Համարը 
N 14-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2022.03.28/08(465)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվը 
11.03.2022
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
11.03.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
29.03.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱԴԱՍՏՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-Ի ԹԻՎ 31-Կ ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ

ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«11» մարտի 2022թ.

N 14-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ,

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ

ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-Ի

ԹԻՎ 31-Կ ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Սահմանել՝ անշարժ գույքի օբյեկտների առանձին տեսակների նկատմամբ իրավունքների պետական գրանցման առանձնահատկությունները, պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման ժամկետները՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2006 թվականի ապրիլի 20-ի «Գծային ինժեներական ենթակառուցվածքների նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման հրահանգը հաստատելու մասին» N 31-Կ հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Ս. Գալստյան

 

 

Հավելված

Արցախի Հանրապետության կադաստրի

և պետական գույքի կառավարման կոմիտեի

նախագահի 2022 թվականի մարտի 11-ի

N 14-Ն հրամանի

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ,

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույնով սահմանվում են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված կարգով անշարժ գույքի օբյեկտների առանձին տեսակների՝

1) էլեկտրաէներգետիկական և կապի համակարգերի.

2) ջրարբիացման, ջրամատակարարման, ջրահեռացման և հեղեղատար համակարգերի.

3) գազամատակարարման և ջերմամատակարարման համակարգերի.

4) ոռոգման համակարգերի, ջրանցքների, ցամաքուրդների.

5) ջրամբարների նկատմամբ իրավունքների պետական գրանցման առանձնահատկությունները՝ անկախ սեփականության իրավունքի սուբյեկտներից:

2. Անշարժ գույքի օբյեկտների առանձին տեսակների (այսուհետ նաև անշարժ գույքի օբյեկտներ) նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացվում է անշարժ գույքի միավորների նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար Օրենքով սահմանված կարգով՝ անշարժ գույքի օբյեկտների առանձնահատկությունների հաշվառմամբ:

3. Անշարժ գույքի օբյեկտի նկատմամբ իրավունքների պետական գրանցման առանձնահատկությունները հետևյալն են.

1) անշարժ գույքի օբյեկտի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ժամանակ դրա կառուցվածքում առկա անշարժ գույքի միավորի մաս կազմող կամ միմյանցից անբաժանելի հաղորդակցության ցանցերը (էլեկտրահաղորդման օդային և մալուխային գիծ, կապի ստորգետնյա մալուխ, խմելու ջրի խողովակաշար, կոյուղու խողովակաշար, անձրևաջրերի հեռացման խողովակաշար, ջրանցք, գազատար, ավտոմոբիլային ճանապարհ և այլն) համարվում են առանձին շինություններ.

2) անշարժ գույքի օբյեկտի մաս կազմող անշարժ գույքի միավորի նկատմամբ գույքային իրավունքները գրանցվում են հաղորդակցության ցանցերի հետ միաժամանակ, որպես անշարժ գույքի միավոր, եթե դրանց նկատմամբ առանձին իրականացված չէ իրավունքների պետական գրանցում.

3) անշարժ գույքի օբյեկտի նկատմամբ իրավունքի պետական գրանցումից հետո՝ անկախ անշարժ գույքի օբյեկտի կազմում ընդգրկված անշարժ գույքի միավորների քանակից և դրանց կամ հաղորդակցության ցանցերի գտնվելու վայրից, գրանցված իրավունքի սուբյեկտին տրամադրվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման մեկ վկայական (այսուհետ՝ օբյեկտի գրանցման վկայական).

4) անշարժ գույքի օբյեկտի պետական գրանցման ժամանակ դրա կառուցվածքում առկա անշարժ գույքի միավորի մաս կազմող կամ միմյանցից անբաժանելի հաղորդակցության ցանցերի համար հողհատկացման փաստաթղթեր կարող են չներկայացվել, եթե այդ հաղորդակցության ցանցը իրենից ներկայացնում է մալուխային գիծ կամ խողովակաշար կամ թունել.

5) անշարժ գույքի միավորի մաս կազմող հաղորդակցության ցանցերի կամ դրանց մասերի նկատմամբ այլ գույքային իրավունք չի կարող գրանցվել, եթե գրանցված չէ տվյալ հաղորդակցության ցանցի կամ դրա մասի նկատմամբ սեփականության իրավունքը, բացառությամբ օրենքի ուժով կամ դատական ակտով ճանաչված գույքային իրավունքների:

4. Անշարժ գույքի օբյեկտի նկատմամբ իրավունքի պետական գրանցման համար գանձվող պետական տուրքի չափը կազմում է անշարժ գույքի օբյեկտի կազմում ընգրկված և պետական գրանցման ներկայացված անշարժ գույքի միավորների նկատմամբ պետական գրանցման տվյալ գործառույթի համար «Պետական տուրքի մասին» օրենքի 15-րդ հոդվածի աղյուսակի 31-րդ կետով նախատեսված պետական տուրքերի նվազագույն արժեքների հանրագումարը:

5. Քաղաքացիական օրենսգրքի 214-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված անվճար, հարկադիր և մշտական սերվիտուտի իրավունքի պետական գրանցումն իրականացվում է գրանցում հայցող իրավատիրոջ կողմից սերվիտուտի իրավունքի պետական գրանցման դիմումի ներկայացման դեպքում, ընդ որում.

1) յուրաքանչյուր միավոր անշարժ գույքի, այդ թվում, պետական գրանցում չստացած անշարժ գույքի նկատմամբ սերվիտուտի իրավունքի պետական գրանցման համար պետք է վճարվի «Պետական տուրքի մասին» օրենքի 15-րդ հոդվածի աղյուսակի 31-րդ կետով նախատեսված պետական տուրք, բացառությամբ սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքերի.

2) պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի նկատմամբ սերվիտուտի իրավունքի պետական գրանցման համար, անկախ անշարժ գույքի միավորների քանակից, գանձվում է գույքի մեկ միավորի համար նախատեսված պետական տուրք:

6. Քաղաքացիական օրենսգրքի 214-րդ հոդվածի 4-րդ մասով չնախատեսված սերվիտուտի իրավունքի պետական գրանցումն իրականացվում է սերվիտուտ սահմանելու մասին պայմանագրի հիման վրա՝ ըստ անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի, բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերության սահմանված դեպքերի:

Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի նկատմամբ սերվիտուտի իրավունքի պետական գրանցման համար, անկախ անշարժ գույքի միավորների քանակից, կարող է կնքվել մեկ պայմանագիր, որի դեպքում գանձվում է մեկ պետական տուրք:

7. Եթե անշարժ գույքի օբյեկտի նկատմամբ իրավունքի պետական գրանցման դիմումի հետ միաժամանակ ներկայացվել է դրա հետ կապված սույն առանձնահատկությունների 5-րդ կամ 6-րդ կետերով նախատեսված սերվիտուտի իրավունքի պետական գրանցման դիմում, ապա օբյեկտի գրանցման վկայականի «Լրացուցիչ նշումներ և տեղեկություններ» բաժնում կատարվում է նշում սերվիտուտի իրավունքով գրանցված (սերվիտուտով ծանրաբեռնված) բոլոր հողամասերի մակերեսների հանրագումարի տվյալների վերաբերյալ:

 

II. ԱՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՕԲՅԵԿՏԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

 

8. Անշարժ գույքի օբյեկտի մաս կազմող անշարժ գույքի միավորների նկատմամբ գույքային իրավունքների առանձին պետական գրանցումն իրականացվում է Օրենքով սահմանված կարգով:

9. Անշարժ գույքի օբյեկտի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար գրանցում հայցող իրավատիրոջ կողմից պետք է ներկայացվի նաև քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության որակավորման վկայական ունեցող անձի կողմից կազմված գրանցվող հաղորդակցության ցանցերի ծրագծերի հատակագծերը՝ (կազմված ամբողջական, կամ յուրաքանչյուր համայնքի կտրվածքով) էլեկտրոնային և թղթային տարբերակով, որոնց վրա ցույց են տրվում.

1) օրենսդրությամբ սահմանված դրանց անվտանգության (պահպանական) գոտիները.

2) ստորգետնյա և վերգետնյա հատվածները.

3) հաղորդակցության ցանցերի երկարությունները.

4) գրանցված կամ գրանցման ներկայացված չափերով անշարժ գույքի օբյեկտի մաս կազմող անշարժ գույքի միավորները:

 

III. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՎ ԻՐԱՎԱՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

 

10. Անշարժ գույքի օբյեկտի կազմում ընդգրկված շինություններ են համարվում՝

1) էլեկտրաէներգետիկական համակարգի համար՝

ա. էլեկտրակայանները.

բ. ենթակայանները.

գ. էլեկտրահաղորդման գծերը.

դ. դերիվացիոն ջրանցքները.

ե. թունելները:

2) Կապի համակարգերի համար՝ կապի վերգետնյա և ստորգետնյա մալուխային գծերը (հեռախոսի, ռադիոհաղորդման, հեռագրային, հեռահաղորդման, ազդանշանային, հեռակառավարման և այլն):

3) Գազամատակարարման համակարգերի համար՝

ա. գազատեղափոխման համակարգ՝ մայրուղային գազատարները (խողովակաշար, փականային հանգույցներ, կոնդենսատորներ, մոմեր, հաշվիչ հանգույցներ, էլեկտրաքիմիական պաշտպանության օբյեկտներ).

բ. գազաբաշխման կայանները.

գ. գազի ստորգետնյա պահեստարան-կայանը.

դ. գազաբաշխիչ համակարգ՝ բարձր, միջին և ցածր ճնշման խողովակաշարերը, գազակարգավորիչ կետերը, էլեկտրաքիմիական պաշտպանության օբյեկտները.

ե. գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերը:

4) Ջերմամատակարարման համակարգերի համար՝

ա. կաթսայատները.

բ. մինչև շենքերի մուտքերը ձգվող ջերմամատակարարման խողովակաշարերը:

5) Ջրարբիացման, ջրամատակարարման համակարգերի համար՝

ա. ջրառի կառույցը.

բ. մինչև օրվա կարգավորման ջրամբար մտնող մայրուղային խողովակաշարերը և դրանց շահագործման համար նախատեսված պոմպակայանները.

գ. օրվա կարգավորման ջրամբարները, բակային պոմպակայանները և (կամ) սահմանազատման կետերը հասնող խողովակաշարերը, ինչպես նաև ջրի մաքրման կայանները, քլորակայանները, սահմանազատման կետերը (մուտքագծերի ջրաչափեր):

6) Ջրահեռացման համակարգերի համար՝

ա. տնտեսական, արդյունահանման և անձրևաջրերի կոյուղին (այդ թվում՝ կոլեկտորներ).

բ. ջրահեռացման ցանցերը.

գ. ցամաքուրդները.

դ. մաքրման կայանները:

7) Ոռոգման համակարգերի համար՝

ա. մայր ջրանցքները.

բ. միջտնտեսական ոռոգման ջրանցքները.

գ. ներտնտեսային և բաժանարար ջրանցքները և խորքային հորերը.

դ. ոռոգման ներքին ցանցերը.

ե. ոռոգման և չորացման փակ ցանցերը և դրանց վրայի հորերը և հիդրատները:

11. Հողամասերի նկատմամբ իրավունք հաստատող փաստաթղթեր պահանջվում են անշարժ գույքի միավորների կազմում գտնվող հետևյալ ենթակառուցվածքների համար՝

1) ջրամբարի.

2) մայր և միջտնտեսական ոռոգման ջրանցքի.

3) ներտնտեսական և բաժանարար ջրանցքի.

4) պոմպակայանի, բացառությամբ բազմաբնակարան շենքերում գտնվող պոմպակայանների.

5) օրվա կարգավորիչ ջրամբարի.

6) ջրառի կառույցի.

7) խորքային և արտեզյան հորի.

8) դերիվացիոն ջրանցքի.

9) էլեկտրակայանի և ենթակայանի.

10) մաքրման կայանի.

11) գազաբաշխիչ և գազամբարման կայանների.

12) գազի ստորգետնյա պահուստային կայանի.

13) առանձին կանգնած շենքերի և շինությունների:

 

IV. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐ

 

12. Անշարժ գույքի օբյեկտի նկատմամբ իրավունքների ծագման, փոփոխման կամ փոխանցման պետական գրանցումը կատարվում է պետական գրանցման դիմումը Օրենքով սահմանված կարգով ներկայացվելու օրվանից՝

1) 4-րդ աշխատանքային օրը, եթե անշարժ գույքի օբյեկտի կազմում ընդգրկված և պետական գրանցման ներկայացված բոլոր շինությունները, այդ թվում հաղորդակցության ցանցերը, ընդգրկված են մեկ համայնքի վարչական սահմաններում.

2) 6-րդ աշխատանքային օրը, եթե անշարժ գույքի օբյեկտի կազմում ընդգրկված և պետական գրանցման ներկայացված շինությունները, այդ թվում հաղորդակցության ցանցերը, ընդգրկված են միևնույն շրջանի տարբեր համայքների վարչական սահմաններում.

3) 8-րդ աշխատանքային օրը, եթե անշարժ գույքի օբյեկտի կազմում ընդգրկված և պետական գրանցման ներկայացված շինությունները, այդ թվում հաղորդակցության ցանցերը, ընդգրկված են տարբեր շրջանների վարչական սահմաններում:

13. Անշարժ գույքի օբյեկտի նկատմամբ իրավունքի դադարման պետական գրանցումը՝

1) կատարվում է դրա վերաբերյալ դիմումը Օրենքով սահմանված կարգով ներկայացվելու օրվանից 2-րդ աշխատանքային օրը, բացառությամբ սույն կետի երկրորդ ենթակետով սահմանված դեպքերի.

2) եթե իրավունքի դադարման պետական գրանցման դիմումի հետ միաժամանակ ներկայացվել է դրա հետ կապված այլ իրավունքի պետական գրանցման կամ տեղեկատվության տրամադրման դիմում, ապա դադարման պետական գրանցումն իրականացվում է այդ դիմումով պատվիրված գործառույթի իրականացման համար սույն հրամանով սահմանված ժամկետում:

14. Գրանցման մատյանում անվանափոխման վերաբերյալ գրառումը, դրա հիմքով նոր գրանցման վկայականի տրամադրում կամ վկայականում համապատասխան փոփոխությունը՝

1) կատարվում է դրա վերաբերյալ դիմումը Օրենքով սահմանված կարգով ներկայացվելու օրվանից 2-րդ աշխատանքային օրը, բացառությամբ սույն կետի երկրորդ ենթակետով սահմանված դեպքերի.

2) եթե սույն կետով նախատեսված գրառումը կատարելու պահանջը ներկայացվում է դրա հետ կապված պետական գրանցման կամ տեղեկատվության տրամադրման դիմումով, ապա անվանափոխման վերաբերյալ գրառումը կատարվում է այդ դիմումով պատվիրված գործառույթի իրականացման համար սույն հրամանով սահմանված ժամկետում:

15. Անշարժ գույքի օբյեկտի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է դիմումը ներկայացվելու օրվանից 3-րդ աշխատանքային օրը:

 

 

Արցախի Հանրապետության կադաստրԻ

ԵՎ պետական գույքի կառավարման

կոմիտեի աշխատակազմի ղեկավար

Ա. Շահրամանյան