ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ԿԱՄ ԴՐԱ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ, ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԶԻՆՎԱԾ ՀԱՐՁԱԿՄԱՆ, ԴՐԱ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՎՏԱՆԳԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՊԱՏԵՐԱԶՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՈՒ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 664-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «դ» կետով, «Քաղաքացիական պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «ը» կետով և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածով` Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել Արցախի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման կամ դրա սպառնալիքի, Արցախի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարելու դեպքում ու ռազմական դրության պայմաններում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, բնակչության ազդարարման և իրազեկման կարգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 25-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման մասին բնակչության ազդարարման կարգը հաստատելու մասին» N 664-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
| |
Հավելված
Արցախի Հանրապետության կառավարության
2019 թվականի մարտի 25-ի N 191-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ
ԿԱՄ ԴՐԱ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ, ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԶԻՆՎԱԾ ՀԱՐՁԱԿՄԱՆ,
ԴՐԱ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՎՏԱՆԳԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՊԱՏԵՐԱԶՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ
ՈՒ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ,
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կանոնակարգվում են Արցախի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման կամ դրա սպառնալիքի, Արցախի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարելու դեպքում ու ռազմական դրության պայմաններում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, բնակչության ազդարարման և իրազեկման գործընթացի հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝
1) արտակարգ իրավիճակ՝ որոշակի տարածքում կամ օբյեկտում խոշոր վթարի, վտանգավոր բնական երևույթի, տեխնածին, տարերային կամ էկոլոգիական (բնապահպանական) աղետի, համաճարակի, անասնահամաճարակի (էպիզոոտիա), բույսերի և գյուղատնտեսական մշակաբույսերի լայնորեն տարածված վարակիչ հիվանդության (էպիֆիտոտիա), զենքի տեսակների կիրառման հետևանքով ստեղծված իրավիճակ, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել մարդկային զոհերի, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների և մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման.
2) տեղական նշանակության արտակարգ իրավիճակ` ստեղծված իրադրություն, երբ խոցման գործոնները չեն տարածվել կազմակերպության, օբյեկտի տարածքից կամ արտակարգ դեպքի, պատահարի վայրից դուրս և արտակարգ իրավիճակ առաջացնող աղբյուրի և (կամ) հետևանքների վերացման համար բավարար են տվյալ տարածքը սպասարկող պետական մարմինների, ծառայությունների, կազմակերպությունների ուժերն ու միջոցները.
3) համայնքային նշանակության արտակարգ իրավիճակ` ստեղծված իրադրություն, երբ խոցման գործոնները դուրս են եկել կազմակերպության տարածքից կամ արտակարգ դեպքի, պատահարի վայրից, սակայն, չեն տարածվել քաղաքային (բացառությամբ Ստեփանակերտ քաղաքի) ու գյուղական համայնքների տարածքից դուրս, և արտակարգ իրավիճակ առաջացնող աղբյուրի և (կամ) հետևանքների վերացման համար բավարար են տվյալ համայնքը սպասարկող պետական մարմինների, ծառայությունների, կազմակերպությունների ուժերն ու միջոցները.
4) շրջանային նշանակության արտակարգ իրավիճակ` ստեղծված իրադրություն, երբ խոցման գործոնները դուրս են եկել քաղաքային կամ գյուղական համայնքի տարածքից, սակայն, չեն տարածվել տվյալ շրջանի (Ստեփանակերտ քաղաքում` վարչական շրջանի) տարածքից դուրս, և արտակարգ իրավիճակ առաջացնող աղբյուրի և (կամ) հետևանքների վերացման համար բավարար են տվյալ շրջանում (Ստեփանակերտ քաղաքում) գործող պետական մարմինների, ծառայությունների, կազմակերպությունների ուժերն ու միջոցները.
5) հանրապետական նշանակության արտակարգ իրավիճակ` ստեղծված իրադրություն, երբ խոցման գործոնները դուրս են եկել շրջանի (Ստեփանակերտ քաղաքում` վարչական շրջանի) տարածքից, սակայն, չեն տարածվել Արցախի Հանրապետության տարածքից դուրս, և արտակարգ իրավիճակ առաջացնող աղբյուրի և (կամ) հետևանքների վերացման համար բավարար են Արցախի Հանրապետության ուժերն ու միջոցները.
6) անդրսահմանային նշանակության արտակարգ իրավիճակ` ստեղծված իրադրություն, երբ խոցման գործոնները դուրս են եկել Արցախի Հանրապետության տարածքից կամ այլ երկրում արտակարգ դեպքի, պատահարի, վտանգավոր տարերային երևույթի հետևանքով ստեղծված իրադրություն, որի խոցման գործոնները ներգործություն են ունեցել Արցախի Հանրապետության տարածքում` առաջացնելով տեղական, համայնքային, շրջանային կամ հանրապետական նշանակության արտակարգ իրավիճակի կամ դրա առաջացման սպառնալիք.
7) ազդարարում՝ Արցախի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման կամ դրա սպառնալիքի, Արցախի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարելու դեպքում ու ռազմական դրության պայմաններում պետական կառավարման մարմիններին, կազմակերպություններին, բնակչությանն ազդարարման համակարգերով և (կամ) այլ միջոցներով (եղանակներով) ազդարարման ազդանշանների, տագնապի կամ հավաքի, հնարավոր վտանգների, ինչպես նաև վարքականոնների և պաշտպանական միջոցառումների անցկացման անհրաժեշտության մասին հրատապ տեղեկատվության տրամադրում.
8) իրազեկում՝ պետական կառավարման մարմիններին, կազմակերպություններին, բնակչությանն ազդարարման համակարգերով, զանգվածային լրատվական և (կամ) այլ միջոցներով (եղանակներով) Արցախի Հանրապետության տարածքում զինված հարձակման, արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման ընթացքի, բնակչության և տարածքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող կամ նախատեսվող միջոցառումների վերաբերյալ, ինչպես նաև խուճապի կանխման ու քարոզչության նպատակով տեղեկատվության տրամադրում.
9) ազդարարման ազդանշան` ազդարարման համակարգով տրվող պայմանական նշան, որը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, արտակարգ իրավիճակներին արձագանքող, արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառած վնասները գնահատող հանրապետական և տարահանման հանձնաժողովների, քաղաքացիական պաշտպանության ծառայությունների, շտաբների, կազմավորումների, զորահավաքային մարմինների, փրկարար ուժերի ու բնակչության (և այլն) համար հրահանգ է հանդիսանում համապատասխան միջոցառումներ իրականացնելու համար.
10) օդային հարձակում` թռչող սարքերի կամ ռեակտիվ հրետանու միջոցով որևէ տարածքի նկատմամբ զենքի տեսակների կիրառում.
11) ազդարարման վերջնակետ սարքավորումներ` ազդարարման սարքավորումներ, որոնցով հնչեցվում են ազդարարման ազդանշանները:
3. Ազդարարումն ու իրազեկումն իրականացվում են կապի և ազդարարման բոլոր միջոցներով` էլեկտրաշչակների և բարձրախոսային (ստացիոնար և շարժական) սարքերով, հեռուստատեսությամբ, ռադիոհեռարձակմամբ, համացանցային կապով ու հեռախոսակապով, այդ թվում՝ նաև բջջային կապի կարճ հաղորդագրությունների (sms) միջոցով (առավելագույնը 10 րոպեի ընթացքում):
II. ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ԿԱՄ ԴՐԱ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ,
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԶԻՆՎԱԾ ՀԱՐՁԱԿՄԱՆ, ԴՐԱ ԱՆՄԻՋԱԿԱՆ
ՎՏԱՆԳԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՊԱՏԵՐԱԶՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ
ԴԵՊՔՈՒՄ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
4. Ազդարարման ազդանշանները նախատեսված են տվյալ բնակավայրում (տարածքում) արտակարգ իրավիճակի առաջացման կամ դրա սպառնալիքի, հակառակորդի կողմից զինված հարձակման և դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարելու դեպքում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին, արտակարգ իրավիճակներին արձագանքող, արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառած վնասները գնահատող հանրապետական և տարահանման հանձնաժողովների, քաղաքացիական պաշտպանության ծառայություններին, շտաբներին, կազմավորումներին, ինչպես նաև փրկարար ուժերին ու բնակչությանն ազդարարելու համար:
5. Ազդարարման ազդանշանների տեսակներն են`
1) «Օդային տագնապ».
2) «Ուշադրություն բոլորին»:
6. Ազդարարման ազդանշանները տրվում են կապի և ազդարարման բոլոր միջոցներով` էլեկտրաշչակների և բարձրախոսային (ստացիոնար և շարժական) սարքերով, հեռուստատեսությամբ, ռադիոհեռարձակմամբ, համացանցային կապով, հեռախոսակապով և այլն:
7. Ազդարարման ազդանշանները տրվում են հետևյալ դեպքերում`
1) «Օդային տագնապ» ազդանշանը՝ Արցախի Հանրապետության վրա օդային հարձակման դեպքում.
2) «Ուշադրություն բոլորին» ազդանշանը՝ արտակարգ իրավիճակի առաջացման կամ դրա սպառնալիքի, Արցախի Հանրապետության վրա զինված հարձակման և դրա անմիջական վտանգի առկայության, Արցախի Հանրապետության վրա օդային հարձակման ավարտի դեպքերում:
8. «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում էլեկտրաշչակների միջոցով տրվում է ընդհատվող (3 անգամ տատանվող) ձայնային ազդանշան (3 րոպե տևողությամբ), միաժամանակ բարձրախոսներով տրվում է «Օդային տագնապ: Պատսպարվել պաշտպանական կառույցներում» բովանդակությամբ համապատասխան հաղորդագրություն, կրկնօրինակելով կապի և ազդարարման բոլոր միջոցներով` էլեկտրաշչակների և բարձրախոսային (ստացիոնար և շարժական) սարքերով, հեռուստատեսությամբ, ռադիոհեռարձակմամբ, համացանցային կապով, հեռախոսակապով և այլն:
9. «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում`
1) պետական կառավարման հանրապետական մարմիններն ու կազմակերպությունները պետք է կազմակերպեն ենթակա մարմնի և նրա ստորաբաժանումների անձնակազմի, իսկ պետական կառավարման տարածքային մարմիններն ու տեղական ինքնակառավարման մարմինները` համապատասխան շրջանի և համայնքի բնակչության պատսպարումը պաշտպանական կառույցներում.
2) բնակչությունը պետք է պատսպարվի պաշտպանական կառույցներում:
10. «Ուշադրություն բոլորին» ազդանշանի դեպքում էլեկտրաշչակների միջոցով տրվում է չընդհատվող ձայնային ազդանշան (2-3 րոպե տևողությամբ), միաժամանակ ազդարարման միջոցներով տրվում է «Ուշադրություն բոլորին, ուշադրություն բոլորին …………..» բովանդակությամբ համապատասխան հաղորդագրություն (օրինակ` «Ուշադրություն բոլորին, ուշադրություն բոլորին: Ճառագայթային վտանգ է սպառնում հետևյալ բնակավայրերին…..», «Ուշադրություն բոլորին, ուշադրություն բոլորին: Հայտարարված է քիմիական տագնապ, վտանգ է սպառնում … թաղամասերին, … շենքերին…», «Ուշադրություն բոլորին, ուշադրություն բոլորին: Մանրէաբանական վտանգ է սպառնում հետևյալ տարածքներին…..», «Ուշադրություն բոլորին, ուշադրություն բոլորին: Աղետալի ջրածածկման վտանգ է սպառնում հետևյալ բնակավայրերին… տներին, … կազմակերպություններին …», «Ուշադրություն բոլորին, ուշադրություն բոլորին: Օդային տագնապի ավարտ: Դուրս գալ պաշտպանական կառույցներից … (կամ կատարել … գործողությունները)»):
11. «Ուշադրություն բոլորին» ազդանշանի դեպքում`
1) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները, արտակարգ իրավիճակներին արձագանքող, արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառած վնասները գնահատող հանրապետական և տարահանման հանձնաժողովները, քաղաքացիական պաշտպանության ծառայությունները, շտաբները, կազմավորումները, զորահավաքային մարմինները, ինչպես նաև փրկարար ուժերը պետք է հաղորդագրության համաձայն կատարեն համապատասխան պլաններով, ծրագրերով, հրահանգներով, պայմանագրերով և այլ փաստաթղթերով նախատեսված միջոցառումներ.
2) բնակչությանն առաջարկվում է հետևել բարձրախոսային սարքերով, հեռուստացույցով, ռադիոյով, հեռախոսակապով և համացանցային կապով Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության` արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում Արցախի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի (այսուհետ` լիազոր մարմին), պետական կառավարման տարածքային ու տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրվող հաղորդագրություններին:
12. Ազդարարման իրականացման մասին որոշումներն ընդունում են`
1) տեղական նշանակության արտակարգ իրավիճակի առաջացման կամ դրա սպառնալիքի դեպքում՝ համայնքի ղեկավարը, իսկ Ստեփանակերտ քաղաքում՝ տվյալ օբյեկտի ղեկավարը, հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտներում՝ տվյալ կազմակերպության ղեկավարը կամ նրա կողմից լիազորված պաշտոնատար անձը.
2) համայնքային նշանակության արտակարգ իրավիճակի առաջացման կամ դրա սպառնալիքի դեպքում` համապատասխան համայնքի ղեկավարը.
3) շրջանային նշանակության (Ստեփանակերտ քաղաքում) արտակարգ իրավիճակի առաջացման կամ դրա սպառնալիքի դեպքում` համապատասխան շրջվարչակազմի ղեկավարը (Ստեփանակերտի քաղաքապետը).
4) հանրապետական նշանակության արտակարգ իրավիճակի առաջացման կամ դրա սպառնալիքի դեպքում` Արցախի Հանրապետության Նախագահը.
5) Արցախի Հանրապետության վրա օդային հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության դեպքում` լիազոր մարմնի ճգնաժամային կառավարման կենտրոնը (Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կողմից ստացված տեղեկատվության հիման վրա):
13. Բնակչության ազդարարումը (կենտրոնացված ազդարարման համակարգի առկայության դեպքում` այդ համակարգով) իրականացնում են`
1) տեղական նշանակության արտակարգ իրավիճակի առաջացման կամ դրա սպառնալիքի դեպքում՝
ա. համայնքներում՝ տվյալ համայնքի ղեկավարը,
բ. Ստեփանակերտ քաղաքում՝ տվյալ օբյեկտի ղեկավարը,
գ. հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտներում՝ տվյալ կազմակերպության օպերատիվ հերթապահությունը (ոլորտի պատասխանատուն, դիսպետչերը և այլն) կամ կազմակերպության ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձը.
2) համայնքային նշանակության արտակարգ իրավիճակի առաջացման կամ դրա սպառնալիքի դեպքում` տվյալ համայնքի ղեկավարը կամ լիազոր մարմնի տարածքային ստորաբաժանումը.
3) շրջանային նշանակության (Ստեփանակերտ քաղաքում) արտակարգ իրավիճակի առաջացման կամ դրա սպառնալիքի դեպքում` լիազոր մարմնի տարածքային ստորաբաժանումը.
4) հանրապետական նշանակության արտակարգ իրավիճակի առաջացման կամ դրա սպառնալիքի դեպքում` լիազոր մարմինը.
5) Արցախի Հանրապետության վրա օդային հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության դեպքում` լիազոր մարմնի ճգնաժամային կառավարման կենտրոնը` Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կողմից նշված տարածքում:
14. Արցախի Հանրապետության պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների ազդարարումն իրականացվում է հետևյալ կերպ`
1) լիազոր մարմինը՝ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ հերթապահի միջոցով, ազդարարում է Արցախի Հանրապետության պետական կառավարման հանրապետական մարմինների ղեկավարներին և համապատասխան պլաններով, ծրագրերով, հրահանգներով, պայմանագրերով և այլ փաստաթղթերով նախատեսված այլ պաշտոնատար անձանց ու տարածքային ստորաբաժանումներին.
2) լիազոր մարմնի տարածքային ստորաբաժանումներն ազդարարում են Արցախի Հանրապետության պետական կառավարման տարածքային մարմինների, համայնքների ու կազմակերպությունների ղեկավարներին.
3) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների ներքին համակարգի ազդարարումն իրականացվում է համապատասխան մարմնի կամ կազմակերպության ազդարարման պլանի կամ ուրվագծի համաձայն.
4) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների ազդարարման հավաստիության ստուգումն իրականացվում է հետադարձ կապով:
15. Լիազոր մարմինը համակարգում է Արցախի Հանրապետության տարածքում բնակչության կենտրոնացված ազդարարման հանրապետական համակարգի գործունեության ապահովմանն ուղղված միջոցառումները:
16. Ազդարարման համակարգի փորձարկման և ազդարարման հաղորդագրությունների, ինչպես նաև այդ հաղորդագրություններով բնակչությանն առաջարկվող վարվելակերպի կանոնները հաստատում է լիազոր մարմնի ղեկավարը:
17. Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունն ազդարարման համակարգի կապի ցանցերի ստեղծման համար համապատասխան հայտի դեպքում տրամադրում է կապուղիներ և ապահովում դրանց հետագա անխափան աշխատանքը:
18. Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովին առաջարկվում է, իրենց իրավասության շրջանակներում, աջակցել Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությանը սույն կարգի 17-րդ կետով սահմանված գործառույթների իրականացման համար:
19. Արցախի Հանրապետության տարածքում գործող հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտների և դրանց հնարավոր վտանգավոր ազդեցության տարածքի բնակավայրերի ազդարարման համակարգի ստեղծման և անխափան աշխատանքի ապահովման համար պատասխանատու են տվյալ օբյեկտները և դրանց գործունեությունը համակարգող Արցախի Հանրապետության պետական կառավարման համապատասխան մարմինները:
20. Ազդարարման համակարգի գործարկման և համապատասխան տեղեկատվության տրամադրման համար պատասխանատու են`
1) տեղական նշանակության արտակարգ իրավիճակների ժամանակ համապատասխան կազմակերպության և դրա հնարավոր վտանգավոր ազդեցության տարածքում գտնվող ազդարարման վերջնակետ սարքավորումների գործարկման համար` տվյալ կազմակերպությունը.
2) համայնքային նշանակության արտակարգ իրավիճակների ժամանակ`
ա. ազդարարման վերջնակետ սարքավորումների գործարկման համար՝ լիազոր մարմնի համապատասխան տարածքային ստորաբաժանումը.
3) շրջանային նշանակության (Ստեփանակերտ քաղաքում) արտակարգ իրավիճակների ժամանակ`
ա. ազդարարման վերջնակետ սարքավորումների գործարկման համար՝ լիազոր մարմնի համապատասխան տարածքային ստորաբաժանումը,
բ. Արցախի Հանրապետության հեռուստառադիոընկերությունների և ռադիոընկերությունների միջոցով տեղեկատվության տրամադրման համար` Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը, իսկ հանրային հեռուստառադիոընկերությունների և ռադիոընկերությունների միջոցով տեղեկատվության տրամադրման համար` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը.
4) հանրապետական նշանակության արտակարգ իրավիճակների ժամանակ`
ա. ազդարարման վերջնակետ սարքավորումների գործարկման համար՝ լիազոր մարմինը.
բ. հանրային հեռուստառադիոընկերությունների և ռադիոընկերությունների միջոցով տեղեկատվության տրամադրման համար՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը:
21. Ազդարարման համակարգի սարքավորումների պահպանման և սպասարկման համար պատասխանատու է այն մարմինը և կազմակերպությունը, որի տարածքում տեղադրված են սարքավորումները:
22. Ազդարարման համակարգի սարքավորումները, որպես գույքային արժեք, օրենքով սահմանված կարգով հաշվառվում են այն մարմնի և կազմակերպության հաշվեկշռում, որի տարածքում տեղադրված են:
23. Արցախի Հանրապետության համայնքներում, շրջաններում և Ստեփանակերտ քաղաքում տեղադրված ազդարարման սարքավորումների հաշվառումն իրականացնում է լիազոր մարմնի համապատասխան տարածքային ստորաբաժանումը:
III. ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ԿԱՄ ԴՐԱ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ,
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԶԻՆՎԱԾ ՀԱՐՁԱԿՄԱՆ, ԴՐԱ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՎՏԱՆԳԻ
ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՊԱՏԵՐԱԶՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԿԱՐԳԸ
24. Արցախի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման կամ դրա սպառնալիքի դեպքում հանրային իրազեկումն ու տեղեկատվության շուրջօրյա տրամադրումն իրականացնում է լիազոր մարմինը:
25. Արցախի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարելու դեպքում տեղեկատվության տրամադրումն իրականացվում է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ու Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության համապատասխան փոխգործողությունների պլանների համաձայն:
26. Արցախի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման կամ դրա սպառնալիքի, Արցախի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարելու մասին`
1) Արցախի Հանրապետության պետական կառավարման հանրապետական մարմինների ղեկավարների իրազեկումն իրականացնում է լիազոր մարմինը՝ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ հերթապահի միջոցով.
2) Արցախի Հանրապետության պետական կառավարման տարածքային մարմինների և համայնքների ղեկավարների իրազեկումն իրականացնում է լիազոր մարմնի տարածքային ստորաբաժանումը.
3) հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտի ղեկավարը հաղորդում է լիազոր մարմնի տարածքային ստորաբաժանմանը.
4) Արցախի Հանրապետության համայնքի ղեկավարը հաղորդում է լիազոր մարմնի տարածքային ստորաբաժանմանը և շրջվարչակազմի ղեկավարին, Ստեփանակերտի քաղաքապետը և շրջվարչակազմի ղեկավարը` Արցախի Հանրապետության Նախագահին և լիազոր մարմնին.
5) Արցախի Հանրապետության պետական կառավարման մարմնի ղեկավարը հաղորդում է Արցախի Հանրապետության Նախագահին և լիազոր մարմնին:
27. Շրջանային և հանրապետական նշանակության արտակարգ իրավիճակների առաջացման կամ դրա սպառնալիքի մասին լիազոր մարմնի ղեկավարը զեկուցում է Արցախի Հանրապետության Նախագահին և ստեղծված իրադրության նախնական գնահատման արդյունքների հիման վրա հնարավորինս սեղմ ժամկետներում ներկայացնում առաջարկություն արտակարգ իրավիճակի կանխարգելման, արտակարգ իրավիճակ առաջացնող աղբյուրի և (կամ) հետևանքների վերացման վերաբերյալ:
28. Շրջանային և հանրապետական նշանակության արտակարգ իրավիճակների առաջացման կամ դրա սպառնալիքի դեպքում հանրության իրազեկման, բնակչությանն անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման, արտակարգ իրավիճակի վերաբերյալ տեղեկատվական հոսքերի կենտրոնացման և կառավարման նպատակով լիազոր մարմինը`
1) կազմակերպում է «թեժ գիծ».
2) ծավալում է միջգերատեսչական լրատվական կենտրոն, ապահովում զանգվածային լրատվամիջոցների աշխատանքի համար համապատասխան պայմաններ.
3) հրավիրում է մամլո ասուլիսներ` պետական մարմինների, կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ.
4) օպերատիվ իրավիճակին համապատասխան պարբերականությամբ տրամադրում է պաշտոնական հաղորդագրություններ և տեղեկատվություն.
5) ապահովում է տեղեկատվության համակարգումը և տրամադրումն ըստ շահագրգիռ ուղղությունների:
29. Անդրսահմանային, հանրապետական և շրջանային նշանակության արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում լիազոր մարմնի լրատվական կենտրոնից ուղիղ հեռարձակում կազմակերպելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը տրամադրում է կապի գծեր, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին առաջարկվում է տրամադրել անհրաժեշտ սարքավորումներ:
30. Շրջանային և հանրապետական նշանակության արտակարգ իրավիճակների առաջացման կամ դրա սպառնալիքի դեպքում Արցախի Հանրապետության պետական կառավարման մարմինների տեղեկատվական ապահովումն իրականացնում է լիազոր մարմնի օպերատիվ ծառայությունը` տվյալ պետական կառավարման մարմնի ներկայացուցչի միջոցով: Անհրաժեշտության դեպքում նշված գործընթացի ապահովման նպատակով Արցախի Հանրապետության պետական կառավարման մարմիններում ստեղծվում են շտաբներ, կազմակերպվում է շուրջօրյա հերթապահություն:
31. Արտակարգ իրավիճակների առաջացման կամ դրա սպառնալիքի դեպքում տեղեկատվության տրամադրման ընթացակարգը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |