Համարը 
N 120-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2020.08.25/21(412)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար
Ընդունման ամսաթիվը 
17.08.2020
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
17.08.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
04.09.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՈԻՍՈԻՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈԻՍՈԻՑՉԻ (ԴԱՍՏԻԱՐԱԿԻ) ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ՀԱՄԱՐ ՄՐՑՈԻՅԹԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿՐԹՈԻԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈԻԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 167-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈԻԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՍԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ,

ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐ

 

2020 թվականի օգոստոսի 17-ի

 

ՈԻՍՈԻՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈԻՍՈԻՑՉԻ (ԴԱՍՏԻԱՐԱԿԻ) ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ՀԱՄԱՐ

ՄՐՑՈԻՅԹԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ԿՐԹՈԻԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈԻԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 167-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈԻԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՍԱՍԻՆ

 

N 120-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«Հանրակրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետին և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածին համապատասխան`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.

 

1. Հաստատել ուսումնական հաստատության ուսուցչի (դաստիարակի) թափուր տեղի համար մրցույթի օրինակելի կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2013 թվականի հուլիսի 19-ի «Ուսումնական հաստատության ուսուցչի (դաստիարակի) թափուր տեղի համար անցկացվող մրցույթի օրինակելի կարգը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի հոկտեմբերի 29-ի N 138-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 167-Ն հրամանը:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարի տեղակալ Մ. Համբարձումյանին:

 

     

Լ. Ղարախանյան

 

 

Հավելված

Արցախի Հանրապետության

կրթության, գիտության և մշակույթի

նախարարի 2020 թվականի

օգոստոսի 17-ի N 120 -Ն հրամանի

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՐԳ

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ (ԴԱՍՏԻԱՐԱԿԻ)

ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են հանրակրթական պետական հիմնական և նախադպրոցական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության (այսուհետ` հաստատություն) ուսուցչի (դաստիարակի) թափուր տեղը (այսուհետ` թափուր տեղ) համալրելու մրցույթի (այսուհետ` մրցույթ) կազմակերպման և անցկացման հետ կապված գործատուի և մրցույթին մասնակցող անձի կամ անձերի (այսուհետ` մասնակից) միջև ծագող իրավահարաբերությունները:

2. Թափուր տեղ է համարվում մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկով և տվյալ հաստատության տարիֆավորման ցուցակով նախատեսված` ուսուցչի (դաստիարակի) չզբաղեցրած պաշտոնը:

3. Հաստատությունում մրցույթ հայտարարվում է, եթե տվյալ առարկան դասավանդող ուսուցիչ(ներ)ն ունի (ունեն) մեկ դրույք ծանրաբեռնվածություն, իսկ թափուր մնացած ժամաքանակը վեց և ավելի է: Նախադպրոցական հաստատությունում դաստիարակի մրցույթ հայտարարվում է առնվազն 0,5 հաստիք թափուր մնալու դեպքում:

4. Թափուր տեղ առաջանալու դեպքում հաստատության տնօրենը (այսուհետ՝ տնօրեն) դասաժամերը տրամադրում է նույն հաստատությունում տվյալ առարկան արդեն դասավանդող դրույքաչափը չլրացած ուսուցչին, կարող է տրամադրել նաև համատեղությամբ աշխատող, համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող մասնագետին:

5. Թափուր տեղ առաջանալու մասին տնօրենը տեղեկացնում է տարածքային լիազոր պետական մարմնին (շրջանի (Ստեփանակերտի քաղաքապետարանի) վարչակազմի աշխատակազմի կրթության և մշակույթի բաժնին):

6. Մրցույթը հայտարարվում է թափուր տեղ առաջանալու օրվանից` հինգ աշխատանքային օրվա ընթացքում՝ բացառությամբ տվյալ ուսումնական տարվա մարտի 31-ից մինչև օգոստոսի 1-ը ընկած ժամանակահատվածում առաջացած թափուր տեղերի:

7. Առաջացած թափուր տեղի համար առաջին անգամ հայտարարված մրցույթը չկայանալու դեպքում հայտարարվում է մրցույթ 2-րդ անգամ:

8. 2-րդ անգամ մրցութային կարգով չհամալրված թափուր տեղում պայմանագրային հիմունքով աշխատանքի կարող է ընդունվել՝

1) համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող՝ տվյալ ուսումնական տարվա կտրվածքով տվալ շրջանի մեկ այլ ուսումնական հաստատությունում մրցութային շեմը հաղթահարած, սակայն ըստ առաջնահերթության աշխատանք չստացած անձը,

2) համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող անձը,

3) դասաժամերը կարող են նաև համատեղությամբ տրամադրվել համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող մասնագետի:

9. Թափուր տեղը սահմանված կարգով չհամալրվելու և սույն կարգի 8-րդ կետի պայմանները չբավարարվելու դեպքում տարածքային լիազոր մարմնի ներկայացմամբ և Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարի (այսուհետ՝ նախարար) համաձայնությամբ մինչև ուսումնական պարապմունքների ավարտը կարող է աշխատանքի ընդունվել հարակից մասնագիտություն ունեցող անձը:

10. Հաստատությունում աշխատող, համապատասխան որակավորում ունեցող, սակայն տվյալ առարկան չդասավանդած կամ չդասավանդող մասնագետը թափուր տեղը կարող է զբաղեցնել մրցութային կարգով:

11. Հաստատությունում մրցույթ չի հայտարարվում, և թափուր տեղը զբաղեցվում է ոչ մրցութային կարգով, եթե`

1) տեղը թափուր է ժամանակավորապես (աշխատողի` պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու կամ հղիության, ծննդաբերության և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի, Արցախի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում),

2) առաջացած ժամերը տնօրինվել են սույն կարգի 4-րդ կետի համաձայն,

3) թափուր ժամերն առաջացել են 12-րդ դասարանի 2-րդ կիսամյակում,

4) առկա է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարության կողմից երաշխավորված նպատակային ծրագրերով ուղեգրված մասնագիտական կրթություն ստացած կամ վերաորակավորված թեկնածու,

5) առկա է տվյալ ուսումնական տարվա կտրվածքով տվյալ հաստատությունում մրցույթում հաղթող ճանաչված, բայց ըստ առաջնահերթությունների աշխատանք չստացած մասնակից,

6) թափուր ժամերն առաջացել են տվյալ ուսումնական տարվա մարտի 31-ից հետո:

12. Սույն կարգի 11-րդ կետով սահմանված դեպքերում աշխատողի հետ ըստ անհրաժեշտության կնքվում է որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր՝

1) 1-ին ենթակետով ժամանակավորապես առաջացած թափուր տեղի ժամանակահատվածով,

2) 4-րդ ենթակետով՝ ուղեգրման կամ նպատակային ծրագրերի ժամկետներով,

3) 5-րդ և 6-րդ ենթակետերով ՝ մինչև ուսումնական պարապմունքների ավարտը, անհրաժեշտության դեպքում ընդգրկել նաև քննաշրջանը:

13. Մրցույթն անց է կացվում երկու փուլով՝ գրավոր և բանավոր: Յուրաքանչյուր փուլի համար Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարության կողմից մշակվում է հարցաշար (այսուհետ` հարցաշար)՝ 100 հարց գրավոր փուլի համար և 100 հարց զուտ առարկայական - մասնագիտական՝ բանավոր փուլի համար: Մասնագիտական հարցերի մեջ կարող են լինել գործնական առաջադրանքներ, որոնք կազմվում են մրցութային հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) կողմից՝ ըստ նախանշված թեմաների: Հարցաշարերը հաստատվում են նախարարի հրամանով և հրապարակվում Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարության edu.nkr.am պաշտոնական կայքէջում և «Լուսարար» պաշտոնաթերթում:

 

2. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

14. Թափուր տեղը համալրելու համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը տարածքային լիազոր մարմնի ներկայացմամբ Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարությունը հրապարակում է «Լուսարար» պաշտոնաթերթում, Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարության կայքէջում (edu.nkr.am) և Արցախի հանրային հեռուստատեսությամբ՝ մրցույթն անցկացնելուց առնվազն մեկ ամիս առաջ:

15. Հայտարարության տեքստում նշվում են՝

1) հաստատության անվանումը, վայրը,

2) թափուր տեղի անվանումը, շաբաթական ժամերի քանակը,

3) սույն կարգի 13-րդ կետով սահմանված մրցույթի անցկացման ձևերը և բովանդակությանը վերաբերող դրույթները,

4) սույն կարգի 19-րդ կետով սահմանված փաստաթղթերի ցանկը (բնօրինակները և պատճենները),

5) մրցույթի անցկացման օրը, ժամը, տեղը և փաստաթղթերի հանձնման վերջնաժամկետը:

16. Մրցույթին մասնակցելու մասին փաստաթղթերն ընդունվում են հայտարարության հրապարակման օրից` 20 աշխատանքային օրվա ընթացքում:

17. Մրցույթի անցկացման օրը նշանակվում է փաստաթղթերի ընդունման ավարտից ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

 

3. ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԴԻՄՈՒՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

ԵՎ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

18. Մրցույթին կարող է մասնակցել հաստատության տվյալ թափուր տեղին ներկայացվող` «Հանրակրթության մասին» օրենքի 24-րդ հոդվածի և 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխանող անձը:

19. Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը հաստատության տնօրենին է ներկայացնում՝

1) դիմում (Ձև 1),

2) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),

3) անձը հաստատող փաստաթուղթ,

4) աշխատանքային գրքույկ,

5) ինքնակենսագրություն (Ձև 4),

6) մեկ լուսանկար` 3x4 չափսի,

7) այլ պետությունների քաղաքացիների` Արցախի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,

8) Արցախի Հանրապետության արական սեռի քաղաքացիները՝ նաև զինգրքույկ,

9) հրատարակված հոդվածների ցանկ, կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),

10) որակավորման տարակարգ (առկայության դեպքում):

20. Տնօրենը կամ նրա կողմից նշանակված պատասխանատու աշխատակիցը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ, բնօրինակները վերադարձնում:

21. Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, ով՝

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,

2) դատական կարգով զրկվել է մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից.

3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել մանկավարժական գործունեության կատարմանը: Այդ հիվանդությունների ցանկը հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը.

4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար:

 

4. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

22. Հանձնաժողովը ձևավորվում է մրցույթի անցկացմանը նախորդող աշխատանքային օրը, անվանական կազմը հաստատում է շրջանի շրջվարչակազմի, Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմերի կրթության և մշակույթի բաժնի վարիչը` այդ մասին տեղեկացնելով հանձնաժողովի անդամներին:

23. Հանձնաժողովը կազմված է հինգ անդամից`

1) հանձնաժողովի նախագահը շրջանի շրջվարչակազմի, Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմերի կրթության և մշակույթի բաժնի վարիչն է (վարիչի պաշտոնակատարը) կամ բաժնի ներկայացուցիչը.

2) Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարության ներկայացուցիչը, տվյալ հաստատության տնօրենը (տնօրենի պաշտոնակատարը) կամ տնօրենի ուսումնական գծով տեղակալը, երկու ուսուցիչներ այլ հաստատություններից` համաձայնությամբ (տվյալ առարկայի դասավանդման առնվազն հինգ տարվա փորձ ունեցող):

24. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Քվորում չապահովելու դեպքում նիստը կարող է հետաձգվել երկու անգամ` մինչև երեք աշխատանքային օրով:

25. Հանձնաժողովի որոշումներն արձանագրվում են քարտուղարի կողմից (ով հանձնաժողովի անդամներից մեկն է) առանձին մատյանում և պահպանվում են տվյալ դպրոցում: Մատյանն ավարտվելուց հետո արխիվացվում է օրենքով սահմանված կարգով:

26. Մրցույթին մասնակցելու թույլտվություն չտալու դեպքում հանձնաժողովը հիմնավոր պատճառաբանությամբ մասնակցին գրավոր ներկայացնում է մերժման իրավական հիմքերը (իրավական ակտի անվանումը, դրույթը):

27. Եթե հանձնաժողովը մրցույթին մասնակցելու համար դիմած անձանցից ոչ մեկին չի թույլատրում մասնակցել մրցույթին, ապա հանձնաժողովի կողմից ընդունվում է մրցույթը չկայացած համարելու մասին որոշում, և սույն կարգի 7-րդ կետի համաձայն` հայտարարվում է մրցույթ 2-րդ անգամ:

 

5. ԳՐԱՎՈՐ ՍՏՈՒԳՄԱՆ ՓՈՒԼ

 

28. Մրցույթն անցկացվում է բացառապես նախարարի հրամանով հաստատված հարցաշարի հիման վրա:

29. Գրավոր փուլի համար հանձնաժողովը կազմում է թեստային առաջադրանք` բաղկացած հարցաշարի 100 հարցից և դրանց երեք ենթադրյալ պատասխաններից, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է, որը նշված է հարցաշարում:

30. Գրավոր փուլն անցկացվում է այդ նպատակի համար առանձնացված սենյակում:

31. Մասնակիցը թեստավորմանը մասնակցելու համար ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ: Հանձնաժողովի քարտուղարը ստուգում է մասնակցի ինքնությունը և թույլատրում նրան մուտք գործել թեստավորման անցկացման սենյակ: Մասնակցի մուտքը սենյակ դադարեցվում է թեստավորումն սկսելուց տասը րոպե առաջ:

32. Մասնակցին արգելվում է իր հետ սենյակ ներս բերել կապի միջոցներ, տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր կամ այլ տեխնիկական սարքեր:

33. Հանձնաժողովի քարտուղարը մասնակիցներին բացատրում է թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը, պատասխանում է մասնակիցների մրցույթի անցկացմանը վերաբերող հարցերին, ինչպես նաև տեղեկացնում է բանավոր փուլի անցկացման ժամի մասին:

34. Հանձնաժողովի քարտուղարը մասնակիցների թվաքանակով պատճենահանված թեստային առաջադրանքը բաժանում է մասնակիցներին (ոչ մի դեպքում մեկ այլ թեստային առաջադրանք չի տրվում), մասնակիցը թեստային առաջադրանքի վրա լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը և ստորագրում:

35. Թեստավորման սկիզբը հայտարարելուց հետո մասնակիցը ծանոթանում է առաջադրանքին, յուրաքանչյուր առաջադրանքի համար ընտրում է մեկ պատասխան և դրա դիմաց կատարում է համապատասխան նշում: Աշխատանքն ավարտելուց հետո առաջադրանքը հանձնում է հանձնաժողովի քարտուղարին:

36. Թեստավորման ընթացքում մասնակցին չի թույլատրվում աղմկել, հուշել, խոսել, հարցեր տալ ներկա գտնվող անձանց, այդ թվում՝ հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև դուրս գալ սենյակից: Եթե մասնակիցը ցանկանում է լքել սենյակը, նրա աշխատանքը համարվում է ավարտված:

37. Գրավոր փուլի ավարտից 15 րոպե առաջ հանձնաժողովի քարտուղարի կողմից մասնակիցը տեղեկացվում է ժամանակի մասին:

38. Առաջադրանքի համար տրվում է 120 րոպե, յուրաքանչյուր ճիշտ պատասխանը գնահատվում է մեկ միավոր, սխալ պատասխանը` զրո:

39. Գրավոր փուլի անցումային շեմ է համարվում առաջադրանքի 100 հարցի առնվազն 85 տոկոս ճիշտ պատասխանը:

40. Սխալ պատասխաններ են համարվում`

1) ոչ ճիշտ պատասխան նշելը,

2) մեկից ավելի պատասխաններ նշելը,

3) ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարելը,

4) հարցի շարադրված պատասխաններից ոչ մեկում նշում չկատարելը:

41. Գրավոր փուլն ավարտելուց հետո թեստային առաջադրանքների ստուգման համար տրվում է մեկ ժամ:

42. Ստուգված առաջադրանքի միավորի տակ ստորագրում են հանձնաժողովի բոլոր անդամները, իսկ անհամաձայնության դեպքում կցվում է հանձնաժողովի համապատասխան անդամի կարծիքը:

43. Հանձնաժողովի նախագահը բոլոր մասնակիցներին հրավիրում է քննասենյակ՝ գրավոր փուլի արդյունքները և մրցույթի բանավոր փուլ անցած մասնակիցների անունները հրապարակելու համար:

44. Գրավոր փուլի արդյունքները հրապարակելուց հետո, անհամաձայնության դեպքում, դրանք կարող են բողոքարկվել հանձնաժողովին՝ մեկ ժամվա ընթացքում:

45. Բողոքարկման արդյունքում ընդունված որոշումը կարող է բողոքարկվել կրթության պետական կառավարման լիազոր մարմնին և (կամ) դատարան:

46. Ստուգված առաջադրանքների պատճենները, ցանկության դեպքում, կարող են տրամադրվել մասնակիցներին:

 

6. ԲԱՆԱՎՈՐ ՓՈՒԼԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

47. Հանձնաժողովի նախագահը մրցույթի բանավոր փուլ անցած բոլոր մասնակիցներին հրավիրում է քննասենյակ: Ցանկացողները կարող են մնալ քննասենյակում ու հետևել բանավոր փուլին՝ մինչև ավարտը: Բանավոր փուլի ժամանակ մասնակիցը վիճակահանությամբ բանավոր առաջադրանքների հարցաշարից ընտրում է ութ հարց:

48. Յուրաքանչյուր մասնակցին տրվում է մինչև 30 րոպե` բանավոր փուլին պատրաստվելու համար:

49. Մասնակցի կողմից հարցատոմսի հարցերի վերաբերյալ տրված պատասխանները գնահատվում են ճիշտ (երկու միավոր), թերի (մեկ միավոր) կամ սխալ (զրո միավոր) ` հանձնաժողովի մասնագետ անդամի կողմից:

50. Եթե մասնակցի տված պատասխանը գնահատվում է սխալ կամ թերի, ապա հանձնաժողովի` գնահատականը տվող անդամի կողմից պետք է հնչեցվի ճիշտ ու ամբողջական պատասխանը:

51. Մասնակիցը համարվում է բանավոր փուլի շեմը հաղթահարած, եթե ճիշտ ու ամբողջական է պատասխանել բանավոր ութ հարցից առնվազն վեցին:

52. Յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն արձանագրվում է հանձնաժողովի քարտուղարի կողմից: Յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցը հնարավորության դեպքում տեսաձայնագրվում է:

53. Արձանագրության մեջ ամրագրվում է յուրաքանչյուր հարցը, հարցի վերաբերյալ մասնակցի տված պատասխանը, հանձնաժողովի համապատասխան (նշելով նրա անունը և ազգանունը) անդամի գնահատականը (ճիշտ, թերի կամ սխալ), իսկ թերի ու սխալ պատասխանի դեպքում՝ հնչեցրած ճիշտ ու ամբողջական պատասխանը:

54. Արձանագրությունն ստորագրվում է հանձնաժողովի քարտուղարի, մասնակցի և հանձնաժողովի բոլոր անդամների կողմից:

55. Յուրաքանչյուր մասնակցի համար հարցազրույցն ավարտելուց հետո լրացվում է անհատական թերթիկը (Ձև 3):

56. Հանձնաժողովի նախագահը բարձրաձայն բոլոր մասնակիցներին հայտարարում է բանավոր փուլի արդյունքները և եզրակացությունը, հաղթող ճանաչված մասնակիցների անունները, ինչն արձանագրվում է հանձնաժողովի քարտուղարի կողմից:

57. Բանավոր փուլի արդյունքները հրապարակելուց հետո, անհամաձայնության դեպքում, դրանք կարող է բողոքարկվել հանձնաժողովին մեկ ժամվա ընթացքում:

58. Բողոքարկման արդյունքում ընդունված որոշումը կարող է բողոքարկվել կրթության պետական կառավարման լիազոր մարմնին և (կամ) դատարան:

 

7. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

59. Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթն անցկացնելուց հետո` նույն օրը: Մրցույթի արդյունքների հրապարակման ամփոփիչ արձանագրության մեջ լրացվում են (Ձև 2).

1) մրցույթի անցկացման վայրը,

2) հաստատության լրիվ անվանումը,

3) թափուր տեղի անվանումը,

4) թափուր տեղերի քանակը,

5) մրցույթին մասնակցելու համար դիմած անձանց թիվը,

6) մրցույթին թույլատրված մասնակիցների թիվը,

7) գրավորի արդյունքը` մասնակիցների հավաքած միավորների կամ բալերի նշումով,

8) բանավոր փուլի մասնակիցների ցուցակը և «ճիշտ ու թերի» պատասխանների քանակը,

9) մրցույթի գրավոր և բանավոր փուլերն հաջողությամբ հաղթահարած մասնակիցների անվանացանկը և բանավոր փուլի ճիշտ ու թերի պատասխաններով ձևավորված միավորների քանակը,

10) հանձնաժողովի անդամների ստորագրությունները,

11) մրցույթի անցկացման տարին, ամիսը, ամսաթիվը:

60. Ամփոփիչ արձանագրությանը կցվում են՝

1) անհատական թերթիկները,

2) հանձնաժողովի անդամների կարծիք(ներ)ը (առկայության դեպքում):

 

8. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ

 

61. Մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցները տնօրենին երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում են դիմում` աշխատանքի ընդունվելու համար. աշխատանքային պայմանագիրը կնքվում է դիմումը ներկայացնելուց հետո 3-օրյա ժամկետում` օրենքով սահմանված կարգով:

62. Եթե մրցույթում հաղթող է ճանաչվել մեկից ավելի մասնակից, իսկ ներկայացված դիմումների քանակն ավելին է, քան թափուր տեղը, մասնակցի ընտրությունը կատարում է տնօրենը՝ նախապատվությունը տալով ըստ առաջնահերթության՝

1) առավելագույն միավորներ հավաքած մասնակցին (բանավոր փուլի ճիշտ ու թերի պատասխաններով ձևավորված միավորների քանակը),

2) տվյալ բնակավայրի բնակչին,

3) մասնագիտական աշխատանքային փորձի առկայությանը,

4) կրթության որակավորման աստիճանին, եթե պահպանված են «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» օրենքի պահանջները:

 

     

Ձև 1

 

Դիմումի

Արցախի Հանրապետության

ուսումնական հաստատության

(նշվում է հաստատության լրիվ անվանումը)

-----------------------------------------------------------

(նշվում է առարկայի անվանումը) -----------------

ուսուցչի թափուր պաշտոնի մրցույթին մաս-նակցելու նպատակով հաստատության տնօրեն

պարոն/տիկին ____________________ -ին

________________________________ -ից

դիմողի անունը, հայրանունը, ազգանունը                  

___________________________________

(դիմողի բնակության վայրը)                         

___________________________________

(դիմողի հեռ.՝ աշխատանքային, բնակ., բջջ.)             

____________________________________

(անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)

Ծնված` ___________________________

օրը, ամիսը, տարին, վայրը                

 

ԴԻՄՈՒՄ

 

Ծանոթանալով ուսուցչի (դաստիարակի) թափուր տեղի համար տրված հայտարարությանը, մրցույթի պայմաններին և անցկացման կարգին՝ խնդրում եմ գրանցել ինձ որպես մրցույթի մասնակից:

Քաղաքացիությունը _____________________________

Դատապարտվել եմ` այո, ոչ (ընդգծել)

Դատվածությունս հանված կամ մարված է` այո, ոչ

(ընդգծել)

Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ

գործունակ ճանաչվել եմ` այո, ոչ (ընդգծել)

Դատական կարգով մանկավարժական կամ վարչական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկվել եմ` այո, ոչ (ընդգծել)

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 15-ի թիվ 301-Ն որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկի որևէ հիվանդությամբ տառապում եմ, չեմ տառապում (ընդգծել)

Համակարգչային գրագիտությունը _______________________________________________________

_____________________________________________________________________________________

(տիրապետման մակարդակը, համակարգչային ծրագրերի իմացությունը)

Կից ներկայացնում եմ մրցույթի մասին հայտարարությունում նշված փաստաթղթերը:

Նախազգուշացված եմ` կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:

 

Դիմող` ....................................

«.........»....................... 20..... թ.

 

     

Ձև 2

 

Ամփոփիչ արձանագրություն

 

Արցախի Հանրապետության _____________________________________________________ շրջանի

(Ստեփանակերտ քաղաքի)_______________________________________________________

________________________________________________________________________________________

(ուսումնական հաստատության լրիվ անվանումը, ըստ կրթական ծրագրերի աստիճանի) ուսուցչի թափուր աշխատատեղի (լրացվում է մասնագիտության անվանումը)

_______________________________________________________ համար հայտարարված մրցույթի.

1.Թափուր աշխատատեղի քանակը______________________________

2.Մրցույթին մասնակցելու համար դիմած անձանց թիվը______________

3.Մրցույթին թույլատրված մասնակիցների թիվը___________________

4.Գրավոր փուլի ձևը______________________________

5.Գրավոր փուլի արդյունքը (մասնակիցների անուն, ազգանունը, հավաքած միավորները)

1)

2)

3)

6. Բանավոր փուլի մասնակիցների ցուցակը և ճիշտ ու թերի պատասխաններով ձևավորված միավորների քանակը

1)

2)

3)

7.Մրցույթի գրավոր և բանավոր փուլերը հաջողությամբ հաղթահարած մասնակիցների անվանացանկը և երկու փուլերի արդյունքում հավաքած ընդհանուր միավորները (բանավոր փուլի ճիշտ ու թերի պատասխաններով ձևավորված միավորների քանակը)

1)

2)

3)

8. Հանձնաժողովի անդամների անունը, ազգանունը և ստորագրությունը՝

1) Հանձնաժողովի նախագահ՝____________________________________

2) Հանձնաժողովի անդամ՝______________________________________

3) Հանձնաժողովի անդամ՝______________________________________

4) Հանձնաժողովի անդամ՝______________________________________

5) Հանձնաժողովի քարտուղար___________________________________

 

     

Ձև 3

 

Անհատական թերթիկ

 

1. Հանրակրթական ուսումնական հաստատության անվանումը_________________________________

2.Առարկան________________________________________________________________________

3.Մասնակցի անուն, ազգանունը________________________________________________________

4.Տոմսի համարը_____________________

5.Հարցերի գնահատականները ճիշտ» «թերի» կամ «սխալ», (միավորը թվերով)),

1)____________________

2)____________________

3)____________________

4)____________________

5)____________________

6)____________________

7)____________________

8)____________________

9. Ընդամենը հավաքած «ճիշտ և թերի» պատասխանների քանակը

ճիշտ ________________________________

թերի _________________________________

Ընդհանուր՝ ___________________________

10.Եզրակացություն՝________________________________________

                                            (հաղթահարել է բանավոր փուլը, չի հաղթահարել)

11. Հանձնաժողովի անդամների անունը, ազգանունը և ստորագրությունը

1) Հանձնաժողովի նախագահ՝_______________________________________

2) Հանձնաժողովի անդամ՝__________________________________________

3) Հանձնաժողվի անդամ՝___________________________________________

4) Հանձնաժողովի անդամ՝__________________________________________

5) Հանձնաժողովի քարտուղար ՝______________________________________

12.Մասնակցի ստորագրությունը՝__________________:

 

     

Ձև 4

 

Ինքնակենսագրություն

 

1. Աշխատանքային գործունեությունը (վերջին աշխատանքի վայրը լրացվում է առաջինը)

2. Կրթությունը, մասնագիտական կրթության որակավորման աստիճանը, կրթության վկայագրերը (դիպլոմներ, հավաստագրեր, վկայականներ)

3. Կոչումներ

4. Որակավորման տարակարգ

5. Հրատարակած հոդվածներ

6. Լեզուների իմացություն

7. Համակարգչային իմացություն

8. Այլ տվյալներ