ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2017 թվականի
նոյեմբերի 30-ին
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՌԱՄՅԱ
ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հաստատել Արցախի Հանրապետության 2018-2020 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը` համաձայն հավելվածի:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
2017թ. դեկտեմբերի 11
Ստեփանակերտ
ՀՕ-38-Ն |
|
|
|
Հավելված
«Արցախի Հանրապետության 2018-2020 թվականների
պետական վիճակագրական աշխատանքների
եռամյա ծրագիրը հաստատելու մասին» Արցախի
Հանրապետության օրենքի |
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՌԱՄՅԱ ԾՐԱԳԻՐ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Սույն ծրագիրը մշակվել է «Պետական վիճակագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջին համապատասխան և սահմանում է 2018-2020 թվականների պետական վիճակագրական գործունեության ուղղությունները` ըստ վիճակագրության տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և բնապահպանական բնագավառների:
Արցախի Հանրապետության 2018-2020 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը (այսուհետ` Եռամյա ծրագիր) ներառում է երկրի տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և բնապահպանական իրավիճակի դիտարկման համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվությունը` հաշվի առնելով առկա ռեսուրսների սահմանափակումները, վիճակագրական տեղեկություններ տրամադրողների վրա դրվող պարտականությունների ծավալը և ծախսերի արդյունավետությունը:
Համաձայն «Պետական վիճակագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի` Եռամյա ծրագրով նախատեսված գործունեության ուղղություններն ու միջոցառումները հաշվի են առնում երկրի ցուցանիշների համադրելիությունը միջազգային վիճակագրական չափանիշներին, երկարաժամկետ միջակայքում միտումները բացահայտելու տեսանկյունից ապահովում են դրանց հնարավոր կայուն պարբերականությունը և տարեկան կտրվածքով պետական վիճակագրությանը հատկացվող ռեսուրսների հետ համաչափությունը:
Եռամյա ծրագրի կատարումը և ֆինանսավորումը պայմանավորված է և բխում է յուրաքանչյուր տարվա Արցախի Հանրապետության պետական բյուջեից:
ՄԱՍ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Սույն Եռամյա ծրագրով նախատեսված գործունեության ուղղություններն ու միջոցառումները բխում են նաև նախորդ տարիների եռամյա ծրագրերով սահմանված ռազմավարական ուղղություններից` միտված դրանց շարունակականության ապահովմանը:
2. Պետական վիճակագրության ոլորտում որդեգրված ռազմավարությունն ուղղորդված է «Պետական վիճակագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով սահմանված հիմնական խնդիրների իրագործման ապահովմանը` հիմնված վիճակագրության միջազգային չափանիշների և ստանդարտների վրա:
3. Համաձայն պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքների` վիճակագրությունը պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, հանրության, բիզնեսի պահանջմունքների բավարարման համար ծրագրային աշխատանքի ընթացքում պետք է ապահովի անկողմնակալություն (անկախություն), տեղեկատվությունից օգտվելու հավասար մատչելիություն, պրոֆեսիոնալ ստանդարտներ, արդյունավետություն, հաշվետվողականություն և թափանցիկություն, սկզբնական (անվանական) տվյալների գաղտնիություն և այլն:
4. Պետական վիճակագրության հիմնական խնդիրների և հիմնարար սկզբունքների ապահովման նպատակով մասնավորապես նախատեսվում է`
1) վիճակագրության միջազգայնորեն ընդունված սկզբունքների պահպանման համատեքստում շարունակել վիճակագրության ինստիտուցիոնալ վերափոխման գործընթացները` հետամուտ լինելով նաև վիճակագրական հարաբերությունները կարգավորող օրենսդրական համապատասխան փոփոխությունների իրականացմանը.
2) վիճակագրական մեթոդաբանության շարունակական կատարելագործման, միջազգային չափանիշների հետ դրա ներդաշնակեցման ու միասնականացման, ինչպես նաև վիճակագրական ցուցանիշների միջազգային համադրելիության ապահովման նպատակով շարունակել և ընդլայնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության վիճակագրական համագործակցությունը.
3) վիճակագրական տվյալների որակի և թափանցիկության ապահովման նպատակով շարունակել տեղեկատվության տարածման միջազգայնորեն ընդունված չափանիշների ներդրման ու կիրառման աշխատանքները (մասնավորապես` ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի մշակած «Տվյալների տարածման հատուկ ստանդարտի»), որոնք ենթադրում են նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական կայքէջի անխափան շահագործում և տեղեկատվության կազմի ու որակի, ինչպես նաև մեթոդաբանական տվյալների պարբերական արդիականացում.
4) վիճակագրության մեթոդաբանության զարգացմանը զուգընթաց շարունակել ներկայումս գործող վիճակագրական դիտարկման փաստաթղթերում արտացոլված ցուցանիշների կազմի ու բովանդակության վերանայման, վիճակագրական դիտարկման փաստաթղթերի միասնականացման աշխատանքները` նպատակ ունենալով նվազագույնի հասցնել տեղեկատվության որակի, ամբողջականության և արժանահավատության վրա վերջինիս հնարավոր բացասական ազդեցությունները, ինչպես նաև հնարավորինս նվազեցնել վիճակագրական տեղեկություններ տրամադրողների ծանրաբեռնվածությունը.
5) համալրել, արդիականացնել և ամբողջականացնել (նվազագույնը` ամենամյա պարբերականությամբ) բիզնես-ռեգիստրի տվյալների բազան (իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մասով) և որպես դրա հետևանք` աստիճանական անցում կատարել տեղեկատվության հավաքագրման ընտրանքային եղանակների կիրառմանն ու ընդլայնմանը.
6) շարունակել տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության դասակարգման ու կոդավորման միասնական համակարգի մաս կազմող ազգային դասակարգիչների մշակման ու ներդրման, ինչպես նաև արդեն իսկ պետական վիճակագրությունում ներդրված ու կիրառվող դասակարգիչների կատարելագործման աշխատանքները.
7) անցում կատարել վարչական ռեգիստրների միջոցով տեղեկատվության հավաքագրման մեխանիզմի ամբողջական կիրարկմանը` հաշվի առնելով պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով սահմանված համապատասխան աշխատանքների իրականացման ապահովումը.
8) վարչական ռեգիստրների (ներառյալ` համայնքների անձնագրերի) ներդրմանը և վարմանը զուգընթաց կատարելագործել և ընդլայնել տարածքային վիճակագրության վարման համար անհրաժեշտ ցուցանիշների կազմն ու բովանդակությունը.
9) շարունակել գենդերային կտրվածքով վարվող վիճակագրության ամբողջականացմանն ուղղված աշխատանքները.
10) ցուցանիշների նախապատրաստման օպերատիվության ապահովման, ինչպես նաև աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմամբ և կիրառմամբ իրականացնել միջոցառումներ տեղեկատվության էլեկտրոնային հավաքագրման ուղղությամբ.
11) բարձրացնել վստահությունը վիճակագրական տեղեկատվության նկատմամբ` կատարելագործելով վիճակագրության համապատասխան իրավական դաշտն ու տվյալների տարածումը, առավել խորն ուսումնասիրելով սպառողների պահանջները և կարիքները, նպաստել վիճակագրական տեղեկատվության լայնորեն օգտագործմանը, այդ թվում` որոշումներ ընդունելիս, մշտադիտարկում և գնահատականներ իրականացնելիս.
12) շարունակել երկրի տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և բնապահպանական վիճակը բնութագրող ցուցանիշների գծով վիճակագրական տեղեկատվություն պարունակող, ինչպես նաև ոլորտային ու տարածքային առանձնահատկությունները բնութագրող վիճակագրական հրապարակումների (տեղեկագրերի, ժողովածուների և այլն) թողարկումը, ինչպես նաև ընդլայնել դրանց կազմը, բովանդակությունն ու թեմատիկ ընդգրկումը` վիճակագրական տեղեկատվության սպառողների (օգտագործողների) պահանջարկի առավել ամբողջական և օպերատիվ բավարարման նպատակով.
13) կատարելագործել վիճակագրական տեղեկատվության սպառողների (օգտագործողների) համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական կայքէջից ժամանակի իրական ռեժիմով ամփոփ տեղեկատվության ստացման մեխանիզմը:
ՄԱՍ 2
ԳՈՐԾԱՌՈՒԹԱՅԻՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԸ
5. Վիճակագրության ոլորտը բնութագրվում է մեթոդաբանության մշտական կատարելագործման անհրաժեշտությամբ, որը պայմանավորված է մի կողմից` տվյալների արժանահավատության, oպերատիվության, տեղեկատվության ստացման գիտական հիմնավորվածության և միջազգային չափանիշներին համապատասխանության առումով մշտապես աճող պահանջներով, մյուս կողմից` սկզբնական (անվանական) բոլոր տիպի տվյալների չտարածմամբ:
6. Վիճակագրության հետագա զարգացումը 2018-2020 թվականներին նախատեսվում է իրականացնել ըստ իրական, հարկաբյուջետային և ֆինանսական, արտաքին ու սոցիալ-ժողովրդագրական հատվածների:
Բ Ա Ժ Ի Ն 1
ԻՐԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ
Գ Լ ՈՒ Խ 1
ԱԶԳԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ
7. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.
1) «Ազգային հաշիվների համակարգ-2008» և «Եվրոպական հաշիվների համակարգ-2010» միջազգային մեթոդաբանությունների համաձայն` ամբողջ տնտեսության, ինչպես նաև տնտեսության կառուցվածքային հատվածների մակարդակով ազգային հաշիվների համակարգի վիճակագրության վարում և կատարելագործում.
2) «Ազգային հաշիվների համակարգ-2008» մեթոդաբանական հենքով համախառն ներքին արդյունքի բացարձակ ծավալի և շարժընթացի հետընթաց վերանայումների աշխատանքների իրականացում.
3) «Ազգային հաշիվների համակարգ-2008»-ի պահանջներին համապատասխան` ազգային հաշիվների համակարգի ցուցանիշների հաշվարկների կատարելագործման նպատակով տեղեկատվության աղբյուրների համալրում և կատարելագործում.
4) ֆինանսական և ոչ ֆինանսական կազմակերպությունների հատվածների ավելացված արժեքի (արտադրական եղանակով) վիճակագրության վարում` ըստ ենթահատվածների.
5) ազգային հաշիվների վիճակագրության վարում` «Տնտեսական գործունեության տեսակներիե դասակարգչին և «Ազգային հաշիվների համակարգ-2008»-ով սահմանվող դասակարգումներին համապատասխան.
6) համախառն ներքին արդյունքի հաշվարկը ծախսային եղանակով.
7) «Չդիտարկվող տնտեսության» չափերի գնահատման մեթոդաբանության և հաշվարկների կատարելագործում.
8) ազգային հաշիվների համակարգում «ռեսուրսներ-օգտագործում» աղյուսակների կազմման աշխատանքների իրականացում.
9) ֆինանսական միջնորդության անուղղակիորեն չափվող ծառայությունների գնահատման մեթոդաբանության կատարելագործում.
10) ազգային հարստության բաղադրիչների վիճակագրության վարում և կատարելագործում.
11) ազգային հաշիվներում հիմնական միջոցների սպառման գնահատման մեթոդաբանության կատարելագործում:
Գ Լ ՈՒ Խ 2
ԲԻԶՆԵՍ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ (ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ,
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ՏՐԱՆՍՊՈՐՏ ԵՎ ԿԱՊ,
ԱՌԵՎՏՈՒՐ ԵՎ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ)
8. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.
1) «Տնտեսական գործունեության տեսակների» և «Արտադրանքի դասակարգում ըստ գործունեության տեսակների» դասակարգիչներին համապատասխան վիճակագրության վարում.
2) վիճակագրական տվյալների հավաքագրման և մշակման մեթոդաբանության շարունակական կատարելագործում և դրա համադրելիության ապահովում` գործող միջազգային չափանիշներին և ստանդարտներին համապատասխան.
3) վիճակագրական տվյալների որակի բարձրացման և ամբողջականության ապահովման նպատակով չդիտարկվող (չհաշվառվող) դաշտի գնահատման կիրառվող գործիքակազմի մեթոդաբանական կատարելագործում.
4) ըստ տնտեսական գործունեության տեսակների տնտեսավարող միավորների վիճակագրական ռեգիստրի կարգավորում և շարունակական արդիականացում.
5) ըստ աշխատողների թվաքանակով որոշվող չափերի և ընտրանքային համամասնությունների տեղեկատվության հավաքագրման, մշակման ու ամփոփման ընտրանքային դիտարկումների գործիքի շարունակական ընդլայնում և ընտրանքային դիտարկման դաշտի ներկայացուցչականությունն ապահովելու նպատակով դրանց պարբերաբար արդիականացում.
6) գործունեություններ իրականացնելու համար համապատասխան վարչական լիազորությունների տիրապետող մարմինների կողմից տրված լիցենզիաների և թույլտվությունների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման և ամփոփման աշխատանքների իրականացում.
7) վարչական ռեգիստրների` որպես վիճակագրական տեղեկատվության աղբյուրի, կիրառման շրջանակների ընդլայնում.
8) գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստական աշխատանքների իրականացում և անցկացում:
Գ Լ ՈՒ Խ 3
ԳՆԵՐ ԵՎ ՍԱԿԱԳՆԵՐ
9. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.
1) սպառողական գների ինդեքսների հաշվարկման մեթոդաբանության հետագա կատարելագործման նպատակով դիտարկվող ապրանք-ծառայությունների կազմի, կառուցվածքի վերանայում և արդիականացում, զամբյուղում ներառված ապրանք-ծառայությունների կշիռների վերահաշվարկ, կշիռների՝ երեքից մինչև հինգ տարի պարբերականությամբ վերանայումից անցում տարեկան պարբերականության.
2) գնադիտարկման աշխատանքների օպտիմալացման նպատակով առևտրի և ծառայության յուրաքանչյուր օբյեկտում ամսական երեք գնադիտարկման փոխարեն մեկանգամյա գնադիտարկման իրականացում, բացառությամբ վառելիք և բարձր սեզոնայնությամբ միրգ ու բանջարեղեն ապրանքային խմբերի.
3) գնադիտարկման համար իրականացվող առևտի և ծառայություն մատուցող կազմակերպությունների ընտրանքի շարունակական բարելավում՝ ըստ ներկայացուցչականության գործոնի, և ընտրված կազմակերպություններում սպառողական ապրանքների և ծառայությունների ամենամսյա գնադիտարկումների շարունակական իրականացում.
4) փոքր (շարժական) համակարգիչների և նմանատիպ տեխնիկական այլ միջոցների կիրառմամբ, ինչպես նաև համացանցով (համացանցային առևտրի դեպքում) գնային տեղեկատվության հավաքագրման աշխատանքների ընդլայնում, առևտուր իրականացնող և ծառայություն մատուցող կազմակերպությունների հետ համագործակցությամբ ըստ ապրանքային ծածկագրերի գնային տեղեկատվության ստացում՝ էլեկտրոնային կրիչներով կամ այլ տեխնիկական միջոցներով.
5) արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանքների գների ինդեքսների հաշվարկման մեթոդաբանության շարունակական կատարելագործում, հետազոտման դաշտի ընդլայնում, դիտարկվող արդյունաբերական կազմակերպությունների և գյուղացիական տնտեսությունների ընտրանքի վերանայում, գների հետազոտության կազմակերպում` միջազգային չափանիշներին ու դասակարգումներին համապատասխան.
6) «Արտադրանքի դասակարգում՝ ըստ գործունեության տեսակների» դասակարգչի ինը նիշ մակարդակին համապատասխան արտադրատեսակների ընտրանքի ու դասակարգման իրականացում՝ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսի հաշվարկման համար:
Գ Լ ՈՒ Խ 4
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՈՒԿԱ
10. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.
1) զբաղվածության և աշխատավարձի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման և ամփոփման մեթոդների և գործիքակազմի շարունակական կատարելագործում (հատկապես` աշխատուժի հետազոտության գործիքի ներքո) և դրա համադրելիության ապահովում` գործող միջազգային չափանիշներին և ստանդարտներին համապատասխան.
2) վարչական ռեգիստրների տվյալների կիրառման շրջանակի ընդլայնում, այդ թվում՝ Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության՝ անձնավորված հաշվառմամբ վարձու աշխատողների տեղեկատվական շտեմարանի վիճակագրական նպատակով օգտագործում.
3) աշխատանքի վիճակագրության մեթոդաբանության և ելքային ցուցանիշների համակազմի հնարավորինս ներդաշնակեցում (մոտարկում): Մասնավորապես, նախատեսվում է`
ա. աշխատանքի շուկայի վերաբերյալ տվյալների հավաքագրման ռազմավարության վերանայում, աշխատանքի շուկայի ցուցանիշների կազմի և շրջանակի վերանայում և ընդլայնում` գործող միջազգային չափանիշներին և ստանդարտներին համապատասխան,
բ. թափուր աշխատատեղերի, նոր ստեղծված աշխատատեղերի, աշխատանքային միգրացիայի, աշխատողների մասնագիտական ուսուցման, աշխատանքի պայմանների վիճակագրության բարելավում,
գ. թաքնված զբաղվածության չափերի, գյուղացիական տնտեսություններում զբաղվածության գնահատման մեթոդաբանության, աշխատավարձի, վաստակի, աշխատաժամերի, աշխատանքի գնի վիճակագրության կատարելագործում.
4) տնային տնտեսություններում և առևտրային փոքր կազմակերպություններում աշխատուժի ընտրանքային հետազոտությունների ներդրում` միտված ցուցանիշների մանրամասնեցվածության խորացմանը:
Գ Լ ՈՒ Խ 5
ԲԻԶՆԵՍ ՌԵԳԻՍՏՐ
11. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.
1) վարչական ռեգիստրների (մասնավորապես` Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն, Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարություն և այլն) կողմից վարվող տվյալների բազաների հիման վրա իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մասով բիզնես ռեգիստրի բազայի ամբողջականացման ապահովում և դրանում ներառված ցուցանիշների պարբերաբար արդիականացում` համաձայն միջազգային ընդունված չափորոշիչների.
2) բիզնես ռեգիստրի բազայի ծրագրային ապահովման շարունակական կատարելագործում` ուղղված պետական վիճակագրության ընտրանքային դիտարկման մեխանիզմների կիրարկման ընդլայնմանը.
3) բիզնես ռեգիստրի բազայում առկա ցուցանիշների որակի բարձրացման նպատակով ուղղակի և անուղղակի աղբյուրներից հավաքագրվող տեղեկատվության մշակման գործիքների կատարելագործում:
Գ Լ ՈՒ Խ 6
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐ
12. Նախատեսվում է իրականացնել «Տնտեսական գործունեության տեսակների» դասակարգչին համապատասխան առևտրային կազմակերպությունների ֆինանսների վիճակագրության վարում:
Բ Ա Ժ Ի Ն 2
ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՏՎԱԾՆԵՐ
13. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.
1) պետական ֆինանսների (համախմբված, պետական և համայնքների բյուջեների և դրանց տարրերի) վիճակագրության վարում և կատարելագործում` միջազգայնորեն ընդունված և կիրառվող մեթոդաբանություններին համապատասխան.
2) ֆինանսական միջնորդության հատվածի վիճակագրության վարում և կատարելագործում:
Բ Ա Ժ Ի Ն 3
ԱՐՏԱՔԻՆ ՀԱՏՎԱԾ
14. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.
1) ապրանքների գծով արտաքին և փոխադարձ առևտրի վիճակագրության վարում` «Ապրանքների արտաքին առևտրի վիճակագրություն. հասկացություններ և սահմանումներ, 2010» ձեռնարկի դրույթների և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արտաքին առևտրի մաքսային վիճակագրության և փոխադարձ առևտրի վիճակագրության վարման միասնական մեթոդաբանությանն ու «Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի» դասակարգչին համապատասխան.
2) վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի «Ապրանքներ» և «Ծառայություններ» հոդվածների կազմում՝ Արժույթի միջազգային հիմնադրամի «Վճարային հաշվեկշռի և միջազգային ներդրումային դիրքի ձեռնարկ 6» մեթոդաբանությանը համապատասխան.
3) իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների հաշվառման դաշտի բարելավում և ցուցանիշների գնահատման կատարելագործում` միջազգայնորեն ընդունված և կիրառվող մեթոդաբանություններին համապատասխան (այդ թվում` վարչական վիճակագրություն վարող լիազոր մարմնի հետ համատեղ).
4) «Ծառայությունների միջազգային առևտրի վիճակագրություն, 2010» ձեռնարկի դրույթներին համապատասխան միջազգային ծառայությունների վիճակագրության վարում.
5) միջազգային և ներքին զբոսաշրջության վիճակագրության վարում:
Բ Ա Ժ Ի Ն 4
ՍՈՑԻԱԼ-ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ
Գ Լ ՈՒ Խ 1
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏ
15. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.
1) կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, սոցիալական ապահովության և սոցիալ-ժողովրդագրության այլ բնագավառների վիճակագրական հաշվառման ամբողջականացման նպատակով վարչական ռեգիստրների ձևավորմանը մեթոդաբանական օժանդակության ցուցաբերում և վարչական ռեգիստրների տվյալների օգտագործման ընդլայնում.
2) բնակարանային ֆոնդի և կոմունալ տնտեսության ոլորտի վիճակագրության բարելավում, վարչական ռեգիստրների ձևավորմանը մեթոդաբանական օժանդակության ցուցաբերում և վարչական ռեգիստրների տվյալների օգտագործման ընդլայնում:
Գ Լ ՈՒ Խ 2
ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
16. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.
1) տնային տնտեսությունների պարբերական ընտրանքային հետազոտությունների անցկացում և մեթոդաբանության կատարելագործում Համաշխարհային բանկի մշակած մեթոդաբանական զարգացումների ներքո.
2) աղքատությունը և սոցիալական վիճակը բնութագրող հիմնական ցուցանիշների ամբողջականացման և արդիականացման նպատակով տնային տնտեսությունների հետազոտությունների ընտրանքի ավելի բարձր ներկայացուցչականության ապահովում տարածաշրջաններով.
3) աղքատության բազմաչափ համաթվի գնահատում և դրա՝ որպես աղքատության չափման այլընտրանքային մեթոդի, կիրառման շարունակական կատարելագործում.
4) աղքատության նյութական և ոչ նյութական (կրթություն, առողջապահություն, անվտանգ խմելու ջրի մատչելիություն և բնակարանային պայմաններ) ցուցանիշների վարման շարունակականության ապահովում ու կատարելագործում.
5) տնային տնտեսությունների ընտրանքային հետազոտությունների ժամանակ հատուկ մոդուլներով (մոդուլային հարցաթերթերով) աղքատության խորացված գնահատման իրականացում, այդ թվում` երեխաների շրջանում սոցիալական բացառումների, երեխաների կարիքների, երեխաների մարդաչափական չափումների, աղքատության քարտեզագրման, անհատական մակարդակով տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների հասանելիության վերաբերյալ ցուցանիշների կազմի ու բովանդակության ամբողջականացում և կատարելագործում:
Գ Լ ՈՒ Խ 3
ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ
17. Նախատեսվում է միջազգային մեթոդաբանության համաձայն իրականացնել պարենային ապահովության վիճակը բնութագրող ցուցանիշների համակարգի (պարենի առկայություն, մատչելիություն և իրացվելիություն) շարունակական կատարելագործում և դրա հիման վրա ազգային պարենային հաշվեկշիռների պարբերական կազմում:
Գ Լ ՈՒ Խ 4
ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
18. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.
1) բնակչության բնական շարժի՝ քաղաքացիական կացության ակտերում ներառված ծննդյան, մահվան, ամուսնության, ամուսնալուծության տվյալների վիճակագրական մշակման աշխատանքների շարունակական կատարելագործում, այդ թվում՝ տվյալների մշակման գործող համակարգում Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային ստորաբաժանումների միջոցով փոխանցվող էլեկտրոնային տվյալների ներդրում և ելքային աղյուսակների ստացման ապահովում.
2) բնակչության մեխանիկական տեղաշարժերի` միգրացիայի վարչական հաշվառման տեղեկատվական շտեմարանների ամբողջականացման ապահովմանը մեթոդաբանական օժանդակության ցուցաբերում.
3) բնակչության սեռատարիքային կազմի վերաբերյալ ելքային տվյալների ստացման համար մեքենայական մշակման ծրագրերի կատարելագործման ուղղությամբ աշխատանքների իրականացում.
4) ժողովրդագրական իրավիճակի գնահատման այլընտրանքային աղբյուրների ձևավորման, այդ թվում՝ արտագնա միգրացիոն միտումների և փորձառությունների վերաբերյալ տեղեկատվության ստացման նպատակով նախապատրաստական աշխատանքների իրականացում:
Գ Լ ՈՒ Խ 5
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
19. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.
1) Արցախի Հանրապետության սոցիալ-տնտեսական և տարածքային զարգացման ու կենսագործունեության առանձնահատկություններով պայմանավորված` ոլորտին առնչվող տեղեկատվական շտեմարանների ամբողջականացում և վարում, համապատասխան վարչական ռեգիստրների կատարելագործմանն օժանդակություն.
2) բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների ազդեցության գնահատման ցուցանիշների և տեղեկատվական շտեմարանների ձևավորում.
3) շրջակա միջավայրի վիճակի վերաբերյալ վիճակագրական հրապարակումների թողարկում, դրանցում աշխարհագրական տեղեկատվական համակարգի ներդրում:
ՄԱՍ 3
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄ
20. Տեղեկատվական ռեսուրսների կառավարման և տեխնոլոգիաների ներդրման գործընթացում շարունակական բնույթ կկրեն հետևյալ միջոցառումները.
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործընթացի իրականացում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության միասնական վիճակագրական տեղեկատվական համակարգի զարգացման հայեցակարգի շրջանակում.
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներում ժամանակակից համակարգչային սարքավորումներով և համապատասխան տեխնիկական միջոցներով համալրման աշխատանքների շարունակականության ապահովում.
3) տեղային համակարգչային ցանցերի արդիականացման, օպտիկական մալուխներով համալրման, ժամանակակից համակարգչային սարքավորումներով ու ծրագրային փաթեթներով հանդերձավորման աշխատանքների կազմակերպում և իրագործում.
4) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական կայքէջի և վիճակագրական տեղեկատվական շտեմարանների շարունակական արխիվացում.
5) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության «www.stat-nkr.am» պաշտոնական կայքէջի արդիականացման աշխատանքների շարունակում, վիճակագրական ցուցանիշների շտեմարանի ընդլայնում, վիճակագրական տեղեկատվություն տրամադրողների (ռեսպոնդենտների) և սպառողների համար ինտերակտիվ շփման համակարգի ներդրում և զարգացում, ներառյալ` վիճակագրական հաշվետվությունների ներկայացման առցանց համակարգի մշակում.
6) վիճակագրական դիտարկման աշխատանքներում օգտագործվող համակարգչային ծրագրերի շարունակական բարելավում.
7) համակարգչային նոր ծրագրային փաթեթների ներդրում և շահագործում.
8) վիճակագրական տվյալների՝ միկրոտվյալների, մակրոտվյալների և մեթատվյալների բազաների ստեղծում, ինչպես նաև կորպորատիվ հիմնապաշարի ստեղծում, որը ներառելու է հրապարակվող վիճակագրական ցուցանիշների ողջ ցանկը.
9) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության միասնական վիճակագրական տեղեկատվական համակարգի տեղեկատվական անվտանգության և անխափան աշխատանքների շարունակում` ապահովելով վիճակագրական գաղտնիք համարվող տվյալների անանունությունը և անվանազերծումը:
ՄԱՍ 4
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈԻԹՅՈՒՆ
21. Վիճակագրության բնագավառում համագործակցությունը ներառում է տեղեկատվության և փորձի փոխանակումը, ինչպես նաև ներուժ ստեղծելու նպատակով դրանց տարածումը վիճակագրական տվյալների հետագա օգտագործման համար:
Համագործակցության հիմնական նպատակներն են`
1) առանցքային ոլորտներում վիճակագրական տվյալների առավել լայն և արդյունավետ օգտագործումը տնտեսական, սոցիալական, բնապահպանական և ժողովրդագրական զարգացման բնագավառներում, ինչպես նաև ներդրումների ոլորտում քաղաքականության մշակման, ծրագրման, որոշումների ընդունման և վերահսկման համար հիմք ստեղծելու նպատակով.
2) նախապատվային բնագավառներում վիճակագրական ներուժի և կարողությունների ամրապնդումը վիճակագրական տվյալների կազմման, ինչպես նաև դրանց հրապարակման համար.
3) համակարգերի և ներուժային հնարավորությունների աջակցմանն ու ընդլայնմանն ուղղված կարողության երկարաժամկետ ծրագրերի ապահովումը:
22. Վիճակագրական համագործակցության շրջանակում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության հիմնական խնդիրներն են`
1) էապես բարձրացնել վիճակագրական արտադրանքի որակը ժամանակակից տեղեկատվության պահանջներին համահունչ.
2) բարձրացնել տվյալների արդիականությունը` ապահովելով սպառողների կարիքների հաշվառումը և բավարարումը.
3) բարձրացնել տվյալների արժանահավատությունը` ուսումնասիրելով միջազգային պրակտիկայում ընդունված մեթոդաբանությունը.
4) ապահովել վիճակագրական չափանիշների և կանոնների համաձայնեցումը միջազգային չափանիշներին և կանոններին.
5) ապահովել տվյալների միջազգային համադրելիությունը.
6) բարձրացնել վստահությունը վիճակագրական տեղեկատվության նկատմամբ` ձևավորելով վիճակագրության համապատասխան իրավական դաշտ, կատարելագործելով տվյալների տարածումը, ծանոթացնելով սպառողներին վիճակագրության դերին ազատական տնտեսակարգում և նպաստել վիճակագրական տեղեկատվության լայնորեն օգտագործմանը ցանկացած բնագավառում որոշումներ ընդունելիս, մոնիթորինգ և գնահատականներ իրականացնելիս.
7) որոշել վիճակագրական գործունեության ֆինանսավորման նոր ուղիները երկրում ֆինանսավորման կայուն համակարգ ստեղծելու նպատակով, մշակել և ներդնել վճարովի վիճակագրական ծառայությունների համակարգ.
8) մշակել և ներդնել պրոֆեսիոնալ վարվելակերպի սկզբունքները:
23. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության համագործակցության գերակայությունների շարքին են դասվում վիճակագրության հետևյալ բնագավառները.
1) վիճակագրական կարողությունների ամրապնդում.
2) վիճակագրական ենթակառուցվածք (դասակարգումներ, ստանդարտներ և վիճակագրական ռեգիստրներ).
3) վիճակագրական համակարգերի կառավարման հարցեր (վիճակագրական օրենք, վիճակագրական տվյալների արտադրման արդյունավետություն).
4) որակի կառավարում.
5) մակրոտնտեսական վիճակագրություն.
6) արտաքին առևտրի վիճակագրություն.
7) բիզնես վիճակագրություն.
8) էներգետիկայի վիճակագրություն.
9) գյուղատնտեսության վիճակագրություն.
10) սոցիալական, ժողովրդագրական և աշխատանքի շուկայի վիճակագրություն.
11) աղքատության վիճակագրություն.
12) գենդերային վիճակագրություն.
13) շրջակա միջավայրի վիճակագրություն.
14) հորիզոնական ոլորտներ (աշխատանք ռեսպոնդենտների (ռեսպոնդենտների ծանրաբեռնվածության նվազեցում) և սպառողների (նախաձեռնողական քաղաքականության իրականացում) հետ, սպառողներին ուղղված տեղեկատվության տարածում, Ազգային վիճակագրական համակարգի կառավարում և համակարգում, անձնակազմի ուսուցում).
15) ինստիտուցիոնալ ենթակառուցվածք (տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաներ, բյուջետային և մարդկային ռեսուրսներ):
ՄԱՍ 5
ԿԱԴՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ
24. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության ուսուցման քաղաքականությունը հիմնված է ուսուցման ծրագրերի վրա` կողմնորոշված դեպի անձնակազմի կարիքներն ու պահանջները և նպատակաուղղված գիտելիքների, հմտությունների, փորձի և տեղեկատվության փոխանակմանը:
25. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը կշարունակի կադրերի պատրաստման և վերապատրաստման գործընթացը` ընդգրկելով աշխատակազմի ինչպես կառուցվածքային, այնպես էլ առանձնացված ստորաբաժանումների աշխատակիցներին, ինչը կարտահայտվի Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության և նրա միջոցով միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպվող դասընթացներին, սեմինարներին և աշխատանքային հանդիպումներին մասնակցությամբ:
26. Առաջնորդվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի պահանջներով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի քաղաքացիական ծառայողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործման և զբաղեցրած պաշտոններին համապատասխանության որոշման նպատակով կշարունակվեն վերապատրաստման և ատեստավորման գործընթացները:
ՄԱՍ 6
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
27. Պետական վիճակագրության ոլորտում 2018-2020 թվականներին իրականացման ենթակա հետևյալ և այլ միջոցառումների ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել հետևյալ հիմնական եղանակներով (աղբյուրներից).
1) պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով նախատեսված աշխատանքների իրականացման համար` Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով (ներառյալ` ոչ հարկատուների տրամադրած միջոցները).
2) պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերից դուրս իրագործվող լրացուցիչ աշխատանքների համար` Արցախի Հանրապետության պետական բյուջեից տրամադրվող, ինչպես նաև ոչ հարկատուների տրամադրած միջոցներով: