Համարը 
N 503-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2023.06.01-2023.06.30 Պաշտոնական հրապարակման օրը 21.06.2023
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
20.06.2023
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
20.06.2023
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
22.06.2023
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍԱԴՐԻՉ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՇՐՋԱՆՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ, ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԱՆՁԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՄԵՆԱՄՍՅԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ, ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հունիսի 2023թ.

N 503-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍԱԴՐԻՉ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՇՐՋԱՆՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ, ԱՆՀԱՅՏ

ԿՈՐԱԾ ԱՆՁԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՆՁԱՆՑ

ԱՄԵՆԱՄՍՅԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ, ՆՇԱՆԱԿՄԱՆ

ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 72-րդ հոդվածի 7-րդ մասը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ 2014 թվականի հունվարի 1-ից հետո Ադրբեջանի Հանրապետության կողմից սադրիչ գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում՝

1) մահացած կամ անհայտ կորած անձի ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար ամենամսյա դրամական օգնության չափը կազմում է 25 000 ՀՀ դրամ.

2) հաշմանդամ ճանաչված անձի ամենամսյա դրամական օգնության չափը կազմում է.

ա. 19 000 ՀՀ դրամ՝ 1-ին խմբի հաշմանդամ ճանաչվելու կամ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ստանալու դեպքում,

բ. 17 000 ՀՀ դրամ՝ 2-րդ խմբի հաշմանդամ ճանաչվելու դեպքում,

գ. 15 000 ՀՀ դրամ՝ 3-րդ խմբի հաշմանդամ ճանաչվելու դեպքում:

2. Սահմանել Ադրբեջանի Հանրապետության կողմից սադրիչ գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում մահացած, անհայտ կորած անձանց ընտանիքներին և հաշմանդամ ճանաչված անձանց ամենամսյա դրամական օգնության նշանակման և վճարման կարգը՝ համաձայն հավելվածի:

3. Սույն որոշման իմաստով՝ անհայտ կորած են համարվում Ադրբեջանի Հանրապետության կողմից սադրիչ գործողությունների հետևանքով գտնվելու վայրն անհայտ, ինչպես նաև գերեվարված քաղաքացիական անձինք։

4. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված անձին սույն որոշմամբ և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 24-ի N 34 որոշմամբ՝ երկու դրամական օգնության իրավունք ունենալու դեպքում նշանակվում է մեկ դրամական օգնություն՝ իր ցանկությամբ։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։

 

 

«Հաստատում եմ»

  
     

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Հավելված

Արցախի Հանրապետության

կառավարության 2023 թվականի

հունիսի 20-ի N 503-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍԱԴՐԻՉ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՇՐՋԱՆՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ, ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ

ԱՆՁԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՄԵՆԱՄՍՅԱ

ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ

 

1. Ադրբեջանի Հանրապետության կողմից սադրիչ գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում մահացած, անհայտ կորած անձանց ընտանիքների և հաշմանդամ ճանաչված անձանց ամենամսյա դրամական օգնության նշանակման և վճարման կարգով (այսուհետ՝ սույն կարգ) կարգավորվում են 2014 թվականի հունվարի 1-ից հետո Ադրբեջանի Հանրապետության կողմից սադրիչ գործողությունների (այսուհետ՝ սադրիչ գործողություն) հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում մահացած, անհայտ կորած անձանց ընտանիքներին և հաշմանդամ ճանաչված անձանց ամենամսյա դրամական օգնություն (այսուհետ՝ օգնություն) նշանակելու և վճարելու հետ կապված հարաբերությունները։

2. Օգնությունը նշանակվում և վճարվում է Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) աշխատակազմի «Միասնական սոցիալական ծառայություն» գործակալության (այսուհետ՝ գործակալություն) կողմից՝ տարածքային ստորաբաժանումների (այսուհետ՝ տարածքային ստորաբաժանում) միջոցով։ Օգնություն նշանակելու կամ նշանակված օգնության վճարումը դադարեցնելու հանգամանքները ճշտելու համար գործակալությունը կարող է իրավասու մարմիններին կատարել հարցումներ՝ անհրաժեշտ փաստաթղթեր ստանալու նպատակով։

3. Մահացած անձի ընտանիքի համար սահմանված օգնությունը նշանակվում է, եթե անձը մահացել է.

1) անմիջապես սադրիչ գործողության ժամանակ.

2) սադրիչ գործողության օրվան հաջորդող մեկ տարվա ընթացքում՝ սադրիչ գործողության հետևանքով ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով։

4. Անհայտ կորած անձի ընտանիքի համար սահմանված օգնությունը նշանակվում է, եթե անձը՝

1) գերեվարվել է սադրիչ գործողության ժամանակ և ընտանիքի անդամի կողմից օգնություն նշանակելու համար դիմելու օրվա դրությամբ նա գերությունից չի վերադարձել.

2) անհայտ կորել է սադրիչ գործողությունների հետևանքով և ընտանիքի անդամի կողմից օգնություն նշանակելու համար դիմելու օրվա դրությամբ նրա գտնվելու վայրն անհայտ է։

5. Մահացած կամ անհայտ կորած անձի ընտանիքի համար սահմանված օգնությունը նշանակվում է մահացած կամ անհայտ կորած անձի՝ Արցախի Հանրապետությունում հաշվառված.

1) ամուսնուն (այդ թվում` այն անձին, որի՝ մահացած կամ անհայտ կորած անձի հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվելու փաստը հաստատվել է դատական կարգով).

2) ծնողներին.

3) 18 տարին չլրացած երեխաներին (ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու դեպքում՝ մինչև ուսումնական հաստատությունն ավարտելը, բայց մինչև 26 տարին լրանալը):

6. Հաշմանդամ ճանաչված անձին օգնություն է նշանակվում, եթե նա հաշվառված է Արցախի Հանրապետությունում և՝

1) առաջին անգամ հաշմանդամ է ճանաչվել սադրիչ գործողության օրվան հաջորդող մեկ տարվա ընթացքում՝ պայմանավորված սադրիչ գործողության հետևանքով ստացած վնասվածքով կամ խեղմամբ.

2) մինչև սադրիչ գործողությունն ունեցել է հաշմանդամություն և սադրիչ գործողության օրվան հաջորդող մեկ տարվա ընթացքում փոխվել է նրա հաշմանդամության խումբը՝ պայմանավորված սադրիչ գործողության հետևանքով ստացած վնասվածքով կամ խեղմամբ։

7. Օգնությունը նշանակվում է, եթե մահացած կամ անհայտ կորած կամ հաշմանդամ ճանաչված անձի՝

1) տվյալներն ընդգրկված են Արցախի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 23-ի N 570-Ն որոշման համաձայն Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության կամ Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի կողմից նախարարությանը տրամադրված ցանկերում.

2) սադրիչ գործողության հետևանքով մահանալու կամ անհայտ կորչելու կամ վնասվածք կամ խեղում ստանալու փաստը հաստատվել է գործակալության կողմից կատարված հարցումների հիման վրա։

8. Մահացած կամ անհայտ կորած անձի ընտանիքի համար սահմանված օգնությունը նշանակելու համար սույն կարգի 5-րդ կետում նշված անձն իր հաշվառման վայրը սպասարկող տարածքային ստորաբաժանում է ներկայացնում՝

1) գրավոր դիմում (այսուհետ՝ դիմում),

2) իր անձը հաստատող փաստաթուղթը և դրա պատճենը,

3) իր հանրային ծառայությունների համարանիշը և դրա պատճենը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը,

4) մահացած անձի մահվան վկայականի պատճենը (մահացած անձի դեպքում),

5) մահացած կամ անհայտ կորած անձի հետ իր ազգակցական կապը հաստատող փաստաթուղթը (ամուսնության վկայական, փաստացի ամուսնության մեջ գտնվելու փաստը հաստատելու մասին դատարանի վճիռ, ծննդյան վկայական, այլ փաստաթուղթ) և դրա պատճենը,

6) հաշվառման վայրի մասին փաստաթուղթ, եթե անձը հաստատող փաստաթղթում այդ տեղեկությունը բացակայում է,

7) մահացած անձի մահվան մասին բժշկական վկայականի պատճենը՝ սույն կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում:

9. Հաշմանդամ ճանաչված անձն իր հաշվառման վայրը սպասարկող տարածքային ստորաբաժանում է ներկայացնում՝

1) դիմում,

2) իր անձը հաստատող փաստաթուղթը և դրա պատճենը,

3) իր հանրային ծառայությունների համարանիշը և դրա պատճենը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը,

4) բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից տրված բժշկասոցիալական փորձաքննական որոշումը և դրա պատճենը,

5) հաշվառման վայրի մասին փաստաթուղթ, եթե անձը հաստատող փաստաթղթում այդ տեղեկությունը բացակայում է։

10. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում **-ով նշված բնակավայրերից, Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր, Աղավնո, Քարեգահ համայնքներից, Ներքին Սուս համայնքի Ներքին Սուս բնակավայրից, Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Փառուխ համայնքից, ինչպես նաև Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Թաղավարդ բնակավայրի բռնազավթված մասից տեղահանված անձը սույն կարգով սահմանված փաստաթղթերը ներկայացնում է իր փաստացի բնակության վայրը սպասարկող տարածքային ստորաբաժանում։ Այս դեպքում ներկայացվում է նաև փաստացի բնակության վայրի մասին փաստաթուղթը։

11. 14 տարին չլրացած անչափահաս կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ անձի դեպքում սույն կարգով սահմանված փաստաթղթերը ներկայացվում են նրա օրինական ներկայացուցչի՝ ծնողի, որդեգրողի, խնամակալի կամ հոգաբարձուի (այսուհետ՝ օրինական ներկայացուցիչ) կողմից։

12. Սույն կարգի 11-րդ կետում նշված դեպքում ներկայացվում է նաև օրինական ներկայացուցչի անձը հաստատող փաստաթուղթը և դրա պատճենը, 14 տարին չլրացած անչափահաս կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ անձի օրինական ներկայացուցիչը հանդիսանալու փաստը հավաստող փաստաթուղթը և դրա պատճենը։

13. 1-ին խմբի հաշմանդամ ճանաչված անձի դեպքում սույն կարգով սահմանված փաստաթղթերը կարող են ներկայացվել այլ անձի կողմից։ Այս դեպքում դիմող անձը ներկայացնում է նաև իր անձը հաստատող փաստաթուղթը և դրա պատճենը։

14. Դիմումը և անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ընդունելու ժամանակ տարածքային ստորաբաժանման մասնագետը՝

1) դիմումում լրացված տվյալները համեմատում է ներկայացված փաստաթղթերի բնօրինակների տվյալների հետ,

2) փաստաթղթերի բնօրինակները համեմատում է դրանց պատճենների հետ՝ առանց դրանց տեքստերը վնասելու, պատճենների բոլոր էջերի վրա կատարում է «Համապատասխանում է բնօրինակին» գրառումը և ստորագրում,

3) դիմողին վերադարձնում է ներկայացված փաստաթղթերի (բացառությամբ՝ դիմումի, հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի, հաշվառման և փաստացի բնակության վայրի մասին փաստաթղթի) բնօրինակները և տալիս ստորագրված ծանուցում՝ նշելով դիմումն ու անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ստանալու օրը, ամիսը և տարին։

15. Սույն կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում՝ անձի մահվան պատճառական կապը սադրիչ գործողության հետևանքով անձի ստացած վնասվածքի, խեղման հետ սահմանվում է նախարարության աշխատակազմի բժշկասոցիալական փորձաքննության գործակալության բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի կողմից։

16. Դիմումի և անձի կողմից ներկայացված փաստաթղթերի, ինչպես նաև օգնություն նշանակելու համար այլ մարմիններից ստացված փաստաթղթերի հիման վրա տարածքային ստորաբաժանումն ընդունում է օգնություն նշանակելու կամ օգնություն նշանակելը մերժելու մասին որոշում:

17. Օգնություն նշանակելու կամ օգնություն նշանակելը մերժելու մասին որոշումը ձևակերպվում է տարածքային ստորաբաժանման ղեկավարի կարգադրությամբ։

18. Օգնություն նշանակելը մերժվում է, եթե անձի կողմից ներկայացվել են ոչ բոլոր փաստաթղթերը կամ անձի կողմից ներկայացված և այլ մարմիններից ստացված փաստաթղթերի համաձայն՝ բացակայում են օգնություն նշանակելու հիմքերը:

19. Օգնություն նշանակելը մերժելու մասին որոշում ընդունելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, տարածքային ստորաբաժանումն այդ մասին գրավոր տեղեկացնում է դիմում ներկայացրած անձին՝ նշելով մերժելու մասին որոշում ընդունելու պատճառները և որոշումը բողոքարկելու կարգը։

20. Օգնություն նշանակելը մերժելու մասին տարածքային ստորաբաժանման որոշումը կարող է բողոքարկվել վերադասության և (կամ) դատական կարգով։

21. Տարածքային ստորաբաժանման կողմից օգնություն նշանակելու մասին որոշում ընդունելու դեպքում օգնությունը նշանակվում է՝

1) օգնության իրավունքը ծագելու (սադրիչ գործողության հետևանքով մահանալու, անհայտ կորչելու, հաշմանդամ ճանաչվելու) օրվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են օգնության իրավունքը ծագելու պահից երեք ամսվա ընթացքում.

2) դիմելու օրվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են օգնության իրավունքը ծագելու պահից երեք ամիս հետո։

22. Եթե անձը 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունի օգնության իրավունք (սադրիչ գործողության հետևանքով նա հաշմանդամ է ճանաչվել կամ նրա ընտանիքի անդամը մահացել, անհայտ կորել է մինչև 2023 թվականի հունվարի 1-ը), ապա օգնությունը նշանակվում է՝

1) 2023 թվականի հունվարի 1-ից՝ դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը մինչև 2024 թվականի հունվարի 1-ը ներկայացնելու դեպքում.

2) դիմելու օրվան հաջորդող ամսվա 1-ից՝ դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը 2024 թվականի հունվարի 1-ից հետո ներկայացնելու դեպքում։

23. Օգնությունը վճարվում է կանխիկ եղանակով՝ վճարման ծառայություններ մատուցուղ կազմակերպության միջոցով։ Օգնությունը կարող է վճարվել նաև լիազորագրով։

24. Լիազորագրով օգնության վճարումը, անցած ժամանակահատվածի համար օգնության վճարումը, հաշմանդամության խումբը փոխվելու կամ վերափորձաքննության արդյունքում հաշմանդամ չճանաչվելու կամ վերափորձաքննության ժամկետը բաց թողնելու դեպքերում օգնության վճարումը, օգնության իրավունք ունեցող անձի մահվան պատճառով չվճարված օգնության վճարումը, ավել վճարված օգնության գումարների հետգանձումը, օգնության իրավունքի և վճարման դադարեցումը, օգնության իրավունքի վերականգնումը և վճարման վերսկսումն իրականացվում է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված կարգով:

25. Օգնություն վճարելը դադարեցվում է նաև.

1) օգնություն նշանակված անձի՝ բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպություն ընդունվելու դեպքում.

2) անհայտ կորած անձի գտնվելու վայրը հայտնի դառնալու կամ գերեվարված անձի՝ գերությունից վերադառնալու դեպքերում:

26. Սույն կարգի 25-րդ կետում նշված դեպքերում օգնություն վճարելը դադարեցվում է այդ հանգամանքներն առաջանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից։

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

    

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

      

ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հունիսի 2023 թվական: