Համարը 
N 521-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2011.08.10/13(175)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.07.2011
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.07.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
20.08.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԼՂՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ՝ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՍԱՐՔԱՎՈՐՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՌՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N 261 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«26» հուլիսի 2011թ.

N 521-Ն

 ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ՝ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՍԱՐՔԱՎՈՐՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՌՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N 261 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «իգ» կետը և առաջնորդվելով «Իրավական ակտերի մաին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածի պահանջներով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության կողմից՝ հաշվառման տվյալների փոփոխությամբ տրանսպորտային միջոցների վերասարքավորման թույլտվություն տալու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) առանց թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոցների վերահաշվառման թույլտվություն տալու կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետին` մեկամսյա ժամկետում սահմանել տրանսպորտային միջոցի վերասարքավորման թույլտվություն տալու, տրանսպորտային միջոցի վերասարքավորման թույլտվություն տալը մերժելու, վերասարքավորված տրանսպորտային միջոցի վերահաշվառման թույլտվություն տալու, վերասարքավորված տրանսպորտային միջոցի վերահաշվառման թույլտվություն տալը մերժելու մասին որոշումների ձևերը և վերասարքավորման ժամանակ իրականացման ենթակա տեխնիկական պայմանները:

3. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 1-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության կողմից` հաշվառման տվյալների փոփոխությամբ տրանսպորտային միջոցների վերասարքավորման թույլտվություն տալու կարգը սահմանելու մասին» N 261 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված N 1

ԼՂՀ կառավարության

«26» հուլիսի 2011թ. N 521-Ն որոշման

 

 

ԿԱՐԳ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ՝ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` Ճանապարհային ոստիկանություն) ստորաբաժանումներում գրանցված և (կամ) հաշվառված, ինչպես նաև գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների` հաշվառման տվյալների փոփոխությամբ վերասարքավորման թույլտվություն տալու հետ կապված հարաբերությունները:

2. Տրանսպորտային միջոցի սեփականատերը (լիազորված անձը) տրանսպորտային միջոցի վերասարքավորման թույլտվություն ստանալու համար Ճանապարհային ոստիկանություն է ներկայացնում դիմում և վերասարքավորման թույլտվություն տալու համար օրենքով նախատեսված վճարի վճարման փաստը հավաստող փաստաթուղթ:

3. Դիմումում նշվում են տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը, տրանսպորտային միջոցի հաշվառման տվյալները, ինչպես նաև տեղեկություններ` կատարվող վերասարքավորման մասին:

4. Դիմումին կից ներկայացվում են տրանսպորտային միջոցի ամբողջական տեսքի և հանգույցների լուսանկարներ, գծապատկերներ (էսքիզներ կամ գծագրեր), ինչպես նաև տեղեկություններ վերասարքավորման ժամանակ օգտագործվող հանգույցների, առարկաների, սարքավորումների և նյութերի մասին:

5. Պահանջվող տեղեկությունները կամ փաստաթղթերը թերի ներկայացնելու դեպքում անձին տրվում է 5-օրյա ժամկետ` փաստաթղթերն ամբողջությամբ ներկայացնելու համար:

6. Դիմումն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում Ճանապարհային ոստիկանությունում ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը`

1) տրանսպորտային միջոցի վերասարքավորման թույլտվություն տալու մասին.

2) տրանսպորտային միջոցի վերասարքավորման թույլտվություն տալը մերժելու մասին:

7. Տրանսպորտային միջոցների վերասարքավորման թույլտվություն տալը մերժվում է, եթե`

1) վերասարքավորման արդյունքում կարող են խախտվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 1-ի N 256 որոշման 2-րդ հավելվածով սահմանված տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկի կամ վերասարքավորման ժամանակ իրականացման ենթակա տեխնիկական պայմանների պահանջները.

2) անձը սույն կարգի 5-րդ կետով սահմանված ժամկետում չի ներկայացնում կամ թերի է ներկայացնում պահանջվող տեղեկությունները կամ փաստաթղթերը.

3) տրանսպորտային միջոցը կամ դրա համարակիր մասերից մեկը գտնվում են հետախուզման մեջ:

8. Սույն կարգի 6-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված որոշումը կայացվում է երկու (երկրորդ օրինակը նախատեսված է տրանսպորտային միջոցը հաշվառման ստորաբաժանում ներկայացնելու համար), իսկ 2-րդ ենթակետով նախատեսված որոշումը` մեկ օրինակից, որոնք տրվում են (ուղարկվում են) դիմումատուին:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 2

ԼՂՀ կառավարության

«26» հուլիսի 2011թ. N 521-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՍԱՐՔԱՎՈՐՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՌՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` Ճանապարհային ոստիկանություն) ստորաբաժանումներում գրանցված և /կամ/ հաշվառված, ինչպես նաև գրանցման ենթակա և առանց թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոցների վերահաշվառման թույլտվություն տալու հետ կապված հարաբերությունները:

2. Տրանսպորտային միջոցի սեփականատերը (լիազորված անձը) տրանսպորտային միջոցի վերահաշվառման թույլտվություն ստանալու համար Ճանապարհային ոստիկանություն է ներկայացնում դիմում և տրանսպորտային միջոցի վերասարքավորման թույլտվություն տալու համար օրենքով նախատեսված վճարի վճարման փաստը հավաստող փաստաթուղթ:

3. Դիմումում նշվում են տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը, տրանսպորտային միջոցի հաշվառման տվյալները, ինչպես նաև տեղեկություններ կատարված վերասարքավորման մասին:

4. Դիմումին կից ներկայացվում են տրանսպորտային միջոցի ամբողջական տեսքի և հանգույցների լուսանկարներ, գծապատկերներ (էսքիզներ կամ գծագրեր), ինչպես նաև տեղեկություններ վերասարքավորման ժամանակ օգտագործված հանգույցների, առարկաների, սարքավորումների և նյութերի մասին:

5. Պահանջվող տեղեկությունները կամ փաստաթղթերը թերի ներկայացնելու դեպքում անձին տրվում է 5-օրյա ժամկետ` փաստաթղթերն ամբողջությամբ ներկայացնելու համար:

6. Դիմումն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում Ճանապարհային ոստիկանությունում ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը`

1) վերասարքավորված տրանսպորտային միջոցի վերահաշվառման թույլտվություն տալու մասին.

2) վերասարքավորված տրանսպորտային միջոցի վերահաշվառման թույլտվություն տալը մերժելու մասին:

7. Վերասարքավորված տրանսպորտային միջոցների վերահաշվառման թույլտվություն տալը մերժվում է, եթե`

1) վերասարքավորման արդյունքում խախտվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 1-ի N 256 որոշման 2-րդ հավելվածով սահմանված տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկի կամ վերասարքավորման ժամանակ իրականացման ենթակա տեխնիկական պայմանների պահանջները.

2) անձը սույն կարգի 5-րդ կետով սահմանված ժամկետում չի ներկայացնում կամ թերի է ներկայացնում պահանջվող տեղեկությունները կամ փաստաթղթերը.

3) տրանսպորտային միջոցը կամ դրա համարակիր մասերից մեկը գտնվում է հետախուզման մեջ:

8. Սույն կարգի 6-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված որոշումը կայացվում է երկու (երկրորդ օրինակը նախատեսված է տրանսպորտային միջոցը հաշվառման ստորաբաժանում ներկայացնելու համար), իսկ 2-րդ ենթակետով նախատեսված որոշումը` մեկ օրինակից, որոնք տրվում են (ուղարկվում են) դիմումատուին:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ