Համարը 
04-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2009.04.08/09(119)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Դատարանների նախագահների խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
25.03.2009
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
25.03.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.04.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԴԱՏԱԿԱՆ
 ԾԱՌԱՅՈՂԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ

ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

 

25 մարտի 2009թ.

ք. Ստեփանակերտ

04-Ն

ՈՐՈՇՈՒՄ

 

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Դատական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

Հաստատել դատական ծառայողի վարքագծի կանոնները` համաձայն հավելվածի:

 

 

ԼՂՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

դատարանների նախագահների խորհրդի

2009թ. մարտի 25 -ի թիվ 04-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

 

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԱՐՔԱԳԾԻ

 

1. Uույն կանոններով uահմանվում են դատական ծառայողի վարքագծի կանոնները ինչպեu ի պաշտոնե գործելիս, այնպես էլ դրանից դուրս:

2. Դատական ծառայողի վարքագծի կանոնները, բարոյականության համընդհանուր սկզբունքների վրա հիմնված, դատական ծառայողների վարվելակերպի, վարքագծի և փոխհարաբերությունների առանձնահատկությունները կարգավորող նորմեր են:

3. Դատական ծառայողի վարքագծի կանոնները պարտադիր են բոլոր դատական ծառայողների, ինչպես նաև դատական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող անձանց համար: Դատական ծառայողի վարքագծի կանոնները պարտադիր են նաև տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, ինչպես նաև կադրերի ռեզերվում ընդգրկված անձանց համար այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են նրանց նկատմամբ:

(3-րդ կետը լրաց. 17.07.2014 N 09-Ն)

4. Դատական ծառայությունն իրականացնելիս դատական ծառայողի գործողությունները պետք է ուղղված լինեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակներին, և դրանց հասնելու միջոցները պետք է լինեն անհրաժեշտ, պիտանի և չափավոր:

5. Դատական ծառայողը պետք է ձգտի իր գործունեությամբ և վարքագծով բարձր պահել պետական` դատական իշխանության, պետական` դատական ծառայության համբավը, ապահովել դատարանի անկախությունն ու անկողմնակալությունը, ինչպես նաև նպաստել դատարանի և դատական ծառայության նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը: Վարքագծի կանոնների մեկնաբանությունն ու կիրառումը պետք է նպաստեն նշված նպատակի իրականացմանը:

6. Դատական ծառայողը պարտավոր է ինչպես անձամբ պահպանել վարքագծի կանոնները, այնպես էլ հետամուտ լինել իր գործընկերների կողմից դրանց պահպանմանը:

7. Դատական ծառայողը պետք է զերծ մնա այնպիսի գործողություններից, որոնք կարող են հեղինակազրկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական իշխանությունը և պետական մարմիններին կամ վտանգել պետական իշխանության իրականացումը:

8. Դատական ծառայողը ծառայողական և արտածառայողական հարաբերություններում պետք է զերծ մնա այնպիսի վարքագծի դրսևորումից, որը կվտանգի դատական իշխանությունը, կստեղծի հնարավորություն դատավորի վարքագծի կանոնների խախտման կամ կառաջացնի նման տպավորություն:

9. Դատական ծառայողը ծառայողական և արտածառայողական հարաբերություններում պարտավոր է ղեկավարվել մարդասիրության, արդարության և ազնվության սկզբունքների վրա հիմնված բարոյական նորմերով, հարգել մարդու արժանապատվությունը, անհարկի չընդգծել իր պաշտոնական դիրքը, բացառել ցանկացած տիպի ոչ պատշաճ վարքագծի դրսևորումներ կոլեկտիվի անդամների, դատարան մուտք գործած անձանց հետ և այլ շփումներում:

10. Դատական ծառայողը դատավորի հետ շփվելիս կամ դատական իշխանության մասին խոսելիս իր վարքագծով, դիմելաձևով պետք է արտացոլի մեծ հարգանք դատական իշխանության կրողների նկատմամբ:

11. Դատական ծառայողն իր լիազորություններն իրականացնելիս պարտավոր է գործել այնպես, որպեսզի առանց իր լիազորությունների կատարմանը վնասելու` առավել սեղմ ժամկետում, առավել բարենպաստ արդյունքի հասնի, ապահովի իր տնօրինմանը հանձնված միջոցների առավել արդյունավետ օգտագործումը:

12. Ծառայողական պարտականություններն իրականացնելիս դատական ծառայողը պետք է գրավի ակտիվ դիրք, բարձր գնահատի ծառայողական շահը, առաջարկություններ ներկայացնի մասնագիտական ծառայողական գործունեության կատարելագործման ուղղությամբ:

13. Դատական ծառայողն իր քաղաքական զսպվածության պարտականությունն իրականացնելիս պետք է իր ամենօրյա գործառույթներում և շփումներում լինի քաղաքականապես չեզոք, զերծ մնա այնպիսի գործողություններից և շփումներից, որոնք կարող են ստեղծել քաղաքական կողմնապահության տպավորություն:

14. Դատական ծառայողն ի պաշտոնե գործելիս, այնպես էլ դրանից դուրս, պարտավոր է համապատասխան իրավասություն չունեցող անձին չհրապարակել աշխատանքի ընթացքում ձեռք բերած մարդու անձնական և ընտանեկան, պետական, ծառայողական, առևտրային և օրենքով պահպանվող այլ գաղտնի, ինչպես նաև ոչ գաղտնի տեղեկատվությունը, որոնք կարող են վնաս հասցնել մարդկանց կյանքին և առողջությանը, հեղինակությանը և գործարար համբավին` անկախ այդ տեղեկատվության պաշտոնական, թե ոչ պաշտոնական աղբյուրից ստացված լինելու հանգամանքից: Սույն կանոնը չի վերաբերում օրենքով սահմանված կարգով հայցվող տեղեկատվության և դրա տրամադրման կարգին:

15. Դատական ծառայողը դատավարության մասնակիցների և այլ անձանց հետ շփումներում որոշակի կամ հնարավոր դատական վեճերով (գործերով) չպետք է նրանց ուղղորդի անձնավորված փաստաբաններ և ներկայացուցիչներ ունենալուն, չպետք է ընդունի որևէ նվեր, կամ այլ շահավետ առաջարկ:

16. Դատական ծառայողը պարտավոր է պարբերաբար զբաղվել իր մասնագիտական գիտելիքների կատարելագործմամբ, իրազեկ լինել օրենսդրական փոփոխություններին, իրավական մեկնաբանություններին, առանց իր լիազորությունների կատարմանը վնասելու` մասնագիտական աջակցություն ցուցաբերել գործընկերներին:

17. Դատական ծառայողը պարտավոր է չօգտագործել իր պաշտոնական դիրքը կամ դատական իշխանության հեղինակությունն իր կամ այլ անձանց համար արտոնություններ, բացառություններ և նպաստավոր այլ պայմաններ ստեղծելու համար:

18. Դատական ծառայողը պարտավոր է պահպանել բարոյական նորմերով սահմանված էթիկայի այլ կանոններ: