ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«5» օգոստոսի 2014թ. |
N 509-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ (ԿԱՄ) ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 28-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասին և 21-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետին, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 26-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգը հաստատելու մասին» N 28-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի սեպտեմբերի 1-ից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2014 թվականի օգոստոսի 5-ի N 509-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ (ԿԱՄ) ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
I. ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
1. Սույն կարգով սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տրամադրելու հետ կապված հարաբերությունները:
2. Ուսանողական նպաստը փոխհատուցում է (լրիվ կամ մասնակիորեն) ուսանողի ուսման վճարը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի ծախսային մասում նախատեսված միջոցների, նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ ուսումնական հաստատություն), ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրների հաշվին:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը յուրաքանչյուր տարի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով ուսումնական հաստատությունների համար նախատեսված միջոցների սահմաններում, ըստ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների, սահմանում է պետության կողմից տրվող՝ ուսանողական նպաստ ստացող ուսանողների թիվը, որը պահպանվում է ամբողջ ուսումնառության ընթացքում:
4. Պետության կողմից ուսանողական նպաստ տրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող ուսումնական հաստատությունների ուսանողներին: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից չֆինանսավորվող ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստներ հատկացնելու մասին որոշումն ընդունում է հիմնադիրը:
5. Ուսանողական նպաստի տրամադրման գործառույթն իրականացնում է ուսումնական հաստատությունը:
6. Պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում մրցութային հիմունքով տրամադրում է`
1) առաջին կիսամյակում՝ պետական կառավարման լիազորված մարմնի կողմից տվյալ տարվա համար ուսման վարձի փոխհատուցման տեղում, ընդունելության կարգով միջին մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունված ուսանողին, հաջորդ կիսամյակից` նախորդ ուսումնական կիսամյակի առավել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողին՝ մրցութային հիմունքով, փոխատեղման արդյունքում.
2) նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատություն ընդունելության կարգով սահմանված մրցութային հիմունքով, պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հատկացված նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցման տեղում ընդունված ուսանողին.
3) ուսումնական հաստատություն ընդունելության կարգով ընդունված և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով սահմանված հետևյալ սոցիալական խմբերին`
ա. առանց ծնողական խնամքի մնացած կամ առանց ծնողական խնամքի երեխաների թվին պատկանող անձանց, որոնց վճարվում է կրթաթոշակ՝ տվյալ ուսումնական հաստատությունում սահմանված կրթաթոշակի 150 տոկոսի չափով` համաձայն «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասինե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի,
բ. 1-ին ու 2-րդ խմբերի հաշմանդամներին և հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց, որոնց հերթական քննությունները և ստուգարքները դրական գնահատականներով հանձնելու դեպքում վճարվում է կրթաթոշակ` անկախ ստացվող նպաստից կամ թոշակից` համաձայն «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի,
գ. զոհված զինծառայողի երեխա-ուսանողներին, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած անձանց կամ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված (զորացրվելուց հետո երեք տարվա ընթացքում) դիմորդներից ամենաբարձր միավոր ունեցող անձանց (ուսումնական հաստատություններին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից ըստ մասնագիտությունների հատկացված տեղերում)` համաձայն «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի:
7. Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում փոխատեղումներն իրականացվում են ուսումնական կիսամյակն սկսելուն նախորդող և հաջորդող երկու շաբաթների ընթացքում: Փոխատեղման արդյունքում բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները տեղափոխվում են անվճար համակարգ, իսկ անվճար համակարգում ընդգրկված, սակայն բարձր առաջադիմություն չունեցող ուսանողներն ընդգրկվում են վճարովի համակարգ: Ուսումնական հաստատության տնօրենի կողմից երեք աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում է անվճար և վճարովի համակարգ անցած ուսանողների ցանկը և պատշաճ կերպով տեղեկացվում է ուսանողներին:
8. Առանց ծնողական խնամքի մնացած և առանց ծնողական խնամքի երեխաների թվին պատկանող անձանց, զոհված զինծառայողի երեխա-ուսանողներին, պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո երեք տարվա ընթացքում ընդունված ուսանողներին ուսանողական նպաստ տրամադրվում է առաջին կուրսից մինչև ծրագրի ավարտը, իսկ 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներին ու հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց և պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած ուսանողներին, ուսանողական նպաստները համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում տրվում են առաջին կուրսի սկզբում և վերանայվում յուրաքանչյուր ուսումնական տարվա վերջում:
9. Ուսումնական հաստատությունը կարող է վճարովի հիմունքով սովորող ուսանողական համակազմի մինչև տասը տոկոսին, հաշվի առնելով ուսանողի սոցիալական վիճակը և բարձր առաջադիմության արդյունքները, իր միջոցների հաշվին մասնակի փոխհատուցել ուսման վճարը`
1) սոցիալապես անապահով ուսանողներին.
2) միակողմանի ծնողազուրկ (միածնող) ուսանողներին.
3) երեք և ավելի անչափահաս կամ երեք և ավելի ուսանող երեխաներ ունեցող ընտանիքների ուսանողներին.
4) վճարովի ուսուցման համակարգում երկու և ավելի ուսանող երեխաներ ունեցող ընտանիքների ուսանողներին.
5) 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ծնող ունեցող ուսանողներին.
6) մինչև մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողներին.
7) ուսանողական նպաստների համակարգում չընդգրկված` բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին` ուսումնական հաստատության հայեցողությամբ:
10. Յուրաքանչյուր կիսամյակի ավարտից երկու շաբաթ առաջ ուսումնական հաստատության տնօրենը տալիս է հայտարարություն ուսանողներին տեսանելի վայրում, ինչպես նաև ինտերնետային կայքում (առկայության դեպքում) վճարովի հիմունքով սովորող ուսանողի սոցիալական վիճակի և բարձր առաջադիմության արդյունքների հիման վրա ուսման վճարի մասնակի փոխհատուցման վերաբերյալ դիմումներ ընդունելու մասին:
11. Դիմումներն ընդունվում են հայտարարության օրվանից մինչև կիսամյակի ավարտը, իսկ տվյալ ուսումնական տարում ուսումնական հաստատություն ընդունված ուսանողների դիմումներն ընդունվում են կիսամյակը սկսելուն նախորդող առաջին շաբաթվա ընթացքում: Ուսանողը հաստատության տնօրենի անունով դիմումի հետ ներկայացնում է նաև սույն կարգի 9-րդ կետի 1-6-րդ ենթակետերով սահմանված սոցիալական վիճակի վերաբերյալ հավաստող փաստաթղթերը (առկայության դեպքում):
12. Հաջորդ կիսամյակն սկսելուն նախորդող երկու շաբաթվա ընթացքում ուսանողների ուսման վճարի մասնակի փոխհատուցման վերաբերյալ դիմումները և համապատասխան փաստաթղթերը քննարկվում են ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի (խորհրդի) նիստում` միջին մասնագիտական ուսումնական հաստատության տնօրենի ներկայացմամբ: Խորհրդի կողմից հաստատվում է ուսման վճարի մասնակի փոխհատուցում ստացող ուսանողների անվանական կազմը, որը տնօրենի կողմից հրապարակվում և պատշաճ կերպով տեղեկացվում է ուսանողներին երեք աշխատանքային օրվա ընթացքում:
13. Հարգելի պատճառով (առողջական վիճակի պատճառով կամ հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի ակադեմիական արձակուրդում գտնվելու կամ ժամկետային զինծառայության զորակոչվելու դեպքերում) ուսումնական հաստատությունից ազատված ուսանողը վերականգնվելիս պահպանում է նախկինում ունեցած ուսանողական նպաստ ստանալու իրավունքը:
14. Ուսանողական նպաստներ տալու գործընթացի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է պետական կառավարման լիազորված մարմինը:
II. ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
15. Պետական կրթաթոշակը պետական ֆինանսական խրախուսանք է, որը մրցութային կարգով տրվում է միջին մասնագիտական ուսումնական հաստատության ուսանողին՝ գերազանց և լավ առաջադիմության, հասարակական ակտիվության, պատշաճ վարքագիծ դրսևորելու համար:
16. Ուսանողների հասարակական ակտիվությունը բնութագրող ցուցանիշներ են համարվում`
1) մասնակցությունն ուսումնական հաստատության ուսանողական, հասարակական աշխատանքներին.
2) զեկուցումները, ռեֆերատները, հրատարակած աշխատանքները (գիտական ամսագրերում և զանգվածային լրատվության միջոցներում).
3) մասնակցությունը միջքոլեջային, քաղաքային, հանրապետական և միջազգային մրցույթներին, օլիմպիադաներին, ուսանողական գիտական նստաշրջաններին, ուսանողական շինարարական ջոկատների աշխատանքներին.
4) այլ ստեղծագործական նախաձեռնություններ` միջին մասնագիտական ուսումնական հաստատության հայեցողությամբ:
17. Նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատությունում պետական կրթաթոշակը տրվում է ուսանողական նպաստի համակարգում ընդունված ուսանողին:
18. Սույն կարգի իմաստով ուսանողների պատշաճ վարքագիծն ուսումնական հաստատության ներքին կարգապահական կանոնների պահպանումն է:
19. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը յուրաքանչյուր տարի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով ուսումնական հաստատությունների համար նախատեսված միջոցների սահմաններում, ըստ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների, հաստատում է պետական կրթաթոշակներ ստացողների թիվը և չափը:
20. Պետության կողմից կրթաթոշակ տրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող ուսումնական հաստատությունների ուսանողներին: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից չֆինանսավորվող ուսումնական հաստատություններում կրթաթոշակի հատկացման մասին որոշումն ընդունում է հիմնադիրը:
21. Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում ուսանողի պետական կրթաթոշակի տրամադրումը վերանայվում է հաջորդ կիսամյակը սկսելուն նախորդող երկու շաբաթվա ընթացքում՝ ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի (խորհրդի) նիստում: Միջին մասնագիտական ուսումնական հաստատության տնօրենի ներկայացմամբ խորհուրդը քննարկում է կիսամյակի արդյունքները և սույն կարգի 16-րդ կետով նախատեսված պայմաններին բավարարելու դեպքում սահմանում է պետական կրթաթոշակներ ստացող ուսանողների անվանական կազմը, որը տնօրենի կողմից հրապարակվում ու պատշաճ կերպով տեղեկացվում է ուսանողներին՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում: Պետական կրթաթոշակից զրկված ուսանողը կարող է ընդգրկվել ուսումնական նպաստառուների համակարգում` սույն կարգի 6-րդ կետի պահանջների բավարարման դեպքում:
22. Պետական կրթաթոշակների չօգտագործված մասը հատկացվում է սույն կարգի 16-րդ կետի պահանջները բավարարող ուսանողներին` մրցութային կարգով:
23. Հարգելի պատճառով (առողջական վիճակի պատճառով կամ հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի ակադեմիական արձակուրդում գտնվելու կամ ժամկետային զինծառայության զորակոչվելու դեպքերում) ուսումնական հաստատությունից ազատված ուսանողը վերականգնվելիս պահպանում է նախկինում ունեցած կրթաթոշակ ստանալու իրավունքը:
24. Պետական կրթաթոշակների ձևակերպման գործընթացն իրականացնում է ուսումնական հաստատությունը:
25. Ուսումնական հաստատությունը կարող է սեփական միջոցների հաշվին սահմանել ներքոլեջային կրթաթոշակներ։
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |