, ապա լվացման ավազանների ներքին մակերեսը թրջում են քլորակրի 2%-անոց լուծույթով, մեկ ժամ տևողությամբ, ապա լվանում ջրով: Լվանալուց հետո մեքենաները լցվում են լվացող հեղուկով:

81. Լվացված շշերի մաքրության հսկողությունը կատարվում է լուսային էկրանների առջև, վատ լվացված շշերը վերադարձվում են կրկնակի լվացման:

82. Շշերի լվացման որակի մանրէաբանական հսկողությունն իրականացվում է լաբորատորիայի կողմից (ենթահավելված 1):

83. Ապակու ջարդոնի հավաքման համար արտադրամասում պետք է տեղադրվի տարողություն:

84. Շշերի փակման համար օգտագործվող խցանները պետք է ստացվեն չվնասված պարկերով: Չի թույլատրվում խցանների ստացումը վնասված (պատռված) պարկերով:

Խցանների պարկերը պետք է բացել անմիջապես օգտագործելուց առաջ:

85. Համաձայն «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի հոդված 13-ի, հանքային ջրերի շշալցման պոլիմերային տարաները կարող են օգտագործվել միայն սանիտարահիգիենիկ փորձաքննության տվյալների հիման վրա տրված դրական եզրակացության առկայության դեպքում:

86. Պոլիմերային տարաների կրկնակի օգտագործումը հանքային ջրերի շշալցման նպատակով արգելվում է:

 

ՊԱՏՐԱՍՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻՆ, ԴՐԱ ՊԱՀՄԱՆԸ ԵՎ ՏԵՂԱՓՈԽՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

87. Չի թույլատրվում հանքային ջրի շշալցումը կատարել այլ ըմպելիքների շշալցման տեխնոլոգիական հոսքագծերի վրա:

88. Բացառիկ դեպքերում, հանքային ջրի և ոչ ալկոհոլային ըմպելիքների շշալցումը կարող է կատարվել նույն հոսքագծի վրա: Այդ դեպքում հանքային ջրի շշալցում կատարելուց առաջ լցնող (փաթեթավորող) մեքենան և խողովակագծերը պարտադիր պետք է լվացվեն 800 C-ից ոչ ցածր ջերմաստիճանի խմելու ջրով:

Եթե նույն հոսքագծի վրա շշալցվում են տարբեր անվանումով հանքային ջրեր, շշալցնելուց առաջ մեքենան և խողովակագծերը լվացվում են և պարզաջրվում շշալցվող հանքային ջրով:

89. Եթե կապտաժից ստացված հանքային ջրի կոլի ինդեքսը 3-ից բարձր է, այն պետք է ախտահանվի արտադրողի կողմից հաստատված տեխնոլոգիական հրահանգի պահանջներին համապատասխան:

90. Մանրէաբանական հետազոտության համար հանքային ջրի նմուշառումը կատարվում է ենթահավելված 1-ում սահմանված ծավալով և ժամկետներում:

91. Պատրաստի արտադրանքի որակը պետք է համապատասխանի արտադրողի կողմից մշակված և սահմանված կարգով պետական գրանցում ունեցող ստանդարտների, իսկ անվտանգության ցուցանիշները՝ սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմերի պահանջներին:

92. Սանիտարամանրէաբանական հետազոտության ոչ բավարար արդյունքների դեպքում պատրաստի արտադրանքը ենթարկվում է կարանտինի:

Կարանտինի տևողությունը որոշվում է ելնելով մանրէաբանական հետազոտության արդյունքներից. եթե հետազոտված երկու կամ ավելի նմուշներից որևէ մեկում կոլի ինդեքսի ցուցանիշը եղել է 6 կամ 6-ից բարձր, ապա պատրաստի արտադրանքը կարանտինում պահվում է 5 օր:

Կրկնակի հետազոտություններ կատարվում են 3 օրը մեկ անգամ: Հետազոտությունների կատարումը դադարեցնում են, եթե հետազոտված նմուշներում կոլի ինդեքսի ցուցանիշը կազմում է 3 կամ 3-ից ցածր:

93. Եթե 90 օր տևողությամբ կարանտինում գտնվող պատրաստի արտադրանքի մանրէաբանական հետազոտության ընթացքում ստացվում են ոչ բավարար արդյունքներ, ապա նման արտադրանքը ենթակա չէ իրացման:

94. Եթե եզակի նմուշի հսկողական հետազոտության արդյունքում կոլի ինդեքսը կազմել է 3, ապա պատրաստի արտադրանքը կարող է իրացվել 7 օրից ոչ շուտ:

 

ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

 

95. Հանքային ջրերի մշակման և շշալցման նկատմամբ կանոնավոր մանրէաբանական հսկողությունը պետք է իրականացնի արտադրական լաբորատորիան:

Հսկողությունն իրականացվում է ելնելով յուրաքանչյուր արտադրության յուրահատկություններից:

Հանքային ջրի մանրէաբանական ցուցանիշների և արտադրության սանիտարական վիճակի նկատմամբ հսկողության աղյուսակը ներկայացված է ենթահավելված 1- ում:

96. Հանքային ջրում ախտածին մանրէների որոշումը կատարվում է պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կողմից:

Pseudomonas aeroginesa (կապտաթարախային ցուպիկ) տեսակի մանրէների որոշումը կատարվում է տեխնոլոգիական գործընթացի համաճարակաբանական կարևոր նշանակություն ունեցող կետերում՝ կապտաժում, պատրաստի արտադրանքում, ինչպես նաև միացնող խողովակների մաքրության ստուգման ժամանակ:

97. Հանքային ջուրը համաճարակաբանական տեսակետից համարվում է անվտանգ, եթե մանրէաբանական ցուցանիշները համապատասխանում են անվտանգության հիգիենիկ պահանջներին:

 

ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱԽՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՐԳ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԱԽՏԱՀԱՆԻՉ ՄԻՋՈՑՆԵՐ

 

98. Հանքային ջրերի մշակման և շշալցման կազմակերպություններում անհրաժեշտ է կատարել սենքերի, սարքավորումների, խողովակագծերի և գույքի մանրամասն ախտահանում:

Ընդհանուր ախտահանման աշխատանքները, ներառյալ հանքային ջրի կուտակիչ տարողություններինը, կատարում են տարին մեկ անգամ:

99. Ընդհանուր ախտահանում կատարելուց առաջ սարքավորումները պետք է ենթարկվեն մանրամասն մեխանիկական մաքրման: Ախտահանումը կատարելու համար օգտագործվում են միայն թարմ պատրաստված լուծույթներ, որոնց խտությունը պետք է հսկվի լաբորատորիայի կողմից:

100. Ախտահանիչ նյութերը պետք է պահվեն առանձին՝ փակ, չոր և մութ պայմաններում:

101. Ախտահանելուց հետո բոլոր սարքավորումները պետք է մանրամասն լվացվեն խմելու ջրով, մինչև ախտահանիչ լուծույթի լրիվ հեռացումը:

102. Յուրաքանչյուր ախտահանումից հետո պետք է կատարել լվացման համար օգտագործված ջրի վերջին բաժնի նմուշառում՝ մանրէաբանական հետազոտության համար:

 

ԿՐԾՈՂՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱՏՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

103. Հանքային ջրերի մշակման և շշալցման օբյեկտերում չի թույլատրվում կրծողների և միջատների առկայությունը:

104. Միջատների և կրծողների առկայության կանխարգելման նպատակով անհրաժեշտ է արտադրական տեղամասերում և պահեստներում պահպանել պատշաճ մաքրություն և համապատասխան սանիտարական ռեժիմ:

105. Տարվա տաք եղանակներին բոլոր պատուհանները և օդանցքները պետք է ցանցապատվեն:

106. Միջատների և կրծողների դեմ պայքարի միջոցառումները պետք է իրականացվի այդ աշխատանքները կատարելու համար իրավասու (լիազորված) անձանց կողմից:

 

ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԱՅԻՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

107. Հանքային ջրերի մշակման և շշալցման օբյեկտների աշխատակիցները պարտավոր են.

1) նախքան աշխատանքի ընդունվելն անցնել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննման (հետազոտման): Սահմանված կարգով բժշկական զննման չենթարկված անձինք չեն թույլատրվում աշխատանքի,

2) անձնական իրերը, վերնահագուստը, կոշիկները թողնել հանդերձարանում՝ անձնական պահարանում,

3) աշխատանքի անցնելուց առաջ հագնել մաքուր սանիտարական արտահագուստ, մազերը ծածկել գլխաշորով կամ գլխարկով,

4) սանիտարական հանգույց հաճախելուց առաջ սանիտարական արտահագուստը թողնել այդ նպատակի համար հատկացված տեղում: Սանիտարական հանգույցից օգտվելուց հետո ձեռքերը լվանալ օճառով և ախտահանել 0,2%-անոց քլորամինի լուծույթով կամ այդ նպատակի համար թույլատրված ախտահանիչ այլ միջոցներով,

5) պահպանել մաքրություն աշխատատեղում, հետևել սարքավորումների և գույքի մաքրությանը,

6) արտադրական տեղամասերում չծխել և սնունդ չընդունել,

7) արգելվում է սանիտարական արտահագուստը ամրացնել գնդասեղով, քորոցով, ասեղով, արտահագուստի գրպաններում պահել գնդասեղ, դրամ, ծխախոտ և այլ կողմնակի իրեր` պատրաստի արտադրանքում կողմնակի իրերի հայտնվելը կանխելու նպատակով:

108. Խառատները, էլեկտրիկները, մոնտաժման և շինարարական ու վերանորոգման աշխատանքներով զբաղվող այլ բանվորները պարտավոր են.

1) պահպանել անձնական հիգիենայի կանոնները,

2) գործիքները, պահեստամասերը պահել հատուկ պահարանում և դրանք տեղափոխել բռնակներ ունեցող, գործիքների տեղափոխման համար նախատեսված, հատուկ փակ արկղերով,

3) նորոգման աշխատանքներ կատարելիս լինել զգույշ, կանխել կողմնակի իրերի հայտնվելը պատրաստի արտադրանքում:

109. Լվացարանները և սանիտարական հանգույցները անհրաժեշտ է ապահովել անձնական հիգիենայի կանոնների պահպանումն ապահովող պարագաներով՝ օճառ, սրբիչ էլեկտրոչորացուցիչներ կամ միանգամյա օգտագործման թղթե անձեռոցիկներ, ախտահանիչ լուծույթներ:

Սանիտարական հանգույցների նախամուտքերը պետք է ապահովված լինեն կախիչներով՝ սանիտարական արտահագուստի համար:

Սանիտարական հանգույցի մուտքի մոտ պարտադիր է ախտահանիչ լուծույթով թրջված գորգերի առկայությունը:

110. Սանիտարական հանգույցների մաքրման և ախտահանման համար պետք է հատկացված լինեն մակնշված առանձին գույք և պարագաներ (դույլեր, ավելներ, խոզանակներ, լաթեր), որոնք պետք է պահվեն առանձին և օգտագործվեն նպատակային:

111. Սույն սանիտարական կանոններն ու հիգիենիկ նորմերը պետք է լուսաբանվեն հանքային ջրերի մշակմամբ և շշալցմամբ զբաղվող կազմակերպությունների աշխատակիցների և անհատ ձեռնարկատերերի շրջանում:

112. Սույն սանիտարական կանոնների ու հիգիենիկ նորմերի պահանջները խախտողները պատասխանատվություն են կրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

113. Սույն սանիտարական կանոնների պահանջների պահպանման վերահսկողությունն իրականացվում է պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կողմից:

 

 

 

Ենթահավելված 1

 

Ա Ղ Յ ՈՒ Ս Ա Կ

 

ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԵՎ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԻ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ

 

N

Նմուշառման տեղ

Հետազոտվող օբյեկտ

Որոշվող ցուցանիշներ

Հաճախականություն

   

Ջրամատակարարման ցանց

Խմելու ջուր

Մանրէների ընդհանուր թիվ,

կոլի ինդեքս

Ամիսը 2 անգամ

  

Կապտաժ

Հանքային ջուր

Մանրէների ընդհանուր թիվ,

կոլի ինդեքս, պսեվդոմոնաս

Ամիսը 1 անգամ Շաբաթը 1 անգամ

3.

Արտադրամասի տարողություններ չմշակված ջրով և լցակայանի կուտակիչ տարողություն

Հանքային ջուր

Մանրէների ընդհանուր թիվ,

կոլի ինդեքս

Շաբաթը 1 անգամ

4.

Արտադրամասի տարողություններ երկաթուղային ցիստեռններով բերված հանքային ջրի համար

Հանքային ջուր

Մանրէների ընդհանուր թիվ,

կոլի ինդեքս

Տարողության յուրաքանչյուր լցման ժամանակ

5.

Ընդունող կոլեկտոր (խողովակագիծ) ֆիլտրված ջրի համար և երկաթգծի ցիստեռնի լցակայան

Հանքային ջուր

Մանրէների ընդհանուր թիվ,

կոլի ինդեքս

Շաբաթը 1 անգամ հերթափոխում 1 անգամ

6.

Արտադրամասի տարողություններ՝ ֆիլտրած և ախտահանված ջրով

Հանքային ջուր

Մանրէների ընդհանուր թիվ,

կոլի ինդեքս

Շաբաթը 1 անգամ հերթափոխում 1 անգամ

7.

Փաթեթավորվող ջուր

Հանքային ջուր

Մանրէների ընդհանուր թիվ,

կոլի ինդեքս

Շաբաթը 1 անգամ հերթափոխում 1 անգամ

8.

Կափարիչների (խցաններ) լվացման ջուր

10 հատի լվացման մանրազերծման 100սմ3 ջուր

ԱՑԽՄ առկայություն

Հերթափոխում 1 անգամ

9.

Լվացված շշեր գծից

Յուրաքանչյուր մեքենայից, լվացուկ 10 շշից

Մանրէների ընդհանուր թիվ,

կոլի ինդեքս

Հերթափոխում 1 անգամ

10

Փաթեթավորվող արտադրանք

Պատրաստի արտադրանք յուրաքանչյուր մեքենայից

Մանրէների ընդհանուր թիվ 1 շշից կոլի ինդեքս, պսևդոմոնաս, աէրոգինոզ

Հերթափոխում 1 շիշ Հերթափոխում 3

անգամ, 2 շիշ

 

 

 

Ենթահավելված 2

 

ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՇՇԱԼՑՄԱՆՆ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱԽՏԱՀԱՆՄԱՆ ՈՐԱԿԻ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

 

N

Նմուշառման տեղ (վայր)

Հետազոտվող օբյեկտ

Լվացման և ախտահանման հաճախականություն

Կատարվող հետազոտություններ

Հետազոտությունների հաճախականություն

1

2

3

4

5

6

1.

Կապտաժ

վերջին լվացման ջուր

Ըստ անհրաժեշտության`

ելնելով մարէաբանական հետազոտության արդյունքներից

Մանրէների ընդհանուր թիվ,

կոլի ինդեքս, ՄՀՖԱՄ ԱՑԽՄ պսևդոմոնաս աէրոգինոզ

յուրաքանչյուր ախտահանումից հետո

2.

Կոլեկտորներ և խողովակագծեր միջև շշալցման արտադրամաս

վերջին լվացման ջուր (հանքային ջուր) խմելու ջուր

նորոգումից հետո

և ըստ անհրաժեշտության, ստուգումից հետո

Մանրէների ընդհանուր թիվ, ՄՀՖԱՄ ԱՑԽՄ

կոլի ինդեքս

յուրաքանչյուր ախտահանումից հետո

3.

Խողովակագծից չմշակված ջրով տարողություններ

«

տարին 1 անգամ, ըստ անհրաժեշտության

«

«

4.

Ավտոցիստեռններով բերված ջրի տարողություններ

«

եռամսյակը 1 անգամ

«

«

5.

Երկաթուղային ցիստերններով բերված ջրով տարողություններ

«

յուրաքանչյուր դատարկումից հետո

«

«

6.

Միացնող խողովակաշարեր (ռետինե խողովակներ)

վերջին լվացման ջուր

(խմելու ջուր)

օրը 1 անգամ

Մանրէների ընդհանուր թիվ,

կոլի ինդեքս, պսևդոմոնաս աէրոգինոզ

շաբաթը 1 անգամից ոչ պակաս

7.

Ավտոցիստեռններ

«

ամիսը 1 անգամից ոչ պակաս

մանրէների ընդհանուր թիվ,

կոլի ինդեքս

ախտահանումից հետո

8.

Երկաթուղային ցիստեռններ

«

լցնելուց առաջ

«

«

9.

Կերամիկական մոմային ֆիլտրեր

«

մոմի վերականգնիչ, ռեգեներացիայից հետո

«

«

10.

Ախտահանման սարքավորումներ

«

ամիսը 1 անգամից ոչ պակաս

«

«

11.

Սատուրատորներ

«

«

«

«

12.

Ներարտադրամասային խողովակագծեր

«

«

«

«

13.

Արտադրամասային տարողություններ

«

«

«

«

14.

Շշալցման մեքենաներ

«

«

«

«

15.

Շիշ լվացող մեքնաներ

«

շաբաթը 2 անգամ

«

շաբաթը 2 անգամ

16.

Փակիչներ հավաքող մեքենա

«

օրը 1 անգամ

մանրէների ընդհանուր թիվ

օրը 1 անգամ

17.

Բանվորների ձեռքերից՝ արտադրամասերի, լցակայանի, փակող մեքնավարների, փակողների, տեսակավորողների, ցիստեռնները ջուր լցնողների

«

«

ԱՑԽՄ-ի առկայություն

ընտրողաբար, հերթափոխը 1 անգամ

 

 

 

Ենթահավելված 3

 

Ց Ա Ն Կ

ԽՄԵԼՈՒ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՇՇԱԼՑՄԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԱԽՏԱՀԱՆԻՉ ՆՅՈՒԹԵՐԻ

 

Ախտահանիչ նյութի անվանում

Լուծույթի խտություն

 

Քլորակիր

2,0-4,0%-անոց, (ակտիվ քլորի պարունակությունը ոչ պակաս 25%-ից, եթե ակտիվ քլորի խտությունը պակաս է, կատարվում է վերահաշվարկ)

Նատրիումի հիպոքլորիդ

0,1-0,5 գ/դմ 3 (ըստ ակտիվ քլորի)

 

Կաուստիկ սոդա

1,0-3,0%

 

Կալցիումացված սոդա

1,0-3,0%

 

Ֆորմալին

1,5-2,0%

 

Կատամին ԱԲ

0,5-0,1

 

Սուլֆոքլորանտին

0,25-0,5%

 

Թթու էմոցիդ (ազոտաթթվի և ազոտաթթվային կալիումի խառնուրդ)

0,1 մոլ/դմ 3

0,1 մոլ/դմ 3

Անտիֆորմին

1,2-1,5 գ/դմ 3 ըստ ակտիվ քլորի,

ընդհանուր հիմնայնությունը՝ 1,0-1,2%

 

* Կարող են օգտագործվել նաև այլ ախտահանիչ նյութեր, որոնց համար առկա են առողջապահության նախարարության կողմից տրված դրական եզրակացություն: