Համարը 
N167-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2013.08.15/15(93)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվը 
19.07.2013
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
19.07.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.08.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 
04.09.2020

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ (ԴԱՍՏԻԱՐԱԿԻ) ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 138-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

2013 թվականի հուլիսի 25-ին

Պետական գրանցման համարը 10513105

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«19» հուլիսի 2013թ.

N167-Ն

ք. Ստեփանակերտ

 

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ (ԴԱՍՏԻԱՐԱԿԻ)

ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ

ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի

N 138-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հանրակրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետին և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածին համապատասխան`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Ուսումնական հաստատության ուսուցչի (դաստիարակի) թափուր տեղի համար անցկացվող մրցույթի օրինակելի կարգը»` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի հոկտեմբերի 29-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի օրինակելի կարգը հաստատելու մասին» N 138-Ն հրամանը:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ընդհանուր բաժնին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Համբարձումյանին:

 

 

Ս. Ասրյան 

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կրթության և գիտության նախարարի

2013 թվականի հուլիսի 19-ի N 167-Ն հրամանի

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՐԳ

 

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ

(ԴԱՍՏԻԱՐԱԿԻ) ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են հանրակրթական պետական հիմնական և նախադպրոցական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության (այսուհետ` Հաստատություն) ուսուցչի, դաստիարակի թափուր տեղը (այսուհետ` Թափուր տեղ) համալրելու մրցույթի (այսուհետ` Մրցույթ) կազմակերպման և անցկացման հետ կապված գործատուի և մրցույթին մասնակցող անձի կամ անձերի (այսուհետ` Մասնակից) միջև ծագող իրավահարաբերությունները:

2. Թափուր տեղ է համարվում մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկով և տվյալ հաստատության տարիֆիկացիոն ցուցակով նախատեսված` ուսուցչի (դաստիարակի) չզբաղեցրած պաշտոնը:

3. Թափուր տեղ առաջանալու դեպքում տնօրենը դասաժամերը տրամադրում է նույն Հաստատությունում տվյալ առարկան արդեն դասավանդող ուսուցչին, կարող է տրամադրել նաև համատեղությամբ աշխատող, համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող մասնագետին:

4. Հաստատությունում մրցույթ հայտարարվում է, եթե տվյալ առարկան դասավանդող ուսուցիչն ունի մեկ դրույք ծանրաբեռնվածություն:

5. Մրցույթը հայտարարվում է Թափուր տեղ առաջանալու օրվանից` 7-օրյա ժամկետում: Անկախ պատճառներից, մրցույթը չկայանալու դեպքում Թափուր տեղը լրացնելու համար պարբերաբար հայտարարվում է մրցույթ` մինչև հաղթող ճանաչվելը` պահպանելով սույն կարգի պահանջները:

6. Թափուր տեղ առաջանալու օրվանից մինչև մրցույթի կայանալը, Թափուր տեղը մրցութային կարգով չհամալրվելու կամ մրցույթի արդյունքում հաղթող չճանաչվելու դեպքում (անկախ պատճառներից), որոշակի ժամկետով պայմանագրով աշխատանքի կարող են ընդունվել համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող անձինք, իսկ լեռնային, բարձր լեռնային և սահմանամերձ բնակավայրերի Հաստատություններում` նաև ուսուցչի որակավորում շնորհող բուհերի հեռակա ուսուցմամբ ավարտական կուրսերի համապատասխան մասնագիտությամբ սովորող ուսանողները:

7. Թափուր տեղ առաջանալու մասին տնօրենը տեղեկացնում է լիազոր պետական մարմնին:

8. Հաստատությունում աշխատող, համապատասխան որակավորում ունեցող, սակայն տվյալ առարկան չդասավանդած կամ չդասավանդող մասնագետը Թափուր տեղը կարող է զբաղեցնել մրցութային կարգով:

9. Հաստատությունում մրցույթ չի հայտարարվում, և Թափուր տեղը զբաղեցվում է ոչ մրցութային կարգով, եթե`

1) տեղը թափուր է ժամանակավորապես (աշխատողի` պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու կամ հղիության, ծննդաբերության և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում),

2) առաջացած ժամերը տնօրինվել են սույն կարգի 3-րդ կետի համաձայն.

3) թափուր ժամերն առաջացել են 12-րդ դասարանի 2-րդ կիսամյակում.

4) առկա է նպատակային ուղեգրով մասնագիտական կրթություն ստացած թեկնածու:

10. Սույն կարգի 9-րդ կետի առաջին և երկրորդ ենթակետերով սահմանված դեպքերում աշխատողի հետ կնքվում է որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր:

11. Մրցույթն անցկացվում է երկու փուլով` գրավոր և բանավոր: Յուրաքանչյուր փուլի համար Նախարարության կողմից մշակվում է հարցաշար՝ կազմված 100 հարցից: Հարցաշարերը հաստատվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության Նախարարի (այսուհետ` նախարար) հրամանով և հրապարակվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության edu.nkr.am պաշտոնական կայքէջում և «Լուսարար» պաշտոնաթերթում:

 

II. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

12. Թափուր տեղը համալրելու համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը Հաստատության տնօրենի ներկայացմամբ լիազոր մարմինը հրապարակում է «Լուսարար» պաշտոնաթերթում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կայք էջում (edu.nkr.am) և Արցախի հանրային հեռուստատեսությամբ, մրցույթն անցկացնելուց առնվազն մեկ ամիս առաջ:

13. Հայտարարության տեքստում նշվում է.

1) Հաստատության անվանումը.

2) Թափուր տեղի անվանումը, շաբաթական ժամերի քանակը,

3) սույն կարգի 11-րդ կետով սահմանված մրցույթի անցկացման ձևերը և բովանդակությանը վերաբերող դրույթները, պայմանագրի տեսակը,

4) սույն կարգի 17-րդ կետով սահմանված փաստաթղթերի ցանկը` բնօրինակները և պատճենները,

5) մրցույթի անցկացման օրը, ժամը, տեղը և փաստաթղթերի հանձնման վերջնաժամկետը:

14. Մրցույթին մասնակցելու մասին փաստաթղթերն ընդունվում են հայտարարության հրապարակման օրվանից` 20 աշխատանքային օրվա ընթացքում:

15. Մրցույթի անցկացման օրը նշանակվում է փաստաթղթերի ընդունման ավարտից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում:

 

III. ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ

ԴԻՄՈՒՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

16. Մրցույթին կարող է մասնակցել Հաստատության տվյալ Թափուր տեղին ներկայացվող` «Հանրակրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի և 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխանող անձը:

17. Մրցույթին մասնակցելու համար անձը հաստատության տնօրենին (այսուհետ տնօրեն) է ներկայացնում

1) դիմում (Ձև 1)

2) բարձրագույն կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ)

3) անձնագիր

4) աշխատանքային գրքույկ

5) ինքնակենսագրություն (Ձև 4)

6) մեկ լուսանկար` 3x4 չափսի

7) այլ պետությունների քաղաքացիների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ

8) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ

9) հրատարակված հոդվածների ցանկ, կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)

10) որակավորման տարակարգ (առկայության դեպքում)

18. Տնօրենը կամ նրա կողմից նշանակված պատասխանատու աշխատակիցը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ, բնօրինակները վերադարձնում:

19. Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, Մասնակիցը կարող է, մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել թերությունները և համալրել փաստաթղթերի ցանկը:

20. Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը`

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը կամ լիազորությունների իրականացմանը.

3) խուսափել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից.

4) դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

5) զրկվել է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից, կամ որին օրենքի համաձայն` արգելվել է որոշակի պաշտոններ զբաղեցնել:

 

IV. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

21. Մրցութային հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) ձևավորվում է մրցույթի անցկացման օրվանից առնվազն 3 օր առաջ, անվանական կազմը հաստատում է հաստատության տնօրենը` այդ մասին տեղեկացնելով հանձնաժողովի անդամներին:

22. Հանձնաժողովը կազմված է 5 անդամից`

1) տնօրենը (տնօրենի պաշտոնակատարը), տնօրենի ուսումնական գծով տեղակալը, համապատասխան մասնախմբի ղեկավարը, ուսուցիչ, մեկ ուսուցիչ այլ հաստատությունից` համաձայնությամբ (տվյալ առարկայի դասավանդման առնվազն 5 տարվա փորձ ունեցող).

2) եթե հաստատությունը չունի մասնագետ ուսուցիչ, այլ հաստատություն(ներ)ից ընդգրկվում են երկու ներկայացուցիչ` համաձայնությամբ (տվյալ առարկայի դասավանդման առնվազն 5 տարվա փորձ ունեցող):

23. Հանձնաժողովի նախագահը հաստատության տնօրենն է (տնօրենի պաշտոնակատարը):

24. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Քվորում չապահովելու դեպքում նիստը կարող է հետաձգվել 2 անգամ` մինչև 3 աշխատանքային օրով:

25. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են առնվազն 3 կողմ ձայնով:

26. Հանձնաժողովի որոշումներն արձանագրվում են քարտուղարի կողմից, որը հանձնաժողովի անդամներից մեկն է, առանձին մատյանում և պահպանվում են դպրոցում: Մատյանն ավարտվելուց հետո արխիվացվում է օրենքով սահմանված կարգով:

27. Մրցույթին դիտորդի կարգավիճակով կարող է մասնակցել, ըստ ենթակայության, լիազոր մարմնի ներկայացուցիչը:

28. Սույն Մրցույթին մասնակցելու թույլտվություն չտալու դեպքում հանձնաժողովը հիմնավոր պատճառաբանությամբ մասնակցին գրավոր ներկայացնում է մերժման իրավական հիմքերը (օրենսդրական կամ գերատեսչական ակտի անվանումը, դրույթը):

29. Եթե հանձնաժողովը մրցույթին մասնակցելու համար դիմած անձանցից ոչ մեկին չի թույլատրում մասնակցել մրցույթին, ապա հանձնաժողովի կողմից ընդունվում է մրցույթը չկայացած համարելու մասին որոշում և սույն կարգին համապատասխան 5-րդ կետի համաձայն` հայտարարվում է նոր մրցույթ:

 

V. ԳՐԱՎՈՐ ՍՏՈՒԳՄԱՆ ՓՈՒԼ

 

30. Մրցույթն անցկացվում է բացառապես նախարարի հաստատած հարցաշարի (այսուհետ` Հարցաշար) հիման վրա:

31. Գրավոր փուլի համար յուրաքանչյուր դպրոց կազմում է թեստային առաջադրանք` բաղկացած Հարցաշարի 100 հարցից և դրանց երեք ենթադրյալ պատասխաններից, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է, որը նշված է Հարցաշարում:

32. Գրավոր փուլն անցկացվում է այդ նպատակի համար առանձնացված սենյակում:

33. Մասնակիցը թեստավորմանը մասնակցելու համար ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ: Հանձնաժողովի քարտուղարը ստուգում է Մասնակցի ինքնությունը և թույլատրում նրան մուտք գործել թեստավորման անցկացման սենյակ: Մասնակիցների մուտքը սենյակ դադարեցվում է թեստավորումն սկսելուց 10 րոպե առաջ:

34. Մասնակիցներին արգելվում է իրենց հետ սենյակ ներս բերել կապի միջոցներ, տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր կամ այլ տեխնիկական սարքեր:

35. Հանձնաժողովի քարտուղարը Մասնակիցներին բացատրում է թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը, պատասխանում է մասնակիցների հարցերին, ինչպես նաև տեղեկացնում է բանավոր փուլի անցկացման ժամի մասին:

36. Հանձնաժողովի քարտուղարը Մասնակիցներին տալիս է թեստային առաջադրանքը (ոչ մի դեպքում մեկ այլ թեստային առաջադրանք չի տրվում), մասնակիցը թեստային առաջադրանքի վրա լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը և ստորագրում:

37. Թեստավորման սկիզբը հայտարարելուց հետո մասնակիցը ծանոթանում է առաջադրանքին, յուրաքանչյուր առաջադրանքի համար ընտրում է մեկ պատասխան և դրա դիմաց կատարում է համապատասխան նշում: Աշխատանքն ավարտելուց հետո առաջադրանքը հանձնում է հանձնաժողովի քարտուղարին:

38. Թեստավորման ընթացքում մասնակիցներին չի թույլատրվում աղմկել, հուշել, խոսել, հարցեր տալ ներկա գտնվող անձանց, այդ թվում հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև դուրս գալ սենյակից: Եթե Մասնակիցը ցանկանում է լքել սենյակը, նրա աշխատանքը համարվում է դադարեցված:

39. Մասնակիցը թեստավորման առաջադրանքների թերթիկում կարող է կատարել ցանկացած նշում:

Գրավոր փուլի ավարտից 15 րոպե առաջ հանձնաժողովի քարտուղարի կողմից մասնակիցներին նախազգուշացվում են:

40. Առաջադրանքի համար տրվում է 120 րոպե, յուրաքանչյուր ճիշտ պատասխանը գնահատվում է 1 միավոր, սխալ պատասխանը` 0:

41. Գրավոր փուլի անցումային շեմը համարվում է առաջադրանքի առնվազն 90% ճիշտ պատասխանը:

42. Սխալ պատասխաններ են համարվում`

1) ոչ ճիշտ պատասխան նշելը

2) մեկից ավելի պատասխաններ նշելը

3) ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարելը:

Արգելվում է որևէ հարցի ենթադրյալ պատասխաններից մեկի դիմաց առանց նշումների թեստը հանձնել:

43. Գրավոր փուլն ավարտելուց հետո թեստային առաջադրանքների ստուգման համար տրվում է 1 ժամ:

44. Ստուգված առաջադրանքի միավորի տակ ստորագրում են հանձնաժողովի բոլոր անդամները, անհամաձայնության դեպքում կցվում է հանձնաժողովի անդամի հատուկ կարծիքը:

45. Հանձնաժողովի նախագահը բոլոր մասնակիցներին հրավիրում է քննասենյակ՝ գրավոր փուլի արդյունքները և մրցույթի բանավոր փուլ անցած Մասնակից (ների) անունները հրապարակելու համար:

46. Գրավոր փուլի արդյունքները հրապարակելուց հետո, անհամաձայնության դեպքում, դրանք կարող են բողոքարկվել հանձնաժողովին՝ 1 ժամվա ընթացքում:

47. Բողոքարկման արդյունքում ընդունված որոշումը կարող է բողոքարկվել կրթության պետական կառավարման լիազոր մարմնին և (կամ) դատարան:

48. Առաջադրանքների պատճենները, ցանկության դեպքում, կարող են տրամադրվել մասնակիցներին:

 

VI. ԲԱՆԱՎՈՐ ՓՈՒԼԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

49. Բանավոր փուլի ժամանակ մասնակիցը վիճակահանությամբ բանավոր առաջադրանքների հարցաշարից ընտրում է 5 հարց:

50. Յուրաքանչյուր մասնակցին տրվում է մինչև 15 րոպե` բանավոր փուլին պատրաստվելու համար:

51. Մասնակցի կողմից հարցազրույցի հարցատոմսի հարցերի վերաբերյալ տրված պատասխանները գնահատվում են ճիշտ կամ սխալ` Հանձնաժողովի մասնագետ անդամի կողմից:

52. Եթե մասնակցի տված պատասխանը գնահատվում է սխալ, ապա հանձնաժողովի` գնահատականը տվող անդամի կողմից պետք է հնչեցվի ճիշտ պատասխանը:

53. Մասնակիցը համարվում է բանավոր փուլի շեմը հաղթահարած, եթե ճիշտ է պատասխանել հարցազրույցի հարցատոմսի 5 հարցերից առնվազն երեքին և հարակից հարցերի (այդպիսիք լինելու դեպքում) գերակշիռ մասին:

54. Յուրաքանչյուր Մասնակցի հետ հարցազրույցն արձանագրվում է հանձնաժողովի քարտուղարի կողմից:

55. Արձանագրության մեջ ամրագրվում է յուրաքանչյուր հարցը, հարցի վերաբերյալ Մասնակցի տված պատասխանը, հանձնաժողովի համապատասխան (նշելով նրա անունը և ազգանունը) անդամի գնահատականը (ճիշտ կամ սխալ), իսկ սխալ պատասխանի դեպքում հնչեցրած ճիշտ պատասխանը:

56. Արձանագրությունն ստորագրվում է հանձնաժողովի քարտուղարի, Մասնակցի և հանձնաժողովի բոլոր անդամների կողմից:

57. Յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն ավարտելուց հետո անցկացվում է փակ քվեարկություն` հանձնաժողովի նախագահի կողմից կնքված և ստորագրված քվեաթերթիկների միջոցով: Քվեաթերթիկի վրա նշվում է մասնակցի ազգանունը, անունը, հայրանունը (Ձև 3):

58. Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է «կողմ» կամ «դեմ»:

59. Յուրաքանչյուր Մասնակցի հետ հարցազրույց անցկացնելուց հետո Հանձնաժողովի նախագահը բացում է քվեաթերթիկները և բարձրաձայն հայտարարում Մասնակցի անունը, ազգանունը, հայրանունը և տրված ձայների «կողմ» կամ «դեմ» լինելը: Մեկից ավելի նշում պարունակող կամ ոչ մի նշում չպարունակող քվեաթերթիկը համարվում է անվավեր:

60. Հանձնաժողովի նախագահի հայտարարություններն արձանագրվում են Հանձնաժողովի քարտուղարի կողմից:

61. Մրցույթի հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, ով քվեարկության արդյունքում հավաքել է Հանձնաժողովի` քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները: Ձայների հավասարության դեպքում մրցույթի տվյալ Մասնակիցը հաղթող չի ճանաչվում:

62. Բանավոր փուլի արդյունքները հրապարակելուց հետո, անհամաձայնության դեպքում, այն կարող է բողոքարկվել հանձնաժողովին` 1 ժամվա ընթացքում:

63. Բողոքարկման արդյունքում ընդունված որոշումը կարող է բողոքարկվել կրթության պետական կառավարման լիազոր մարմնին և (կամ) դատարան:

 

VII. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

64. Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթն անցկացնելուց հետո` նույն օրը: Մրցույթի արդյունքների հրապարակման ամփոփիչ արձանագրության մեջ լրացվում է (Ձև 2).

1) մրցույթի անցկացման վայրը

2) հաստատության լրիվ անվանումը

3) Թափուր տեղի անվանումը

4) Թափուր տեղերի քանակը

5) մրցույթին մասնակցելու համար դիմած անձանց թիվը

6) մրցույթին թույլատրված մասնակիցների թիվը

7) գրավորի արդյունքը` մասնակիցների հավաքած միավորների կամ բալերի նշումով

8) հաղթող ճանաչվածների անվանացանկը, հավաքած «կողմ» ձայների քանակը

9) հանձնաժողովի անդամների ստորագրությունները

10) մրցույթի անցկացման տարին, ամիսը, ամսաթիվը:

65. Ամփոփիչ արձանագրությանը կից տրվում են.

1) անհատական քվեաթերթերը` (քվեարկված և չմարված` (առկայության դեպքում)

2) քվեաթերթերի խոտանման արձանագրությունը (առկայության դեպքում)

3) հանձնաժողովի անդամների հատուկ կարծիք(ներ)ը (առկայության դեպքում):

 

VIII. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ

 

66. Մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցը (ները) տնօրենին երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է (են) դիմում` աշխատանքի ընդունվելու համար աշխատանքային պայմանագիրը կնքվում է դիմումը ներկայացնելուց հետո եռօրյա ժամկետում` օրենքով սահմանված կարգով:

67. Եթե մրցույթում հաղթող է ճանաչվել մեկից ավելի մասնակից, իսկ ներկայացված դիմումների քանակն ավելին է, քան Թափուր տեղը, Մասնակցի ընտրությունը կատարում է Տնօրենը:

 

Ձև 1

Դիմումի

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

ուսումնական հաստատության

(նշվում է հաստատության լրիվ անվանումը)

--------------------------------------------------------------------

(նշվում է առարկայի անվանումը) -------------------------

ուսուցչի թափուր պաշտոնի մրցույթին

մասնակցելու նպատակով հաստատության տնօրեն

պարոն/տիկին ____________________ -ին

________________________________ -ից

դիմողի անունը, հայրանունը, ազգանունը                

___________________________________

(դիմողի բնակության վայրը)                       

___________________________________

(դիմողի հեռ. աշխատանքային, բնակ., բջջ.)          

___________________________________

անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել

 

Ծնված` _______________________________

օրը, ամիսը, տարին, վայրը                

 

ԴԻՄՈՒՄ

 

Ծանոթանալով ուսուցչի (դաստիարակի) թափուր տեղի համար տրված հայտարարությանը, մրցույթի պայմաններին և անցկացման կարգին՝ խնդրում եմ գրանցել ինձ որպես մրցույթի մասնակից:

Քաղաքացիությունը _____________________________

Դատապարտվել եմ` այո, ոչ (ընդգծել)___________________

Դատվածությունս հանված կամ մարված է` այո, ոչ

(ընդգծել)___________________

 

Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ

գործունակ ճանաչվել եմ` այո, ոչ (ընդգծել)__________________

 

Դատական կարգով մանկավարժական կամ վարչական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկվել եմ` այո, ոչ (ընդգծել)___________________

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 15-ի N 301-Ն որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկի որևէ հիվանդությամբ տառապում եմ, չեմ տառապում (ընդգծել) _____

Համակարգչային գրագիտությունը __________________________________________________________

_____________________________________________________________________________________

                            (տիրապետման մակարդակը, համակարգչային ծրագրերի իմացությունը)

Կից ներկայացնում եմ մրցույթի մասին հայտարարությունում նշված փաստաթղթերը:

Նախազգուշացված եմ` կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:

 

Դիմող` ......................................

«.........»......................... 20..... թ.

 

 

Ձև 2

 

Ամփոփիչ արձանագրություն

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանի (Ստեփանակերտ քաղաքի)

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

         (ուսումնական հաստատության լրիվ անվանումը, ըստ կրթական ծրագրերի աստիճանի) ուսուցչի թափուր աշխատատեղի

                                                                            (լրացվում է  մասնագիտության անվանումը)

_________________________________ համար հայտարարված մրցույթի.

1. թափուր աշխատատեղի քանակը ______________

2. մրցույթին մասնակցելու համար դիմած անձանց թիվը __________

3. մրցույթին թույլատրված մասնակիցների թիվը ____________

4. գրավոր փուլի ձևը ___________________________

5. գրավորի արդյունքը (մասնակիցների անուն-ազգանունները, հավաքած միավորները կամ բալերը)՝

1)

2)

3)

6. փակ քվեարկության արդյունքը (լրացվում են բոլոր մասնակիցների հավաքած ձայները)՝

1)

2)

3)

7. հաղթող ճանաչված մասնակիցների անվանացանկը, հավաքած ձայների քանակը`

1)

2)

3)

8. Հանձնաժողովի անդամների անունը, ազգանունը և ստորագրությունը՝

1) Հանձնաժողովի նախագահ`___________________________ /_____________/

2) Հանձնաժողովի անդամ` _____________________________ /_____________/

3) Հանձնաժողովի անդամ` _____________________________ /_____________/

4) Հանձնաժողովի անդամ` _____________________________/_____________/

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ` ______________________/ _____________/

 

 

Ձև 3

 

Անհատական քվեաթերթիկ

 

1. Հանրակրթական ուսումնական հաստատության անվանումը _______________

2. առարկան _____________________

3. Հանձնաժողովի անդամի անուն-ազգանունը __________________________

4. մասնակցի անուն-ազգանունը ____________________________________

5. տոմսի համարը____________

6. հարցերի գնահատականները (0-ից մինչև 10 բալ)

1) _______

2) _______

3) _______

4) _______

5) _______

7. հարակից հարցերի գնահատականները`

1) _______

2) _______

3) _______

4) _______

5) _______

8. միջին գնահատականը ________

 

ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ (ԼՐԱՑՎՈՒՄ Է ՍԵՎ ԳՈՒՅՆԻ ԳՐԻՉՈՎ, ԱԶԱՏ ՎԱՆԴԱԿՆԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ՀԵՏԵՎՅԱԼ ՆՇՈՒՄԸ «V»)՝

 

ԿՈՂՄ

ԴԵՄ

 

Հանձնաժողովի նախագահ`___________________

 

Կ.Տ.

 

 

Ձև 4

 

Ինքնակենսագրություն

 

1. Աշխատանքային գործունեությունը (վերջին աշխատանքի վայրը լրացվում է առաջինը)

2. կրթությունը, մասնագիտական կրթության որակավորման աստիճանը, կրթության վկայագրերը (դիպլոմներ, հավաստագրեր, վկայականներ)

3. կոչումները

4. որակավորման տարակարգը

5. հրատարակած հոդվածները

6. լեզուների իմացությունը

7. համակարգչային իմացությունը

8. այլ տվյալներ