ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
Ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) առանձին տեսակների տեղեկատվության բովանդակությունը և պարտադիր պահանջների մասին տեղեկատվությունն սպառողին հասցնելու կարգը սահմանելու մասին
«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) առանձին տեսակների տեղեկատվության բովանդակությունը և պարտադիր պահանջների մասին տեղեկատվությունն սպառողին հասցնելու կարգը (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում`
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրվող ապրանքների համար հրապարակման պահից 6 ամիս հետո,
բ) օտարերկրյա պետություններում արտադրվող ապրանքների համար 2004 թվականի հունվարի 1-ից:
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
2003թ. մարտի 11-ի
թիվ 42 որոշմամբ |
Կ Ա Ր Գ
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՌՈՂԻՆ ՀԱՍՑՆԵԼՈՒ
(վերնագիրը խմբ. 23.05.2006 N 267)
1. Արտադրողի (կատարողի, վաճառողի) և ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) մասին սպառողին տրամադրվող տեղեկատվությունը պետք է բավարարի «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) սահմանված պարտադիր պահանջները և ապահովի սպառողի կողմից դրանց ճիշտ ընտրության հնարավորությունը:
2. Արտադրողի (կատարողի, վաճառողի), ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) (այսուհետ` ապրանքներ) առանձին տեսակների մասին սպառողին տրամադրվող տեղեկատվության բովանդակությունը պետք է ապահովի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ հաստատված տեխնիկական կանոնակարգերի պարտադիր պահանջները:
3. Ապրանքների մասին տեղեկատվությունը հասցվում է սպառողներին ի գիտություն` տեխնիկական փաստաթղթերով, պիտակների, գնապիտակների վրա` համապատասխանության նշանի, համապատասխանության հայտարարագրի, համապատասխանության սերտիֆիկատի միջոցով կամ գործարար միջավայրում ընդունված այլ ձևերով և մեթոդներով:
4. Արտադրողը (կատարողը, վաճառողը) ինքնուրույն է որոշում սպառողին տրամադրվող տեղեկատվության անհրաժեշտ ծավալը` ըստ տրամադրման ձևերի և մեթոդների` հաշվի առնելով օրենքով սահմանված ոչ լրիվ տեղեկատվության տրամադրման համար իր պատասխանատվությունը:
5. Արտադրողը (կատարողը, վաճառողը) պետք է սպառողին տրամադրի տեղեկատվություն այն կազմակերպությունների անվանումների և գտնվելու վայրի մասին, որոնք արտադրողի (կատարողի, վաճառողի) կողմից լիազորված են ընդունելու սպառողների բողոքները և գանգատները, կատարելու ապրանքների նորոգում ու տեխնիկական սպասարկում:
6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում փաթեթավորված և չափածրարված ապրանքները (այդ թվում` սննդամթերքը) պետք է ունենան տեղեկատվություն դրանք արտադրող երկրի մասին:
7. Արտադրողը (կատարողը, վաճառողը) իրավասու է սպառողին չտրամադրելու առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկատվություն:
8. Վաճառողը (կատարողը) սույն կարգը տեսանելի և հասանելի ձևով հասցնում է սպառողներին` այն փակցնելով հայտարարության վահանակների վրա կամ գործունեության վայրի այլ` հարմար տեղերում:
(կարգը խմբ. 23.05.2006 N 267)