ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
"20" դեկտեմբերի 2005թ. |
N 558 |
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունը հաստատելու մասին
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ և 11-րդ հոդվածները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի 2004թ. մարտի 9-ի «ԼՂՀ կառավարության գործունեության կարգը հաստատելու մասին» թիվ ՆՀ-89 հրամանագրով սահմանված կարգի 4-րդ կետը, ինչպես նաև ի կատարումն ԼՂՀ կառավարության 2004թ. մարտի 16-ի ««ԼՂՀ առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, ԼՂՀ առողջապահության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը, գույքի կազմը և չափը հաստատելու մասին» թիվ 90 որոշման՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է .
Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակամաճարակային տեսչության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«20» դեկտեմբերի 2005թ.
թիվ 558 որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունը (այսուհետ՝ տեսչություն) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կազմում գործող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանության հանրապետական մարմին է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում՝ նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում իրականացնում է վերահսկողական գործառույթներ և կիրառում պատասխանատվության միջոցներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում՝ հանդես գալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից: Տեսչությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության իրավահաջորդն է:
2. Տեսչությունն ստեղծվում է, վերակազմակերպվում է, և դրա գործունեությունը դադարեցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ: Տեսչությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարի ներկայացմամբ:
3. Տեսչության լիազորությունները սահմանվում են օրենքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Տեսչությունն իր գործունեությունն իրականացնում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին, այլ օրենքներին և իրավական ակտերին համապատասխան:
5. Տեսչությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
6. Տեսչությունն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ ու այլ անհատականացման միջոցներ:
II. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
7. Տեսչության նպատակները և խնդիրներն են՝
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովումը.
բ) բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման միասնական պետական քաղաքականության ձևավորման (մշակման) գործընթացին մասնակցությունը.
գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից սանիտարական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ տեսչական հսկողության իրականացումը.
դ) հանրային առողջապահության բնագավառում բնակչության առողջության պահպանման, ինչպես նաև վարակիչ ու զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման հարցերի համակարգումը.
ե) մարդու օրգանիզմի վրա շրջակա միջավայրի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցության բացառումը՝ սանիտարահամաճարակային անվտանգության չափորոշիչների սահմանման, սանիտարական և հակահամաճարակային կանոնների ու նորմերի, հիգիենիկ նորմատիվների մշակման և դրանց պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության միջոցով.
զ) մարդու և նրա ապագա սերունդների կենսունակության համար բարենպաստ պայմանների ապահովումը.
է) պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության իրականացումը.
ը) բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման կազակերպման-մեթոդական ղեկավարումը.
թ) վարակիչ (շրջապատի համար վտանգ ներկայացնող) և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը.
ժ) բժշկական ու հիգիենիկ գիտելիքների և առողջ ապրելակերպի մասին քարոզչությունը.
ժա) վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենսդրության խախտումների հայտնաբերումն ու կանխարգելումը:
III. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
8. Տեսչությունն իր նպատակները և խնդիրներն իրագործելու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները՝
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության իրականացում, որը ներառում է՝
իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից (բացառությամբ սննդամթերքի անվտանգության բնագավառում գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց) սանիտարական կանոնների և նորմերի, հիգիենիկ նորմատիվների պահանջների կատարման ու հակահամաճարակային միջոցառումների իրականացման նկատմամբ հսկողություն իրականացնող հիգիենիկ և հակահամաճարակաբանական կառույցների աշխատանքների վերահսկում` լրացուցիչ լաբորատոր հետազոտության համապատասխան մեթոդների ու տեխնիկական միջոցների կիրառմամբ հետազոտությունների, ուսումնասիրությունների և հիգիենիկ փորձաքննության կատարման միջոցով, և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության խախտումների բացահայտման, դրանց վերացման, ինչպես նաև սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումներ անցկացնելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտներից անհրաժեշտ փաստաթղթերի պահանջման միջոցով,
բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում վարակիչ (շրջապատի համար վտանգ ներկայացնող) և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների ու կանխարգելիչ աշխատանքների կազմակերպում, ինչպես նաև մասնակցություն անհրաժեշտ առաջարկությունների մշակմանը,
բնակչության զանգվածային անընկալության ապահովման միջոցառումների (կանխարգելիչ պատվաստումների) կատարման նկատմամբ հսկողության իրականացումը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենսդրության խախտման դեպքում պատասխանատվության (ներգործության) համապատասխան միջոցների կիրառում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան,
բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտում իրավիճակային վերլուծության և գնահատման իրականացումը` բացառությամբ սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառների,
վարակիչ ու զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների և թունավորումների առաջացման ու դրանց տարածման պատճառների և պայմանների բացահայտում (հայտնաբերում) և քննում, բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների ազդեցության սոցիալ-հիգիենիկ զննումների (մոնիտորինգի) կազմակերումը, դրանց արդյունքների վերլուծությունն ու գնահատումը,
վարակիչ և մակաբուծային հիվանդությունների օջախներում հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման աշխատանքների հսկում,
վարակիչ, մասսայական ու զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների և թունավորումների պետական վիճակագրական հաշվառումը.
բ) լրացուցիչ հիգիենիկ փորձաքննության և լաբորատոր հետազոտություններ կատարելու նպատակով օդի, ջրի, հողի և այլ արտադրանքի, առարկաների ու նյութերի վերստուգիչ նմուշառումը.
գ) օրենքի համաձայն՝ հիգիենիկ փորձաքննության կատարման և կազմակերպություններին, հիմնարկներին ու քաղաքացիներին փորձագիտական հիգիենիկ եզրակացությունների տրամադրման գործընթացի վերահսկում, այդ թվում՝
շինարարության նպատակով հողահատկացումների, նախագծման նորմերի, շինարարության, վերակառուցման և կառուցապատման նախագծային ու նորմատիվային փաստաթղթերի հաստատման, բնակելի շենքերի, մշակութային-կենցաղային և կոմունալ շինությունների, արդյունաբերական, սննդի, տրանսպորտային ու այլ կազմակերպությունների, շենքերի ու կառույցների շինարարության և վերակառուցման ու դրանց շահագործման, ինչպես նաև ջրօգտագործման նպատակով ջրառման տեղի որոշմամբ ու կեղտաջրերի թափման պայմանների, թափոնների թաղման, դրանց հետագա օգտագործման վերաբերյալ,
պարենահումքի և սննդամթերքի արտադրության բնագավառում սննդային հավելումների ու հատուկ կենսաբանական ակտիվ նյութերի ներմուծման և օգտագործման, նոր տեխնոլոգիաների կիրառման, նոր տեսակի սննդամթերքի մշակման ու արտադրության, ինչպես նաև պարենահումքի ու սննդամթերքի հետ առնչվող պոլիմերային և այլ բնույթի նյութերի, տարաների օգտագործման վերաբերյալ,
վարակիչ հիվանդությունների փոխանցողների դեմ օգտագործվող միջոցների, հանքային պարարտանյութերի, բույսերի աճի կարգավորիչների և դրանց պաշտպանության քիմիական ու կենսաբանական միջոցների, պոլիմերային նյութերի և պլաստմասսաների, օծանելիքի, գեղահարդարման արտադրանքի, այլ քիմիական նյութերի ու կենսաբանական միջոցների, բժշկական իմունակենսաբանական պատրաստուկների կիրառման վերաբերյալ.
դ) վարակիչ ու զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների և թունավորումների կանխարգելման նպատակով բժշկական ու հիգիենիկ գիտելիքների տարածում և առողջ ապրելակերպի ձևավորմանն ուղղված քարոզչության իրականացումը և բնակչության առանձին խմբերի հիգիենիկ ուսուցման կազմակերպումը.
ե) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նպատակով հիգիենիկ և հակահամաճարակաբանական կառույցների կողմից իրավասու մարմիններ առաջարկություններ կամ պահանջ ներկայացնելու գործընթացի վերահսկում, այդ թվում՝
կարանտին սահմանելու մասին որոշման ընդունման, ինչպես նաև շրջապատի համար վտանգ ներկայացնող՝ վարակիչ հիվանդությունների տարածման հնարավոր աղբյուր հանդիսացող ու վարակիչ հիվանդություններով տառապող մարդկանց հետ շփված անձանց բժշկական զննության ենթարկելու վերաբերյալ,
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ժամանակավորապես աշխատանքի չթույլատրել այն անձանց, որոնք մանրէակիր կամ որդակիր (հելմինտակիր) են ու վտանգ են ներկայացնում շրջապատի համար և, ելնելով արտադրության կամ կատարվող աշխատանքի առանձնահատկություններից, կարող են հանդիսանալ վարակիչ ու մակաբուծային հիվանդությունների տարածման աղբյուր,
հոսպիտալացնել շրջապատի համար վտանգ ներկայացնող վարակիչ և մակաբուծային հիվանդություններով տառապող անձանց,
կատարել ախտահանում և կրծողների ոչնչացում (դեռատիզացիա) վարակիչ և մակաբուծային հիվանդությունների օջախներում ու այն շենքերում, որտեղ առկա են վարակիչ ու մակաբուծային հիվանդությունների առաջացման և տարածման համար պայմաններ.
զ) բնակչության առողջության պահպանման ու սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նպատակով որոշումների ընդունման գործընթացի վերահսկում, այդ թվում՝
գործող արդյունաբերական, այդ թվում՝ տրանսպորտի, կապի, ոչ պարենային արտադրանքի առևտրի կազմակերպությունների, դպրոցների, մանկական ու բուժկանխարգելիչ հիմնարկների, առողջարանների, մշակութային, կենցաղային նշանակության շենքերի և այլ օբյեկտների, սարքավորումների, հիդրոտեխնիկական սարքավորումների գործունեությունը, կառուցվածքների շահագործումը, տեխնոլոգիական գործընթացները (բացառությամբ սննդամթերքի, կենդանական ծագման հումքի, մթերքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, անասնաբուժական դեղերի արտադրության, իրացման, վաճառքի, պահպանման, օգտահանման կամ ոչնչացման գործընթացների) ժամանակավորապես դադարեցնելու մասին՝ մինչև սանիտարական նորմերի ու կանոնների, հիգիենիկ նորմատիվների և հակահամաճարակային ռեժիմների արձանագրված խախտումները վերացնելը,
քաղաքային և գյուղական բնակավայրերի նախագծումը, կառուցապատումը, վերակառուցումը կամ առանձին տեսակի աշխատանքների կատարումը, շենքերի ու շինությունների կառուցումը ժամանակավորապես կասեցնելու մասին, այն դեպքերում, երբ դրանք իրականացվում են սանիտարական կանոնների ու նորմերի, հիգիենիկ նորմատիվների պահանջների խախտումներով: Նախագծման, կառուցման ու վերակառուցման աշխատանքները սանիտարական կանոնների խախտումներով կատարելու դեպքում տալիս է համապատասխան առաջադրանքներ,
տնտեսության մեջ և կենցաղում օգտագործման համար նախատեսված հումքի նոր տեսակների, տեխնոլոգիաների, նյութերի` բացառությամբ սննդամթերքի, սննդային հավելումների, սննդամթերքի հետ շփվող նյութերի ու պատրաստուկների, արտադրանքի, բացառությամբ սննդամթերքի, սննդային հավելումների, շինարարական նյութերի, իոնացնող ճառագայթման աղբյուրների, կենսաբանական միջոցների, տարաների, փաթեթավորման, պլաստիկ, պոլիմերային և այլ նյութերի արտադրությունը, կիրառումն ու իրացումը կասեցնելու մասին, այն դեպքում, երբ դրանք հիգիենիկ փորձաքննության արդյունքներով ճանաչվել են մարդկանց կյանքի և առողջության համար վտանգավոր,
սահմանված կարգով չգրանցված քիմիական նյութերի, բժշկական իմունակենսաբանական պատրաստուկների արտադրությունը, օգտագործումն ու կիրառումը արգելելու մասին,
խմելու, տնտեսական, արտադրական, տեխնիկական կարիքների համար ջրօգտագործման բնագավառում քիմիական նյութերի, միջոցների ու մեթոդների կիրառումը, այլ քիմիական նյութերի, օծանելիքի, գեղահարդարման արտադրանքի կիրառումը ժամանակավորապես արգելելու մասին, այն դեպքում, երբ առաջացել է մարդու առողջության վրա դրանց անվտանգության վերաբերյալ գիտափորձնական հիմնավորում ներկայացնելը,
խմելու, կենցաղային, տնտեսական, արտադրական, տեխնիկական կարիքների համար ջրի օգտագործումը ժամանակավորապես դադարեցնելու մասին, եթե ջրի որակը չի համապատասխանում անվտանգության սահմանված սանիտարահիգիենիկ պահանջներին.
է) Վարչական իրավախախտումների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքի համաձայն վարչական վարույթի իրականացումը (վարչական վարույթի հարուցում, վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննում և օրենքով նախատեսված դեպքերում պատասխանատվության միջոցների կիրառում).
ը) սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կամ մարդկանց և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների հայտնաբերման դեպքում սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողություն իրականացնող մարմիններին տեղեկացում, դրանց առաջացման, ինչպես նաև տարածման պատճառների ու պայմանների հայտնաբերումը, նմուշառման և լաբորատոր հետազոտությունների համատեղ իրականացումը, սննդային գործոնով պայմանավորված վարակիչ և ոչ վարակիչ զանգվածային հիվանդությունների և թունավորումների կանխարգելման նպատակով սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման մասնակցությունը:
(8-րդ կետը լրաց., փոփ. 28.12.2013 N 958-Ն)
IV. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
9. Տեսչությունը կառավարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարը (այսուհետ՝ նախարար): Տեսչության անմիջական ղեկավարումը իրականացնում է տեսչության պետը , որը պետական գլխավոր սանիտարական բժիշկն է, որին, մինչև քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի անցկացման համապատասխան կարգը գործողության մեջ դնելը, պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ:
Մինչև քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի անցկացման համապատասխան կարգը գործողության մեջ դնելը, տեսչության մասնագետներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է առողջապահության նախարարը տեսչության պետի առաջարկությամբ:
Տեսչության պետը իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, նախարարության և սույն կանոնադրության, ինչպես նաև այլ իրավական ակտերով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
10. Տեսչության պետը պատասխանատու է բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողական գործառույթների իրականացման և պատասխանատվության միջոցների կիրառմամբ, ինչպես նաև դրանց՝ օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:
11. Տեսչության պետը հաշվետու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:
12. Տեսչության պետը՝
ա) ղեկավարում է տեսչության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է տեսչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
բ) նախարարին կամ նրա տեղակալին ներկայացնում է առաջարկություններ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառի նպատակների ու խնդիրների վերաբերյալ.
գ) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ ու հանձնարարագրեր, առանց լիազորագրի հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, ինչպես նաև տալիս տեսչության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
դ) իր իրավասության սահմաններում տեսչության աշխատողներին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին ներկայացնում է առաջարկություններ տեսչության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.
ե) նախարարին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն տեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին, ապահովում նախարարի կամ նրա տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը.
զ) սահմանում է աշխտանքի բաշխումը տեսչության մասնագետների միջև.
է) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում տեսչության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները, որոշումները և ցուցումները.
ը) լսում է տեսչության ենթակայության կազմակերպությունների գործունեության մասին հաշվետվությունը, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.
թ) վերահսկողություն է իրականացնում տեսչության ենթակայության կազմակերպությունների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.
ժ) նախարարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության կառուցվածքի և աշխատողների թվի վերաբերյալ.
ժա) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
ժբ) իրավասու մարմիններին ներկայացնում է առաջարկություններ մարդու կյանքի և առողջության համար անվտանգության ցուցանիշներ սահմանող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստանդարտները, տեխնիկական պայմանները, նորմատիվային և այլ ակտեր բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենսդրությանը համապատասխանեցնելու վերաբերյալ.
ժգ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
13. Տեսչության պետի բացակայության դեպքում, տեսչության պետի ներկայացմամբ և նախարարի համաձայնությամբ կամ դրա անհնարինության դեպքում՝ նախարարի անմիջական հանձնարարությամբ, տեսչության պետի պարտականությունները կատարում է տեսչության մասնագետներից մեկը:
V. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
14. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության և սույն կանոնադրություններով տեսչությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:
15. Տեսչության պետը և նրա մասնագետները քաղաքացիական ծառայողներ են:
16. Տեսչության վերակազմակերպման և դրա գործունեության դադարման կարգը և պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:
|
ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |