ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«30» սեպտեմբերի 2008թ. |
N 660 |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, 17-րդ հոդվածի 1‑ին և 4-րդ մասերը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 2007 թվականի դեկտեմբերի 12-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և նրան ենթակա այլ գործադիր մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ- 40 հրամանագրով հաստատված հավելվածի 16-րդ կետը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը միացման ձևով վերակազմակերպել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Սոցիալական ապահովության ծառայություն» գործակալության (այսուհետ՝ գործակալություն)՝ առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:
2. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Սոցիալական ապահովության ծառայություն» գործակալության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
3. Նախքան վերակազմակերպումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող աշխատողների հետ աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին` մինչև 2009 թվականի հունվարի 1-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն՝ գործակալության կառուցվածքի մասին և սույն որոշումից բխող՝ այլ իրավական ակտերի նախագծեր:
5. ՈՒժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 26-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կենսաթոշակային հիմնադրամը վերանվանելու, կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը, խորհրդի աշխատակարգը և անհատական կազմը հաստատելու մասին» թիվ 383 որոշումը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից, իսկ 1-ին, 2‑րդ և 5-րդ կետերը՝ 2009 թվականի հունվարի 1-ից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«30» սեպտեմբերի 2008թ.
թիվ 660 որոշման |
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Սոցիալական ապահովության ծառայություն» գործակալությունը (այսուհետ` գործակալություն) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության (այսուհետ` նախարարություն) կազմում գործող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով մատուցում է ծառայություններ սոցիալական ապահովության բնագավառում:
2. Գործակալությունն ստեղծվում, վերակազմակերպվում, և նրա գործունեությունը դադարեցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ: Գործակալությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի (այսուհետ՝ նախարար) ներկայացմամբ հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
3. Գործակալության լիազորությունները սահմանվում են օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Գործակալությունն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն և ռուսերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
(5-րդ կետը լրաց. 23.06.2009 N 395-Ն)
6. Գործակալությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից ձեռք բերելու եւ իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
7. Գործակալության նպատակները և խնդիրներն են`
1) կենսաթոշակների, ապահովագրական նպաստների, հատուցումների, պատվովճարների, դրամական օգնության նշանակման և վճարման` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման ապահովումը.
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների իրականացումը:
8. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտադիր սոցիալական ապահովության վճարներ կատարողների հաշվառումը և կենսաթոշակային ապահովագրության ենթակա անձանց անհատական հաշվառման բազայի ձևավորումը և վարումը.
2) պարտադիր սոցիալական ապահովության վճարների հավաքագրումը, գանձումը և հսկողությունն ապահովող լիազորված մարմնի հետ պարտադիր սոցիալական ապահովության համար կատարվող վճարումների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տեղեկատվության փոխանակումը.
3) կենսաթոշակների նշանակումը, վերահաշվարկումը և վճարումը.
4) ապահովագրական նպաստների, հատուցումների, պատվովճարի, դրամական օգնության նշանակումը և վճարումը.
5) ապահովագրված անձին, նրա անձնական հաշվում արտացոլված տվյալների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տեղեկատվության տրամադրումը.
6) կենսաթոշակ նշանակելու մասին որոշում ընդունելուց հետո կենսաթոշակառուին կենսաթոշակի վկայականի անվճար տրամադրումը.
7) միջնաժամկետ ծախսային ծրագրերի կազմման աշխատանքներին մասնակցելը,
8) քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և բողոքների քննարկումը` oրենքով սահմանված ժամկետում և կարգով ընթացք տալը.
9) քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի հավաստիությունը պարզելու նպատակով իրավասու մարմիններից տեղեկություններ ստանալը.
10) կենսաթոշակների նշանակման և վճարման` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ նախարարության և վերահսկողություն իրականացնող պետական կառավարման այլ լիազոր մարմինների պահանջով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ փաստաթղթեր տրամադրելն ու նրանց գործունեությանն աջակցելը.
11) բանկերից, ֆինանսավարկային կազմակերպություններից սոցիալական վճարներին վերաբերող փաստաթղթերն օրենքով սահմանված կարգով ստանալը.
12) գործակալության գործունեությանն առնչվող օրենսդրական և այլ իրավական ակտերի մշակման աշխատանքներին մասնակցելն ու նախարարին առաջարկություններ ներկայացնելը.
13) օրենքով նախատեսված դեպքերում դատարան հայց ներկայացնելը,
14) նախարարի հանձնարարությամբ՝ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը.
15) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթների իրականացումը:
9. Գործակալությունը կառավարում է նախարարը:
10. Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը (այսուհետ`պետ), որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն:
11. Իր գործունեության ընթացքում պետն առաջնորդվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, նախարարության և սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
12. Պետն իրականացնում է գործակալությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:
13. Պետը հաշվետու է նախարարին, նախարարի՝ գործակալության գործունեությունը համակարգող համապատասխան տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:
14. Պետը`
1) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների լուծման ու գործառույթների իրականացման համար,
2) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին,
3) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և գործակալության անունից, ինչպես նաև տալիս գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր,
4) իր իրավասության սահմաններում ներկայացնում է առաջարկություններ՝ գործակալության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման համար,
5) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն՝ գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.
6) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև նախարարի համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.
7) նախարարության կանոնադրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների իրավասությունը,
8) սահմանում է իր տեղակալի իրավասությունները,
9) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գործակալության տարածքային ստորաբաժանումների ղեկավարների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու ցուցումները,
10) նախարարի հաստատմանն է ներկայացնում գործակալության գործունեության մասին տարեկան հաշվետվությունները,
11) վերահսկողություն է իրականացնում գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային ստորաբաժանումների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ,
12) նախարարին ներկայացնում է առաջարկություններ՝ գործակալության կանոնադրության, կառուցվածքի և աշխատողների թվի վերաբերյալ,
13) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ,
14) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
15. Պետի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունների կատարման անհնարինության դեպքերում նրա պարտականությունների կատարման հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն:
16. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության և սույն կանոնադրություններով գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:
17. Գործակալությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ ու տարածքային մարմիններ:
18. Գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:
19. Գործակալության տարածքային մարմինն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով, գործակալության և իր՝ հայերեն և ռուսերեն անվանմամբ կլոր կնիք:
(19-րդ կետը լրաց. 23.06.2009 N 395-Ն)
20. Գործակալության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |