ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ
ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
«ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆ
ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ, ՕՐԵՆՔԻ 25-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ ՀԱՄԱՁԱՅՆ
ԸՆԴՈՒՆՎԱԾ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 28-Ի N 27-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ
ԿԻՐԱՌՄԱՆ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքն (այսուհետ` Օրենք) ուժի մեջ է մտել 01.01.2014 թվականից: Օրենքի 25-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` Օրենքն ուժի մեջ մտնելու պահից գործատուն իր միջոցների հաշվին կրում է վարձու աշխատողներին Օրենքն ուժի մեջ մտնելու տարվա յուրաքանչյուր ամսվա համար հաշվարկված աշխատավարձից պահված և վճարված եկամտային հարկի ամբողջ գումարի չափով լրացուցիչ պարտավորություն, եթե օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վարձու աշխատողից եկամտային հարկի պահումը հանգեցրել է մինչև Օրենքն ուժի մեջ մտնելը տվյալ վարձու աշխատողին հարկումից հետո վճարման ենթակա աշխատավարձի հիման վրա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով որոշվող մեծության նվազման:
Վերը նշված պատասխանատվության միջոցը չի կիրառվում այն դեպքերում, երբ տվյալ հաստիքային միավորի համար վարձու աշխատողը փոխարինվել է տվյալ գործատուի մոտ չաշխատող այլ վարձու աշխատողով:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 28-ի N 27-Ն որոշման 1-ին կետով սահմանված ««Մինչև եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը վարձու աշխատողներին հարկումից հետո վճարման ենթակա աշխատավարձի հիման վրա աշխատավարձի մեծության որոշման կարգի» (այսուհետ` կարգ) 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն ժամային կամ գործավարձային դրույքաչափերի հիման վրա հաշվարկվող աշխատավարձը որոշվում է գործատուի կողմից 2013 թվականի ընթացքում վարձու աշխատողի համար հաշվարկված աշխատավարձի (որը չի ներառում այդ աշխատավարձի մասով հաշվարկվող եկամտահարկը, վարձու աշխատողի հաշվին կատարվող պարտադիր սոցիալական ապահովության վճարը, ինչպես նաև կարգի 3-րդ կետով սահմանված` աշխատանքի վարձատրությանն ուղղվող այլ միջոցները և դրանց հավասարեցված եկամուտները) և այդ աշխատավարձի ստացման համար վարձու աշխատողի կողմից ծախսված ժամերի թվի կամ այդ աշխատավարձի ստացման համար վարձու աշխատողի կողմից կատարված աշխատանքի միավորների թվի հարաբերությամբ:
Վերը նշված որոշման կարգի 4-րդ կետի համաձայն` «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վարձու աշխատողին հարկումից հետո`
1. յուրաքանչյուր ամսվա համար վճարման ենթակա աշխատավարձը (որը չի ներառում այդ աշխատավարձի մասով հաշվարկվող եկամտային հարկը և կարգի 3-րդ կետով սահմանված` աշխատանքի վարձատրությանն ուղղվող այլ միջոցները և դրանց հավասարեցված եկամուտները) չպետք է պակաս լինի ինչպես կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված` մինչև «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը վարձու աշխատողին հարկումից հետո վճարման ենթակա աշխատավարձից, այնպես էլ 2013 թվականի դեկտեմբեր ամսվա աշխատավարձից (որը չի ներառում այդ աշխատավարձի մասով հաշվարկվող եկամտահարկը, վարձու աշխատողի հաշվին կատարվող պարտադիր սոցիալական ապահովության վճարը, ինչպես նաև կարգի 3-րդ կետով սահմանված` աշխատանքի վարձատրությանն ուղղվող այլ միջոցները և դրանց հավասարեցված եկամուտները).
2. յուրաքանչյուր ժամի կամ աշխատանքի յուրաքանչյուր միավորի համար վճարման ենթակա աշխատավարձը (որը չի ներառում այդ աշխատավարձի մասով հաշվարկվող եկամտային հարկը և կարգի 3-րդ կետով սահմանված` աշխատանքի վարձատրությանն ուղղվող այլ միջոցները և դրանց հավասարեցված եկամուտները) չպետք է պակաս լինի ինչպես կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված` մինչև «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը վարձու աշխատողին հարկումից հետո վճարման ենթակա աշխատավարձից, այնպես էլ 2013 թվականի ընթացքում աշխատած վերջին ժամի կամ կատարած աշխատանքի վերջին միավորի համար վճարման ենթակա աշխատավարձից (որը չի ներառում այդ աշխատավարձի մասով հաշվարկվող եկամտահարկը, վարձու աշխատողի հաշվին կատարվող պարտադիր սոցիալական ապահովության վճարը, ինչպես նաև կարգի 3-րդ կետով սահմանված` աշխատանքի վարձատրությանն ուղղվող այլ միջոցները և դրանց հավասարեցված եկամուտները):
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 178-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն` աշխատավարձը ներառում է հիմնական աշխատավարձը և գործատուի կողմից աշխատողին իր կատարած աշխատանքի դիմաց տրված լրացուցիչ վարձատրությունը, այն կախված է աշխատողի որակավորումից, աշխատանքի պայմաններից, որակից, քանակից, բարդությունից: Օրենսգրքի 187-րդ հոդվածի համաձայն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, ինչպես նաև գործատուի և աշխատողի համաձայնությամբ ոչ լրիվ աշխատաժամանակի (ոչ լրիվ աշխատանքային օր կամ շաբաթ) կիրառման դեպքերում աշխատանքը վարձատրվում է փաստացի աշխատած ժամանակին կամ կատարված փաստացի աշխատանքին համապատասխան, իսկ 191-րդ հոդվածի համաձայն, եթե աշխատողը ոչ իր մեղքով չի կատարում աշխատանքային նորմաները, ապա աշխատանքի վարձատրությունը կատարվում է փաստացի կատարված աշխատանքի համար:
Օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների (այդ թվում` աշխատանքի վարձատրության չափի) փոփոխման դեպքում թույլատրվում է փոփոխել աշխատանքի էական պայմանները:
Հաշվի առնելով վերը նշվածը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով` պաշտոնապես պարզաբանում եմ.
1. Այն դեպքերում, երբ 2013 թվականին վարձու աշխատողի աշխատավարձը կամ դրա մի մասը ձևավորվել է որպես տոկոս` մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների դիմաց ստացված գումարային տեսքով արդյունքի (այսուհետ` հաշվարկային մեծություն) նկատմամբ, ապա վարձու աշխատողի 2014 թվականի աշխատավարձը գործատուի կողմից որոշվում է հետևյալ կերպ.
1) եթե 2013 թվականին վարձու աշխատողի աշխատավարձը ձևավորվել է որպես տոկոս` մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների դիմաց հաշվարկային մեծության նկատմամբ, ապա աշխատավարձի վերահաշվարկը կատարելու համար պետք է ըստ լրիվ աշխատած ամիսների որոշել 2013 թվականի ընթացքում հաշվարկված աշխատավարձի (որը չի ներառում այդ աշխատավարձի մասով հաշվարկվող եկամտահարկը, վարձու աշխատողի հաշվին կատարվող պարտադիր սոցիալական ապահովության վճարը, ինչպես նաև կարգի 3-րդ կետով սահմանված` աշխատանքի վարձատրությանն ուղղվող այլ միջոցները և դրանց հավասարեցված եկամուտները) գումարների տեսակարար կշիռները հաշվարկային մեծության կազմում, որոնց նկատմամբ կիրառվել են հաշվարկային տոկոսները և դրանց հիման վրա հաշվարկել 2013 թվականի միջին հաշվարկային տոկոսը (հաշվարկային տոկոսների միջին կշռված թվաբանականը):
2014 թվականի յուրաքանչյուր ամսվա աշխատավարձը (որը չի ներառում այդ աշխատավարձի մասով հաշվարկվող եկամտային հարկը և կարգի 3-րդ կետով սահմանված` աշխատանքի վարձատրությանն ուղղվող այլ միջոցները և դրանց հավասարեցված եկամուտները) որոշելու համար կիրառվող հաշվարկային տոկոսը չպետք է ցածր լինի 2013 թվականի միջին հաշվարկային տոկոսի և 2013 թվականի դեկտեմբեր ամսվա նույն ցուցանիշի առավելագույնից,
2) եթե 2013 թվականին վարձու աշխատողի աշխատավարձի մի մասը ձևավորվել է որպես հաստատուն մեծություն (այսուհետ` բաղադրիչ 1), իսկ մյուս մասը որպես տոկոս (այսուհետ` բաղադրիչ 2)` մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների դիմաց հաշվարկային մեծության նկատմամբ, ապա 2014 թվականի յուրաքանչյուր ամսվա աշխատավարձը որոշելու համար, բաղադրիչ 1-ի մասով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 28-ի N 27-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի (որը չի ներառում այդ աշխատավարձի մասով հաշվարկվող եկամտահարկը, վարձու աշխատողի հաշվին կատարվող պարտադիր սոցիալական ապահովության վճարը, ինչպես նաև սույն կարգի 3-րդ կետով սահմանված` աշխատանքի վարձատրությանն ուղղվող այլ միջոցները և դրանց հավասարեցված եկամուտները) և 2013 թվականի դեկտեմբեր ամսվա աշխատավարձի մեծության (որը չի ներառում այդ աշխատավարձի մասով հաշվարկվող եկամտահարկը, վարձու աշխատողի հաշվին կատարվող պարտադիր սոցիալական ապահովության վճարը, ինչպես նաև կարգի 3-րդ կետով սահմանված` աշխատանքի վարձատրությանն ուղղվող այլ միջոցները և դրանց հավասարեցված եկամուտները) առավելագույնին պետք է ավելացվի սույն պարզաբանման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված կարգով որոշվող տոկոսով հաշվարկված բաղադրիչ 2-ը:
2. Վարձու աշխատողի աշխատանքի ծանրաբեռնվածության փոփոխությունների (ոչ լրիվ աշխատաժամանակով կամ ոչ լրիվ դրույքով աշխատելու) դեպքերում 2014 թվականի յուրաքանչյուր ամսվա վճարվելիք աշխատավարձի վերահաշվարկը կատարվում է հետևյալ կերպ.
1) եթե աշխատանքի ծանրաբեռնվածության փոփոխությունը կատարվել է 2013 թվականի ընթացքում և 2014 թվականին աշխատողը աշխատում է այդ փոփոխված ծանրաբեռնվածությամբ, ապա մինչև «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը վարձու աշխատողին հարկումից հետո վճարման ենթակա պաշտոնային դրույքաչափային աշխատավարձը որոշվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 28-ի N 27-Ն որոշմամբ սահմանված կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան` հիմք ընդունելով 2013 թվականի միայն այն ամիսները, որոնց ամբողջ ընթացքում աշխատողն աշխատել է իր վերջին ծանրաբեռնվածությամբ,
2) եթե աշխատանքի ծանրաբեռնվածության փոփոխությունը կատարվել է 2014 թվականի սկզբից կամ ընթացքում և աշխատողը 2014 թվականի ընթացքում աշխատում է այդ փոփոխված ծանրաբեռնվածությամբ, ապա 2014 թվականի յուրաքանչյուր ամսվա անվանական աշխատավարձի վերահաշվարկված մեծությունը որոշելու համար նախ պետք է հաշվարկել 2014 թվականի ծանրաբեռնվածությանը համապատասխանող աշխատավարձի անվանական մեծությունը (աշխատավարձի նախկին անվանական մեծությունը ճշգրտելով նոր ծանրաբեռնվածությամբ), և այն վերահաշվարկել այնպես, որ պահպանվի այդ անվանական մեծությունից 2013 թվականին ստացված (ստացման ենթակա) տնօրինվող աշխատավարձի մեծությունը:
|
Հ/Ծ 1-ԻՆ ԴԱՍԻ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ |
Ա. ԲԱԼԱՅԱՆ |