ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«21» հունիսի 2012թ. |
N 430-Ն |
ք. Ստեփանակերտ
ԿԱՇԵՆԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ` ԳՈՒՅՔԱՅԻՆ ՈՐՈՇ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ի գիտություն ընդունել Կաշենի հանքային տարածքի (հանքավայրի) արդյունաբերականացման նախապատրաստական աշխատանքներ իրականացնող հանձնաժողովի հաստատած` Կաշենի հանքավայրի արդյունաբերական շահագործման նախապատրաստական աշխատանքների ծրագիրը (այսուհետ` Ծրագիր):
2. Հաստատել`
1) Կաշենի հանքավայրի շահագործման նպատակով հանքավայրի արտադրական կառույցների և տեղամասերին հարող սանիտարական պաշտպանիչ գոտու եզրագծում ներառված տարածքները` որպես օտարման գոտի` համաձայն N 1 հավելվածի.
1.1) Կաշենի հանքավայրի շահագործման անընդհատությունն ապահովելու նպատակով հանքավայրի արտադրական կառույցների և տեղամասերին հարող 617,53 հեկտար մակերեսով տարածքները` որպես օտարման գոտի (այսուհետ` օտարման գոտի)` համաձայն N 1.1 հավելվածի.
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարիքների համար օտարվող սեփականության դիմաց փոխհատուցում տալու կարգը` համաձայն N 2 հավելվածի:
(2-րդ կետը փոփ., լրաց. 25.06. 2019 N 491-Ն)
3. Սահմանել, որ`
1) սույն որոշմամբ Կաշենի հանքավայրի արտադրական կառույցների և տեղամասերին հարող սանիտարական պաշտպանիչ գոտու եզրագծում ներառված, ինչպես նաև 617,53 հեկտար մակերեսով տարածքների (անշարժ գույքի) ձեռքբերման գործառույթներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից հանդես է գալիս Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին).
2) սույն որոշման 2-րդ կետին համապատասխան` օտարման գոտում ներառված հողերն ընդգրկվում են արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիայում.
3) սույն որոշումից բխող կամ դրա հիման վրա իրականացվելիք միջոցառումները հստակեցվում և ամփոփվում են լիազոր մարմնի ու ընդերքօգտագործողի միջև կնքվող երկկողմ համաձայնագրում` Ծրագրով նախատեսված սկզբունքների և ընթացակարգերի հիման վրա, հաշվի առնելով սեփականատերերի հետ ձեռք բերված նախնական համաձայնությունները.
4) սույն որոշման հիման վրա իրականացվելիք փոխհատուցումների գործընթացն ապահովվում և դրանից բխող պետական գրանցում պահանջող ձևակերպումները ֆինանսավորվում են լիազոր մարմնի արտաբյուջետային հաշիվ այդ նպատակով մուտքագրված միջոցների հաշվին:
(3-րդ կետը խմբ. 25.01.2013 N 20-Ն, լրաց. փոփ. 25.06.2019 N 491-Ն)
4. Լիազոր մարմնին`
1) մեկամսյա ժամկետում սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված օտարման գոտում գտնվող գույքի սեփականատերերին սահմանված կարգով տեղեկացնել նշված գույքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարիքների համար օտարելու մասին.
2) ապահովել օտարման գոտու և դրա նկատմամբ իրավունքների սահմանափակումների պետական գրանցումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանումում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված 1
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«21» հունիսի 2012թ.
N 430-Ն որոշման |
ԿԱՇԵՆԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԱՄԱՍԵՐԻՆ ՀԱՐՈՂ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆԻՉ ԳՈՏՈՒ ԵԶՐԱԳԾՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ` ՈՐՊԵՍ ՕՏԱՐՄԱՆ ԳՈՏԻ
-2012-page 96.jpg)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ա. ԱՎԱԳՅԱՆ |
| |
Հավելված N 1.1
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարության 2012 թվականի հունիսի 21-ի
N 430-Ն որոշման |
(Հավելված N 1.1 -ը լրաց. 25.06.2019 N 491-Ն)
| |
Հավելված N 2
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«21» հունիսի 2012թ. N 430-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՕՏԱՐՎՈՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏԱԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանում գտնվող Կաշենի հանքավայրում հանքարդյունահանման ծրագրի իրականացմամբ պայմանավորված` օտարման գոտում ներառված տարածքներում սեփականության և (կամ) այլ գույքային իրավունքներ ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված դրամական և (կամ) այլ գույքային եղանակով համարժեք փոխհատուցում տալու առանձնահատկությունները:
2. Սույն որոշման մեջ օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները`
1) պետական գույք` սեփականության իրավունքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը պատկանող հողեր և այլ անշարժ գույք.
2) համայնքային գույք` սեփականության իրավունքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առանձին համայնքներին պատկանող հողեր և այլ անշարժ գույք.
3) մասնավոր գույք` սեփականության իրավունքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առանձին համայնքներին չպատկանող հողեր և այլ անշարժ գույք (գյուղատնտեսական նշանակության հողեր, ներառյալ վարելահողեր, բազամյա տնկարկներ, բնակավայրերի հողեր, տնատիրություններ, բնակելի կամ այլ նշանակության շենքեր, շինություններ):
3. Սույն կարգով նախատեսված փոխհատուցման ծավալները ճշտելու նպատակով, լիազոր մարմինը, Ծրագրով նախատեսված ընթացակարգին համապատասխան, իրականացնում է օտարման գոտում ներառված տնային տնտեսությունների ուսումնասիրություններ:
4. Ուսումնասիրությունների արդյունքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ի դեմս լիազոր մարմնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավոր գույքի սեփականատերերից ձեռք է բերում այդ գույքը` դրա, որպես պետական գույքի նկատմամբ օգտագործման կամ կառուցապատման իրավունքները Կաշենի հանքավայրում հանքարդյունահանում իրականացնող ընդերքօգտագործողին տրամադրելու նպատակով:
5. Սույն կարգում նշված մասնավոր գույքի սեփականատերերից այդ գույքը ձեռք է բերվում դրա դիմաց նրանց փոխհատուցում տալու միջոցով, որի ձևերն ու մեխանիզմները որոշվում են մասնավոր գույքի սեփականատերերի հետ` բանակցային եղանակով:
II. ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ, ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԴՐԱ ՎՐԱ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ԱՅԼ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
6. Օտարման գոտում գտնվող բնակելի տան, տնամերձ հողամասի և դրա վրա տեղակայված այլ անշարժ գույքի օտարումն իրականացնելիս դրա սեփականատիրոջը նախապատվության իրավունքով, առաջարկվում է օտարման գոտուն հարակից տարածքում նորակառույց կամ հիմնանորոգված բնակելի տան և տնամերձ հողամասի տրամադրում:
Նորակառույց կամ հիմնանորոգված բնակելի տան մակերեսի և սենյակների թիվը որոշելիս հաշվի են առնվում Ծրագրով նախատեսված սկզբունքներն ու չափանիշները:
7. Սույն կարգի 6-րդ կետում նշված հնարավորությունից օգտվելու` սեփականատիրոջ անհամաձայնության դեպքում, նրան տրամադրվում է ֆինանսական փոխհատուցում սույն կարգի 14-րդ կետին համապատասխան:
8. Սույն բաժնում նշված օտարման գործընթացի այլ առանձնահատկությունները սահմանվում են Ծրագրով:
III. ԱՅԼ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐ
9. Փոխհատուցվում են նաև ընդերքօգտագործողին տրամադրվող հողատարածքներում հանքարդյունահանման աշխատանքները մինչև գյուղատնտեսական բերքը հավաքելն իրականացնելու դեպքում` այդ բերքի ստացման ուղղությամբ համապատասխան սեփականատերերի և (կամ) գույքային իրավունք ունեցողների փաստացի կատարած ծախսերը և (կամ) բաց թողնված օգուտը:
10. Սույն կարգում նշված օտարման գոտում վարձակալության կամ անհատույց հիմունքներով հողամաս օգտագործողին փոխարենը հողամաս տրամադրելու հնարավորությունը քննարկվում է Ծրագրի շրջանակներում:
11. Սույն կարգում չնշված գույքային այլ փոխհատուցումներն իրականացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, հաշվի առնելով Ծրագրով նախատեսված սկզբունքները:
12. Սույն կարգով նախատեսված փոխհատուցումների` տարբեր օբյեկտիվ պատճառներով փաստացի իրականացման հնարավորության բացակայության պայմաններում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը կիրառում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված` գույքի նկատմամբ գերակա հանրային շահ ճանաչելու մեխանիզմը:
IV. ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ ՏԱԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
13. Սույն կարգում նշված փոխհատուցման չափը որոշվում է մասնագիտացված գնահատող կազմակերպությունների գնահատումների հիման վրա, որոնց առանձնահատկությունները սահմանված են Ծրագրով:
14. Մասնավոր գույքի օտարման դիմաց սեփականատիրոջը տրամադրվող ֆինանսական փոխհատուցման չափը չպետք է պակաս լինի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ձևավորված գույքի շուկայական արժեքից:
15. Փոխհատուցում ստանալու նպատակով սեփականատերը և (կամ) այլ գույքային իրավունքներ ունեցողը լիազոր մարմին է ներկայացնում տվյալ գույքի նկատմամբ իր իրավունքը հաստատող, ինչպես նաև լիազոր մարմնի կողմից պահանջվող այլ փաստաթղթեր:
16. Սույն կարգով սահմանված փոխհատուցումների ձևերի ու եղանակների, դրանց տրամադրման գնի և ժամկետների շուրջ օտարվող գույքի սեփականատիրոջ և (կամ) այլ գույքային իրավունք ունեցողների ու լիազոր մարմնի միջև կայացած բանակցությունների արդյունքներով, սույն կարգի 15-րդ կետում նշված փաստաթղթերի հիման վրա, նրանց միջև կնքվում է համապատասխան համաձայնագիր, բացառությամբ սույն կարգի 12-րդ կետում նշված դեպքերի:
17. Լիազոր մարմինը սույն կարգի 16-րդ կետում նշված համաձայնագրի հիման վրա, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն է ներկայացնում սույն կարգում նշված մասնավոր գույքի օտարման գործարքների արդյունքում առաջացած պետական գույքի տնօրինման մասին առաջարկություն:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ա. ԱՎԱԳՅԱՆ |