Համարը 
N 570-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2022.05.30/14(471)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
23.05.2022
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
23.05.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.06.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա


ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՍԱԴՐԻՉ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՇՐՋԱՆՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ, ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԱՆՁԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՈՒ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 մայիսի 2022թ.

N 570-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՍԱԴՐԻՉ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՇՐՋԱՆՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ, ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԱՆՁԱՆՑ

ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

ՆՇԱՆԱԿՄԱՆ ՈՒ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 82-րդ հոդվածը և ղեկավարվելով Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-108-Ն հրամանագրով սահմանված կարգի 3-րդ կետով՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին միանվագ դրամական աջակցություն է նշանակվում ու վճարվում 2014 թվականի հունվարի 1-ից հետո Ադրբեջանի կողմից սադրիչ գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում՝

1) մահացած կամ անհայտ կորած անձի ընտանիքին՝ 5 000 000 ՀՀ դրամի չափով.

2) հաշմանդամ ճանաչված անձին՝

ա. 3 000 000 ՀՀ դրամի չափով՝ առաջին խմբի հաշմանդամ ճանաչվելու կամ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ստանալու դեպքում,

բ. 2 000 000 ՀՀ դրամի չափով՝ երկրորդ խմբի հաշմանդամ ճանաչվելու դեպքում,

գ. 1 000 000 ՀՀ դրամի չափով՝ երրորդ խմբի հաշմանդամ ճանաչվելու դեպքում:

2. Հաստատել Ադրբեջանի կողմից սադրիչ գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում մահացած, անհայտ կորած անձանց ընտանիքներին և հաշմանդամ ճանաչված անձանց միանվագ դրամական աջակցության նշանակման ու վճարման կարգը՝ համաձայն հավելվածի:

3. Առաջարկել Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությանը և Արցախի Հանրապետության քննչական կոմիտեին՝ Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությանը տրամադրել Ադրբեջանի կողմից սադրիչ գործողությունների հետևանքով՝

1) 2014 թվականի հունվարի 1-ից մինչև սույն որոշումն ուժի մտնելը մահացած, անհայտ կորած, վնասվածք կամ խեղում ստացած անձանց ցանկերը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մահացած, անհայտ կորած, վնասվածք կամ խեղում ստացած անձանց ցանկերը՝ դեպքը տեղի ունենալուց հետո հաջորդ ամսվա ընթացքում:

4. Սույն որոշման 3-րդ կետում նշված ցանկերում ներառվում են մահացած, անհայտ կորած, վնասվածք կամ խեղում ստացած անձի անունը, ազգանունը, հայրանունը, դեպքը տեղի ունենալու օրը, ամիսը, տարին, վնասվածք կամ խեղում ստացած անձանց դեպքում՝ նաև վնասվածքի կամ խեղման բնույթը։

5. Սույն որոշման 1-ին կետով սահմանված միանվագ դրամական աջակցությունը նշանակվում է, եթե մահացած, անհայտ կորած, վնասվածք կամ խեղում ստացած անձի տվյալներն ընդգրկված են Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության կամ Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի կողմից Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությանը տրամադրված ցանկերում:

6. Սույն որոշման իմաստով անհայտ կորած են համարվում Ադրբեջանի կողմից սադրիչ գործողությունների հետևանքով գտնվելու վայրն անհայտ, ինչպես նաև գերեվարված քաղաքացիական անձինք։

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։

 

 

«Հաստատում եմ»

  
     

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Հավելված

Արցախի Հանրապետության

կառավարության 2022 թվականի

մայիսի 23-ի N 570-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՍԱԴՐԻՉ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՇՐՋԱՆՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ, ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ

ԱՆՁԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԻԱՆՎԱԳ

ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՈՒ ՎՃԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են 2014 թվականի հունվարի 1-ից հետո Ադրբեջանի կողմից սադրիչ գործողությունների (այսուհետ՝ սադրիչ գործողություն) հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում մահացած, անհայտ կորած անձանց ընտանիքներին և հաշմանդամ ճանաչված անձանց միանվագ դրամական աջակցություն (այսուհետ՝ աջակցություն) նշանակելու և վճարելու հետ կապված հարաբերությունները։

2. Աջակցությունը նշանակվում և վճարվում է Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության աշխատակազմի «Միասնական սոցիալական ծառայություն» գործակալության (այսուհետ՝ գործակալություն) կենտրոնական բաժնի (այսուհետ՝ կենտրոնական բաժին) կողմից։

3. Հաշմանդամ ճանաչված անձի համար սահմանված աջակցությունը նշանակվում է, եթե անձը՝

1) առաջին անգամ հաշմանդամ է ճանաչվել սադրիչ գործողության օրվան հաջորդող մեկ տարվա ընթացքում՝ պայմանավորված սադրիչ գործողության հետևանքով ստացած վնասվածքով կամ խեղմամբ.

2) մինչև սադրիչ գործողությունն ունեցել է հաշմանդամություն և սադրիչ գործողության օրվան հաջորդող մեկ տարվա ընթացքում փոխվել է նրա հաշմանդամության խումբը՝ պայմանավորված սադրիչ գործողության հետևանքով ստացած վնասվածքով կամ խեղմամբ։

4. Հաշմանդամ ճանաչված անձին աջակցություն նշանակելիս հիմք է ընդունվում սադրիչ գործողությունից հետո առաջին անգամ ստացած կամ փոփոխված հաշմանդամության խումբը։

5. Մահացած կամ անհայտ կորած անձի ընտանիքի համար սահմանված աջակցությունը նշանակվում է, եթե՝

1) անձը մահացել է անմիջապես սադրիչ գործողության ժամանակ կամ մահացել է սադրիչ գործողության օրվան հաջորդող մեկ տարվա ընթացքում՝ պայմանավորված սադրիչ գործողության հետևանքով ստացած վնասվածքով կամ խեղմամբ.

2) անձը սադրիչ գործողության հետևանքով գերեվարվել է կամ նրա գտնվելու վայրն անհայտ է՝ անկախ աջակցություն նշանակելու կամ վճարելու օրվա դրությամբ վերադարձած լինելու հանգամանքից։

6. Սադրիչ գործողության հետևանքով հաշմանդամ ճանաչված և աջակցություն ստացած անձի մահվան դեպքում նրա ընտանիքի անդամին նշանակվում է աջակցություն (մահացած անձի ընտանիքի համար սահմանված աջակցության և որպես հաշմանդամ՝ նույն անձին վճարված աջակցության գումարների տարբերության չափով), եթե նա մահացել է սադրիչ գործողության օրվան հաջորդող մեկ տարվա ընթացքում՝ պայմանավորված սադրիչ գործողության հետևանքով ստացած վնասվածքով կամ խեղմամբ: Սադրիչ գործողության հետևանքով հաշմանդամ ճանաչված, սակայն աջակցություն չնշանակված անձի ընտանիքի անդամին նշանակվում է աջակցություն (մահացած անձի ընտանիքի համար սահմանված չափով), եթե նա մահացել է սադրիչ գործողության օրվան հաջորդող մեկ տարվա ընթացքում՝ պայմանավորված սադրիչ գործողության հետևանքով ստացած վնասվածքով կամ խեղմամբ։

7. Աջակցություն նշանակելու համար՝

1) մահացած կամ անհայտ կորած անձի ընտանիքի անդամը (ամուսինը, այդ թվում՝ անձը, որի փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվելու փաստը հաստատվել է դատական կարգով, կամ ծնողը կամ 14 տարին լրացած զավակը) գործակալության ցանկացած տարածքային բաժին (այսուհետ՝ տարածքային բաժին) է ներկայացնում՝

ա. գրավոր դիմում (այսուհետ՝ դիմում),

բ. իր անձը հաստատող փաստաթուղթը և պատճենը,

գ. իր հանրային ծառայությունների համարանիշը և պատճենը կամ վավեր սոցիալական քարտն ու պատճենը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը,

դ. «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում (այսուհետ՝ «Արցախբանկ» ՓԲԸ) իր անվամբ բացված բանկային հաշվի մասին տեղեկանքը կամ վճարային քարտի տրամադրման և սպասարկման պայմանագիրն ու պատճենը,

ե. մահացած անձի մահվան վկայականը և պատճենը (մահացած անձի դեպքում),

զ. մահացած կամ անհայտ կորած անձի հետ իր ազգակցական կապը հաստատող փաստաթուղթը (ամուսնության վկայական, փաստացի ամուսնության մեջ գտնվելու փաստը հաստատելու մասին դատարանի վճիռ, ծննդյան վկայական, այլ փաստաթուղթ).

2) հաշմանդամ ճանաչված անձը տարածքային բաժին է ներկայացնում՝

ա. սույն կետի առաջին ենթակետի «ա»-«դ» պարբերություններում նշված փաստաթղթերը,

բ. բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից տրված բժշկասոցիալական փորձաքննական որոշումը և պատճենը։

8. 14 տարին չլրացած անչափահաս կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ անձի դեպքում սույն կարգի 7-րդ կետում նշված փաստաթղթերը (բացառությամբ՝ «դ» պարբերությունում նշված փաստաթղթի) ներկայացվում են նրա օրինական ներկայացուցչի՝ ծնողի, որդեգրողի, խնամակալի կամ հոգաբարձուի (այսուհետ՝ օրինական ներկայացուցիչ) կողմից։

9. Առաջին խմբի հաշմանդամ ճանաչված անձի դեպքում սույն կարգի 7-րդ կետի 2-րդ ենթակետում նշված փաստաթղթերը կարող է ներկայացնել նաև այլ անձ։ Այս դեպքում դիմող անձը ներկայացնում է նաև իր անձը հաստատող փաստաթուղթը և պատճենը։

10. Սույն կարգի 8-րդ կետում նշված դեպքում դիմող անձը ներկայացնում է նաև իր անձը հաստատող փաստաթուղթը և պատճենը, «Արցախբանկ» ՓԲԸ-ում իր անվամբ բացված բանկային հաշվի մասին տեղեկանքը կամ վճարային քարտի տրամադրման և սպասարկման պայմանագիրն ու պատճենը, 14 տարին չլրացած անչափահաս կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ անձի օրինական ներկայացուցիչը հանդիսանալու փաստը հավաստող փաստաթուղթը և պատճենը։

11. Դիմումը և անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ընդունելու ժամանակ տարածքային բաժնի մասնագետը՝

1) դիմումով լրացված տվյալները համեմատում է անձը հաստատող փաստաթղթի և ներկայացված մյուս փաստաթղթերի բնօրինակների տվյալների հետ.

2) փաստաթղթերի բնօրինակները համեմատում է դրանց պատճենների հետ՝ առանց դրանց տեքստերը վնասելու, պատճենների բոլոր էջերի վրա կատարում է «Համապատասխանում է բնօրինակին» գրառումը և ստորագրում.

3) դիմողին վերադարձնում է ներկայացված փաստաթղթերի (բացառությամբ՝ դիմումի, հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի և «Արցախբանկ» ՓԲԸ-ում բացված բանկային հաշվի մասին տեղեկանքի) բնօրինակները և տալիս ստորագրված ծանուցում՝ նշելով դիմումն ու անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ստանալու օրը, ամիսը և տարին։

12. Տարածքային բաժինը (բացառությամբ՝ կենտրոնական բաժնի) դիմումը և անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ընդունելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում դրանք ուղարկում է կենտրոնական բաժին՝ կից գրության մեջ նշելով դրանք ներկայացվելու օրը, ամիսը և տարին։

13. Աջակցությունը նշանակելու համար անձը կարող է դիմել առանց ժամկետային սահմանափակման։

14. Մահացած անձի ընտանիքի անդամին աջակցությունը նշանակվում է՝ անկախ մահանալու կամ հուղարկավորվելու վայրից։

15. Աջակցությունը նշանակվում է, եթե տվյալ մահացած կամ անհայտ կորած անձի ընտանիքին կամ հաշմանդամ ճանաչված անձին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1924-Լ որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակներում միանվագ դրամական օգնություն չի վճարվել:

16. Կենտրոնական բաժինը դիմումը և անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ստանալուց (ընդունելուց) հետո երկամսյա ժամկետում ստուգում է աջակցություն նշանակելու հիմքերը (այդ թվում՝ մահացած, անհայտ կորած, վնասվածք կամ խեղում ստացած անձի տվյալները համադրում է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությունից և Արցախի Հանրապետության քննչական կոմիտեից ստացված ցուցակներում ներառված անձանց տվյալների, իսկ վնասվածք կամ խեղում ստացած անձի տվյալները՝ նաև կենսաթոշակառուների հաշվառման էլեկտրոնային շտեմարանի տվյալների հետ) և ընդունում աջակցություն նշանակելու կամ աջակցություն նշանակելը մերժելու մասին որոշում:

17. Աջակցություն նշանակելու կամ աջակցություն նշանակելը մերժելու որոշումը ձևակերպվում է կենտրոնական բաժնի պետի կարգադրությամբ։

18. Աջակցություն նշանակելը մերժվում է, եթե.

1) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի պահանջներին.

2) մահացած, անհայտ կորած, վնասվածք կամ խեղում ստացած անձի տվյալները ներառված չեն Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությունից և Արցախի Հանրապետության քննչական կոմիտեից ստացված ցուցակներում.

3) անձն առաջին անգամ հաշմանդամ է ճանաչվել սադրիչ գործողության օրվան հաջորդող մեկ տարուց հետո կամ հաշմանդամ է ճանաչվել սադրիչ գործողության օրվան հաջորդող մեկ տարվա ընթացքում, սակայն հաշմանդամությունը պայմանավորված չի եղել սադրիչ գործողության հետևանքով ստացած վնասվածքով կամ խեղմամբ.

4) սադրիչ գործողության հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած անձը մինչև սադրիչ գործողության օրն ունեցել է հաշմանդամության խումբ և սադրիչ գործողությունից հետո մեկ տարվա ընթացքում նրա հաշմանդամության խումբը չի փոխվել կամ սադրիչ գործողությունից հետո մեկ տարվա ընթացքում ստացած նոր խումբը պայմանավորված չի եղել սադրիչ գործողության հետևանքով ստացած վնասվածքով կամ խեղմամբ.

5) տվյալ մահացած կամ անհայտ կորած անձի ընտանիքին կամ հաշմանդամ ճանաչված անձին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1924-Լ որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակներում վճարվել է միանվագ դրամական օգնություն.

6) սադրիչ գործողության հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած անձը մահացել է սադրիչ գործողության օրվան հաջորդող մեկ տարի հետո կամ սադրիչ գործողության օրվան հաջորդող մեկ տարվա ընթացքում, սակայն սադրիչ գործողությունների հետևանքով ստացած վնասվածքով կամ խեղմամբ չպայմանավորված։

19. Աջակցություն նշանակելը մերժելու մասին կենտրոնական բաժնի որոշումը կարող է բողոքարկվել վերադասության և (կամ) դատական կարգով։

20. Աջակցություն նշանակելը մերժելու դեպքում կենտրոնական բաժինը հինգ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնում է դիմում ներկայացրած անձին՝ նշելով մերժելու պատճառները և որոշումը բողոքարկելու կարգը։

21. Աջակցությունը վճարվում է անկանխիկ եղանակով՝ «Արցախբանկ» ՓԲԸ-ում բացված հաշվին փոխանցելու միջոցով՝

1) 2022 թվականի ընթացքում կենտրոնական բաժնի կողմից աջակցություն նշանակելու մասին որոշում ընդունելու դեպքում՝

ա. որոշման ընդունման ամսվան հաջորդող ամսվա ընթացքում, եթե անձը սադրիչ գործողության հետևանքով մահացել, անհայտ կորել կամ հաշմանդամ է ճանաչվել մինչև 2020 թվականի հունվարի 1-ը,

բ. 2023 թվականի փետրվար ամսվա ընթացքում, եթե անձը սադրիչ գործողության հետևանքով մահացել, անհայտ կորել կամ հաշմանդամ է ճանաչվել 2020 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո.

2) 2023 թվականի հունվարի 1-ից հետո կենտրոնական բաժնի կողմից աջակցություն նշանակելու մասին որոշում ընդունելու դեպքում՝ որոշման ընդունման ամսվան հաջորդող ամսվա ընթացքում:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

    

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

      

ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ