ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«22» մարտի 2011թ. |
N 139-Ն |
ք.Ստեփանակերտ
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՕԹԵՎԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱUՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Սոցիալական աջակցության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ոշ ու մ է.
1. Հաստատել ժամանակավոր օթևանի տրամադրման կարգը և պայմանները` համաձայն հավելվածի:
2. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց ժամանակավոր օթևանի տրամադրման լիազորությունները վերապահել «Ստեփանակերտի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին` հաստատել ժամանակավոր օթևան տրամադրող կազմակերպություն ընդունված անօթևան անձի հաշվառման քարտի ձևը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«22» մարտի 2011թ.
N 139-Ն որոշման |
ԿԱՐԳ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՕԹԵՎԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են 18 տարին լրացած` մշտական կամ ժամանակավոր կամ փաստացի բնակության վայր չունեցող անօթևան, ինչպես նաև ընտանիքում բռնության ենթարկված կամ թրաֆիքինգի հետևանքով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց (այսուհետ` հաճախորդ) ժամանակավոր կացարան տրամադրելու, ինչպես նաև նրանց սոցիալական խնդիրներին լուծումներ գտնելու հետ կապված հարաբերությունները:
2. Ժամանակավոր օթևանի տրամադրումը սոցիալական ծառայությունների հիմնական տեսակներից մեկն է:
3. Ժամանակավոր օթևան (այսուհետ` օթևան) տրամադրվում է սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպության կողմից (այսուհետ` կազմակերպություն):
4. Հայերենին չտիրապետող անձանց, հնարավորության դեպքում, աջակցությունը տրամադրվում է իրենց համար հասկանալի լեզվով:
5. Կազմակերպություն ընդունված հաճախորդն ստանում է սոցիալական, հոգեբանական, բժշկական և իրավական օգնություն:
6. Կազմակերպությունը պետք է ունենա համապատասխան իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող կոմունալ, սանիտարահիգիենիկ և հակահրդեհային անվտանգության անհրաժեշտ պայմաններ, վստահության հեռախոս:
7. Օթևանը, անհրաժեշտության դեպքում, տրամադրվում է նաև բռնության ենթարկված անձի երեխային` նրա օթևանում գտնվելու ընթացքում:
8. Օթևանը տրամադրվում է մինչև 60 օր տևողությամբ:
II. ՕԹԵՎԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԵՎ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
9. Հաճախորդին օթևան տրամադրվում է նրա փաստացի գտնվելու վայրի` Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության աշխատակազմի սոցիալական ծառայության տարածքային գործակալության (այսուհետ՝ գործակալություն) որոշման հիման վրա:
(9-րդ կետը փոփ. 16.10.2018 N 844-Ն)
10. Գործակալությունը հաճախորդին օթևան տրամադրելու մասին որոշումն ընդունում է`
1) հաճախորդի դիմումի հիման վրա,
2) իրավաբանական կամ ֆիզիկական անձանցից ստացված տեղեկությունների դեպքում:
(10-րդ կետը փոփ. 16.10.2018 N 844-Ն)
11. Հրատապ օգնություն պահանջող դեպքերում հաճախորդին օթևան տրամադրվում է կազմակերպություն ներկայացված նրա դիմումի հիման վրա:
12. Իրավաբանական կամ ֆիզիկական անձանցից տեղեկություններ ստանալու նույն օրը գործակալությունը, իսկ վստահության հեռախոսի միջոցով տեղեկություններ ստանալու դեպքում կազմակերպությունը կազմակերպում է իրավիճակի ուսումնասիրություն` տեղեկատվությամբ հայտնի դարձած վայրում անձի հայտնաբերման և անհրաժեշտ օգնության տրամադրման համար:
(12-րդ կետը փոփ. 16.10.2018 N 844-Ն)
13. Իրավաբանական կամ ֆիզիկական անձանցից տեղեկություններ ստանալու դեպքում գործակալությունը կամ կազմակերպությունն անհապաղ ընդունում է որոշում և, հաճախորդի համաձայնության դեպքում, կազմակերպում նրա տեղափոխումը կազմակերպություն:
(13-րդ կետը փոփ. 16.10.2018 N 844-Ն)
14. Կազմակերպության ղեկավարը կազմակերպություն ընդունված հաճախորդի մասին մեկ օրվա ընթացքում տեղեկատվություն է ներկայացնում ոստիկանության տարածքային մարմին և գործակալություն:
(14-րդ կետը փոփ. 16.10.2018 N 844-Ն)
15. Oթևան տրամադրելուց անձի հրաժարվելու դեպքում գործակալությունը կամ կազմակերպությունը դրա մասին կազմում է արձանագրություն:
(15-րդ կետը փոփ. 16.10.2018 N 844-Ն)
16. Հաճախորդին կազմակերպություն ընդունելը ձևակերպվում է կազմակերպության ղեկավարի հրամանով:
17. Կազմակերպություն ընդունված հաճախորդի համար լրացվում է հաշվառման քարտ, որտեղ գրանցվում են տվյալ հաճախորդին վերաբերող հետևյալ տեղեկությունները`
1) անունը, հայրանունը, ազգանունը,
2) ծննդյան տարեթիվը,
3) սեռը,
4) նրա վերջին կամ նախկին բնակության վայրը,
5) մինչև օթևանի տրամադրումը հաճախորդի հայտնաբերման կամ գտնվելու վայրը,
6) ընտանեկան դրությունը,
7) կազմակերպություն ընդունման և դուրսգրման ամսաթվերը,
8) օթևանի կարիք ունեցող հաճախորդի մասին տեղեկատվություն տված իրավաբանական կամ ֆիզիկական անձի տվյալները,
9) անձի նկատմամբ կիրառված բռնության տեսակը` բռնության առկայության դեպքում:
18. Հաճախորդի մասին տվյալները քարտում լրացվում են անձը հաստատող փաստաթղթի կամ, դրա բացակայության դեպքում, հաճախորդի բանավոր հայտարարության համաձայն: Հաճախորդի մասին տվյալների գրանցման ժամանակ նշվում է տեղեկությունների աղբյուրը:
19. Հաճախորդի մասին տվյալների` նրա բանավոր հայտարարության հիման վրա գրանցման դեպքում նշվում են նաև հաճախորդի անհատականացման հնարավոր նշանները` սեռը, մոտավոր տարիքը, մազերի և աչքերի գույնը և այլ անհատականացման նշաններ:
20. Կրկին նույն կազմակերպություն ընդունվելու դեպքում հաճախորդի հաշվառման քարտում կատարվում է համապատասխան լրացում:
21. Կազմակերպություն ընդունվող հաճախորդի համար կազմվում է անձնական գործ, որը ներառում է հաճախորդի դիմումը, գործակալության որոշումը, հաճախորդի լուսանկարը, սույն կարգի 17-րդ կետում նշված անձնական տվյալները, կցվում են նրա մոտ առկա բոլոր փաստաթղթերի պատճենները, տեղեկատվություն տված իրավաբանական կամ ֆիզիկական անձանց մասին տվյալները: Անձնական գործում նշվում է հաճախորդին տրամադրվող անհրաժեշտ սոցիալական աջակցության տեսակը:
(21-րդ կետը փոփ. 16.10.2018 N 844-Ն)
22. Կազմակերպություն ընդունված և դուրս գրված հաճախորդի` սույն կարգի 17-րդ կետով սահմանված հաշվառման քարտը պահվում է քարտարանում: Հաճախորդի` կազմակերպություն ընդունման մասին հրամանները գրանցվում են հաշվառման մատյանում:
23. Կազմակերպություն ընդունված հաճախորդի համար լրացվում է բժշկական քարտ, որտեղ գրանցվում են նրա անձնական տվյալները, ինչպես նաև կատարված առաջին բժշկական զննության հիման վրա իրականացված կլինիկալաբորատոր հետազոտությունների արդյունքները, ցույց տրված բժշկական օգնությունը:
III. ՀԱՃԱԽՈՐԴԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
24. Հաճախորդը կազմակերպություն ընդունվելու առաջին 2 ժամվա ընթացքում ենթարկվում է սանիտարական մշակման, 1-3 օր պահվում կարանտինի պայմանում` հատուկ առանձնացված սենյակում` մինչև համապատասխան բուժհաստատության կողմից նրա առողջական վիճակի մասին եզրակացություն ստանալը:
25. Կազմակերպությունում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում հաճախորդի նկատմամբ իրականացվում է բժշկական հսկողություն և տրամադրվում համապատասխան բժշկական օգնություն` դրա կարիքն առաջանալու դեպքում:
26. Կազմակերպությունում գտնվող հաճախորդի բժշկական սպասարկումն իրականացնում է կազմակերպության գտնվելու վայրի համապատասխան բժշկական հաստատությունը:
27. Կազմակերպությունում հաճախորդին տրամադրվում է ժամանակավոր կացարան, օրական 3 անգամ սնունդ, սպիտակեղեն, անձնական հիգիենայի պարագաներ, անհրաժեշտության դեպքում` հագուստ, կոշիկ:
28. Կազմակերպության բժիշկը, սոցիալական աշխատողը, իրավաբանը և հոգեբանը, յուրաքանչյուրն իր իրավասության սահմաններում, աջակցում են`
1) անձը հաստատող փաստաթուղթ չունեցող հաճախորդին` անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ ստանալու,
2) ստացիոնար բուժման կարիք ունեցողներին` համապատասխան բուժհաստատություն ուղեգրելու,
3) կենսաթոշակի իրավունք ունեցող հաճախորդին` կենսաթոշակ նշանակելու համար, ինչպես նաև սոցիալական պաշտպանության հաստատություն տեղափոխվելու (ընդունվելու) անհրաժեշտության դեպքում համապատասխան փաստաթղթերը կազմելու,
4) հաճախորդի ընտանիքի անդամներին և հարազատներին հայտնաբերելու (եթե այդպիսիք կան) և, հնարավորության դեպքում, նրանց կորցրած սոցիալական կապերը վերականգնելու,
5) անհրաժեշտ պրոթեզաօրթոպեդիկ և այլ վերականգնողական միջոցներով ապահովելու,
6) խախտված իրավունքները վերականգնելու և շահերը պաշտպանելու,
7) աշխատունակ տարիքի հաճախորդին` աշխատանքի տեղավորելու,
8) բժշկասոցիալական փորձաքննություն անցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ձևակերպելու հարցերում.
9) բռնության ենթարկված անձի հետ կազմակերպությունում գտնվող երեխային` ուսման հետ կապված խնդիրները կարգավորելու հարցում,
10) անձի սոցիալական ադապտացիան (հարմարումը) ապահովելու նպատակով` ընտանիքի անդամների հետ սոցիալ-հոգեբանական աշխատանքի միջոցով ընտանիքում բարենպաստ մթնոլորտի վերականգնմանը:
IV. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՃԱԽՈՐԴԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ
29. Կազմակերպությունից հաճախորդը դուրս է գրվում`
1) իր դիմումի հիման վրա,
2) կազմակերպությունում մնալու համար սահմանված ժամկետը լրանալու դեպքում,
3) սոցիալական պաշտպանության հաստատություն տեղափոխվելու (ընդունվելու) դեպքում,
4) ընտանիք վերադառնալու դեպքում` ընտանիքի անդամի դիմումի հիման վրա, բացառությամբ ընտանիքում բռնության ենթարկված անձանց,
5) ստացիոնար բուժհաստատությունում տեղավորվելու դեպքում,
6) կազմակերպության ներքին կարգապահական կանոնները խախտելու դեպքում, այդ թվում` ալկոհոլ կամ թմրանյութեր օգտագործելու դեպքում, քրեորեն հետապնդելի արարքի կատարման մասին համապատասխան մարմիններից տեղեկատվություն ստանալու դեպքում:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |