Համարը 
N 145
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
25.06.2002
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
25.06.2002
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
25.06.2002
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

“25” հունիսի 2002թ.

 N 145

ք.Ստեփանակերտ

 

Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության կարգը հաստատելու մասին

 

Համաձայն ,,Քաղաքաշինության մասին,, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի ,,գ,, կետի և 17-րդ հոդվածի հինգերորդ մասի պահանջների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության կարգը /կցվում է/:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հաստատված է`

ԼՂՀ կառավարության

,,25,, հունիսի 2002թ.

թիվ 145 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում քաղաքաշինական ծրագրային և ճարտարապետաշինարարական նախագծա-նախահաշվային փաստաթղթերի /այսուհետև քաղաքաշինական փաստաթուղթ/ փորձաքննության իրականացման ընթացակարգերին ներկայացվող հիմնական պահանջները և կարգավորում է փորձաքննություն իրականացնող ու քաղաքաշինական գործունեության այլ սուբյեկտների փոխհարաբերությունները:

2. Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության հիմնական նպատական է ընտրված նախագծային լուծումների համապատասխանության ապահովումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին:

3. Քաղաքաշինական փաստաթղթերը, մինչև դրանց համաձայնեցումը և հաստատումը, ենթակա են փորձաքննության` բացառությամբ հետևյալ դեպքերի`

շենքերի և կառուցվածքների ընթացիկ նորոգման, ներքին հարդարման աշխատանքների նախագծերը, եթե դրանք չեն խախտում շենքերի, շինությունների և ինժեներական ենթակառուցվածքների կայունության ու հուսալիության ցուցանիշները և որոնց համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ չի պահանջվում շինարարության թույլտվություն.

տարածքների բարեկարգման աշխատանքների նախագծերը և նախահաշիվները, եթե դրանք չեն խոչընդոտում անշարժ գույքի օգտագործմանը կամ չեն հակասում սահմանված սերվիտուտներին.

4. Օբյեկտի փորձաքննության վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին չհակասելու դեպքում մինչև երկու հիմնական վերգետնյա և մեկ ստորգետնյա հարկեր ունեցող անհատական բնակելի տների և դրանց սպասարկման համար նախատեսված տնտեսական ու կենցաղային շինությունների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված ,,փոքր,, օբյեկտների և ոչ հիմնական շինությունների նախագծային փաստաթղթերի փորձաքննությունը կարող է փոխարինել նախագիծը թողարկվող աշխատանքների պատասխանատու կապալառուի գրավոր երաշխավորագրով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին նախագծի համապատասխանատվության վերաբերյալ, եթե նման պայման նախատեսված է նախագծային կապալի պայմանագրով:

5. Ելնելով քաղաքաշինական փաստաթղթերի կարևորությունից, ինչպես նաև դրանցով իրականացվող քաղաքաշինական օբյեկտների բարդությունից` իրականացվում են փորձաքննության հետևյալ տեսակները`

5.1 հատուկ համալիր փորձաքննություն

Հատուկ համալիր փորձաքննության ենթակա են հատկապես վտանգավոր և տեխնիկապես բարդ օբյեկտների, ինչպես նաև երկու և ավելի պետությունների շահերին առնչվող քաղաքաշինական փաստաթղթերը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ: Այդ դեպքում փորձաքննությունն անցկացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծված ժամանակավոր փորձաքննական մարմինը, եթե այլ բան նախատեսված չէ միջազգային պայմանագրով:

Հատուկ համալիր փորձաքննությունը կարող է իրականացվել նաև միջազգային փորձագիտական մարմինների ներգրավմամբ:

5.2 Համալիր փորձաքննություն

Համալիր փորձաքննության ենթակա են քաղաքաշինական այն փաստաթղթերը, որոնցով պահանջվում է բնության և շրջակա միջավայրի պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխարգելման, արդյունաբերական անվտանգության, ընդերքի արդյունավետ օգտագործման, հաշմանդամների ու բնակչության սակավաշարժուն խմբերի պաշտպանության և այլ անհրաժեշտ միջոցառումների իրականացումը:

Համալիր փորձաքննությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում իրականացվում է բնապահպանական փորձաքննության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ համապատասխան եզրակացություն տալու իրավասությամբ օժտված շահագրգիռ մարմինների մասնակցությամբ:

Համալիր փորձաքննության պարտադիր ենթակա են`

ա/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի /այդ թվում վարկային/ միջոցների հաշվին կամ դրանց ներգրավմամբ, պետական նպատակային ծրագրերի շրջանակներում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով իրականացվող օբյեկտների նախագծա-նախահաշվային փաստաթղթերը, բացառությամբ սույն կարգի 3-րդ և 4-րդ կետերում նշված դեպքերից.

բ/ հանրապետական նշանակության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների` սահմանված կարգով հաստատված պետական ցանկերում ընդգրկված քաղաքաշինական փաստաթղթերը.

գ/ փորձարարական, բազային և բազմակի օգտագործման օբյեկտների նախագծա-նախահաշվային փաստաթղթերը.

դ/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը.

ե/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված հատուկ օբյեկտների և կարևորագույն նշանակություն ունեցող օբյեկտների նախագծային փաստաթղթերը.

զ/ ջրային համակարգերի նախագծային փաստաթղթերը:

Համալիր փորձաքննություն կարող է իրականացվել նաև պատվիրատուի նախաձեռնությամբ համապատասխան պայման ամրագրելով փորձաքննություն իրականացնողի և պատվիրատուի միջև կնքվող պայմանագրում:

(5.2-րդ կետը լրաց. 16.11.2004 N 439)

5.3 Պարզ փորձաքննություն

Պարզ փորձաքննության ենթակա են սույն կարգի 3-րդ և 4-րդ կետերում նշված նախագծա-նախահաշվային փաստաթղթերը:

Պարզ փորձաքննությունը կարող է իրականացվել օրենքով սահմանված կարգով լիցենզավորված կազմակերպությունների միջոցով:

Նախագծի փորձաքննությունը պարտադիր է /կամ սույն կարգի 4-րդ կետում նախատեսված դեպքերում կապալառուի գրավոր երաշխավորագիրը/ օբյեկտի հուսալիության, կայունության, ինչպես նաև մարդկանց առողջության և անվտանգության ապահովման նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխանության առումով:

Պատվիրատուի առաջադրանքով կարող են նախատեսվել փորձաքննության ենթակա լրացուցիչ պահանջներ:

 

II. Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության իրականացումը

 

6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն կարող են իրականացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան գործունեության տեսակով լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք, ինչպես նաև հատուկ համալիր փորձաքննության իրականացման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծված ժամանակավոր փորձաքննական մարմինը:

7. Համալիր փորձաքննություն իրականացնող կազմակերպությունը նախապատրաստում է փորձաքննական եզրակացություն` հաշվի առնելով բնապահպանական փորձաքննության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ համապատասխան իրավասություններով օժտված այլ շահագրգիռ մարմինների եզրակացությունները:

8. Քաղաքաշինական փաստաթղթերի համալիր փորձաքննության իրականացման համար փորձաքննություն իրականացնող կազմակերպության նախաձեռնությամբ /անհրաժեշտության դեպքում համաձայնեցնելով պատվիրատուի հետ/, սույն կարգի 5.2 ենթակետով նախատեսված մարմինների մասնակցությամբ նախագծային փաստաթղթերի համատեղ քննարկման և համալիր եզրակացության նախապատրաստման համար կարող են ստեղծվել միջգերատեսչական փորձագիտական հանձնաժողովներ: Եթե այդպիսի հանձնաժողով չի ստեղծվում, ապա շահագրգիռ մարմիններն ըստ համապատասխան բնագավառների իրենց եզրակացությունները տրամադրում են քաղաքաշինական փաստաթղթերի համալիր փորձաքննություն իրականացնող կազմակերպությանը:

9. Քաղաքաշինական փաստաթղթերի մշակմանը մասնակցած նախագծային կազմակերպությունները կամ անձինք չեն կարող կատարել կամ ներգրավել իրենց կողմից մշակված նախագծերի փորձաքննությանը:

10. Քաղաքաշինական փաստաթղթերը պատվիրատուի կողմից համալիր փորձաքննության են ներկայացվում նախագծման համար գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերով նախատեսված լրիվ ծավալով:

Փորձաքննության ներկայացվող փաստաթղթերի կազմում ներկայացվում է նախագծման համար կատարված ինժեներաերկրաբանական հետազննությունների նյութերի փորձաքննության եզրակացությունը հետևյալ նախագծերի համար՝

քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի (Ստեփանակերտի գլխավոր հատակագիծ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծեր).

ինժեներապաշտպան միջոցառումների (հակասողանքային, հակափլվածքային, հակասելավային, հակաէրոզիոն, հակաթափվածքային, հականստվածքային, մակերևութային և ստորգետնյա ջրահեռացման, ափապաշտպան ու լանջապաշտպան, հակասուֆոզիոն, աղակալված և նստվածքային գրունտների խտացում և ամրացում).

սույն կարգի 5.1-ին և 5.2-րդ կետերում նախատեսված օբյեկտների ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 26-ի թիվ 221 որոշման թիվ 1 և թիվ 2 հավելվածներում թվարկված հատուկ և կարևորագույն նշանակության օբյեկտների: Նշված օբյեկտների նախագծերի համար տվյալ բնակավայրի տարածքի նոր գլխավոր հատակագծի հաստատումից հետո ինժեներաերկրաբանական հետազննությունների նյութերի փորձաքննություն չի իրականացվում:

(10-րդ կետը լրաց. 24.05.2005 N 268)

11. Սույն կարգի 5.3-րդ ենթակետով իրականացվող օբյեկտների նախագծա-նախահաշվային փաստաթղթերը ներկայացվում են փորձաքննության այն ծավալով, որն անհրաժեշտ է մարդկանց առողջության և անվտանգության, քաղաքաշինական օբյեկտի հուսալիության, կայունության ապահովման ուղղված նախագծային լուծումների գնահատման համար:

12. Քաղաքաշինական փաստաթղթերը պատվիրատուի կողմից փորձաքննության են ներկայացվում մեկ անհրաժեշտության դեպքում երկու օրինակից:

13. Մշակված քաղաքաշինական փաստաթղթերի հետ համատեղ ներկայացվում են նախագծման համար հիմք հանդիսացող ելակետային փաստաթղթերը և սահմանված կարգով համաձայնեցված օբյեկտի նախագծման տեխնիկական պայմանները:

Հիդրոտեխնիկական կառուցվածքների շինարարական և վերակառուցման նախագծային փաստաթղթերի հետ միասին ներկայացվում է հիդրավլիկական մոդելային հետազոտությունների կամ այդպիսի հետազոտությունների ոչ անհրաժեշտ լինելու մասին հիմնավորումը:

(13-րդ կետը լրաց. 16.11.2004 N 439)

14. Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննությունը կատարվում է պատվիրատուի կամ նրա կողմից լիազորված անձի և փորձաքննություն իրականացնողի միջև կնքված պայմանագրի հիման վրա:

15. Մինչև պայմանագրի կնքումը փորձաքննություն անցկացնողը 5 օրվա ընթացքում պարտավոր է ստուգել ներկայացվող քաղաքաշինական փաստաթղթերի փաթեթի կազմը և ծավալը և, սույն կարգի ու նորմատիվային պահանջներին համապատասխանության դեպքում, կնքել պայմանագիրը: Անհամապատասխանության դեպքում փաստաթղթերը վերադարձվում են պատվիրատուին` անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու առաջարկով

16. Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության անցկացման ժամկետները սահմանվում են պայմանագրով` հաշվի առնելով աշխատանքի ծավալը և աշխատատարությունն ու չպետք է գերազանցեն`

 

45 օրը` համալիր փորձաքննության դեպքում,

 

30 օրը` սույն կարգի 5.3-րդ ենթակետով նախատեսված փորձաքննության, ինչպես նաև փորձագիտական եզրակացության դիտողությունների համաձայն լրամշակված նախագծային փաստաթղթերի կրկնակի փորձաքննության դեպքում:

 

Հատուկ համալիր փորձաքննության իրականացման ժամկետները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը` ամեն մի առանձին դեպքի համար:

17. Առանձին դեպքերում, առավել խոշոր և բարդ նախագծերի համար, փորձաքննական մարմնի ղեկավարի որոշմամբ նշված ժամկետը կարող է եզրակացվել, բայց ոչ ավելի, քան 15 օրով` այդ մասին տեղյակ պահելով պատվիրատուին:

18. Փորձաքննության սկզբի ժամկետ է համարվում փորձաքննության պայմանագրի ստորագրման ամսաթիվը, իսկ փորձաքննության ավարտի ժամկետ` պատվիրատուի եզրակացությունը հանձնելու օրը:

19. Փորձաքննության ծառայությունների արժեքը, փորձաքննության անցկացման ժամկետների խախտման համար պատվիրատուի և փորձաքննություն իրականացնողի փոխադարձ պատասխանատվությունը սահմանվում են պայմանագրով:

 

III. Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության եզրակացությունը

 

20. Քաղաքաշինական փաստաթղթերի դիտարկման արդյունքների հիման վրա կազմվում է փորձագիտական եզրակացություն:

21. Փորձագիտական եզրակացությունը պետք է ներառի`

 

նախագծման համար հիմք հանդիսացող փաստաթղթերի ցանկը և դրանց համառոտ բնութագիրը.

ելակետային փաստաթղթերի և օբյեկտի նախագծման տեխնիկական պայմաններին նախագծային լուծումների համապատասխանության վերաբերյալ կատարված եզրահանգումները.

հիմնական նախագծային լուծումների վերաբերյալ դիտողությունները և առաջարկություններ նախագծում ճշտումներ ու լրացումներ կատարելու մասին հանձնարարականներ, առաջարկվող ճշտումների հիմնավորումները.

փորձաքննության ընթացքում աշխատանքային կարգով կատարված հիմնական փոփոխությունները և լրացումները.

քաղաքաշինական փաստաթուղթն երաշխավորելու, այն լրամշակման վերադարձնելու կամ մերժելու մասին որոշման հիմնավորումները

 

22. Փորձագիտական եզրակացությունը կարող է եզրափակվել հետևյալ սահմանումներից մեկով`

ա/ ,,Երաշխավորվում է նախագծային փաստաթղթերի համապատասխանությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջներին,,, որից հետևում է, որ նախագիծը կարող է պատվիրատուի կողմից սահմանված կարգով ներկայացվել համաձայնեցման և հաստատվել:

Եթե փորձաքննության ընթացքում հաըտնաբերված բացթողումների ու սխալների ուղղումը չի ենթադրում հիմնական նախագծային լուծումների փոփոխում, ապա նախագիծը ճշտվում և լրացվում է աշխատանքային կարգով, որից հետո տրվում է վերջնական փորձագիտական եզրակացությունը: Այդ դեպքում նախագիծը կրկնակի փորձաքննության չի ներկայացվում.

բ/ ,,Նախագիծը վերադարձվում է լրամշակման,,,որից հետևում է, որ նախագիծը ենթակա է լրամշակման` ըստ եզրակացությունում շարադրված դիտողությունների և առաջարկությունների, որից հետո ճշտված և լրամշակված նախագծային փաստաթղթերի մասով, այն պետք է պատվիրատուի կողմից ներկայացվի կրկնակի փորձաքննության:

Լրամշակված նախագծի կրկնակի փորձաքննության համար նեկայացվում են`

 

փորձաքննության դիտողություններով փոփոխված նախագծային նյութերի վերաբերյալ բացատրագիր անհրաժեշտ հիմնավորումներով

նախորդ դիտարկումից հետո փոփոխված և լրացված նախագծային փաստաթղթերը.

 

գ/ ,,Նախագծային փաստաթղթերը չեն համապատասխանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին,, որից հետևում է, որ տվյալ նախագիծը ենթակա է հիմնավոր վերանախագծման և պետք է փորձաքննության ներկայացվի որպես նոր նախագիծ:

դ/ Կրկնակի փորձաքննությունը կատարվում է նախագծվող ձեռնարկության հաշվին:

23. Եզրակացությունը հաստատվում է փորձագիտական կազմակերպության ղեկավարի կողմից և ուղարկվում պատվիրատուի ու նախագծային փաստաթղթերը մշակողին:

24. Եթե ճարտարապետաշինարարական փաստաթղթերի փորձաքննություն կատարելուց հետո երեք տարվա ընթացքում օբյեկտի շինարարությունն սկսված չէ, ապա տվյալ եզրակացությունը համարվում է ուժը կորցրած:

25. Նախագծողի կողմից նորմատիվային պահանջների կոպիտ և /կամ/ պարբերաբար խախտումներ կատարելու դեպքում փորձաքննություն իրականացնողն իրավունք ունի միջնորդագրով դիմելու լիցենզավորող մարմնին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նախագծային փաստաթղթերը մշակողների լիցենզիայի կասեցման /դադարեցման/ առաջարկությամբ:

26. Տրված փորձագիտական եզրակացության համար փորձաքննություն իրականացնող մարմնի պատասխանատվությունը սահմանվում է օրենքներով:

27. Փորձաքննության եզրակացությունը կարող վիճարկվել դատական կարգով: