ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
''30'' հուլիսի 2004թ. |
N 283 |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2000թ. հուլիսի 11-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 135 որոշումը:
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
2004թ. հուլիսի 30
թիվ 283 որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ
I. Ընդհանուր դրույթներ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությունը (այսուհետ` ԼՂՀ ոստիկանություն) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը հանցավորության եւ հակաիրավական այլ ոտնձգությունների դեմ պայքարի, հասարակական կարգի ու անվտանգության ապահովման ոլորտում իր լիազորությունների սահմաններում մշակում եւ իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:
(1-ին կետը լրաց. 27.07.2010 N 470-Ն)
2. ԼՂՀ ոստիկանությունը ստեղծվում եւ նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով:
3. ԼՂՀ ոստիկանության լիազորությունները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով:
(3-րդ կետը լրաց. 27.07.2010 N 470-Ն)
4. ԼՂՀ ոստիկանությունն իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը եւ այլ իրավական ակտերին համապատասխան:
5. ԼՂՀ ոստիկանությունն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով եւ իր անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, ինչպես նաեւ դրոշ, խորհրդանիշ եւ անհատականացման այլ միջոցներ:
6. ԼՂՀ ոստիկանությունը բաղկացած է կենտրոնական ապարատից, դրա անմիջական ենթակայության ստորաբաժանումներից և տարածքային մարմիններից:
ԼՂՀ ոստիկանության համակարգում կարող են ստեղծվել ոստիկանության զորքեր, պետական ոչ առևտրային կազմակերպություններ (այսուհետ` ոստիկանության կազմակերպություններ) և հիմնարկներ:
ԼՂՀ ոստիկանության կենտրոնական ապարատը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության համակարգի գլխադասային կառույցն է, որը կազմված է ԼՂՀ ոստիկանության պետից, նրա տեղակալներից, խորհրդականներից և ճյուղային ծառայություններից (վարչություններից, բաժիններից ու բաժանմունքներից):
ԼՂՀ ոստիկանության տարածքային մարմիններն են ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունն ու շրջանային բաժինները:
(6-րդ կետը խմբ. 27.07.2010 N 470-Ն)
7. ԼՂՀ ոստիկանության նպատակները եւ խնդիրներն են`
ա) անձի կյանքի եւ առողջության, իրավունքների, ազատությունների ու օրինական շահերի պաշտպանության ապահովումը հանցավոր եւ հակաիրավական այլ ոտնձգություններից.
բ) հասարակության եւ պետության շահերի պաշտպանության ապահովումը.
գ) հանցագործությունների ու վարչական իրավախախտումների նախականխման, կանխման եւ խափանման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը.
դ) իր իրավասության սահմաններում հանցագործությունների եւ վարչական իրավախախտումների հայտնաբերման, բացահայտման աշխատանքների, հետաքննության, նախաքննության կազմակերպումն ու իրականացումը.
ե) հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովումը.
զ) սեփականության բոլոր ձեւերի պաշտպանության ապահովումը.
է) ԼՂՀ ոստիկանության համակարգի ծառայությունների, մարմինների, ոստիկանության զորքերի ու կազմակերպությունների ղեկավարումը, գործունեության համակարգումը եւ նորմատիվ-իրավական բազայի կատարելագործումը.
ը) ԼՂՀ ոստիկանության համակարգում օրինականության ամրապնդումը, կադրերի հետ տարվող աշխատանքների կատարելագործումը, նրանց մասնագիտական պատրաստականության բարձրացումը, ոստիկանության ծառայողների ու ոստիկանության զորքերի զինծառայողների իրավական եւ սոցիալական պաշտպանվածության ապահովումը.
թ) ԼՂՀ ոստիկանության համակարգի նյութատեխնիկական բազայի ամրապնդումն ու զարգացումը.
ժ) գիտության եւ տեխնիկայի նվաճումների կիրառման, առաջավոր փորձի ներդրման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը.
ժա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված այլ խնդիրների իրականացումը.
ժ1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեակատարողական օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասությունների կատարման ապահովումը:
(7-րդ կետը լրաց. 27.07.2010 N 470-Ն)
II. ԼՂՀ ոստիկանության գործառույթները
8. ԼՂՀ ոստիկանությունն իր նպատակների եւ խնդիրների իրականացման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանաված կարգով իրականացնում է հետեւյալ գործառույթները`
ա) մարդու իրավունքների եւ ազատությունների, սեփականության բոլոր ձեւերի պաշտպանության, հասարակական կարգի եւ հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ որոշում է ԼՂՀ ոստիկանության համակարգի գործունեության հիմնական ուղղությունները, համակարգում եւ վերահսկում է ԼՂՀ ոստիկանության համակարգի ծառայությունների, տարածքային մարմինների, ոստիկանության զորքերի ու կազմակերպությունների գործունեությունը, մասնակցում է հանցավորության դեմ պայքարի բնագավառում պետական ծրագրերի մշակմանն ու իրագործմանը.
բ) իրականացնում է հանցավորության վիճակի վերլուծություն, մշակում է քրեածին իրավիճակի զարգացման երկարաժամկետ եւ օպերատիվ կանխատեսումներ, ինչի հիման վրա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանության մարմիններին սահմանված կարգով ներկայացնում է առաջարկություններ օրինականության ամրապնդման, հասարակական կարգի եւ հասարակական անվտանգության ապահովման, հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ.
գ) ապահովում է ԼՂՀ ոստիկանության համակարգի ծառայությունների, մարմինների, ոստիկանության զորքերի ու կազմակերպությունների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության կատարումը.
դ) կազմակերպում ու իրականացնում է հանցագործությունների եւ այլ իրավախախտումների գրանցումն ու հաշվառումը, վերահսկողություն է իրականացնում ԼՂՀ ոստիկանության համակարգի ծառայություններում եւ մարմիններում այդ աշխատանքների նկատմամբ, վերլուծում է վերջիններիս օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները եւ այն օգտագործում աշխատանքների արդյունավետության բարձրացման ուղղությամբ.
ե) իր իրավասության սահմաններում ընդհանրացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության կիրարկման պրակտիկան, մշակում եւ սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանության մարմիններին է ներկայացնում առաջարկություններ ԼՂՀ ոստիկանության համակարգի գործունեության կատարելագործման վերաբերյալ: ԼՂՀ ոստիկանության համակարգի գործունեությանը վերաբերող հարցերով նախապատրաստում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նորմատիվ-իրավական ակտերի նախագծեր, իրականացնում է իր գործունեության նորմատիվային կանոնակարգումը եւ իրավական ապահովումը, ԼՂՀ ոստիկանության համակարգի ծառայություններին, մարմիններին, ոստիկանության զորքերին ու կազմակերպություններին ցույց է տալիս գործնական եւ մեթոդական օգնություն.
զ) հանցագործությունների դեմ պայքարի, հասարակական կարգի եւ հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ համագործակցում է պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման, այդ թվում` իրավապահ մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաեւ ֆիզիկական անձանց հետ.
է) իր իրավասության սահմաններում կազմակերպում ու իրականացնում է օպերատիվ-հետախուզական եւ փորձաքրեագիտական գործունեություն, հետաքննություն, նախաքննություն, ինչպես նաեւ ապահովում է հանցագործությունների հայտնաբերման եւ բացահայտման ուղղությամբ անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը.
ը) ապահովում է հանցագործությունների ու վարչական իրավախախտումների նախականխման, կանխման եւ խափանման ուղղությամբ ԼՂՀ ոստիկանության ծառայությունների եւ տարածքային մարմինների կողմից իրականացվող պրոֆիլակտիկ գործունեությունը, ինչպես նաեւ հանցագործությունների պատճառների եւ նպաստող պայմանների վերհանումը, ուսումնասիրությունը եւ դրանց վերացման ուղղությամբ միջոցների ձեռնարկումը.
թ) կազմակերպում եւ իրականացնում է հանցագործություն կատարած եւ հետաքննության, նախաքննության ու դատական մարմիններից թաքնվող, քրեական պատասխանատվությունից եւ պատիժը կրելուց խուսափող, անհայտ կորած անձանց, ինչպես նաեւ հափշտակված գույքի հետախուզումը, չճանաչված դիակների ինքնության պարզումը.
ժ) իր իրավասության սահմաններում ապահովում է կազմակերպված հանցավորության, կոռուպցիայի, ինչպես նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի, դրա ռազմավարական ուղղությունների եւ մարտավարության մեխանիզմների մշակումն ու իրագործումը.
ժա) կազմակերպում եւ համակարգում է պայքարը թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ, իրականացնում է հսկողություն թմրամիջոցների, հոգեմետ, խիստ ներգործող եւ թունավոր նյութերի, ինչպես նաեւ դրանց բաղադրիչների օրինական շրջանառության նկատմամբ.
ժբ) մասնակցում է ահաբեկչության, մաքսանենգության դեմ պայքարի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանի պահպանության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության ապահովման, ԼՂՀ ոստիկանության համակարգում պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների պաշտպանության ուղղությամբ իրականացվող միջոցառումներին.
ժգ) ապահովում է ձերբակալված, կալանավորված եւ ազատազրկման դատապարտված անձանց պահպանությունը, անվտանգությունը, փոխադրումը եւ ուղեկցումը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում` դատարանների, նախաքննության և հետաքննության մարմինների որոշումների կատարումը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով ոստիկանության մարմինների իրավասությանը վերապահված վարչական տույժերի իրագործումը.
ժդ) (ենթակետն ուժը կորցրել է 27.07.2010 N 470-Ն)
ժե) ղեկավարում է պետական պահպանության ծառայության գործունեությունը, ապահովում է պետական պահպանության ենթակա, ինչպես նաեւ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց պատկանող այլ օբյեկտների ու գույքի պահպանությունը եւ անձանց պաշտպանությունը` այդ թվում պայմանագրային հիմունքներով.
ժզ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով միջոցներ է ձեռնարկում դատավորների, դատախազների, քննիչների, դատական կտերի հարկադիր կատարողների, ԼՂՀ ոստիկանության համակարգի պաշտոնատար անձանց, տուժողների, վկաների, մեղադրյալների, պաշտպանների եւ քրեական դատավարությանն աջակցող այլ անձանց, ինչպես նաեւ նրանց մերձավոր ազգականների կյանքը, առողջությունը եւ (կամ) գույքը պաշտպանելու ուղղությամբ.
ժէ) հսկողություն է սահմանում ոստիկանության մարմինների կողմից լիցենզավորման ենթակա գործունեության, աշխատանքների (ծառայությունների) համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզիաներ, թույլտվություններ տալու (ուժը կորցրած ճանաչելու), ինչպես նաեւ զենքի, ռազմամթերքի, ռադիոակտիվ, հրագործական արտադրատեսակների, արդյունագործական նշանակության պայթուցիկ նյութերի, կնիքների եւ դրոշմակնիքների շրջանառության օրենսդրությամբ սահմանված կանոնների պահպանման նկատմամբ.
ժը) ղեկավարում է ճանապարհային ոստիկանությունը, իրականացնում է ճանապարհատրանսպորտային պատահարների, դրանց հետևանքով զոհված և վիրավորված անձանց և ճանապարհային երթևեկության բնագավառում վարչական իրավախախտումների պետական հաշվառումը, վերահսկողություն է իրականացնում ճանապարհային երթևեկության կանոնների, տեխնիկական նորմերի և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ, հսկողություն է իրականացնում տեխնիկական միջոցների օգտագործմամբ կամ տեխնիկական փորձաքննությամբ տրանսպորտային միջոցների շահագործման ընթացքում դրանց տեխնիկական վիճակի և կահավորման անվտանգության ապահովման, ճանապարհների և դրանց ինժեներական կառույցների, ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների տեխնիկական նորմերի, կանոնների և ստանդարտների պահանջներին համապատասխանելու նկատմամբ, կազմակերպում և իրականացնում է տրանսպորտային միջոցների ուղեկցումը, ճանապարհային երթևեկության կարգավորումը, ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար ավտոտրանսպորտային միջոցների ուղեկցումը, ճանապարհային երթևեկության կարգավորումը, ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար նախատեսված ավտոտրանսպորտային միջոցների ու դրանց կցորդների պետական հաշվառումը, ճանապարհապարեկային ծառայությունը, վարորդների տեսական ու գործնական գիտելիքների ստուգումը և տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի ազգային վկայականների, իսկ դրանց հիման վրա` նաև միջազգային վարորդական վկայականների տրամադրումը.
ժը1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով սահմանված կարգով իրականացնում է դատարանի կողմից նշանակված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված պատիժները (այսուհետ` պատիժներ), հսկողություն է իրականացնում պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց վրա և պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքերում դատապարտյալների վրա դատարանի կողմից դրված պարտականությունների կատարման նկատմամբ, օրենքով սահմանված հիմքերով և կարգով կալանքի տակ պահում է անձանց, իրականացնում է քրեակատարողական հիմնարկների պահպանությունը, ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների և կալանավորվածների փոխադրումը, ապահովում է քրեակատարողական հիմնարկներում օրինականությունը, ինչպես նաև դատապարտյալների և կալանավորվածների` իրենց իրավունքներից և ազատություններից օգտվելու երաշխիքները, քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց, այդ հիմնարկների անձնակազմերի և այնտեղ գտնվող այլ անձանց անվտանգությունը, դատապարտյալների և կալանավորվածների կյանքի ու առողջության պահպանումը, անձնական և հոգևոր զարգացման համար պատշաճ պայմանները, քրեակատարողական հիմնարկների և մարմինների նյութատեխնիկական ու սոցիալական պայմանների զարգացումը, կազմակերպում է դատապարտյալների և կալանավորվածների զբաղվածությունը, դատապարտյալների սոցիալ-հոգեբանական վերականգնման աշխատանքները.
ժթ) կազմակերպում եւ հսկում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների անձնագրավորման, հաշվառման, բնակչության պետական ռեգիստրի և ընտրողների ռեգիստրի վարման, օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք մուտք գործելու, տարածքում գտնվելու, տարանցիկ տեղաշարժվելու, տարածքից դուրս գալու օրենսդրությամբ սահմանված կանոնների պահպանման ուղղությամբ ԼՂՀ ոստիկանության ծառայությունների եւ մարմինների գործունեությունը.
ի) մասնակցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում կամ դրա մի մասում հայտարարված ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը, արտակարգ իրավիճակների կանխման եւ վերացման ուղղությամբ պետական միասնական միջոցառումների իրականացմանը, համաճարակների ժամանակ կարանտին միջոցառումների անցկացմանը.
իա) քաղաքացիների սահմանադրական իրավունքները, հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով օրենքով սահմանված կարգով կազմակերպում եւ իրականացնում է հատուկ միջոցառումներ.
իբ) տեխնածին եւ տարերային աղետների, խոշոր վթարների ու հրդեհների, զանգվածային անկարգությունների, այլ արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման, ինչպես նաեւ միջտարածքային, այլ հատուկ միջոցառումների ժամանակ բնակչության փրկության, առանց հսկողության մնացած գույքի պահպանության եւ հասարակական կարգի ապահովման աշխատանքներում ներգրավում է ԼՂՀ ոստիկանության համակարգի ծառայողներին եւ զինծառայողներին.
իգ) կազմակերպում է զորահավաքային առաջադրանքների եւ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կատարումը, մշակում եւ իրականացնում է ռազմական դրության պայմաններում եւ խաղաղ ժամանակ ծագած արտակարգ իրավիճակներում ԼՂՀ ոստիկանության համակարգի ծառայությունների, մարմինների, ոստիկանության զորքերի մարտունակության բարձրացմանն ուղղված համալիր միջոցառումներ.
իդ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է ԼՂՀ ոստիկանության զորքերի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանությանը.
իե) կազմավորում եւ օգտագործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական հաշվառումները, օպերատիվ, հետախուզական, քրեագիտական, վիճակագրական եւ այլ տեղեկատվական շտեմարանները, իրականացնում է ԼՂՀ ոստիկանության ծառայությունների, մարմինների եւ շահագրգիռ պետական գերատեսչությունների եւ կազմակերպությունների տեղեկատվական սպասարկումը, կազմակերպում է ԼՂՀ ոստիկանության համակարգում վիճակագրությունը.
իզ) իրականացնում է ԼՂՀ ոստիկանության համակարգի հատուկ տեխնիկայի, կապի եւ կառավարման ավտոմատացված համակարգերի զարգացումն ու կատարելագործումը.
իէ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության եւ այլ պետությունների ոստիկանական ուսումնական հաստատություններում, պայմանագրային հիմունքներով, կազմակերպում է ուսուցման, վերապատրաստաման (որակավորման բարձրացման) գործընթացը, իրականացնում է ԼՂՀ ոստիկանության համակարգի կադրերի ընտրության, տեղաբաշխման, դաստիարակության, ատեստավորման աշխատանքները, ապահովում է գիտության, տեխնիկայի նվաճումների եւ դրական փորձի ներդնումը ԼՂՀ ոստիկանության համակարգում.
իը) կազմակերպում եւ իրականացնում է ԼՂՀ ոստիկանության համակարգի գործունեության անվտանգությունն ապահովող միջոցառումներ.
իթ) հսկողություն է իրականացնում ԼՂՀ ոստիկանության ծառայողների եւ զինծառայողների գործունեության օրինականության պահպանման նկատմամբ, իրականացնում է միջոցառումներ ոստիկանության համակարգում օրինականության խախտման դեպքերի հայտնաբերման, բացահայտման եւ կանխարգելման ուղղությամբ.
իժ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան կազմակերպում եւ իրականացնում է ԼՂՀ ոստիկանության համակարգի գործավարությունը եւ արխիվային գործը.
լ) մշակում եւ իրականացնում է ԼՂՀ ոստիկանության ծառայողների, զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների, ԼՂՀ ոստիկանության համակարգից կենսաթոշակի անցած անձանց առողջության պահպանմանն ուղղված պրոֆիլակտիկ-բժշկական, առողջարանային-կուրորտային, վերականգնողական համալիր միջոցառումներ, կազմակերպում է ԼՂՀ ոստիկանության բժշկական ծառայության գործունեությունը.
լա) համակարգում է ոստիկանության կազմակերպությունների գործունեությունը,
լբ) օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատում եւ փոփոխում է ԼՂՀ ոստիկանության ու ենթակա ստորաբաժանումների ֆինանսական գործունեության նախահաշիվները, վարում է գանձապետական, բյուջետային, արտաբյուջետային եւ այլ հաշիվներ, ապահովում է ԼՂՀ ոստիկանության համակարգում հաշվապահական հաշվառման վարումը, պահպանման ծախսերի նախահաշիվների տնտեսագիտական հիմնավորումը, դրամական եւ նյութական միջոցների նպատակային ու արդյունավետ օգտագործումը, աշխատանքի վարձատրությունը, կենսաթոշակների նշանակումը եւ վճարման կազմակերպումը.
լգ) տիրապետում, տնօրինում եւ օգտագործում է ԼՂՀ ոստիկանությանը հանձնված գույքը.
լդ) ապահովում է ԼՂՀ ոստիկանության համակարգը համազգեստով, կապի, հատուկ եւ տրանսպորտային միջոցներով, մարտական ու հատուկ տեխնիկայով, սպառազինությամբ, ռազմամթերքով եւ այլ նյութատեխնիկական միջոցներով, ամրապնդում եւ զարգացնում է ԼՂՀ ոստիկանության համակարգի նյութատեխնիկական բազան.
լե) հսկողություն է իրականացնում ԼՂՀ ոստիկանության լիազորություններով պայմանավորված ծառայությունների կամ գործողությունների դիմաց ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից ԼՂՀ պետական բյուջե գանձումների նկատմամբ.
լզ) կազմակերպում է հանցավորության դեմ պայքարի, հասարակական կարգի եւ հասարակական անվտանգության ապահովման հարցերով ԼՂՀ ոստիկանության համակարգի գործունեության լուսաբանումն ու իրավական քարոզչությունը: Այդ նպատակով կարող է իրականացնել հրատարակչական գործունեություն` հրատարակել թերթ, տեղեկագրեր եւ այլ նյութեր, պատրաստում է հեռուստատեսային եւ ռադիո ծրագրեր.
լէ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպում է քաղաքացիների առաջարկությունների, դիմումների եւ բողոքների, ինչպես նաեւ ԼՂՀ ոստիկանության համակարգի գործունեությանը վերաբերող հարցերով զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների ու հաղորդումների քննարկումը եւ դրանց վերաբերյալ համապատասխան որոշումների ընդունումը.
լը) իրականացնում է իր իրավասությանը վերապահված այլ գործառույթներ:
(8-րդ կետը լրաց., փոփ., խմբ. 27.07.2010 N 470-Ն)
III. ԼՂՀ ոստիկանության կառավարումը
9. ԼՂՀ ոստիկանության գործունեությունն իրականացվում է միանձնյա եւ կենտրոնացված կառավարման միջոցով:
10. ԼՂՀ ոստիկանությունը գլխավորում է ԼՂՀ ոստիկանության պետը, որին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ:
11. ԼՂՀ ոստիկանության պետն ունի մեկ առաջին տեղակալ եւ տեղակալաներ, որոնց պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը` ԼՂՀ ոստիկանության պետի առաջարկությամբ:
ԼՂՀ ոստիկանության զորքերի հրամանատարին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը: ԼՂՀ ոստիկանության զորքերի հրամանատարն ի պաշտոնե ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալն է:
ԼՂՀ ոստիկանության պետի առաջին տեղակալը եւ տեղակալները համակարգում եւ ղեկավարում են ԼՂՀ ոստիկանության պետի կողմից իրենց հանձնարաված բնագավառի աշխատանքները եւ անմիջական պատասխանատվություն են կրում այդ ոլորտի գործունեության համար:
12. Իր գործունեության ընթացքում ԼՂՀ ոստիկանության պետն առաջնորդվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ եւ այլ իրավական ակտերով:
13. ԼՂՀ ոստիկանության պետը կազմակերպում ու վերահսկում է ԼՂՀ ոստիկանությանը վերապահված խնդիրների ու գործառույթների իրականացումը, պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի եւ հեռանկարային զարգացման ապահովման համար:
14. ԼՂՀ ոստիկանության պետը հաշվետու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին:
15. ԼՂՀ ոստիկանության պետը`
ա) կազմակերպում եւ ղեկավարում է ԼՂՀ ոստիկանության գործունեությունը, պատասխանատու է ԼՂՀ ոստիկանության համակարգի առջեւ դրված խնդիրների կատարման համար.
բ) հանդիսանում է ԼՂՀ ոստիկանությանը հատկացրած բյուջետային հատկացումների (այդ թվում արտարժութային) կարգադրիչը, հաստատում է ԼՂՀ ոստիկանության պահպանման ծախսերի նախահաշիվները.
գ) ներկայացնում է ԼՂՀ ոստիկանությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Իր լիազորությունների սահմաններում վարում է բանակցություններ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքում է պայմանագրեր եւ ստորագրում արձանագրություններ: Նշված գործառույթները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ ԼՂՀ ոստիկանության անունից իրականացնելու համար կարող է լիազորել ԼՂՀ ոստիկանության առանձին ծառայողների.
դ) կատարում է ոստիկանության պետի տեղակալների եւ խորհրդականների միջեւ գործառույթների բաշխում.
ե) սահմանում է ԼՂՀ ոստիկանության կենտրոնական ապարատի ծառայությունների, տարածքային մարմինների, ոստիկանության զորքերի եւ ոստիկանության կազմակերպությունների ու դրանց ղեկավարների գործառույթների շրջանակը.
զ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով արձակում է նորմատիվ կամ անհատական բնույթի հրամաններ, որոնց կատարումը պարտադիր է ԼՂՀ ոստիկանության համակարգի համար: Կազմակերպում է դրանց կատարումը եւ իրականացնում վերահսկողություն:
Օրենսդրությամբ սահմնաված կարգով գործադիր իշխանության այլ մարմինների ղեկավարների հետ ընդունում է համատեղ հրամաններ.
է) դադարեցնում է ԼՂՀ ոստիկանության իրավասու ծառայությունների, տարածքային մարմինների, ոստիկանության զորքերի եւ ոստիկանության կազմակերպությունների ղեկավարների Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը եւ սույն կանոնադրությանը հակասող իրավական ակտերի գործողությունը.
ը) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը ներկայացնում է առաջարկություններ ԼՂՀ ոստիկանության կառուցվածքում եւ հաստիքացուցակում փոփոխություններ կատարելու վերաբերյալ.
թ) հաստատում է ԼՂՀ ոստիկանության կենտրոնական ապարատի ծառայությունների, տարածքային մարմինների, ոստիկանության զորքերի եւ ոստիկանության կազմակերպությունների կանոնադրությունները, կառուցվածքը, հաստիքացուցակները.
ժ) ԼՂՀ ոստիկանության համակարգի գործունեությանը վերաբերող կարեւորագույն հարցերի քննարկման, առանձին բնագավառներում առկա խնդիրների լուծման նպատակով կարող է ստեղծել խորհրդակցական մարմիններ, հանձնաժողովներ, աշխատանքային խմբեր եւ այլն, որոշում է դրանց անհատական կազմերը, գործունեության շրջանակներն ու իրավասության սահմանները.
ժա) նախագահում է ԼՂՀ ոստիկանության խորհրդակցական մարմնի նիստերում, վարում է իր մոտ հրավիրված օպերատիվ խորհրդակցությունները.
ժբ) սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քննարկմանն է ներկայացնում ԼՂՀ ոստիկանության գործունեությանն ու աշխատանքի կազմակերպմանը, վերաբերող նորմատիվ-իրավական ակտերի նախագծեր եւ առաջարկություններ, մասնակցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդիր եւ գործադիր իշխանության մարմիններում ԼՂՀ ոստիկանության համակարգին վերաբերող հարցերի քննարկմանը.
ժգ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` սահմանում է ԼՂՀ ոստիկանության կողմից աշխատանքային պայմանագրերի կնքման կարգը.
ժդ) ԼՂՀ ոստիկանության համակարգում իրականացնում է կադրային քաղաքականություն.
ժե) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներին ծառայության է ընդունում ԼՂՀ ոստիկանության համակարգում, պաշտոնի է նշանակում, տեղափոխում այլ պաշտոնի եւ ազատում ոստիկանությունից կրտսեր, միջին, ավագ եւ գլխավոր պաշտոններ զբաղեցնող ծառայողներին, զինծառայողներին եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց.
ժզ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շնորհում է ոտիկանության կրտսեր, միջին, ավագ և զինվորական շարքային, ենթասպայական, սպայական կոչումներ, բացառությամբ գնդապետի և բարձրագույն սպայական կոչումների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին միջնորդություն է ներկայացնում ոստիկանության գլխավոր, բարձրագույն և զինվորական գնդապետի ու բարձրագույն սպայական կոչումներ շնորհելու վերաբերյալ.
ժզ1) լիազորում է ԼՂՀ ոստիկանության առանձին ծառայությունների եւ տարածքային մարմինների պետերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներին ԼՂՀ ոստիկանությունում տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց աշխատանքի ընդունելու եւ աշխատանքից ազատելու իրավասություններով.
ժէ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով խրախուսում կամ կարգապահական պատասխանատվության է ենթարկվում ԼՂՀ ոստիկանության ծառայողներին, զինծառայողներին եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց.
ժը) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրվասու է ԼՂՀ ոստիկանության ծառայողներին, զինծառայողներին, տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց եւ քաղաքացիներին պարգեւատրելու հրազենով եւ սառը զենքով.
ժթ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում է առաջարկություններ ԼՂՀ ոստիկանության ծառայողներին, զինծառայողներին, ու տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգեւներով պարգեւատրելու եւ պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ.
ի) հիմնում է ԼՂՀ ոստիկանության պատվոգիր եւ «ԼՂՀ ոստիկանության պատվավոր ծառայող» կոչում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ԼՂՀ ոստիկանության ծառայողներին եւ զինծառայողներին պարգեւատրում կամ շնորհում է դրանք, իսկ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց եւ քաղաքացիներին` պարգեւատրում պատվոգրով.
իա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով որոշում է ԼՂՀ ոստիկանության ծառայողների, զինծառայողների եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց համատեղությամբ աշխատանքի պայմանները.
իբ) ԼՂՀ ոստիկանության ծառայողներին եւ զինծառայողներին թույլատրում է օրենսդրությամբ սահմանված կարգով դուրս գալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններից.
իգ) կատարում է ԼՂՀ ոստիկանության ծառայողների, զինծառայողների, տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց եւ քաղաքացիների ընդունելություն.
իդ) կազմակերպում է քաղաքացիների առաջարկությունների, դիմումների եւ բողոքների, ինչպես նաեւ ԼՂՀ ոստիկանության ծառայողների, զինծառայողների եւ քաղաքացիական ծառայողների զեկուցագրերի և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց դիմումների քննարկում.
իե) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը եւ սույն կանոնադրությանը համապատասխան` իրականացնում է այլ գործառույթներ:
(15-րդ կետը փոփ., լրաց., խմբ. 27.07.2010 N 470-Ն)
16. ԼՂՀ ոստիկանության պետի բացակայության ժամանակ նրա պարտականությունները կատարում է ԼՂՀ ոստիկանության պետի առաջին տեղակալը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալներից մեկը:
VI. ԼՂՀ ոստիկանության ֆինանսավորումը եւ գույքը
17. ԼՂՀ ոստիկանության ֆինանսավորումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի, պայմանագրային հիմունքներով իրականացված ծառայությունների դիմաց մուտքերի, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
(17-րդ կետը փոփ. 27.07.2010 N 470-Ն)
18. ԼՂՀ ոստիկանության գույքն օրենքով սահմանված կարգով ձեւավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից ԼՂՀ ոստիկանության կնքած գործարքներով ձեռք բերված եւ ԼՂՀ ոստիկանության տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ ԼՂՀ ոստիկանությանը կարող է վերապահվել նաեւ պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի կառավարման իրավասություն:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու ԼՂՀ ոստիկանության գույքը:
19. ԼՂՀ ոստիկանությունն, իր իրավասության սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային եւ ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
20. ԼՂՀ ոստիկանության պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
21. ԼՂՀ ոստիկանության գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է ԼՂՀ ոստիկանության համակարգի ֆինանսական, հաշվապահական ծառայությունները, գործում է ԼՂՀ ոստիկանության պետի անմիջական ենթակայությամբ եւ իրականացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները:
(21-րդ կետը փոփ. 27.07.2010 N 470-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս.Ա.ԳՐԻԳՈՐՅԱՆ |