Համարը 
ՆՀ-108-Ն
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Հրամանագիր
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2017.09.25/17(331)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվը 
25.09.2017
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
25.09.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
25.09.2017
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 3-րդ կետով՝ որոշում եմ.

1. Սահմանել Արցախի Հանրապետության կառավարության և պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 2007 թվականի դեկտեմբերի 12-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և նրան ենթակա այլ գործադիր մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-40 հրամանագիրը։

3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից։

 

 

Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

2017թ. սեպտեմբերի 25

Ստեփանակերտ

ՆՀ-108-Ն

 

 

 

 

Հավելված

Արցախի Հանրապետության Նախագահի

2017 թվականի սեպտեմբերի 25-ի

ՆՀ-108-Ն հրամանագրի

 

Կ Ա Ր Գ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ

ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով Արցախի Հանրապետության կառավարությանը (այսուհետ` կառավարություն) վերապահված լիազորությունների իրականացման կազմակերպական հիմունքները, կառավարության գործունեության կազմակերպման, նիստերի նախապատրաստման և հրավիրման, որոշումների ընդունման և դրանց կատարման ապահովման կարգը:

2. Կառավարությունը Արցախի Հանրապետության Նախագահի լիազորությունների իրականացմանն աջակցող գործադիր իշխանության կոլեգիալ մարմին է: Կառավարությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Արցախի Հանրապետության օրենքներով, Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներով, Արցախի Հանրապետության Գերագույն դատարանի որոշումներով, կառավարության որոշումներով, ինչպես նաև սույն կարգով:

3. Կառավարությունն ընդունում է որոշումներ, որոնք ենթակա են կատարման հանրապետության ամբողջ տարածքում:

4. Կառավարությանը վերապահված լիազորությունների իրականացման համար, ըստ անհրաժեշտության, կարող են հրավիրվել կառավարության նիստեր: Կառավարությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունը, կառավարության բնականոն գործունեությունն ապահովում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի «Կառավարության գործերի կառավարչություն» առանձնացված ստորաբաժանումը (այսուհետ` գործերի կառավարչություն):

5. Արցախի Հանրապետության Նախագահն իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը:

6. Արցախի Հանրապետության Նախագահի համապատասխան հրամանագրով Արցախի Հանրապետության պետական նախարարին (այսուհետ՝ պետական նախարար) վերապահված են Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական սեփականությունը և ֆինանսական միջոցները կառավարելու գործառույթներ:

Արցախի Հանրապետության Նախագահի համապատասխան հրամանագրով պետական նախարարին վերապահված են Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի, առողջապահության նախարարի, արդարադատության նախարարի և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի գործունեության համակարգման գործառույթներ: Պետական նախարարը իրականացնում է նաև Արցախի Հանրապետության Նախագահի կողմից սահմանված այլ գործառույթներ:

Պետական նախարարը իր գործունեությունն իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությանը, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերին և այլ իրավական ակտերին համապատասխան և դրանցով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում:

(6-րդ կետը խմբ. 01.06.21 ՆՀ-2225-Ն, փոփ. 18.02.22 ՆՀ-385-Ն) 

7. Պետական նախարարն ունի կանոնադրություն, Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր անվանմամբ հայերեն կլոր կնիք, ձևաթղթեր, անհատականացման այլ միջոցներ: Պետական նախարարը կարող է ունենալ Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով իր անվանմամբ հայերեն և այլ լեզվով կլոր կնիք, ձևաթղթեր և անհատականացման այլ միջոցներ:

8. Պետական նախարարի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատում է կառավարությունը:

Պետական նախարարի նկատմամբ տարածվում են սույն կարգի 7-րդ գլխում նախատեսված կանոններն այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են նրա նկատմամբ:

9. Կառավարության քաղաքականությունն առանձին բնագավառներում մշակում և իրականացնում են հանրապետական գործադիր մարմինները (այսուհետ` ՀԳՄ), որոնք ստեղծվում, վերակազմակերպվում և լուծարվում են Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

ՀԳՄ-ներն են` Արցախի Հանրապետության նախարարությունները և պետական կառավարման այլ մարմինները:

10. ՀԳՄ-ն իր գործունեությունն իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությանը, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերին և այլ իրավական ակտերին համապատասխան և դրանցով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում:

11. ՀԳՄ-ն ունի կանոնադրություն, Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր անվանմամբ հայերեն կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ: ՀԳՄ-ն կարող է ունենալ Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով իր անվանմամբ հայերեն և այլ լեզվով կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

12. ՀԳՄ-ի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

13. ՀԳՄ-ի կանոնադրությամբ պետք է սահմանվեն ՀԳՄ-ի`

1) լրիվ անվանումը և գտնվելու վայրը.

2) կառավարման ոլորտները և խնդիրները.

3) կառավարման և ղեկավարման կազմակերպումն ու ղեկավարների լիազորությունները.

4) կառուցվածքային ստորաբաժանումների հիմնական խնդիրները.

5) կողմից պետական գույքի տնօրինման, տիրապետման և օգտագործման կարգը.

6) գործունեության կազմակերպման վերաբերյալ այլ էական դրույթներ:

14. Արցախի Հանրապետության նախարարությունը (այսուհետ` նախարարություն) իր համակարգի մեջ մտնող պետական մարմինների և կազմակերպությունների նկատմամբ վերադաս մարմին է:

15. Նախարարության համակարգը կազմված է նախարարից, նախարարի տեղակալներից, խորհրդականներից, մամուլի քարտուղարից, օգնականներից և ռեֆերենտներից, նախարարության աշխատակազմից, տարածքային ստորաբաժանումներից, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմիններից, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններից:

Նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմինը ստեղծվում, վերակազմակերպվում և լուծարվում է Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով։

16. Պետական կառավարման այլ մարմնի համակարգը կազմված է այդ մարմնի ղեկավարից, պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալներից, խորհրդականներից, մամուլի քարտուղարից, օգնականներից և ռեֆերենտներից, պետական կառավարման մարմնի աշխատակազմից, տարածքային ստորաբաժանումներից, ինչպես նաև այդ մարմնի ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններից:

17. Պետական նախարարի և ՀԳՄ-ի աշխատակազմը պետական կառավարչական հիմնարկ է, որն ապահովում է պետական նախարարին և ՀԳՄ-ին Արցախի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը և քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունը: Աշխատակազմի կառուցվածքում ընդգրկվում են կառուցվածքային ստորաբաժանումներ (վարչություն, բաժին, քարտուղարություն) և առանձնացված ստորաբաժանումներ (գործակալություն, տեսչություն), որոնց ներկայացվող պահանջները սահմանում է կառավարությունը:

18. Գործակալությունն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծառայությունների մատուցման գործառույթներ իրականացնող պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում է:

19. Տեսչությունն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված վերահսկողական գործառույթներ իրականացնող և պատասխանատվության միջոցներ կիրառող պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում է:

20. Կառավարության տարածքային քաղաքականությունն իրագործում են Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարները, Ստեփանակերտում` Ստեփանակերտի քաղաքապետը, որոնք համակարգում են ՀԳՄ-ների տարածքային ծառայությունների գործունեությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

21. Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարների և Ստեփանակերտի քաղաքապետի լիազորությունները և գործունեության կարգը սահմանվում են Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, Արցախի Հանրապետության օրենքներով և դրանց հիման վրա ընդունված Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով և կառավարության որոշումներով:

 

2. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

22. Կառավարությունն իր գործունեությունը կազմակերպում է Արցախի Հանրապետության Նախագահի ծրագրին համապատասխան:

23. Յուրաքանչյուր տարվա համար, մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 1-ը, ելնելով Արցախի Հանրապետության սոցիալ տնտեսական զարգացման իրավիճակից, հեռանկարներից, առանձին տարածքների զարգացման անհրաժեշտությունից, ինչպես նաև արտակարգ իրավիճակների առաջադրած պահանջներից, մշակվում և գործերի կառավարչության միջոցով Արցախի Հանրապետության Նախագահի հաստատմանն է ներկայացվում Արցախի Հանրապետության Նախագահի` տվյալ տարվա գործունեության միջոցառումների ծրագիրը (այսուհետ` ծրագիր)` ըստ առանձին ուղղությունների:

24. Ծրագրում նշվում են դրանց իրականացման կոնկրետ պատասխանատուները` ըստ ժամկետների և ֆինանսավորման աղբյուրների:

25. Ծրագրի նախագծի մշակումն ապահովում է պետական նախարարը` ՀԳՄ-ների ղեկավարների, Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարների և Ստեփանակերտի քաղաքապետի առաջարկությունների հիման վրա:

26. Ծրագրի կատարման ապահովման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Արցախի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությունը:

(26-րդ կետը փոփ. 01.06.21 ՆՀ-2225-Ն, 09.02.22 ՆՀ-350-Ն)

27. Մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 1-ը պետական նախարարի կողմից ապահովվում է նախորդ տարվա ծրագրի կատարման ընթացքի, արդյունքների և ընթացիկ տարվա ծրագրի վերաբերյալ Ազգային ժողովում ներկայացվելիք՝ Արցախի Հանրապետության Նախագահի հաղորդման նախագծի ներկայացումը Արցախի Հանրապետության Նախագահին:

28. Կառավարությունն իր գործունեությանն առնչվող խնդիրների լուծման, առանձին իրավական ակտերի նախագծերի, կառավարություն ներկայացված այլ հարցերի նախապատրաստման և քննարկման կամ որոշակի իրադարձությունների և փաստերի մասին կառավարությանն առաջարկություններ, եզրակացություններ, տեղեկանքներ ներկայացնելու համար կարող է ստեղծել հանձնաժողովներ:

 

3. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՀԱՐՑԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

29. Կառավարության քննարկմանն են ներկայացվում Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրերով նրա իրավասությանը վերապահված հարցեր, որոնք բխում են Արցախի Հանրապետության Նախագահի կողմից հաստատված ծրագրից: Արցախի Հանրապետության Նախագահը, նպատակահարմարությունից ելնելով, Կառավարությանը կարող է հանձնարարել առանձին հարցերի քննարկում: Կառավարության քննարկմանը հարցեր կարող են ներկայացվել նաև հրատապ լուծում պահանջող առանձին դեպքերում:

30. Կառավարության քննարկմանը հարցեր են ներկայացնում պետական նախարարը, ՀԳՄ-ների ղեկավարները և գործերի կառավարչության պետը: Նրանց բացակայության (ժամանակավոր անաշխատունակության, գործուղման, արձակուրդի, պաշտոնի թափուր լինելու) դեպքում կառավարության քննարկմանը հարցեր կարող է ներկայացնել ղեկավարի համապատասխան տեղակալը:

31. Արցախի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմինների (հանձնաժողովներ, խորհուրդներ, ծառայություններ) ղեկավարները, Արցախի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահը, Արցախի Հանրապետության գլխավոր դատախազը կառավարության քննարկմանը հարցեր են ներկայացնում Արցախի Հանրապետության Նախագահի համաձայնությամբ:

Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները կառավարության քննարկմանը հարցեր են ներկայացնում Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի միջոցով:

(31-րդ կետը փոփ. 28.07.20 ՆՀ-113-Ն, 18.02.22 ՆՀ-385-Ն)

32. Կառավարության քննարկմանը ներկայացվում են`

1) Արցախի Հանրապետության օրենքների կամ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի որոշումների նախագծեր.

2) Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրերի կամ կարգադրությունների նախագծեր.

3) կառավարության որոշումների նախագծեր.

4) Արցախի Հանրապետության Նախագահի կողմից կառավարության եզրակացությանը ներկայացված` Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների կամ քաղաքացիական օրենսդրական նախաձեռնություններ:

33. Օրենսդրական և ենթաօրենսդրական լուծում չպահանջող հարցերը կառավարության քննարկմանն են ներկայացվում հաշվետվությունների, զեկուցագրերի, առաջարկությունների և գործնականում ընդունված` Արցախի Հանրապետության օրենսդրության պահանջներին չհակասող այլ ձևերով, որոնք ենթակա չեն սույն կարգով նախատեսված համաձայնեցման, եթե այլ բան չի բխում նշված փաստաթղթերի հիմքը հանդիսացող հանձնարարականներից: Նման դեպքերում, ինչպես նաև սույն կարգի 32-րդ կետի 1-ին, 2-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում կառավարությունն ընդունում է արձանագրային որոշում:

34. Կառավարության քննարկմանը ներկայացվում են միայն հիմնավորված, միմյանց չկրկնող և արդեն լուծում ստացած հարցերին սկզբունքորեն նոր լուծում տալու կամ նոր ընդունված օրենսդրության պահանջներին դրանց համապատասխանեցնելու նպատակ հետապնդող հարցեր:

35. Կառավարության քննարկմանը ներկայացվող հարցի հիմնավորվածության, ներկայացված նյութերի արժանահավատության, ամբողջականության և որակի համար պատասխանատվությունը կրում է հարցը ներկայացնողը:

36. Կառավարության քննարկմանը ներկայացված Արցախի Հանրապետության օրենքների և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի որոշումների նախագծերը պետք է համապատասխանեն Արցախի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին ու չպետք է հակասեն Արցախի Հանրապետության Գերագույն դատարանի որոշումներին:

37. Արցախի Հանրապետության օրենքների նախագծերը կարող են չհամապատասխանել գործող օրենքների պահանջներին, եթե դրանք որոշակի բնագավառի իրավահարաբերությունների կարգավորման նոր սկզբունքներ են նախատեսում, ինչպես նաև նպատակ ունեն փոփոխություններ և լրացումներ առաջարկել արդեն իսկ գործող օրենքներում:

38. Կառավարության քննարկմանը ներկայացվող այլ հարցերը պետք է բխեն Արցախի Հանրապետության Սահմանադրությունից, օրենքներից, Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրերից և կարգադրություններից, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներից, կառավարության որոշումներից, եթե դրանք Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրերի կամ կարգադրությունների և կառավարության որոշումների փոփոխություններ, լրացումներ կամ դրանցով կարգավորվող հարցերի նոր լուծումներ չեն նախատեսում:

39. Կառավարության քննարկմանը ներկայացվող հարցերին առնչվող փաստաթղթերում հստակ նշվում է, թե գործող օրենսդրության որ ակտերում և դրանց որ մասերում է առաջարկվում կատարել փոփոխություններ կամ լրացումներ, կամ որ ակտի գործողությունն է անհրաժեշտ դադարեցնել: Նման դեպքերում հարցի հետ միասին ներկայացվում է (ներկայացվում են) համապատասխան ակտի (ակտերի) մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ (նախագծեր):

40. Կառավարության քննարկմանը ներկայացվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի փաթեթն իր մեջ ներառում է իրավական ակտի ընդունման հիմնավորումը, այն իրավական ակտերի ցանկը, որոնց հիման վրա կամ որոնցից օգտվելով` մշակվել է նորմատիվ իրավական ակտի նախագիծը, տեղեկանք նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության կամ բացակայության և իրավական ակտն ընդունելու կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին, նախագծի հեղինակների (մշակողների) անունները կամ դրա նախապատրաստման աշխատանքներին մասնակցած մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց ցանկը, ինչպես նաև այն մարմինների ցանկը, ում հետ նախագիծը համաձայնեցվել է:

Պետական մարմինների մշակած իրավական ակտի նախագծին կից ներկայացվում է նաև նախագիծը մշակող մարմնի իրավաբանական ստորաբաժանման (իրավաբանի) իրավական-փորձագիտական եզրակացությունը:

(40-րդ կետը խմբ. 01.06.21 ՆՀ-2225-Ն) 

41. Արցախի Հանրապետության օրենքների և նորմատիվ բնույթի Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի որոշումների և կառավարության որոշումների նախագծերը համաձայնեցվում են Արցախի Հանրապետության արդարադատության նախարարի և մյուս շահագրգիռ մարմինների հետ, իսկ Արցախի Հանրապետության դատախազության, Արցախի Հանրապետության դատական համակարգի գործունեությանը վերաբերող նախագծերը ներկայացվում են վերը նշված մարմինների ղեկավարներին` կարծիքի:

42. Արտաքին քաղաքականության, պաշտպանության և ազգային անվտանգության հարցերին վերաբերող իրավական ակտերի նախագծերը, նախքան դրանք շրջանառության մեջ դնելը, ուղարկվում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմ` համաձայնեցման:

43. Մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող օրենքների նախագծերը, նախքան կառավարություն ներկայացնելը, ուղարկվում են Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին` կարծիքի:

44. Նախքան Արցախի Հանրապետության արդարադատության նախարարի համաձայնեցմանը ներկայացնելը՝ Արցախի Հանրապետության օրենքների և նորմատիվ բնույթի Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի որոշումների և կառավարության որոշումների նախագծերը պետք է համաձայնեցվեն մյուս շահագրգիռ մարմինների հետ` դրանք ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, իսկ օրենքով նախատեսված կարգավորման ազդեցության գնահատում իրականացնելու դեպքում` 15-օրյա ժամկետում:

45. Կառավարության քննարկմանը ներկայացվող Արցախի Հանրապետության օրենքների և նորմատիվ բնույթի Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի որոշումների և կառավարության որոշումների նախագծերը 15-օրյա ժամկետում համաձայնեցվում են Արցախի Հանրապետության արդարադատության նախարարի հետ:

46. Եթե սույն կարգի 44-45-րդ կետերում նշված ժամկետներում նախագծի վերաբերյալ առարկություններ և առաջարկություններ չեն ստացվում, ապա նախագիծն առանց դրանց կարող է ներկայացվել գործերի կառավարչություն:

47. Արցախի Հանրապետության օրենքների և նորմատիվ բնույթի Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի որոշումների և կառավարության որոշումների նախագծերի վերաբերյալ Արցախի Հանրապետության արդարադատության նախարարի, ինչպես նաև սույն կարգի 41-րդ կետում նշված մարմինների ղեկավարների առարկությունները և առաջարկությունները, ինչպես նաև դրանց քննարկման արդյունքում կազմված ամփոփաթերթը կցվում են այդ ակտերի նախագծերին:

(47-րդ կետը փոփ., լրաց. 01.06.21 ՆՀ-2225-Ն) 

48. Սույն կարգի 41-47-րդ կետերով նախատեսված համաձայնեցումները կատարում է հարցը ներկայացնողը, իսկ նրա բացակայության դեպքում` նրան փոխարինող պաշտոնատար անձը:

49. Արցախի Հանրապետության արդարադատության նախարարի, ինչպես նաև շահագրգիռ այլ մարմինների ղեկավարների առարկությունների և առաջարկությունների հիման վրա կառավարության քննարկմանը հարցը ներկայացնողն անհրաժեշտ ճշգրտումներ և ուղղումներ է կատարում նախագծում և դրանք ներկայացնում գործերի կառավարչություն: Եթե Արցախի Հանրապետության արդարադատության նախարարը, շահագրգիռ մարմինների ղեկավարներն առարկություններ և առաջարկություններ չունեն նախագծի վերաբերյալ, ապա համաձայնեցումը ձևակերպվում է նախագծի վրա նշագրում կատարելով կամ առանձին նամակով:

50. Արցախի Հանրապետության տնտեսության առանձին ճյուղերի զարգացման, կապիտալ ներդրումների, նյութական պաշարների և ֆինանսական միջոցների հատկացման վերաբերյալ առաջարկությունները կառավարություն են ներկայացվում միայն Արցախի Հանրապետության պետական բյուջեի նախագծի կազմավորման ժամանակաշրջանում:

51. Սույն կարգի 50-րդ կետի պահանջներից բացառություններ են թույլատրվում, եթե նշված հարցերը ծագում են տարվա ընթացքում` համապատասխան մարմիններից անկախ պատճառներով:

52. Արցախի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի նախագծերը՝ անհրաժեշտ հիմնավորող փաստաթղթերով և նյութերով (էլեկտրոնային կրիչներով կամ տեղեկատվության փոխանցման այլ միջոցներով), կառավարության քննարկմանն են ներկայացվում մեկ օրինակից` հարցը ներկայացնող պաշտոնատար անձի ուղեկցական գրությամբ` դրանք հանձնելով գործերի կառավարչություն:

53. Սույն կարգի 52-րդ կետում նշված փաստաթղթերի և ուղեկցական գրության մասին սահմանված կարգով զեկուցվում է Արցախի Հանրապետության Նախագահին:

54. Կառավարության քննարկմանը հարցեր ներկայացնելու նպատակով Արցախի Հանրապետության օրենքների, Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի որոշումների, կառավարության որոշումների նախագծերի կամ այլ փաստաթղթերի վերաբերյալ եզրակացություն կամ կարծիք հայտնելու հանձնարարականներ կարող է տալ Արցախի Հանրապետության Նախագահը: Արցախի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ դրանք կարող են փոխանցել Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը, պետական նախարարը, համապատասխան ՀԳՄ-ի ղեկավարը կամ գործերի կառավարչության պետը:

55. Սույն կարգի խախտմամբ Արցախի Հանրապետության Նախագահին կամ կառավարություն ներկայացված` Արցախի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի նախագծերը և դրանց վերաբերյալ մյուս նյութերը գործերի կառավարչության պետը վերադարձնում է` դրանք սահմանված կարգով ներկայացնելու համար:

56. Սույն կարգի 54-րդ կետով նախատեսված հանձնարարականները կատարվում են Արցախի Հանրապետության Նախագահի կողմից սահմանված ժամկետներում, իսկ այդպիսի ժամկետներ սահմանված չլինելու դեպքում` 15-օրյա ժամկետում:

57. Եթե սույն կարգի 54-րդ կետով նախատեսված դեպքերում հանձնարարականը տրվում է միաժամանակ մի քանի պաշտոնատար անձանց, ապա հանձնարարականի կատարման պատասխանատուն առաջին հասցեատերն է, որի անվան դիմաց նշվում է «Հավաք» բառը: Հանձնարարական ստացած մյուս պետական կառավարման մարմինները պարտավոր են պատասխանատու կատարողին կատարման ենթակա փաստաթղթերի վերաբերյալ առաջարկություններ, առարկություններ և անհրաժեշտ նյութեր ներկայացնել այն հաշվով, որպեսզի վերջինս հնարավորություն ունենա սահմանված ժամկետում պատասխան ներկայացնել Արցախի Հանրապետության Նախագահին:

58. Եթե հանձնարարականում բացակայում է «Հավաք» նշումը, ապա դրանում նշված պատասխանատու կատարողները հանձնարարականի կատարման վերաբերյալ իրենց կարծիքներն ուղղակի ներկայացնում են Արցախի Հանրապետության Նախագահին:

59. Հանձնարարականում սահմանված ժամկետները հիմնավոր պատճառներով չպահպանելու դեպքում պատասխանատու կատարողը համապատասխան նամակով միջնորդում է Արցախի Հանրապետության Նախագահին` սահմանված ժամկետը երկարաձգելու համար` նշելով իր կողմից առաջարկվող վերջնական ժամկետը:

60. Արցախի Հանրապետության Նախագահին կամ կառավարություն ներկայացված փաստաթղթերը նախապես քննության է առնում գործերի կառավարչությունը` 15-օրյա ժամկետում: Կառավարության քննարկմանը հարց ներկայացնողից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր, նյութեր, հիմնավորումներ:

61. Անհրաժեշտության դեպքում այդ քննարկումներին հրավիրվում են տվյալ հարցով իրավասու կամ շահագրգիռ ՀԳՄ-ի ներկայացուցիչներ կամ այլ պաշտոնատար անձինք:

62. Կառավարության քննարկմանը ներկայացված հարցերը պարտադիր համաձայնեցվում են շահագրգիռ պետական մարմինների հետ, եթե դրանցում շոշափվում են համապատասխան բնագավառներին վերաբերող հարցեր: Տարաձայնությունների առկայության դեպքում փաստաթղթերին կցվում է չհամաձայնեցված հարցերի վերաբերյալ արձանագրություն` տարաձայնության պատճառների հիմնավորմամբ:

63. Կառավարություն ներկայացված փաստաթղթերը կառավարության քննարկմանն են ներկայացվում Արցախի Հանրապետության Նախագահի մակագրությամբ։

64. Կառավարության որոշումների նախագծերը կարող են, ըստ անհրաժեշտության, սույն կարգի 92-րդ կետով նախատեսված կարգով հաստատման ներկայացվել առանց նիստում դրանց քննարկման: Այդպիսի դեպքերում որոշումների նախագծերը համաձայնեցվում են շահագրգիռ մարմինների ղեկավարների հետ՝ հարցման կարգով:

 

4. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԵՐ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

65. Կառավարության նիստերը հրավիրում և վարում է Արցախի Հանրապետության Նախագահը: Արցախի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ կառավարության նիստը կարող է վարել պետական նախարարը:

66. Կառավարության նիստերի նախապատրաստման ամբողջ աշխատանքը, ինչպես նաև նիստերի անցկացումն ապահովում է գործերի կառավարչությունը:

67. Կառավարության նիստերի օրակարգը հաստատում է Արցախի Հանրապետության Նախագահը:

68. Կառավարության նիստի օրակարգում կարող են փոփոխություններ կատարվել Արցախի Հանրապետության Նախագահի կողմից:

69. Կառավարության նիստերի և դրանցում քննարկվելիք հարցերի մասին ոչ ուշ, քան նիստն սկսվելուց երեք օր առաջ տեղեկացվում են կառավարության անդամները, հրավիրվողները, անհրաժեշտության դեպքում` նաև այլ անձինք:

70. Կառավարության անդամներին և հրավիրվող պատասխանատու անձանց սույն կարգի 69-րդ կետով նախատեսված ժամկետից ոչ ուշ տրամադրվում են նիստի օրակարգը, օրակարգում ընդգրկված հարցերը և դրանց առնչվող նյութերը:

71. Սույն կարգի 69-րդ և 70-րդ կետերով նախատեսված ժամկետները կարող են չպահպանվել առանձին, անհետաձգելի համարվող հարցեր քննարկվելու դեպքերում:

72. Արցախի Հանրապետության Նախագահի որոշմամբ կառավարության նիստերն անցկացվում են Ստեփանակերտ քաղաքում, կառավարության կամ Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում:

73. Արցախի Հանրապետության Նախագահի որոշմամբ կառավարության նիստերը կարող են անցկացվել արտագնա:

74. Կառավարության նիստերն սկսվում են նախօրոք նշանակված ժամին և ավարտվում նույն օրը: Նիստերը կարող են անցկացվել ընդմիջումներով: Նիստերի ընդմիջումները և դրանց տևողությունը հայտարարվում են նիստը վարողի կողմից: Տևական քննարկում պահանջող հարցերի քննարկումները կարող են հետաձգվել հաջորդ օրը, իսկ լրացուցիչ փաստաթղթեր կամ ուսումնասիրություններ պահանջող հարցերը` հաջորդ նիստի օրը:

75. Կառավարության նիստերին (այդ թվում` դռնփակ) մասնակցում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը և գործերի կառավարչության պետը՝ խորհրդակցական ձայնի իրավունքով:

76. Կառավարության նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել նաև Արցախի Հանրապետության պետական կառավարման այլ մարմինների ղեկավարները, օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմինների (հանձնաժողովների, խորհուրդների, ծառայությունների) ղեկավարները, Արցախի Հանրապետության գլխավոր դատախազը, իսկ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև այլ անձինք:

77. Կառավարության տվյալ նիստին կամ տվյալ նիստի հարցի քննարկմանը հրավիրվողների ցանկը, Արցախի Հանրապետության Նախագահի համաձայնությամբ, սահմանում և նիստին մասնակցությունն ապահովում է գործերի կառավարչության պետը:

78. Կառավարության նիստերն անցկացվում են դռնփակ, եթե`

1) քննարկվում են պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք համարվող տեղեկություններին առնչվող հարցեր.

2) Արցախի Հանրապետության Սահմանադրության 99-րդ հոդվածով նախատեսված դեպքերում քննարկվում է Արցախի Հանրապետության Գերագույն դատարան կամ Արցախի Հանրապետության Ազգային ժողով դիմելու հարցը:

79. Կառավարության նիստերին կառավարության անդամների մասնակցությունը պարտադիր է: Կառավարության անդամը կառավարության նիստերին կարող է չմասնակցել սույն կարգի 30-րդ կետում նախատեսված հիմքերի առկայության, իսկ այլ դեպքերում` նիստը վարողի համաձայնությամբ:

80. Կառավարության նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է կառավարության անդամների առնվազն կեսից ավելին:

81. Օրակարգի հարցերի քննարկման հերթականությունը սահմանում է կառավարության նիստը վարողը:

82. Քննարկումներից առաջ տվյալ հարցի վերաբերյալ լսվում է համապատասխան զեկուցում, որով հանդես գալու իրավունք ունեն հարցը ներկայացնող մարմինների ղեկավարները, նրանց բացակայության կամ նիստը վարողի համաձայնության դեպքում` նրանց տեղակալները:

83. Կառավարության նիստում քննարկվող հարցերի վերաբերյալ զեկուցման համար տրվում է մինչև 20 րոպե, ելույթների համար` մինչև 5 րոպե, տեղեկանքների համար` 2 րոպե ժամանակ: Նիստը վարողը, անհրաժեշտության դեպքում, կարող է սահմանել այլ ժամկետներ:

84. Զեկուցմանը հաջորդում են հարցի շուրջ ելույթները: Նիստը վարողը քննարկվող հարցի վերաբերյալ իր կարծիքն արտահայտում է վերջում:

85. Ելույթներն ավարտված են համարվում զեկուցողի կողմից քննարկումների վերաբերյալ իր կարծիքի արտահայտումից հետո:

86. Օրակարգի յուրաքանչյուր հարցի վերաբերյալ կառավարության որոշումն ընդունվում է այդ հարցի քննարկման ավարտից հետո` նախքան հաջորդ հարցի քննարկմանն անցնելը` բացառությամբ այն դեպքերի, երբ հարցի քննարկումը հետաձգվում է:

87. Կառավարության որոշումն ընդունվում է բաց քվեարկությամբ, եթե դրա օգտին քվեարկել է նիստին մասնակցող` կառավարության անդամների կեսից ավելին: Քվեարկությունը կատարվում է «կողմ» կամ «դեմ» ձայներով: Ձայների հավասարության դեպքում հարցի ընդունման վերաբերյալ որոշումը կայացնում է Արցախի Հանրապետության Նախագահը:

88. Քվեարկությանը մասնակցում են միայն կառավարության անդամները:

89. Արցախի Հանրապետության օրենքների, Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրերի ու կարգադրությունների, ինչպես նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովի որոշումների նախագծերը կառավարության հավանությանն արժանանալու դեպքում, սույն կարգի 40-րդ կետով նախատեսված փաստաթղթերի հետ միասին, սահմանված կարգով ներկայացվում են Արցախի Հանրապետության Նախագահին կամ Արցախի Հանրապետության Ազգային ժողով:

90. Եթե կառավարության նիստի քննարկումների ժամանակ առաջանում է նախագծի լրամշակման անհրաժեշտություն, ապա այն ներկայացնողին տրվում է համապատասխան հանձնարարական` սահմանելով պատասխանատուներին և կատարման ժամկետը:

91. Կառավարության նիստում ներկայացված նախագծի ընդունումը մերժվելու դեպքում դրա մասին կազմված արձանագրությունն ուղարկվում է նախագիծը ներկայացնողին:

92. Կառավարության որոշումները հաստատում է Արցախի Հանրապետության Նախագահը: Արցախի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ, պետական նախարարի համակարգման, ինչպես նաև նրա իրավասությանը վերապահված այլ ոլորտներին առնչվող կառավարության որոշումները հաստատում է պետական նախարարը:

93. Կառավարության նիստում ընդունված որոշումները հաստատում է Արցախի Հանրապետության Նախագահը: Պետական նախարարի կողմից վարվող կառավարության նիստում ընդունված որոշումները հաստատում է պետական նախարարը:

94. Կառավարության որոշումների հավելվածներն ստորագրում է գործերի կառավարչության պետը:

95. Կառավարության նիստերն արձանագրվում են: Կառավարության նիստերի արձանագրման կարգը սահմանում է կառավարությունը: Նիստերի արձանագրումն ապահովում է գործերի կառավարչության պետը:

96. Կառավարության նիստերի արձանագրություններն ստորագրում է նիստը վարողը:

97. Եթե կառավարության նիստի ընթացքում հանձնարարականներ են տրվել ՀԳՄ-ների ղեկավարներին, պետական այլ մարմինների ղեկավարներին ու պաշտոնատար անձանց, ապա գործերի կառավարչությունը երկօրյա ժամկետում դրանք` կառավարության տվյալ նիստի արձանագրության քաղվածքի ձևով, ուղարկում է նշված մարմիններին և պաշտոնատար անձանց:

 

5. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼԸ, ՀՐԱՊԱՐԱԿԵԼԸ ԵՎ

ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

98. Կառավարության որոշումները գործերի կառավարչությունում գրանցվում են կառավարության որոշումների գրանցամատյանում` դրանց տալով հերթական համարներ, նշելով ընդունման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը:

99. Յուրաքանչյուր տարվա համար կառավարության որոշումների համարակալումն սկսվում է տարվա առաջին որոշումից և ավարտվում տվյալ տարվա վերջին որոշմամբ: Նորընտիր Արցախի Հանրապետության Նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու օրվանից կառավարության որոշումների համարակալումը վերսկսվում է։

100. Կառավարության որոշումները հրապարակվում և ուժի մեջ են մտնում օրենքով սահմանված կարգով:

101. Կառավարության որոշումները հաստատվելուց հետո սահմանված կարգով պահվում են գործերի կառավարչությունում: Գործերի կառավարչությունը հաստատված որոշումները երկօրյա ժամկետում, սահմանված կարգով, առաքում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի, պետական նախարարի, ՀԳՄ-ների, տարածքային կառավարման մարմինների աշխատակազմերին: Առաքման ենթակա մարմինների ցանկը հաստատում է գործերի կառավարչության պետը:

102. Կառավարության այն որոշումները, դրանց առանձին կետերը կամ մասերը, որոնք պարունակում են Արցախի Հանրապետության պետական, ծառայողական, ինչպես նաև օրենքով պահպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկություններ, հրապարակման ենթակա չեն:

 

6. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՅԼ ՀԱՐՑԵՐ

 

103. Պետական նախարարը, ՀԳՄ-ների և տարածքային կառավարման մարմինների ղեկավարները պարբերաբար հաշվետվություններ են ներկայացնում Արցախի Հանրապետության Նախագահին իրենց պատասխանատվության ոլորտներում Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, կառավարության որոշումների, հանձնարարականների կատարման ընթացքի և դրանց կատարման ապահովման ուղղությամբ ձեռնարկված միջոցների մասին:

104. Արցախի Հանրապետության Նախագահը պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է, այդ թվում՝

1) Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին.

2) Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալներին.

3) Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալներին.

4) Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալներին:

(104-րդ կետը լրաց. 01.06.20 ՆՀ-30-Ն, խմբ. 01.06.21 ՆՀ-2225-Ն)

105. Կառավարությունը՝

1) ընթացիկ հարցերի լուծման նպատակով ստեղծում է աշխատանքային խմբեր, հանձնաժողովներ.

2) լուծում է պաշտոնական գործուղումների հետ կապված հարցերը.

3) սահմանում է պետական նախարարի, ՀԳՄ-ի և տարածքային կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակը.

4) (ենթակետն ուժը կորցրել է 01.06.21 ՆՀ-2225-Ն)

4.1) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Արցախի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության պետին, բնապահպանության կոմիտեի նախագահին, կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին, նյութական վնասների հարցերի կոմիտեի նախագահին, պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահին, ջրային կոմիտեի նախագահին, բնակարանային հարցերի կոմիտեի նախագահին, ինչպես նաև նրանց տեղակալներին՝ լիազոր մարմնի ղեկավարի ներկայացմամբ.

5) պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է շրջանների վարչակազմերի ղեկավարներին.

6) պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է ՀԳՄ-ի ղեկավարի տեղակալներին, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.

7) նշանակում է միջազգային և միջկառավարական մարմիններում կառավարության ներկայացուցիչներ.

8) օրենքով նախատեսված դեպքերում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գերատեսչական նորմատիվ ակտերը.

9) սահմանում է պետական նախարարի, ՀԳՄ-ի ղեկավարի խորհրդականների, մամուլի քարտուղարի, օգնականների և ռեֆերենտների թվաքանակները:

(105-րդ կետը լրաց. 01.06.20 ՆՀ-30-Ն, փոփ., խմբ. 01.06.21 ՆՀ-2225-Ն, լրաց. 07.07.21 ՆՀ-2467-Ն, 19.07.21 ՆՀ-2582-Ն, 09.02.22 ՆՀ-350-Ն, 12.04.22 ՆՀ-658-Ն)

106. Շրջանների վարչակազմերի ղեկավարների տեղակալներին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է համապատասխան շրջանի վարչակազմի ղեկավարը՝ Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի համաձայնությամբ:

(106-րդ կետը փոփ. 28.07.20 ՆՀ-113-Ն, 18.02.22 ՆՀ-385-Ն)

107. Շրջանների վարչակազմերի ղեկավարներին և Ստեփանակերտի քաղաքապետին արձակուրդ է տրամադրվում Արցախի Հանրապետության Նախագահի համաձայնությամբ:

 

7. ՀԳՄ-Ի ՂԵԿԱՎԱՐԸ

 

108. ՀԳՄ-ի ղեկավարը գլխավորում է ՀԳՄ-ն և կառավարում ՀԳՄ-ի համակարգի մեջ մտնող պետական մարմինների և կազմակերպությունների գործունեությունը:

109. ՀԳՄ-ի ղեկավարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով և այլ իրավական ակտերով:

110. ՀԳՄ-ի ղեկավարն իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի գնահատման և վերլուծության, հեռանկարային զարգացման ապահովման համար:

111. ՀԳՄ-ի ղեկավարը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և հաշվետու է Արցախի Հանրապետության Նախագահին:

112. ՀԳՄ-ի ղեկավարը`

1) ղեկավարում, համակարգում և վերահսկում է ՀԳՄ-ի համակարգի մեջ մտնող պետական մարմինների և կազմակերպությունների ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է ՀԳՄ-ի առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

2) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված գործունեության բնագավառների, նպատակների ու խնդիրների վերաբերյալ համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Արցախի Հանրապետության Նախագահին և կառավարություն.

3) լսում և կառավարության հաստատմանն է ներկայացնում ՀԳՄ-ի համակարգի մեջ մտնող պետական մարմինների և կազմակերպությունների գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում ՀԳՄ-ի մարմինների տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.

4) իրականացնում է ՀԳՄ-ի աշխատակազմի կառավարումը` օրենքով և ՀԳՄ-ի կանոնադրությամբ իրեն վերապահված իրավասությունների սահմաններում.

5) Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` կառավարության հաստատմանն է ներկայացնում ՀԳՄ-ի կանոնադրությունը և կառուցվածքը:

Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` կառավարության հաստատմանն է ներկայացնում ՀԳՄ-ի համակարգի մեջ մտնող պետական մարմինների և կազմակերպությունների կանոնադրությունները և կառուցվածքները.

6) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով նախատեսված իր լիազորության սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում ՀԳՄ-ի աշխատակազմի ղեկավարի, ՀԳՄ-ի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև ՀԳՄ-ի ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Արցախի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.

7) Արցախի Հանրապետության օրենսդրությանը և ՀԳՄ-ի կանոնադրությանը համապատասխան սահմանում է ՀԳՄ-ի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասության սահմանները.

8) վերահսկողություն է իրականացնում ՀԳՄ-ի կողմից պետական գույքի տնօրինման, տիրապետման և օգտագործման նկատմամբ.

9) Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` կառավարության հաստատմանն է ներկայացնում ՀԳՄ-ի համակարգի աշխատողների թիվը.

10) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.

11) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է ՀԳՄ-ի համակարգի աշխատողներին, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

12) կարող է կազմավորել աշխատանքային խմբեր, հանձնաժողովներ.

13) իր իրավասության սահմաններում ընդունում և օրենքով սահմանված կարգով հրապարակում է գերատեսչական իրավական ակտեր, արձակում է հրամաններ, տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Արցախի Հանրապետության կամ ՀԳՄ-ի անունից, ինչպես նաև տալիս է Արցախի Հանրապետության կամ ՀԳՄ-ի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

14) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում շնորհում է դասային, հատուկ կոչումներ.

15) իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ:

113. ՀԳՄ-ի ղեկավարի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, ՀԳՄ-ի ղեկավարի պարտականությունները կատարում է ՀԳՄ-ի ղեկավարի տեղակալներից մեկը:

114. ՀԳՄ-ի ղեկավարի տեղակալը`

1) համակարգում է ՀԳՄ-ի համակարգի աշխատանքները` ՀԳՄ-ին վերապահված քաղաքականության իրականացման` իրեն հանձնարարված բնագավառներում.

2) իր լիազորության սահմաններում համակարգում է ՀԳՄ-ի` իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը` ՀԳՄ-ի համակարգի պետական մարմինների և ՀԳՄ-ի կառավարման ոլորտում գործող կազմակերպությունների միջոցով` տալով ցուցումներ և հանձնարարականներ.

3) ՀԳՄ-ի նպատակներին և խնդիրներին համապատասխան` իրեն հանձնարարված բնագավառներում ՀԳՄ-ի համակարգի մարմիններին տալիս է հանձնարարականներ և առաջադրանքներ, վերահսկողություն իրականացնում դրանց կատարման նկատմամբ.

4) ՀԳՄ-ի ղեկավարին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի մասին.

5) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում ՀԳՄ-ի ղեկավարի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում ՀԳՄ-ի ղեկավարին.

6) իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ:

115. ՀԳՄ-ի ղեկավարը և նրա տեղակալը Արցախի Հանրապետության աշխատանքային օրենսդրությանը և դրանով սահմանված կարգին համապատասխան ունեն արձակուրդի իրավունք: ՀԳՄ-ի ղեկավարին արձակուրդ տրամադրվում է Արցախի Հանրապետության Նախագահի համաձայնությամբ, իսկ ՀԳՄ-ի ղեկավարի տեղակալին` ՀԳՄ-ի ղեկավարի կողմից:

116. Պաշտոնեական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքում ՀԳՄ-ի ղեկավարի կամ նրա տեղակալի նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը`

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) պաշտոնից ազատում:

117. Պաշտոնեական պարտականությունների բարեխիղճ և օրինակելի կատարման համար ՀԳՄ-ի ղեկավարի կամ նրա տեղակալի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ միջոցները`

1) շնորհակալագրով պարգևատրում.

2) հուշանվերով կամ թանկարժեք նվերով պարգևատրում.

3) հուշամեդալով պարգևատրում:

118. Սույն կարգով նախատեսված կարգապահական տույժերը և խրախուսանքի միջոցները կիրառում է Արցախի Հանրապետության Նախագահը: Կառավարությունը սույն կարգով նախատեսված կարգապահական տույժերը և խրախուսանքի միջոցները կիրառում է միայն կառավարության կողմից նշանակված պաշտոնատար անձանց նկատմամբ:

 

8. ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԳՈՐԾԱԴԻՐ

ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ

 

119. Կառավարության գործավարությունը տարվում է կառավարության կողմից հաստատված` կառավարության գործավարության կարգին համապատասխան:

120. Կառավարության գործավարության կազմակերպումն իրականացնում է գործերի կառավարչությունը:

(Հավելվածը լրաց. 01.06.20 ՆՀ-30-Ն, փոփ. 28.07.20 ՆՀ-113-Ն, խմբ., փոփ., լրաց. 01.06.21 ՆՀ-2225-Ն, լրաց. 07.07.21 ՆՀ-2467-Ն, 19.07.21 ՆՀ-2582-Ն, փոփ., լրաց. 09.02.22 ՆՀ-350-Ն, փոփ. 18.02.22 ՆՀ-385-Ն, լրաց. 12.04.22 ՆՀ-658-Ն)

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ`

Մ. ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ